Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ս․ Աստվածածին (Մաոինե, V դ․) եկեղեցին և հատակագիծը
Արթիկը և շրջակայքը հարուստ են հայկական մշակույթի հուշարձաններով։ Հայտնաբերվել են հնագույն ժամանակների դամբարաններ՝ փորված տուֆի շերտի մեջ։ Պեղված բարձր որակի զանազան զարդանախշերով կավանոթները, խուրրիական կնիքը, բրոնզե տերևաձև դաշույնը, ապարանջանները, սերդոլիկից, ագաթից և պաստայից ուլունքները, նիզակի ծայրերը, երկաթե դանակը, դաշույնը և դոմինոյի տիպի ուլունքները հիմնականում ընդգրկում են երեք ժամանակաշրջան՝ մ․ թ․ ա․XIV-XIII դդ․, XII-XI դդ․ և X-IX դդ․։Արթիկի նյութական մշակույթը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն Արագածի լանջերի հնագույն բնակիչների կենցաղն ուսումնասիրելու համար, այլև պատկերացում է տալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ Հին Արևելքի քաղաքակրթության կենտրոնների հետ ունեցած կապերի մասին։ Պահպանվել են V և VII դդ․ երկու եկեղեցի՝ ավելի ուշ շրջանի գերեզմանոցով (միայն մասամբ է պեղված)։ Քաղաքից 1 կմ հարավ–արևելք (Հառիճի ուղղությամբ), ձորի քարանձավում կա ուշ շրջանի եկեղեցի, իսկ 2 կմ հարավ, բլուրի վրա է Լմբատավանքը։ Արթիկը հարուստ է եղել նաև ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներով՝ ջրաղացներով (այժմ՝ ավերված), որոնց ջրատար խողովակները պատրաստված էին հսկա չափերի տուֆակտորներից, գմբեթածածկ բնակելի տներով (այժմ՝ ավերված)։ Միջնադարյան հայ ճարտարապետության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արթիկի փոքր՝ Մարինե կամ Ս․ Աստվածածին կոչված եկեղեցին (այժմ՝ կիսավեր)։ Հատակագծում խաչաձև է։ Խաչի թևերը ծածկված են եղել թաղերով, իսկ կենտրոնական մասը՝ գմբեթով, ունեցել է Հայաստանի գմբեթավոր եկեղեցիներին բնորոշ խաչաձև տանիք։ Մարինե եկեղեցու արևմտյան թևը զգալիորեն երկար է, շրջապատված է եղել IV-V դդ․ համար բնորոշ սյունասրահով։ Եկեղեցին արևելյան կողմում ունի երեք խորան, հյուսիս–արևելյան խորանի գմբեթարդի վրա պահպանվել են որմնանկարի մնացորդներ։ Եկեղեցին կառուցված է տուֆից։ Հորինվածքով խիստ ինքնատիպ՝ նա ունի IV-V դդ․ միանավ սրահ–եկեղեցիներին բնորոշ հատկանիշներ․ արևելյան–արևմտյան ուղղություն, արտաքին սյունասրահ, ներքին տարածության ջլատում թաղակիր մույթերով, էլիպսաձև կամարներ ու թաղեր, այդ դարերի համար հատկանշական մուտքեր, լուսամուտների գծանկար պսակներ և այլն։ Արթիկի Մարինե եկեղեցին միանավ սրահ–եկեղեցուց գմբեթաձև եկեղեցուն անցնելու նախաօրինակ է, որով և նրա նշանակությունը հայ ճարտարապետության համար առավել կարևոր է դառնում։ Արթիկի մեծ՝ Ս․ Գևորգ եկեղեցին պատկանում է «Մաստարայի տիպ» կոչված հուշարձանների խմբին, ունի քառակուսի աղոթասրահ, որի նիստերին կցված են չորս աբսիդներ։ Աղոթասրահի քառակուսին ծածկված է եղել լայնանիստ գմբեթով (այժմ ավերված է)։ Արևելյան աբսիդի երկու կողմերում կան մեկական սենյակներ։ Եկեղեցին կառուցված է տուֆից և իր ճարտարապետական տարրերով խիստ բնորոշ է VII դ․ համար։
Գրկ․ Хачатрян Т․, Материальнаякультура древнего Артика, Е․, 1963․
Ռ․ Հովեսյան, Ա․ Երեմյան
Արթիկի շրջան, վարչական շրջան Հայկական ԽՍՀ հյուսիս–արևմուտքում։ Կազմվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 481, 2 կմ2 է։ Կենտրոնը՝ Արթիկ։
