գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ԽՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1951)։ Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում (1954-62), ՀԽՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1962-68)։ 1968-ից աշխատում է Լենինականի Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստուտում, որպես հայ գրականության ամբիոնի վարիչ։ Լույս են տեսել Արզումանյանի «Վահան Թոթովենց» (1961), «Զապել Եսայան» (1965), «Սովետահայ վեպը» (1967) մենագրությունները։ Հանդես է գալիս ժամանակակից գրականությանընվիրված հոդվածներով։
Արզումանյան, Արզումանով,Վաղարշակ Արշակի (12․ 3․ 1900, Թիֆլիս - 9․ 5․ 1968, Երևան), կրկեսի հայ արտիստ, էկվիլիբրիստ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)։ Կրկեսում սկսել է աշխատել 1919-ից (1929-ից՝ Պետկրկեսի սիստեմում)։
Վ․ Արզումանյանը ելույթի պահին
1956-ին կազմակերպել է հայկական կրկեսային կոլեկտիվը (1957-ից՝ գեղարվեստական ղեկավար)։ Արզումանյանը հեղինակ էր կրկեսային բազմաթիվ համարների։ Բարձր վարպետություն և համարձակություն պահանջող նրա լավագույն համարն էր կրկեսի գմբեթից ձգված թեք պարանով, հատուկ անվակների օգնությամբ մեծ արագությամբ գլխիվայր իջնելը։ Կրկեսի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Կորեայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Արզունի Նորջուղայեցի, Ղուլ Արզունի (մոտ 1650 - մոտ 1750), հայ գուսան, Նոր Ջուղայի գուսանական դպրոցի հիմնադիր (Էգազի հետ միասին)։ Արզունի Նորջուղայեցուց մեզ է հասել խրատական, երգիծական, կրոնաբարոյական բնույթի 9 երգ։ Ուշագրավ են «Խրատ», «Գրիչ», «Սուտ բարեկամ», «Խաղ ի վերա Կալկաթա» ստեղծագործությունները։ Գրել է հիմնականում Նոր Ջուղայի բարբառով։ Կրոնաբարոյական բնույթի խաղերի լեզուն մոտ է նոր գրական հայերենին։
Գրկ․ Սահակյան Հ․, Հայ աշուղներ․17 -18 դդ․, Ե․, 1961։ Իշխանյան Ռ․ Ա․, Աշխարհաբար բանաստեղծության ակունքների մոտ, «ԲԵՀ», 1971, № 1։
Ռ․ Իշխանյան
Արթերթ, Հարթերթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Մուշ քաղաքից ոչ հեռու, արգավանդ ու ջրառատ հարթավայրում։ 1909-ին ուներ 80 տուն հայ և 3 տուն քուրդ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան։ Արթերթը ավերվել ու ամայացել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մի մասը զոհվել է, իսկ փրկվածները գաղթել են օտար երկրներ։
Ս․ Մելիք–Բախշյան
Արթիկ, հանրապետական ենթակայության քաղաք (1963-ից) Հայկական ԽՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 14726 մարդ (1975)։ Նախկինում կոչվել է Արդիք, Արդիկ։ Գտնվում է Արագածի հյուսիս–արևմտյան ստորոտին, Լենինականից 20 կմ հարավ–արևելք։ Երկաթուղային կայարան է Լենինական–Մարալիկ երկաթուղու վրա։ Ավտոմոբիլային ճանապարհներով կապված է Երևան–Լենինական և Երևան–Սպիտակ խճուղիների հետ։ Հարուստ է հրաբխային ծագում ունեցող շինանյութերով (տուֆ, պեմզա, բազալտ, խարամ)։ Տուֆի, պեմզայի պաշարներով ու որակով Արթիկի հանքավայրերը ՀԽՍՀ–ում գրավում են առաջատար տեղ (տես Արթիկի տուֆի հանքավայր)։ Շրջակայքում եղած շինանյութերի (հատկապես վարդագույն տուֆի) արդյունահանումով և Լենինական–Արթիկ երկաթուղու կառուցմամբ Արթիկը դարձավ արդյունաբերական կենտրոն։ Արթիկի մեքենայացված քարհանքը ՀԽՍՀ արդյունաբերության այս ճյուղի առաջնեկն է։ 1971-ին քաղաքում գործում էին արդյունաբերության 10 ձեռնարկություն՝ տարեկան 10100 հզ․ ռուբլու համախառն արտադրանքով և 2060 բանվոր–ծառայողներով։ Առաջատար ճյուղում՝ տուֆի հանույթում, որը տալիս է համախառն արտադրանքի 39%-ը (1971), զբաղված է բանվոր–ծառայողների 55%-ը։ «Արթիկտուֆ» ձեռնարկության տարեկան կարողությունը կազմում է 220-230 հզ․ մ3 կոպիտ և 120-125 հզ․ մ3 ձևավորված շինաքար։
