Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հարավ–արևմուտք։ Պտղաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, կապի բաժանմունք, բուժկայան։


ԱՐՃՐԱ, Արշրամ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Վանա լճի հյուսիսային ափին, Արճեշի գավառում, Արճեշ քաղաքից 32-33 կմ արևելք։ 1909-ին ուներ 74 տուն՝ 477 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ մեղվաբուծությամբ։ Ուներ եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՐՄԱԶԻ, հին վրացական պետության առաջին մայրաքաղաքը (մ․ թ․ ա․ III -մ․ թ․ VI դդ․)։ Գտնվում էր ժամանակակից Մցխեթի շրջակայքում, Կուր գետի ափին, Հայաստանից, Աղվանքից, Կողքիսից և Հյուսիսային Կովկասից եկող ճանապարհների խաչմերուկում։ Ա–ի հնագույն անունն է Քարթլի։ Քարթլի բնակավայրը, որպես լուսնի պաշտամունքի հիմնական սրբավայր, կոչվել է Արմազի և նրա դիմաց՝ Կուր գետի հս․ ափին տարածված Մցխեթի հետ դարձել (մինչև մ․ թ․ VI դ․) Վիրքի մայրաքաղաքը։ Քաղաքն ուներ միջնաբերդ (Արմազցիխե, Բագինեթ)՝ հայտնի պաշտպանական, հասարակական, պաշտամունքային ու բնակելի կառույցներով։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են պալատական շենք, բաղնիք, վրաց բդեշխների (պիտիաշխների) դամբարաններ։ Գտնվել են I - III դդ․ նյութական մշակույթի մնացորդներ, հունարեն ու արամեերեն արձանագրություններ։
Գ. Տիրացյան


ԱՐՄԱԼԵ Իսահակ (1879-1954), ասորի գրող, պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ։ Գրել է ասորերեն և արաբերեն։ «Մոնսինյոր Ֆրանսիս Բիկիդի ճանապարհորդությունը դեպի Հայաստան երկիր և Պարսկաստան» (արաբ․) ուղեգրության մեջ շոշափել է հայագիտական, իրանագիտական, ազգագրական և այլ հարցեր։ «Ականատես» ծածկանվամբ 1919-ին հրատարակել է 1915-ի Մեծ եղեռնին նվիրված «Քրիստոնյաների տառապանքը» արձակ եղերերգությունը։ Այդ գործից որոշ հատվածներ տպագրվել են հայերեն թարգմանությամբ։
Ե․ Նաջարյան


ԱՐՄԱՂԱՆ, հանգած հրաբուխ Գեղամա լեռնաշղթայում։ Հարաբերական բարձրությունը՝ 450 մ։ Գագաթնային մասում ունի 400 մ տրամագծով և 50 մ խորությամբ խառնարան, որը մասամբ լցված է ջրով։ Առաջացել է անթրոպոգենում (հոլոցեն), հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքերի հետևանքով։ Հրաբխային կոնի ստորին մասերից սկիզբ են առնում անդեզիտա–բազալտային լավաների հոսքեր՝ 100 կմ2 ընդհանուր մակերեսով։
Կ․Շիրինյան
Արմաղան լեռը


ԱՐՄԱՆ Արամ [Բասմաջյան Սուրեն Թորոսի, ծն․ 28․1․1923, Ալեքսանդրետ (այժմ՝ Իսկենդերուն)], հայ–սովետական բանաստեղծ։ 1941-46-ին դասավանդել է Հալեպի հայկ․ դպրոցներում, ապա ներգաղթել Սովետական Հայաստան (1946)։ Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն (Խյաչբուռ») լույս է տեսել 1944-ին, Հալեպում։ Հայրենիքում հրատարակվել են Ա–ի «Վերադարձ» (1949), «Հայրենիքի և սիրո երգեր» (1955), «Քերթվածներ» (1965) բանաստեղծությունների գրքերը։


ԱՐՄԱՆԴ (օրիորդական ազգանունը՝ Ստևֆան) Ինեսա (Ելիզավետա Ֆ և Ոդորովնա, 26․ 4․ 1874, Փարիզ–24․ 9․1920, Մախաչկալա), կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1904-ից։ 1905-07-ի և Հոկտեմբերյան հեղափոխությունների մասնակից է։ Քաղաքական ակտիվ գործունեության համարմի քանի անգամ բանտարկվել է, աքսորվել, 1909-ին վտարանդվել Ռուսաստանից։ 1910-12-ին որպես Փարիզի բոլշևիկյան խմբի նախագահության անդամ, կուսակցական աշխատանքներին զուգընթաց, Վ․ Ի․ Լենինի հանձնարարությամբ նամակագրություն է վարել այլ երկրներում գործող բոլշևիկյան խմբերի ղեկավարների (այդ թվում՝ Ցյուրիխի բոլշևիկյան սեկցիայի քարտուղար Ա․ Հ․ Բեկզադյանի) հետ։ 1912-ին ուղարկվել է Պետերբուրգ ընդհատակյա աշխատանքի, ապա նորից փախել արտասահման։ 1915-ին աշխատել է Բեռնում (որտեղ ծանոթացել է Վ․ Մ․ Կասպարովի հետ)։ Ա․ մասնակցել է Ցիմերվալդյան (1915) և Կինտալյան (1916) կոնֆերանսներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Համառուսաստանյան ԿԳԿ–ի, ՌԿ(բ)Կ Մոսկվայի նահանգային կոմիտեի անդամ։ 1918-ից ղեկավարել է ՌԿ(բ)Կ ԿԿ–ի կինբաժինը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Կոմինտերնի II (1920) կոնգրեսին, ղեկավարել է կին կոմունիստների I միջազգային կոնֆերանսը (1920)։ Ա–ի բրոշյուրները և հոդվածները հրատարակվել են Ելենա Բլոնինա կեղծանունով։
Ի․ Արմանդ


ԱՐՄԱՆԻՍ, գյուղ Հայկական ՍՍՀ–ում։ Վարչա–տերիտորիալ կարգով ենթարկվում է Ստեփանավանի քաղսովետին։ 574 բն․(1970), հայեր։ Միավորված է Ստեփանավանի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան։ Ա․ հիմնադրել են Ալաշկերտի գավառից գաղթած հայերը, 1870-ին։


ԱՐՄԱՇ, գյուղ Հայկական ՍՍՀ Արարատիշրջանում, Երևան–Նախիջևան խճուղու վրա, շրջկենտրոնից 20 կմ հարավ–արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեպտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի պալատ, բուժկայան, հիվանդանոց, սանիտարական կուլտուրայի թանգարան։ Գյուղը հիմնադրել են Արևմտյան Հայաստանից եկած հայերը, 1925-ին։
Այգիների մշակումը Արմաշի սովետական տնտեսությունում


ԱՐՄԱՇ, գյուղ Թուրքիայի Իզմիթ (Նիկոմեդիա) գավառում, Իզմիթից 25 կմ հեռավորության վրա։ Մինչև Մեծ եղեռնը եղել է հայաբնակ։ Կառուցել են Պարսկաստանից գաղթած հայերը 1611-ին, Չարխափանս․Աստվածածին վանքի մոտ։ 1720-ին Չարխափանի տաճարը նորոգել է առաջնորդ Նիկողայոս Աստվածաբանը։ 1780-ից առաջնորդ է եղել տաղերգու Պետրոս Ղափանցին։ Բարթուղիմեոս Կապուտիկյանի օրոք կազմվել է միաբանություն, հաստատվել ուսումնարան, կառուցվել մատենադարան (տես Արմաշի դպրեվանքի մատենադարան)։ 1864-ին ստեղծվել է տպարան և սկսվել «Հույս» հանդեսի հրատարակությունը։ 1872-ին բացվել է Ղևոնդյանց գիշերօթիկ բարձրագույն վարժարանը, որը փակվել է 1881-ին։ Մաղաքիա եպիսկոպոս Օրմանյանի վանահայրության ժամանակ (1889-96) հիմնվել է դպրեվանքը (տես Արմաշի դպրեվանք)։ Այդ տարիներին կառուցվել են ուսումնարանը, հյուրանոցը, շերամատունը, փուռը։ Շերամապահությունը զարգացնելու համար տնկվել են թթենու այգիներ։ XX դ․ սկզբներին Ա․ ուներ 1500 բն․, որոնք գբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Ա–ի բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։