Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ներքո զարգացում գտած բազիլիկը կորցրեց իր նշանակությունը՝ տեղի տալով Արևելքին հատուկ, կենտրոնագմբեթ կառույցներին։ Շրջադարձային նշանակություն ունեցող այդ բեկումը հերձվածք առաջացրեց Արևելքի և Արևմուտքի ճարտ․ միջև, որին հաջորդեց Կոստանդնուպոլիսը Հռոմից բաժանող կրոնաքաղաքական պառակտումը։ Կենտրոնակազմ գմբեթավոր եկեղեցին Բյուզանդական կայսրության կենտրոններում դարձավ պաշտամունքային շենքի ամենաընդհանրացված ձևը։ Տարբեր մշակումներով, յուրովի ոճով հաստատում գտավ Բալկանյան երկրներում, Ռուսաստանում վերամշակված կիրառվեց իսլամական ճարտ․ մեջ՝ տարածվելով Պարսկաստան, Հյուսիսային Հնդկաստան և Կորդովա։ Կ․ Պոլսի կենտրոնագմբեթ տաճարներից Ս․ Սարգիս և Բաքոսը (527–36) բյուգանդական ճարտ․ համար հիմնական նշանակություն ունեն։ Ընդհանուրից ութ մույթով և 14 սյունով առանձնացված դահլիճը պարփակվում է երկհարկանի շրջանց սրահով (առաջին հարկը՝ deambulatorio, երկրորդը՝ qalleria)։ Մույթերը կապող կամարները կազմում են գմբեթային ութանկյունին, որը կրում է գոգավոր նիստերից կազմված գմբեթը (թմբուկ չունի)։ Տաճարը արտաքուստ քառանկյունի է, արլ․ պատից դուրս երկարող եռանիստ, ներքուստ կիսաբոլոր խորանով, արմ․ մասում կամարակապ նարտեքսով։ Հուստինիանոս I-ի Կ․ Պոլսում կառուցած շենքերից կարևորագույնն է Մեծ եկեղեցին՝ Ս․ Սոֆիան։ Տաճարը կառուցվել է (532–37) «Նիկա» ապստամբությունից հետո՝ հրդեհից ավերված կոստանդինյան Ս․ Սոֆիայի վայրում։ Ճարտարապետներն են՝ մաթեմատիկոս Անթեմիոս Թրալացին և Իսիդորոս Միլեթցին։ Ս․ Սոֆիայում կիրառել են Ս. Սարգիս և Բաքոսի, ինչպես և Ս․ Իրենեի (532-564) կառուցվածքային որոշ տարրերը, սակայն, լինելով բաղադրյալ տիպի կառույց, այն ամբողջական նախատիպ չի ունեցել։ Նման կառուցվածքին անդրադարձան միայն XVI դ․, երբ հայազգի օսմանյան ճարտ․ Կ․ Միմար Սինանը կառուցեց (1548) Շեհզադե մզկիթը Ստամբուլում և Սելիմ մզկիթը (1568–74) Էդիռնեում։ Ս․ Սոֆիան եռանավ բազիլիկի համակարգի, Ս․ Սարգիս և Բաքոսի տիպի երկու կեսերի մեջ առնված քառամույթ գմբեթածածկ տարածությամբ կառույց է։ 54 մ բարձրության վրա ծավալված գերիշխող գմբեթը պայմանավորում է ամբողջ կառույցի ճարտարապետությունը։ Դահլիճի արլ–ից և արմ–ից 31 մ տրամագծով գմբեթին հակազդում են նույն տրամագծով երկու կիսագմբեթ։ Իրենց հերթին, կիսագմբեթները հենվում են երկու աբսիդների։ Արլ–ից, արտաքուստ եռանիստ, երեք լուսամուտով, կիսաշրջան խորանն է, արմ–ից՝ նարտեքսը և եռաբացվածք տիպի շքամուտքը։ Գոգավոր մակերևույթների, խճանկարներով մեղմացրած, աստիճանաբար անցումը գմբեթին, բացվածքներից և գմբեթային օղակի 40 լուսամուտներից ներխուժող լուսավորությունն ընդլայնում է ներքին տարածությունը՝ կերպարելով կայսրության և կրոնի ուժն ու մեծությունը։ Գմբեթի հրող ուժերը հս․ և հվ․ ուղղությամբ չեզոքացնելու նպատակով, համապատասխան կողմերի պատերից դուրս են երկարում մույթերին կամարներով կապված որմնամույթեր։ Կառույցի