Արթիկ
Իր գոյության տարիներին այն երկրին տվել է ավելի քան 12 մլն․ մ3 շինաքար։ IX հնգամյակի տարիներին (1971 -1975) տուֆի հանույթը կավելանա մեկուկես անգամ։ Արդյունահանող արդյունաբերությանը զուգընթաց զարգանում է նաև վերամշակող արդյունաբերությունը։ Յոթնամյակի տարիներին (1959-65) քաղաքում ստեղծվեցին վակուումային էլեկտրավառարանների, տուֆաբետոնային բլոկների գործարանները, Լենինականի տրիկոտաժի «Արշալույս» ֆիրմայի մասնաճյուղը։ Վակուումային էլեկտրավառարանները առաքվում են ԽՍՀՄ մի շարք քաղաքներ և արտասահմանյան երկրներ։ 1970-ին լրիվ կարողությամբ գործարկվեց տուֆաբետոնային բլոկների գործարանը, որը վերամշակում է տուֆի հանույթից գոյացած մնացուկները և տարեկան արտադրում 230 հզ․ մ3 որմնաբլոկներ, ինչպես նաև մոտ 400 հզ․ մ3 տեսակավոր խիճ ու ավազ (օգտագործվում են որպես բետոնի բնական լցանյութեր)։ Նրա արտադրանքը, բացի ՀԽՍՀ–ից, առաքվում է նաև ԽՍՀՄ եվրոպական շրջանները։ Քաղաքում գործում են նաև գորգագործարան, պանրագործարան, շինարարական իրերի կոմբինատ։ 1974-ին շահագործման է հանձնվել Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատի մասնաճյուղը։ Կառուցվում է ապակե կաղապարների գործարան, որը տարեկան կթողարկի 8 մլն․ ռուբլու արտադրանք։ Նորակառույցը շահագործման հանձնվելուց հետո երկրի ապակու արդյունաբերությունը կապահովվի մամլակաղապարներով և դրոշմոցներով։
Նախկինում Արթիկը համարյա չի ունեցել մասսայական կուլտուր–լուսավորական հիմնարկներ։ 1916/17 ուս․ տարում Արթիկի միակ քառամյա դպրոցում սովորել է 113 աշակերտ, իսկ դպրոցին կից գրադարանը ունեցել է միայն 225 կտոր գիրք։ 1972/73 ուս․ տարում քաղաքում գործում էին 8 հանրակրթական դպրոց (3756 աշակերտ), 8 մսուր–մանկապարտեզ (916 երեխա), երեք մասսայական գրադարան, ինդուստրիալ–տեխնոլոգիական տեխնիկում, ժողովրդական թատրոն, երաժշտական դպրոց, մշակույթի 2 տուն (900 տեղով) և 2 կինոթատրոն (1600 տեղով)։
Նախախորհրդային Արթիկը անբարեկարգ գյուղական բնակավայր էր։ Խորհրդային իշխանության տարիներին հիմնովին վերակառուցվել ու բարեկարգվել է, կառուցապատվել բազմահարկ բնակելի ու հասարակական շենքերով։ Նախատեսվում է բազմահարկ բնակելի շենքերի շինարարություն։ Արթիկը հատակագծվել է 1948-ին, վերահատակագծվել 1965-ին (ճարտարապետ Ա․ Միրիջանյան)։ Քաղաքի կենտրոնում ստեղծվել է գեղեցիկ ձևավորված հրապարակ՝ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշասյունով։ Քաղաքն ունի ջրմուղ–կոյուղի, ավտոմատ հեռախոսակայան, հիվանդանոց (150 մահճակալով), օգտվում է բնական գազից։ Նոր գլխավոր հատակագծով Արթիկը զբաղեցնելու է 500 հա տարածություն։ Արևմտյան մասում, 7 հա տարածության վրա, հիմնվել է քաղաքային զբոսայգի։
Արթիկում պեղված այծի բրոնզե արձանիկ և կավե նախշազարդ անոթ (մոտ մ․ թ․ ա․ XIII -XII դդ․)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/50
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է