րության ու կոլեգիալության կոնկրետ հարաբերակցությունը, հասարակական դասակարգային, կոլեկտիվ և անհատական շահերի, կառավարման տարբեր մարմինների միջև ֆունկցիաների բաժանման ձևերը ընդմիշտ տրված չեն և կախված են տնտ. զարգացման կոնկրետ, պատմական պայմաններից։ Ներկայումս ՍՍՀՄ-ում և մյուս սոցիալիստական երկրներում, որտեղ իրագործվում են տնտ. ռեֆորմներ, էլ ավելի են զարգանում ու կատարելագործվում Դ. ց-ի սկզբունքները։
Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ընտիր երկ., հ. 1, Ե., 1972: Լենին Վ. Ի., Ի՞նչ անել, երկ., հ. 5: Նույնի, Նամակ ընկերոջը մեր կազմակերպական խնդիրների մասին, երկ., հ. 6: Նույնի, ՌՍԴԲՊ-ի կանոնադրության նախագիծը, նույն տեղում։ Նույնի, Մի քայլ առաջ, երկու քայլ հետ, երկ., հ. 7: Նույնի, Սովետական իշխանության հերթական խնդիրները, երկ., հ. 27: Նույնի, «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ, երկ., հ. 31: ՍՄԿԿ XXIII համագումարի նյութերը, Ե., 1967: ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976: Բրևժնև Լ. Ի., Կուսակցական շինարարության ակտուալ պրոբլեմների մասին, Ե., 1973: Решения партии и правительства по хозяйственным вопросам, 1917-1969 годы, т. 1-7, М., 1967-70; Положение о социалистическом государственном производственном предприятии, М., 1965; Венедиктов А. В., Организация государственной промышленности в СССР, т. 1-2, Л., 1957-61.
ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՑԵՆՏՐԱԼԻԶՄԻ ԽՈՒՄԲ Դեցիստներ հակալենինյան, օպորտունիստական խումբ ՌԿ(բ)Կ կազմում։ Առաջացել է 1919-1920-ին «ձախ կոմունիստների» ֆրակցիայի մնացորդներից։ «Գ. ց» խ. գլխավորել են Վ. Վ. Օսինսկին, Տ. Վ. Սապրոնովը, Վ. Մ. Սմիռնովը։ Քողարկվելով կուսակցության դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքի քողի տակ՝ «դեցիստները», փաստորեն, պայքարել են պրոլետարիատի դիկտատուրայի և ցենտրալիզմի դեմ, պահանջել ամեն տեսակ կուսակցությունների, իսկ ՌԿ(բ)Կ-ում՝ ֆրակցիաների և խմբավորումների ազատություն, պաշտպանել անսահմանափակ կոլեգիալությունը, ձգտել քայքայել կուսակցության ղեկավար դերը սովետներում և արհմիություններում։ Արհմիությունների մասին բանավեճում (տես Բանավեճ արհմիությունների մասին) Վ. Ի. Լենինը այդ խումբն անվանել է «ամենից բարձր ճչացողների» ֆրակցիա, իսկ նրա պլատֆորմը՝ Էսեռա-մենշևիկյան։ 1926-ին «Դ.ց» խ. միացել է տրոցկիստական-զինովևական բլոկին։ ՀամԿ(բ)Կ XV համագումարում «դեցիստները» վտարվել են կուսակցությունից։
ԴԵՄՈԿՐԱՏԱՅՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻ բուրժուական տեսություն, առաջացել է XIX դարի վերջին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերածվել «ժողովրդական կապիտալիզմի տեսության տարրի։
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ <հուն.δημοκρατία ժողովրդապետություն պետության ձև, երբ պաշտոնապես հռչակվում է մեծամասնության (ժողովրդի) իշխանությունը, քաղաքացիների ազատությունը և իրավահավասարությունը։ Որպես քաղ. իշխանության ձև Դ. անմիջականորեն կապված է այս կամ այն դասակարգի դիկտատուրայի, հասարակական տնտ. այս կամ այն ֆորմացիայի հետ։ Ուստի և հակամարտ դասակարգային հասարակարգում այն կորցնում է իր բուն իմաստը և վերածվում Դ-ի տիրող դասակարգի համար։ Ստրկատիրական հասարակարգում դեմոկրատական հանրապետությունը եղել է ստրկատերերի քաղ. կազմակերպության ձև։ Ստրկատիրական Դ ի օրինակ ևն Աթենքը և հին հունական պետություններից մի քանիսը։ Ֆեոդալական Դ-ի ժամանակ ղեկավար դեր էին կատարում քաղաքային բնակչության բարձրաստիճան անձինք։ Դա փոքրաթիվ ազնվականության, առևտրականների, բարձրաստիճան հարուստների քաղաքական կազմակերպություն էր։ Բուրժուական Դ., որպես բուրժուազիայի քաղ. կազմակերպության ձև, հիմնված է արտադրության միջոցների մասնավոր կապիտալիստական սեփականության վրա։ Նա ամրապնդում ու պաշտպանում է կապիտալիստների տնտ. և քաղ. տիրապետությունը։ Բուրժուազիան իր տիրապետությունը հռչակեց որպես «համաժողովրդական» կամքի գործիք, բայց իրականում, ոչ միայն ստրկատիրական ու ֆեոդալական, այլև՝ «… արդի ներկայացուցչական պետությունն էլ կապիտալի կողմից վարձու աշխատանքը շահագործելու մի գործիք է» (Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, 1965, էջ 240): Բուրժ. Դ., որը սահմանում էր ընդհանուր ընտրական իրավունք, սահմանադրական-պառլամենտական կարգեր, հռչակում էր քաղաքացիների ազատություն և իրավունք, օրենքի առաջ քաղաքացիների հավասարություն, Դ-ի զարգացման ավելի բարձր ձև Էր։ Սակայն կապիտալիստական մասնավոր սեփականության պայմաններում Դ. մնում է ձևական։ Հռչակելով դեմոկրատական իրավունքներ ու ազատություններ, չհոգալով, չերաշխավորելով դրանց ապահովումը, բազմաթիվ ցենզերի, արգելքների միջոցով բուրժուազիան ժող. զանգվածներին փաստորեն զրկում է դրանից օգտվելու հնարավորությունից։ «Բուրժուական դեմոկրատիան, պատմական մեծ առաջադիմություն լինելով միջնադարի հետ համեմատած, միշտ մնում է, և կապիտալիզմի օրով չի կարող չմնալ, նեղ, թերատ, կեղծ, խաբեական, հարուստների համար՝ դրախտ, շահագործվողների, չքավորների համար՝ թակարդ ու խաբեություն» (Լենին Վ. Ի., երկ., հ. 28, էջ 303-304): Մերկացնելով բուրժ. Դ-ի շահագործողական, հակաժողովրդական բնույթը, մարքսիզմ-լենինիզմը ապացուցեց, որ շահագործումից, կապիտալի ճնշումից, բուրժ. կեղծ Դ-ից մարդկությունը կարող է ազատագրվել միայն պրոլետարիատի դիկտատուրայի միջոցով։ Միայն պրոլետարական Դ. է նոր, բարձր տիպի Դ։ Վ. Ի. Լենինը նշում Էր, որ նույնիսկ ամենադեմոկրատական բուրժ. հանրապետությունում օրենքով իրավահավասար ճանաչվածները իրականում հազար ու մի եղանակով ու խորամանկությամբ հեռու էին պահվում քաղաքական կյանքին մասնակցելուց և դեմոկրատական իրավունքներից ու ազատություններից օգտվելուց, մինչդեռ, սոցիալիստական պետության պայմաններում ներգրավվում են պետության դեմոկրատական կառավարման .մեջ։ (Լենին Վ. Ի., երկ., հ. 28, էջ 605-606): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը հաստատեց պրոլետարիատի դիկտատուրան սովետական իշխանության ձևով, որով հիմք դրվեց սոցիալիստական Դ-ին։ Ի տարբերություն շահագործողական հասարակարգի Դ-ի, սոցիալիստական Դ. ապահովում է աշխատավորների քաղ. իրավունքների և ազատությունների, ներկայացուցչական մարմինների լիիշխանության իրականացումը, ազգերի և ազգային փոքրամասնությունների իրավահավասարությունը, երաշխավորում է սոցիալիստական ինտերնացիոնալիզմն ու սոցիալիզմի տնտ. հիմքով պայմանավորված մյուս նորմերի ու իրավունքների պահպանումը։
ԴԵՄՈԿՐԻՏ Դեմոկրիտոս (Δημόκριτος) [մ.թ.ա. մոտ 460, Աբդեր (Թրակիա, այժմ՝ Ադրա) - մ.թ.ա. մոտ 370], հին հունական մատերիալիստ փիլիսոփա։ Դ-ի կյանքի և գործունեության մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Ուսանել է Էլեական և պյութագորյան դպրոցների փիլիսոփաների և հատկապես Լևկիպոսի մոտ։ Շրջագայել է Ասիայի և Աֆրիկայի երկրներում, լսել Ֆիլոլաոսին ու Սոկրատեսին, բարեկամական կապեր ունեցել Հիպոկրատի հետ։ Դ. եղել է «առաջին հանրագիտակ միտքը հույների մեջ» (Маркс К., Энгельс Փ., Соч., 2 изд., т. 3, с. 126): Դ. գրել է մոտ 70 գիտական աշխատություն, որոնցից պահպանվել են պատառիկներ և դրանց մասին հետագա հեղինակների վկայությունները (Արիստոտել, Թեոֆրաստ): Դ. ստեղծել է նոր մատերիալիստական ուսմունք, որի հիմքը ատոմիզմն է։ Նա աշխարհի համար ընդունել է երկու հիմք (նախասկիզբ)՝ ատոմ և դատարկություն, որոնք լինելով հակադիր, միաժամանակ, պայմանավորում են միմյանց։ Ըստ Դ-ի, նյութի անոչնչանալի լինելուց բխում է, որ այն պետք է կազմված լինի փոքրագույն անբաժանելի մասնիկներից՝ ատոմներից։ Նույն կերպ էլ, եթե տարածությունը լինի անվերջ բաժանելի, ապա ցանկացած երկու կետերի միջև գոյություն կունենան անվերջ հատվածներ, ուստի անհնարին կլինի մարմնի տեղափոխությունը մի կետից մյուսը։ Հետևաբար, տարածությունը ևս