յուրացնում են առաջավոր ձեռնարկատերերը։ Արժեքի օրենքի գործողության ընթացքում ուժեղանում է տնտեսական անհավասարությունը, խորանում է շերտավորումն ապրանքարտադրողների միջև, հարստությունը գնալով կուտակվում է ավելի փոքրաթիվ արտադրողների մոտ՝ ի հաշիվ մյուսների սնանկացման ու քայքայման։ Զարգացած կապիտալիստական արտադրության պայմաններում արժեքի օրենքը դրսևորվում է արտադրության գնի ձևով՝ միջճյուղային մրցակցական պայքարի հետևանքով։ Միջին շահույթի և արտադրության գնի կազմավորման ընթացքում հասարակական կապիտալը բաշխվում է արտադրության առաջին և երկրորդ ստորաբաժանումների և նրանց ենթաճյուղերի միջև։ Արժեքի օրենքի տարերային գործողության հետևանքով տեղի են ունենում հասարակական աշխատանքի վատնումներ, որոնք մեծ չափերի են հասնում հատկապես գերարտադրության տնտեսական ճգնաժամերի ժամանակ։ Իմպերիալիզմի դարաշրջանում փոխվում են արժեքի օրենքի գործողության ձևերն ու պայմանները։ Մոնոպոլիաների տիրապետության ժամանակ միջճյուղային ազատ մրցակցությունը տեղիք է տալիս մենաշնորհային մրցակցային պայքարի ձևերին, երբ հավելյալ արժեքի օրենքը գործում է մոնոպոլ շահույթի, իսկ արժեքը՝ մոնոպոլ գնի ձևով, որը արտադրության ծախսերի և առավելագույն շահույթի միագումարն է։ Մոնոպոլ գինը գերազանցում է արտադրության գնին և ապրանքի արժեքին, որը, սակայն, չի խախտում արժեքի օրենքի՝ որպես կապիտալիստական արտադրության տարերային կարգավորիչի դերը։ Ապրանքների գների գումարը մնում է հավասար նրանց արժեքներին, իսկ շահույթի գումարը՝ հավելյալ արժեքին։ Մենաշնորհային բարձր շահույթներն ստացվում են աշխատավորների շահագործման, գաղութային ժողովուրդների կեղեքման հաշվին։ Միջին շահույթը շարունակում է մնալ որպես կապիտալի կիրառման նվազագույն չափ։
Սոցիալիստական հասարակարգում արժեքի օրենքը կորցնում է տնտեսության ճյուղերի միջև արտադրության միջոցների և աշխատուժի բաշխման տարերային կարգավորիչի դերը։ Համամասնություններն այստեղ սահմանվում են սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենքով և կարգավորվում ժողովրդական տնտեսության պլանաչափ զարգացման օրենքի հիման վրա։ Արժեքի օրենքը գործում է որպես սոցիալիստական արտադրության ու շրջանառության օբյեկտիվ տնտեսական օրենք, որը ճանաչում և նպատակահարմար ձևով օգտագործում են սոցիալիստական հասարակության տնտեսական մարմինները։ Արժեքի օրենքի միջոցով կազմակերպվում է հասարակական հարստության հաշվառում, սահմանվում վերահսկողություն ձեռնարկությունների գործունեության նկատմամբ։ Գների մեխանիզմի միջոցով պետությունն ամրապնդում է տնտհաշվարկը, կարգավորում ազգային եկամտի բաշխումն ու վերաբաշխումը, ապահովում հասարակական արտադրության արդյունավետության բարձրացումը։ Ապրանքային հարաբերությունների վերացման հետ կդադարի գործել նան արժեքի օրենքը, և կոմունիստական հասարակարգումաշխատանքային ծախսումները կչափվենոչ թե արժեքային ձևով, այլ անմիջապես աշխատաժամանակով։
Մ․ Բադալյան
Արիա (իտալերեն՝ aria), կառուցվածքով ավարտուն դրվագ օպերայում, օրատորիայում կամ կանտատում, որ կատարում է երգիչը նվագախմբի հետ։ Օպերայի դրամատուրգիական զարգացման մեջ արիան մոտավորապես նույնպիսի տեղ ունի, ինչպիսին մենախոսությունը դրամայում, և հայերեն հաճախ անվանվում է մեներգ։ Այն օպերային հերոսի ձգտումները և հոգեկան ապրումները բացահայտող գլխավոր միջոցն է։ Աչքի է ընկնում երգայնությամբ, դասական օպերայում, որպես կանոն, նրան նախորդում է ասերգը։ Արիայի տարատեսակներն են՝ արիետան, արիոզոն, կավատինան։ Արիա են անվանում երբեմն երգեցիկ բնույթի գործիքային պիեսները։
Ռ․ Աթայան
Արիական ռասա, կեղծ գիտական տերմին, որ XIX դարի կեսերին առաջադրեցին ռասայական «տեսության» հեղինակները։ «Արիական ռասա» տերմինի տակ խառնաշփոթվում էին լեզվական և ռասայական դասակարգումները, հասկացությունները։ Լեզվաբանության մեջ արիական են կոչվել հնդիրանական լեզուները, թեև նրանց կրողները չունեն ֆիզիկական ընդհանուր հատկանիշներ և առանձին ռասա (մարդացեղ) չեն կազմում։ «Արիական ռասա» տերմինն օգտագործեցին գերմանական ֆաշիստները, որոնք պնդում էին «բարձր ռասայի» (արիական ռասա) գոյությունը, որին իբր պատկանում են գերմանացիները։ Տես նաև Ռասիզմ:
Արիանոս (’Αρρτανός) Փլաբիոս (մոտ 95-180), հույն պատմիչ։ Ծնվել է Բունիաթիայի Նիկոմեդիա քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա Եպիկտետոսին։ Հռոմում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, հյուպատոս, արքոնտ, 131 -137-ին՝ Կապադովկիայի կուսակալ։ Կյանքի վերջին տարիներին նվիրվել է քրմության։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։ Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև Աքեմենյանների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։ «Հուշեր Եպիկտետոսի մասին» փիլիսոփայական երկը լավագույն աղբյուր է ստոիկների ուսմունքի մասին։ Արիանոսի «Հնդկաստան», «Շրջագայություն Եվքսինյան Պոնտոսում», «Նեարքոսի արշավանքների նկարագրությունը» աշխատություններն ունեն տեղագրական, աշխարհագրական բնույթ։ «Գործերը Ալեքսանդրից հետո» երկում Արիանոսը ներկայացրել է դիադոքոսների պատմությունը, որից պահպանվել են պատառիկներ։ Մեզ հասել են նրա «Պարթևաստանի պատմությունը», «Ալանների պատմությունը», «Բութանիայի պատմությունը» և այլ աշխատությունների միայն վերնագրերը։
Երկ․ Арриан, Поход Александра, М․-Л․, 1962․
Արիարաթես (’Αριαράθης), Կապադովկիայի մի քանի սատրապների ու թագավորների անուն մ․ թ․ ա․ IV-I դարերում։ Աքեմենյան սատրապ Արիարաթես I սպանվեց մ․ թ․ա. 322-ին՝ մակեդոնացիների դեմ ճակատամարտում, իսկ որդին՝ Արիարաթես II, ապաստանեց Հայաստանում։ Սելևկյանների տիրապետության առաջին տարիներին, մ․ թ․ ա․մոտ III դ․ սկզբին, Արիարաթես II Հայոց Արդոատես (Արտավազդ) թագավորի օգնությամբ գրավեց հայրենի իշխանությունը և հռչակվեց թագավոր։ Առավել նշանավոր էին Արիարաթես V և Արիարաթես IX։ Հելլենասեր Արիարաթես V (մ․ թ․ ա․163-130) Հռոմի օժանդակությամբ փորձել է խոչընդոտել Մեծ Հայքի հզորացմանը։ Դիոդորոս Սիկիլիացին վկայում է, որ Արիարաթես V նախ ապաստան տվեց Ծոփքի թագավոր Մեհրուժանին, ապա օգնեց, որպեսզի նա Արտաշես Ա–ից ետ գրավի Ծոփաց իշխանությունը։ Մ․ թ․ ա․ 90-80-ական թթ․այնտեղ գահակալում էր Միհրդատ VI Պոնտացու որդի Արիարաթես IX։ Ապիանոսը վկայում է, որ մ․ թ․ ա․ 88-84-ի հռոմեա–պոնտական պատերազմում Արիարաթես IX-ի բանակում կարևոր դեր է խաղացել հայկական (հավանորեն՝ Փոքր Հայքի) 10-հազարանոց այրուձին՝ Նեմանես կամ Նայմանես հայ զորավարի առաջնորդությամբ։ Արիարաթես IX-ի զորքերը մ․ թ․ ա․ 88-ի վերջին գրավեցին Թրակիան և Մակեդոնիայի զգալի մասը։ Հռոմի զորավար Սուլլայի հաղթանակից և Դարդանեսի պայմանագրից (մ․ թ․ ա․84) հետո Արիարաթես IX այլևս չի հիշվում։ Վերջին՝ Արիարաթես X-ին մ․ թ․ ա․ 40-ին ձերբակալեց Հռոմի Անտոնիոս զորավարը և մ․ թ․ ա․ 36-ին մահապատժի ենթարկեց՝ պարթևներին օժանդակելու մեղադրանքով։
Մ․ Կատվալյան
Արիարաթիա, քաղաք Փոքր Հայքում, Ծամնդավ գետի ակունքների շրջանում, այժմյան Ազիզիե գյուղի տեղում։ Թեոդոս կայսեր օրոք (379-395) մտնում էր Երկրորդ Հայք նահանգի մեջ։
Արիետա (իտալերեն arieta, aria - արիա), ոչ մեծ արիա։ Սովորաբար աչքի է ընկնում պարզ հորինվածքով և մեղեդու երգային բնույթով։ Արիետաn բնորոշ է ֆրանսիական կոմիկական օպերային։
Արիերգարդ (ֆրանսերեն arriere-garde -թիկունքային պահազոր), ստորաբաժանում, զորամաս կամ միավորում, որը պահպանում է նահանջող կամ ռազմաճակատից թիկունք ռազմերթ կատարող զորքերին։ Արիերգարդի հիմնական խնդիրն է՝ հարձակվող հակառակորդին կանգնեցնել որոշակի բնագծերում և ապահովել գլխավոր ուժերի կանոնավոր նահանջը։ Արիերգարդի կազմը, խնդիրները և հեռավորությունը կախված են գլխավոր ուժերի պահպանվող զորասյան չափից և իրադրությունից։ Որպես արիերգարդ սովորաբար առանձնացվում են տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումներ ու զորամասեր։
Արիզոնա (Arizona), նահանգ ԱՄՆ–ի արևմուտքում։ Տարածությունը 295 հզ․ կմ2
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/59
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է