Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բաղկացած պետք է լինի անբաժանելի հատվածներից՝ «տարածական ատոմներից»: Այս ձևով նա փորձում էր լուծել Զենոնի ապորիաները և ժամանակի մաթեմատիկա-տրամաբանական միջոցներով ներկայացնել մեխանիկական շարժման փաստը։ Ատոմները հավերժ անկանոն շարժվում են դատարկության մեջ, բախվելով միմյանց, միանալով ու անջատվելով սկիզբ են դնում կոնկրետ առարկաների ծագմանն ու մահացմանը։ Աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում բնական անհրաժեշտությամբ ու պատճառաբանված է, այդ թվում նաև երկնային մարմինների, երկրի և նրանում կյանքի առաջացումը։ Մեզ շրջապատող առարկաներից մշտապես հոսում են նրբագույն ատոմներ, որոնք առաջ են բերում զգայություններ։ Վերջիններս կարող են աղավաղվել ինչպես այդ ատոմների ցրման, այնպես և զգայող սուբյեկտի ոչ կատարյալ լինելու պատճառով։ Ուստի զգայությունները մեզ կարող են տալ միայն «մթին» իմացություն. բանականությամբ է, որ կարելի է հասու լինել աշխարհի բուն էությանը։ Սոցիալ-քաղաքական հայացքներով Դ. ստրկատիրական դեմոկրատիայի գաղափարախոսն էր, այդ կարգերի ջատագովը։ Դ-ի ատոմիստական ուսմունքը խոր հետք է թողել գիտական մտքի պատմության մեջ։

Գրկ. Асмус В. Փ., Демокрит, [М], 1960; Лурье С. Я., Демокрит, М., 1970.

ԴԵՄՈՆԱՔՍ (ծն. և մահ. թթ. անհտ.) Մեծ Հայքի կառավարիչ մ. թ. մոտ 37- 43-ին։ 37-ին Հռոմի կայսր Կալիգուլան, երբ գահազրկել և աքսորել է Մեծ Հայքի դրածո թագավոր Միհրդատ Իբերացուն, Հայոց իշխանությունն իր ձեռքն է վերցրել սպարապետ Դ. (հավանորեն Դիմաքսյան հայ իշխանական տոհմից): Օգնություն չստանալով գահակալական ներքին կռիվներով զբաղված պարթևներից՝ Դ. աշխատել է երկրի անկախությունը պահպանել սեփական ուժերով։ Նա Փորձել է Մեծ Հայքի գահին կարգել Փոքր Հայքի թագավոր Կոտիսին (Զենոն-Արտաշես Գ թագավորի քրոջորդին) և ստեղծել միացյալ ուժեղ պետություն։ Սակայն Հռոմի նոր կայսր Կլավդիոսը Կոտիսին հարկադըրել է չեզոքության, իբերական զորքերի դաշնակցությամբ պարտության մատնել Դ-ին, գրավել Մեծ Հայքի կարևոր կենտրոններն ու ռազմական ամրությունները՝ կրկին հայոց գահին դնելով աքսորից վերադարձած Միհրդատ Իբերացուն (մ. թ. 43-ին): Դ-ի հետագա գործունեության ու ճակատագրի մասին տեղեկություն չի պահպանվել։

ԴԵՄՈՍ հուն.δημος ժողովուրդ ընդհանուր առմամբ ազատ ու լիիրավ բնակչության անվանումը Հին Հունաստանում։ Հոմերոսյան դարաշրջանից (մ. թ. ա. XI-IX դդ.) մինչև մ. թ. ա. V դ. Դ. է կոչվել հասարակ ժողովուրդը (հիմնականում գյուղական), իսկ մ. թ. ա. V դարից հետո՝ աղքատ ( առավելապես քաղաքային) բնակչությունը ։

ԴԵՄՈՍԹԵՆԵՍ (Δημοσθένης) (մ. թ. ա. մոտ 384, Աթենք 12.10.322, Կալաբրիա), քաղաքական գործիչ և հռետոր Հին Հունաստանում։ Ծնվել է հարուստ զինագործի ընտանիքում։ 8 տարեկանում որբացել Է։ Ունեցվածքը կողոպտել են խնամակալները, որոնց դեմ 364-ին գրել է իր առաջին ճառերը։ Համառ ջանասիրությամբ և հատուկ վարժություններով Դ. հաղթահարել է պերճախոսությանը խանգարող իր բնական թերությունները (թոթովախոսություն, նվազաձայնություն, կարճաշնչություն, ուսը ցնցելու սովորություն ևն): Կիկերոնը Դ-ին անվանել է «կատարյալ ճարտասան»՝ բարձր դասելով բոլոր հույն հռետորներից։ Պահպանված 61 ճառից, 51 ելույթից և 6 նամակից այժմ ոչ բոլորն են վերագրվում Դ-ին։ Առավել նշանավոր են Մակեդոնիայի Փիլիպոս II թագավորի դեմ գրված քաղ. ճառերը («Փիլիպիկներ»): Հռչակվելով հակամակեդոնական պայքարի առաջնորդ՝ Դ. ջանացել է Աթենքի գերիշխանությամբ վերականգնել հուն, պոլիսների քաղ. միությունը, հզորացնել բանակն ու նավատորմիղը, պայքարել հույների անկախությանն ու դեմոկրատիային սպառնացող արտաքին (Մակեդոնիայի թագավորություն) և ներքին (մակեդոնասեր խմբավորում) թշնամիների դեմ։ Կրքոտ հայրենասիրության և թշնամիների դեմ տարած հաղթանակների համար հույն Ժողովուրդը Դիոնիսոսի մեծ տոնին Դ-ին մեծարել է ոսկե փառապսակով։ Դ. մասնակցել է Բեովտիայի Քերոնեա քաղաքի մոտ մակեդոնական բանակի դեմ հույների մղած վճռական ճակատամարտին (մ. թ. ա. 338): Մակեդոնացիների հաղթանակից հետո Դ. հարկադրաբար հեռացել է Աթենքից։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո վերադարձել է Աթենք և գլխավորել հակամակեդոնական նոր պայքարը (մ. թ. ա. 323-322): Անհաջողության մատնվելով՝ հուսահատ Դ. դեղաման է եղել։