ամրացումը ամբողջանում է կողային նավերի երկու հարկաբաժինները ծածկող կամարների, կիսագմբեթների, հատվող թաղերի համակարգով։ Բացառիկ հանդգնությամբ իրագործված գմբեթը փլվել է 558-ի երկրաշարժից, վերակառուցողները բարձրացրել են գմբեթը 7 մետրով։ 989-ին երկրաշարժից փլվել են արմ․ մասը և գմբեթը, որը վերակառուցել է հայ ճարտ․ Տրդատը։ Բյուզանդական ճարտ․ բնորոշ՝ դահլիճը արտաքին սրահով շրջափակելը, արձագանք գտավ Իտալիայում՝ Ռավեննայի Ս․ Վիտալե (526–47) կառույցում։ Շենքը ամրացվել է անկյունագծով երկարող կամարակապ որմնահեններով։ Գմբեթը, համաձայն տեղական սովորության, կազմվել է դեպի գագաթը նվազող տրամագծով խեցեղեն խողովակների շրջանաձև շերտերից։ Տանիքը փայտակերտ էր, արտաքուստ ութնիստ։ Պաշտամունքային շենքերը հետագայում պարզ և դրանցից ստացված բաղադրյալ ձևերի են։ Գմբեթավոր խաչաձև հորինվածքը, դեռևս Հուստինիանոսի շրջանում, ստացել էր ստանդարտ տիպի նշանակություն։ Կ․ Պոլսի Ս․ Առաքյալների (չի պահպանվել) հորինվածքում այդ տիպը, որպես մոդուլ, խաչաձև դասավորությամբ կրկնվել է հինգ անգամ։ Նույն մոտեցումով կառուցված է Վենետիկի Ս․ Մարկոսը (1063)։ Բաղադրյալ ձևերում (օրինակ, խաչաձև) տրանսեպտը միաձուլվում է գմբեթածածկ մոդուլին։ Միաձուլված տիպի հնագույն օրինակներից են՝ Մերխամլիքի (Փոքր Ասիայի հվ–ում) տաճարը՝ 1471–94, Կ․ Պոլսի Ս․ Իրենեն (532, ճարտ․ Անթեմիոս Թրալացին, Իսիդորոս Միլեթցին, վերակառուցվել է 740-ին) և Ֆիլիպպիի (Մակեդոնիա) «Բ» բազիլիկը (540)։ Եռանավ բազիլիկի և խաչաձև գմբեթավորի բաղադրյալ տիպերից են հուն. կղզիների երկու եկեղեցիները՝ Հեկատոմպիլոսի Ս․ Աստվածածինը (Պարոս, 550) և Գորտինայի Ս․ Տիտոն (VI դ․, Կրետե)։ Այս նույն թեման կրկնվում է Եփեսոսի Ս․ Հովհաննեսում (VI դ․), այն տարբերությամբ, որ շրջափակված է նեղ սրահով։ Հուստինիանոսի հետապնդած նպատակը՝ ստեղծել միասնական ոճ կայսրության սահմաններում, ապարդյուն էր․ Ռավեննան յուրացրեց բյուզանդական ճարտ․ ազդեցությունը, բայց պահեց ազգային՝ իտալական արվեստի ավանդները։ Նույն ուղիով ընթացան Ասորիքը, Միջագետքը, Պաղեստինը։ Ասորիքի օրինակներից է Կալատ Սիմանը (V դ․), որը ապոստոլեոնի տիպի է, ծածկված փայտակերտ, ութնիստ վեղարով, Կալբ–Լուզե եռանավ բազիլիկը (VI դ․) և Կասր իբն–Վարդան (561–64) համակառույցը։ Հայազգի կայսրերի 130 տարի տևող առաջին ժամանակաշրջանում, Մավրիկիոսից (582–602) մինչև Փիլիպպիկոս–Վարդանը (711-13), բյուզանդական ճարտ․ մեջ տարածվեց գմբեթավոր, ազատ կանգնած գմբեթակիր մույթերով, քառանկյունու մեջ առնված խաչաձև հորինվածքը։ Երկու և կես դար տևող պատկերամարտության շրջանից մեզ են հասել տասնյակ եկեղեցիներ, դրանցից են՝ Թեսալոնիկեի Ս․ Սոֆիան (VIII դ․), նույն տիպին պատկանող՝ Նիկեի Ննջեցելոց եկեղեցին, Ս․ Կլեմենտեն (Անկարա), Միրայի Ս․ Նիկողոսը և Բիզիեի Ս․ Սոֆիա կաթողիկեն։ Քննարկվող շրջանը բնորոշող նոր երևույթը եղավ վանական համակառույցների զարգացումը, որը բխեց Իսավրյան կայսրերի պատկերամարտության քաղաքականությունից: