Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՄԱՇԻ ԴՊՐԵՎԱՆՔ, հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1889-ի սեպտ․ 18-ին, Արմաշ գյուղի Չարխափան Ս․ Աստվածածին վանքում, Կ․ Պոլսի պատրիարք Խորեն Աշքյանի հովանավորությամբ և Մաղաքիա Օրմանյանի վերատեսչությամբ՝ իբրև Կ․Պոլսի պատրիարքարանի դպրեվանք։ Ընդունվում էին 17-22 տարեկան պատանիներ։ Նպատակն էր պատրաստել ոչ միայն հոգևորականներ, այլև ուսուցիչներ։ 1895-96-ին դպրեվանքում է տպագրվել Կ․ Պոլսի «Մասիս» կրոնական հանդեսը։ 1896-ից գործել է որբերի դասարան։ Աշակերտների թիվը 1889-1914-ին հասնում էր շուրջ 300-ի։ Կրոնական առարկաներից բացի դասավանդվում էին իմաստասիրություն, բնական գիտություններ, հայագիտություն, հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Ուսման տևողությունը 7 տարի էր։ Ա․ դ–ի շատ շրջանավարտներ աշխույժ դեր են կատարել հասարակական–մշակութային կյանքում։ 1915-ին վանքը թալանվել է, միաբանությունը տարագրվել։
Գրկ․ Արմաշու դպրեվանքին 25-ամյա հոբելյանին առթիվ․ 1889 - 1914, ԿՊ, 1914։ Օրմանյան Մ․, Դպրեվանքի արդյունքը, Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, 9-րդ տարի, ԿՊ, 1915, էջ 77-82։
Արմաշի դպրեվանքի համայնապատկերը


ԱՐՄԱՇԻ ԴՊՐԵՎԱՆՔԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, Արմաշի Չարխափան վանքում գրչագրերեն ժողովվել դեռևս XVII դարից։ 1786-ին կառուցվել է մատենադարանի հատուկշենք։ XVIII ղ․ վերջին, Չակըր Հասանի արշավանքի ժամանակ, ոչնչացվեցին վանքի բոլոր գրչագրերը։ Նոր հավաքածու սկսեց գոյանալ XIX դ․ սկզբից։ Նվիրատվությունների և տեղում ընդօրինակված ձեռագրերի հիման վրա 1889-ին ստեղծվեց դպրեվանքի մատենադարանը։ 1904-ին Ա․ դ․ մ–ի գրչագրերի թիվը հասել է 223-ի (գիտականորեն ցուցակագրել է Հ․ Թոփճյանը)։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը դրանց թիվը կրկնապատկվել է։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ այդ ամենը ոչնչացավ։ Ա․ դ․ մ–ի ձեռագրերը ընդօրինակվել են XIV-XIX դդ․։ Հնագույնը 1351-ից էր, սակայն եղել են նաև ձեռագրեր, որոնց կողերին կարված էին մեսրոպյան երկաթագրով գրված պահպանակներ։ XIV դ․ կար 4, XV դ․՝ 7, XVI դ․՝ 8, XVII դ․՝ 30, XVIII դ․՝ 58, XIX դ․՝ 116 ձեռագիր։ Մեծ մասը գրվել է Արմաշում, ինչպես նաև Կ․ Պոլսում, Աեբաստիայում, Կեսարիայում, Ամասիայում, Եկեղյաց գավառում, Կաբինում, էջմիածնում, Հռոմում, Ղրիմում, Լեհաստանում, Երուսաղեմում ևհայաբնակ այլ վայրերում։ Այդտեղ են պահվել Թովմա Մեծոփեցու «Պատմության» 1597-ին ընդօրինակված մի գրչագիրը, Հովհան Ոսկեբերանի անտիպ գործերը, Սիմեոն Երևանցու ինքնագիր քարոզգիրքը, բժշկարաններ, բառարաններ, խազագրված ձեռագրեր, Միքայել Չամչյանի նամականին, Կիլիկիայի Հայկական թագավորության անտիպ մի դատաստանագիրքը ևն։ Սակավաթիվ մանրանկարչական ձեռագրերում կային Գրիգոր Մագիստրոսի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տաթևացու և այլոց դիմանկարները։
Գրկ․ Թոփճյան Հ․, Ցուցակ ձեռագրաց Արմաշի վանքին, Վնտ․, 1962։ Քոլանջյան Ս․, Մեր ձեռագրական կորուստները, «Էջմիածին», 1967, № 5։


ԱՐՄԱՎԱՁԵԹԵՐ, բուսական ճարպեր, որոնք ստացվում են արմավենիների ընտանիքի ներկայացուցիչների պտուղներից։ Ա․ սովորաբար կազմված են ցածր և միջին մոլեկուլային զանգված ունեցող թթուներից։ Անգույնից մինչև մուգ կարմիր պինդ նյութեր են։ Տարբեր Ա․ պնդանում են 19-41°C-ում, յոդային թիվը՝ 8, 5-57, խտությունը՝ մոտ 930 կգ/մ³։ Ա․ օգտագործվում են որպես սննդանյութ, նաև բժշկության մեջ և կոսմետիկայում։
Ս․ Առաքելյան


ԱՐՄԱՎԱՇՈՒՇԱՆ, ադամի ասեղ (yucca), շուշանազգիների ընտանիքի միաշաքիլավոր ծառանման բույսերի ցեղ։ Ցողունները պարզ են կամ ճյուղավորված, տերևները՝ 1 մ և ավելի երկարությամբ, տափակ, կոշտ, սրածայր, փնջերով դասավորված են ճյուղերի կամ ցողունի ծայրին։ Ծաղիկները խոշոր են, զանգակաձև, դեղնասպիտակավուն՝ հավաքված խոշոր ողկուզաձև ծաղկաբույլերում։ Հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է և Հյուսիսային Ամերիկայի հվ․ շրջանները, որտեղաճում են Ա–ի 30 տեսակներ։ Որոշ տեսակների տերևներից ստացված թելը՝ «պիտա»-ն, օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ։ Թելավոր Ա․, որպես դեկորատիվ բույս, մշակվում է նաև ՀՍՍՀ ցածրադիր շրջաններում։
Զ․ Աստվածատրյան


«ԱՐՄԱՎԵՆԻ», բանասիրական կիսամսյա լրագիր։ Հրատարակվել է 1865-ին, Կահիրեում։ Խմբագիր՝ Ա․ Մուրատյան։ Եգիպտահայ անդրանիկ պարբերականն է։ Ունեցել է կղերա–պահպանողական, հակասահմանադրական ուղղություն, պաշտպանել է աղայական դասի շահերը։ Տպագրել է կրոնա–բարոյական նյութեր, հոդվածներ, լուրեր Եգիպտոսի, ինչպես նաև մյուս հայ գաղութների մասին, արձագանքել է միջազգային քաղաքական և առևտրական կյանքին, արծարծել առհասարակ գաղութահայ մշակութային կյանքի հարցեր։ Ուներ հետաքրքրական տեղեկությունների, զվարթ ժամանցի, հանելուկների, ծանուցումների ընդարձակ բաժին։
Հ․ Թոփուզյան
«Արմավենի» հանդեսի գլխագիրը


ԱՐՄԱՎԵՆԻՆԵՐ (Palmae), միաշաքիլ բույսերի ընտանիք։ Հայտնի է մոտ 2000 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և մասամբ մերձարևադարձային երկրներում՝ Ասիայի (Ինդոնեզիա), Աֆրիկայիև Հարավային Ամերիկայի (Բրազիլիա) անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում։ Եվրոպայում (Իսպանիա, Հարավային Ֆրանսիա) վայրի վիճակում աճում է միայն 1 տեսակ՝ եվրոպականկամ գաճաճ, հովհարատերև Ա․ (Chamaerops humilis)։ Ա–ի մեծ մասը ծառանման բույսեր են։ Բունը սյունանման է, մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում՝ չճյուղավորված (բացի Hyphaena thebaica-ի)։ Որոշ Ա․ ցողուն համարյա չունեն՝ թփուտային են կամփաթաթվող լիաններ։ Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից։ Տերևները լինում են կտրտված փետրաձև (փյու–
Կանարյան փյունիկյան արմավենի (Սուխում)
Ռաֆիա արմավենին Աֆրիկայի արևադարձերում
Թելավոր վաշինգտոնիա արմավենիներ (Սուխում)
Տրախիկարպուս արմավենի (Թբիլիսի)