Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Արմեն և հայ անունների ծագումը և Ուրարտուն» մենագրությունը։

ԳԱՎՈՒՔՅԱՆ Հարություն Հովհաննեսի [Արթո Գավուք, ծն․ 25․12․1915, Մերսին (Կիլիկիա)], հայ լուսանկարիչ։ 1932-ին ավարտել է Կահիրեի Պերպերյան վարժարանը։ Լուսանկարչություն սովորել է հորից, 1953-ին կատարելագործվել Անտվերպենում, ապա մասնագիտացել գունավոր լուսանկարչության ասպարեզում՝ նախընտրելով դիմանկարչությունը։ 1958-ին տեղափոխվել է Տորոնտո (Կանադա)։ Անհատական ցուցահանդեսներ է տվել աշխարհի տարբեր քաղաքներում (1969-ին՝ Երևանում, 1970-ին՝ Մոսկվայում, 1972-ին՝ Օտտավայում, Լոնդոնում ևն)։ Լուսանկարել է դիվանագետների, քաղ․ գործիչների և արվեստագետների։ Գ–ի աշխատանքներից են Լ․ Ի․ Բրեժնևի, Ա․ Ն․ Կոսիգինի, Ա․ ի․ Միկոյանի, Հ․ Ք․ Բաղրամյանի լուսանկարները։


ԳԱՏՉԻՆԱ, քաղաք ՌՍՖՍՀ Լենինգրադի մարզում։ 70 հզ․ բն․ (1974)։ Գտնվում է Լենինգրադ–Պսկով խճուղու վրա, Լենինգրադից 45 կմ հվ–արմ․։ Երկաթուղային հանգույց է։ Հայտնի է XVIII դ․ պալատա–պուրակային անսամբլով, որի գլխավոր կառույցը՝ պալատը, վաղ կլասիցիզմի նմուշ է։ Գ–ի պուրակները (ընդհանուր տարածությունը մոտ 617 հա), կամուրջները, տաղավարները և այլ շինություններն ստեղծվել են XVIII դ․ և XIX դ․ սկզբին։ 1941 –43-ին Գ–ի անսամբլը ավերվել է, պատերազմից հետո վերականգնվել։


ԳԱՐԱԳԱՇ Մամբրե Երվանդի [ծն․ 1․1․1902, գ․ Հաջիղարա (այժմ՝ ՀՍՍՀ Գուգարքի շրջանում)], հայ սովետական տնտեսագետ։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ 1928–1933-ին սովորել է Մոսկվայի Սվերդլովյան համալսարանում։ Կուսակցական, սովետական ղեկավար աշխատանք է վարել Հայաստանում, Հյուսիսային Կովկասում, Կիրգիզիայում։ 1937-ից՝ Երևանի անասնաբուժական–անասնաբուծական ինստ–ի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչն է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։


ԳԱՐԱԳԱՇ Սյուզան (Ցեցյան Շուշանիկ) Հովհաննեսի [20․7(1․8) ․1897, Թիֆլիս – 25․7․1944, Երևան], հայ սովետական դերասանուհի։ ՀՍՍՀ վաստ․ արտիստուհի (1935)։ 1922-ից աշխատել է Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ․)։ Քնարական– դրամատիկական խառնվածքի դերասանուհին օժտված էր նաև կատակերգական

ձիրքով։ Եղել է Մարքրիտի (Սունդուկյանի «Խաթաբալա», 1927) լավագույն դերակատարը հայ բեմում։ Դերերից են՝ Սոնա (Շիրվանզադեի «Չար ոգի», 1926), Անուշ (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1927), Կեկել (Սունդուկյանի «Պեպո», 1929), Սյուզան (Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», 1933), Լուիզա (Շիլլերի «Սեր և խարդավանք», 1938)։ Լ․ Հախվերդյան