Բնական պայմանները։ Տարածված է Արագածի հյուսիս–արևմտյան լանջերին և Շիրակի դաշտի հարավային մասում։ Շրջանի հյուսիսային մասը հարթ է, մնացածը դեպի հարավ աստիճանաբար բարձրանում է՝ հասնելով Արագածի գագաթնամերձ շրջանը, որին համապատասխան էլ փոփոխվում են կլիմայական պայմաններն ու հողաբուսական ծածկույթը։ Տարածքը ծածկված է Արագածից և Շարայից արտավիժած լավային հոսքերով, հարթավայրային մասերը՝ լճա–գետային և հրաբխային նյութերով։ Մակերևույթը կտրտված է Մանթաշ և Գեղաձոր գետերով ու նրանց ավազանին պատկանող վտակներով, որոնք վերին հոսանքներում առաջացրել են խոր կիրճեր։ Արթիկի շրջանը գտնվում է 7-8 բալանոց սեյսմիկ գոտում։ Կլիման բարեխառն է՝ տաք ամառ ու ցուրտ ձմեռ։ Ձմեռը տևական է, ձյունածածկի կայունշերտով (100-120 օր, իսկ Արագածի բարձրադիր մասերում՝ երբեմն ամբողջ տարին)։ Ամռանը ցածրադիր մասերում տաք է, բարձրադիր մասերում՝ զով։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 4°С, 6°Cէ, հունվարինը՝ ցածրադիր մասերում՝ -6°С, բարձրադիր մասերում՝ -8°С, հուլիսինը՝համապատասխանաբար 20°С, 14°C(առավելագույնը ցածրադիր մասերում՝ 30°С, 34°С)։ Անսառնամանիք օրերի թիվը՝140-200։ Տարեկան տեղումները 500-800 մմ է (առավելագույնը՝ մայիսին)։ Տիրապետող են հյուսիս–արևելյան և արևելյան քամիները։ Տարածված են լեռնատափաստանային սևահողերը, բարձրադիր մասերում՝ լեռնամարգագետնային, դարչնագույն հողերը։ Բուսածածկույթում գերակշռում են լեռնատափաստանային և ալպյան մարգագետինները։ Անտառազուրկ է։ Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, նապաստակը, կզաքիսը, խայտաքիսը, դաշտամուկը։
Հարուստ է շինանյութերով (տուֆ, պեմզա, բազալտ, խարամ)։ Տուֆի պաշարներով (400 մլն․ մ3) ու որակով ՀԽՍՀ–ում գրավում է առաջատար տեղ։ Շահագործվում են Արթիկի, Պեմզաշենի, Տուֆաշենի, Փարոսի, Հառիճի հանքերը։
Բնակչությունը։ Արթիկի շրջանում բնակվում է 27521 մարդ (1974, առանց Արթիկ քաղաքի), մոտ 98%-ը՝ հայեր, ապրում են նաև ռուսներ։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 55 մարդ է։ Ունի 23 բնակավայր, այդ թվում 1 քաղաքատիպ ավան (Պեմզաշեն)։ Քաղաքային բնակչությունը 10% է։ Չնայած բնական բարձր աճին (1960-ին 1000 մարդուն՝ 40, 4 մարդ, իսկ1965-ին՝ 30), վերջին 48 տարում (1926-1974) բնակչության ընդհանուր թվի մեջ բացարձակ աճը կազմել է ընդամենը 3436 մարդ (1926-ին շրջանն առանց Արթիկ քաղաքի ունեցել է 24085 բն․)՝ կապված դեպի քաղաքները, հատկապես Երևան, տեղի ունեցող մշտական արտահոսքի հետ։ Բնակչության հիմնական մասը կենտրոնացած է Մանթաշ գետի միջին և ստորին հոսանքի ավազանում։
Քարտեզը տես 113 էջից առաջ՝ ներդիրում։
Պատմական ակնարկ։ Արթիկի շրջանը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի մեջ, որի մեծ մասը Հայոց Արշակունի թագավորության և Սասանյան Պարսկաստանի տիրապետության շրջանում (I-VII դդ․) պատկանում էր Կամսարականներին։ Արաբական տիրապետության օրոք, VII դ․ վերջերից, Արթիկի շրջանի տերիտորիան Շիրակի հետ միասին անցել է Բագրատունիներին՝ կազմելով հայ Բագրատունիների թագավորության մի մասը։ XII դ․ վերջերից Արթիկի շրջանը անցել է Զաքարյան իշխաններին։ Մոնղոլների, թուրք–թաթարների, Կարա–Կոյունլու և Ակ–Կոյունլու ցեղերի ու թուրքերի, պարսիկների տիրապետության շրջանում (XIII - XIX դդ․) Արթիկի շրջանի վարչա–քաղաքական վիճակը Հայաստանի մյուս շրջանների նման անկայուն է եղել։ Պարսկական տիրապետության վերջին շրջանում այն մերթ եղել է Երևանի խանության կազմում, մերթ էլ՝ նրա սահմաններից դուրս։ Արթիկի շրջանը հարուստ է տարբեր դարաշրջանների ․նյութական մշակույթի հուշարձաններով։ Կան կիկլոպյան ամրոցներ, կրոմլեխներ (Արթիկ, Լեռնակերտ, Տուֆաշեն, Պեմզաշեն), նախնադարյան ամրոց–քաղաք (Հոռոմ), դամբարաններ (Մեղրաշեն), գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրություն (Սպանդարյան)։ Միջնադարյան կառույցներից նշանավոր են Լեռնակերտի միանավ բազիլիկը (IV դ․), Արթիկի Մարինե կամ Ս․ Աստվածածին (V դ․) և Ս․ Գևորգ (VII դ․), Լմբատավանքի Ս․ Ստեփանոս (VI դ․) եկեղեցիները, Նոր Կյանքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (VII դ․), Պեմզաշենի խաչաձև գմբեթավոր եկեղեցին (VI -VII դդ․), Հառիճավանքի համալիրը (VII - XIII դդ․): Արթիկի շրջանում պահպանվել են ուշ միջնադարի մի շարք արտադրական կառույցներ՝ ձիթհանքեր (Մեծ Մանթաշ, Սպանդարյան, Անուշավան), որոնք ժողո–