ԳԱՐԱԳԱՇՅԱՆ Անտոն (Մատաթիա) Գրիգորի (11․2․1818, Կ․ Պոլիս – 19․11․1903, Կ․ Պոլիս), հայ քննական պատմագրության հիմնադիր, փիլիսոփա, տրամաբան, լեզվաբան, «Արևելյան թատրոնի» կազմակերպիչներից և ղեկավարներից։ Սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ, ապա՝ Վիեննայի համալսարանում։ 1836-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ, 1840-ից՝ քահանա։ Լ․ Բյուխների գաղափարական ազդեցությամբ սկսվել է Գ–ի աշխարհայացքային շրջադարձը․ 1856-ին պաշտոնապես հրաժարվել է կրոնին ծառայելուց, առաջինը հայ իրականության մեջ իրեն համարել մատերիալիստ ու աթեիստ, իսկ 60-ական թթ․ հաղթահարել է կրոնա–իդեալիստական դավանանքը, անցել դեիստական անհետևողականությամբ մատերիալիստական աշխարհըմբռնման։ Գ–ի փիլիսոփայության մեջ արտացոլվել է այն շրջադարձը, որ XIX դ․ հայ մտավոր կյանքում կատարվում էր բուրժ․ հարաբերությունների զարգացման և ճշգրիտ գիտությունների ձևավորման շնորհիվ։ Փիլիսոփայությունը, Գ–ի պատկերացմամբ, պետք է նպաստի համազգային լուսավորության գործին, ուստի այն պետք է վերակառուցվի և իր միջոցներն ի սպաս դնի բնական գիտություններին՝ որպես դրանց մեթոդաբանություն։ Ձգտելով փիլիսոփայությանը հաղորդել գործնական իմաստ, Գ․ հիմնականում քննարկել է իմացաբանության և հետազոտության տրամաբանական միջոցների պրոբլեմները: Որպես չափավոր ռացիոնալիզմի հետևորդ, մերժել է ծայրահեղ թեոլոգիական ռացիոնալիզմի հիմնական պահանջը՝ բանականության համընդհանուր ելակետային դրույթները անքննելի համարելու և ճանաչողության մեջ դրանք իբրև պատրաստի ճշմարտություններ մտցնելու վերաբերյալ։ Բայց և գիտակցելով էմպիրիզմի սահմանափակությունները գիտության ելակետային ճշմարտությունների համընդհանուր և անհրաժեշտ բնույթը հիմնավորելու խնդրում, նա այն միտքն է արտահայտել, որ դրանք բովանդակությամբ ունեն փորձնական ծագում, թեև ձևի տեսակետից արտափորձային են։ Նման տեսակետը լիովին համապատասխանում է ռացիոնալիստական իմացաբանությունը գիտության դիրքերից մեկնաբանելու պահանջին, որին և գիտակցաբար ձգտել է Գ․։ Դա արտահայտվել է նաև Գ–ի տրամաբանական ըմբռնումներում։ Նա ընդգծել է ինդուկտիվ մեթոդի նշանակությունը կոնկրետ հետազոտությունների համար, բայց միաժամանակ ձգտել է նրա հիմքերը հանգեցնել դեդուկցիային՝ որպես առաջինի հիմնական սկզբունքների բացահայտման տարատեսակ։ Ինչպես փորձն է ենթարկված բանականությանը և միջոց

է աքսիոմատիկ ճշմարտությունների բացահայտման համար, այնպես էլ ինդուկցիան է ենթարկված դեդուկցիային, որպես առաջինի հիմնական սկզբունքների բացահայտման տարատեսակ։ Դրանք «մտքի զատ–զատ գործողություններ չեն, այլ միևնույն գործողությունն է» («Սկզբունք տրամաբանության», ԿՊ, 1864, էջ 187)։ Որպես հայ բուրժուազիայի առաջավոր գաղափարախոս և լուսավորիչ, Գ․ քննադատել է ֆեոդալիզմը, հասարակական առաջադիմության վճռական ուժ համարել լուսավորությունը, նոր գաղափարների յուրացումը։ Գ–ի պատմագիտական հայացքները դրսևորվել են «Նկարագիր ուսմանց» (1845) և «Քննական պատմություն Հայոց» (մաս 1–4, 1880–95) աշխատություններում։ Գ․ գտնում է, որ պատմությունը մարդկային մտքի զարգացման ընթացքն ու ձեռք բերած արդյունքները ճիշտ ըմբռնելու միջոց է, երևույթների պատճառակցված, կապակցված, պատմական անցյալի քննադատական վերարտադրությունը։ Ձեռնամուխ լինելով Հայաստանի քննական պատմություն ստեղծելու գործին՝ Գ․ եզրակացրել է, որ իր նախորդները, հենվելով զանազան առասպելների և կողմնակալ փաստերի վրա, հեռացել են պատմական օբյեկտիվությունից։ Գիտական պատմություն գրելու համար Գ․ առաջարկել է օգտվել հնագիտության, ազգագրության, լեզվաբանության և երկրաբանության տվյալներից։ Քննադատել և մերժել է աշխարհի ստեղծման արարչագործության ու հրաշքի կրոնական պատկերացումները և հանգել աշխարհի նյութականության, բնական օրենքներով նրա զարգացման մասին տեսակետին։ Գ․, հիմք ընդունելով արտաքին քաղ․ կարգի գործոնները, հայ ժողովրդի ամբողջ պատմությունը ենթարկել է պարբերացման՝ նախնական, որն սկսվում է հնագույն շրջանից և շարունակվում մինչև Տիգրան Մեծը, և պատմական (սկսվում է Տիգրան Մեծից)։ Գ–ի «Քննական պատմություն Հայոց»-ը ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև V դ․ ազատագրական շարժումների ավարտը (484) ընկած ժամանակաշրջանը։ Հայ և օտար մատենագիտական բազմահարուստ փաստերը Գ․ ենթարկել է աղբյուրագիտական ու քննական վերլուծության, ճշգրտել ու համեմատական քննության ենթարկել պատմական երևույթները։ Նա անհիմն կերպով թերագնահատել է Մովսես խորենացու «Պատմություն Հայոց»-ը։ Մերժելով հայ ժողովրդի ծագումը Աստվածաշնչի դոգմաներով մեկնաբանող իր նախորդների տեսակետները՝ համոզիչ փաստերով ցույց է տվել, որ հայերը