Երկ. Յաղագս պսակի, տես Բագրատունի Ա., ճաշակ հելլեն և լատին ճարտարխօսութեան, Վնտ., 1863: Речи, пер. с греч., предисл. С. И. Радцига, М., 1954.

Գրկ. Պյուտարքոս Քերովնացի, Զուգակշիռք, հ. 5, Վնտ., 1834: Жебелев С. А., Демосфен, Берлин-П.-М., 1922; Jaeger W., Demosthenes

dеr Staatsmann und sеin Werder, [B.] 1939; Маthiеu G., Demosthene, l’hоmmе et l’oeuvre, P., [1948]; Сlосhе P., Demosthenes et la fin de la democratic athenienne, [2 еd.], P., 1957.

ԴԵՄՊԻՆԳ անգլ. dump նետել արտադրության հետ չկապված մոնոպոլիաների, ֆիրմաների կամ կառավարական կազմակերպությունների կողմից արտաքին շուկաներ ապրանքներ նետելը, այսինքն արտադրության ծախքերից ցածր գներով դրանք վաճառելը։ Դ. լայնորեն տարածված է ժամանակակից կապիտալիզմի պայմաններում։ Դ. մոնոպոլիստական կապիտալի արտաքին առևտրական Էքսպանսիայի գործիք է և օգտագործվում է արտահանումն ընդլայնելու, մրցակիցներին արտամղելու, արտաքին շուկան զավթելու, ներքին շուկայում ապրանքների առաջարկի սահմանափակմամբ մոնոպոլ բարձր գներ սահմանելու համար։ Մոնոպոլիաները Դ. օգտագործում են կարճ ժամանակով՝ մինչև շուկաներից մրցակիցներին դուրս մղելը կամ կարտելային համաձայնագիր կնքելը, որից հետո հնարավորություն են ստանում գրեթե անսահմանափակ բարձրացնել գները։ Դ. մոնոպոլիաներին ապահովում է գերշահույթի աճ, իջեցնում աշխատավորության կենսամակարդակը, խախտում մրցակից երկրների էկոնոմիկան, կրճատում արտադրության չափերը և ուժեղացնում գործազրկությունը։

ԴԵՄՊՖԵՐ (գերմ. Dampfer խլացուցիչ <dämpfen - խլացնել) խլացուցիչ, մեքենաների ու սարքերի աշխատանքի ժամանակ առաջացող մեխանիկական տատանումները մարող կամ կանխող հարմարանք։ Ավտոմատ կարգավորիչներում և չափիչ սարքերում օգտագործվում են հիդրավլիկ և պնևմատիկ Դ-ներ, էլեկտրական մեքենաներում՝ ինդուկտիվ կոճերի տիպի Դ-ներ։ Բազմալար երաժշտական գործիքներում Դ. է կոչվում լարերի տատանումները դադարեցնող մեխանիկական հարմարանքը։ Պատրաստվում է փափուկ թաղիքով պատված առանձին կոճղիկներից (դաշնամուրի մեջ) կամ շերտաձողիկներից (տավիղի վրա):

ԴԵՄՈՒԼԵՆ (Desmoulins) Կամիլ (1760-1794), Ֆրանսիական բուրժուական հեղափոխության գործիչ, փաստաբան և լրագրող։ 1789-ի հուլիսի 14-ի ապստամբության նախօրեին հանդես է եկել միապետության դեմ զինված պայքարի կոչով։ Խմբագրել է դեմոկրատական թերթեր։ Կոնվենտում դուրս է եկել ժիրոնդիստների դեմ։ Տարել է յակոբինների աջ թևին (ժ. Դանտոնի կողմնակիցներին): Իր հրատարակած «Հին կորդելիերը» («Le vieux cordelier») տպագիր օրգանի էջերում պահանջում էր վերացնել մաքսիմումի մասին օրենքը, մեղմել հեղափոխական տեռորը՝ քննադատելով Ռոբեսպիերի քաղաքականությունը։ Բանտարկվել է և հեղափոխական տրիբունալի որոշմամբ մահապատժի ենթարկվել գիլիոտինով։

ԴԵՄՈՒՐՅԱՆ Ստեփան Գուրգենի (12(24).6.1872 Թիֆլիս 13.1.1934 Երևան), հայ երգիչ-խմբավար, երաժիշտ-ազգագրագետ, կոմպոզիտոր։ 1892-ին ավարտել է Ներսիսյան դպրոցը (խմբավարություն սովորել է Մ. Եկմալյանի մոտ): 1898-1901-ին կատարելագործվել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (Ս. Գաբելի վոկալ դասարան): 1892-1934-ին երաժըշտություն է դասավանդել և խմբավարական գործունեություն ծավալել Շուշիում, Գորիսում, Երևանում, Լենինականում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, պրոպագանդել հայ երգը։ Հրապարակել է երաժշտական գործիքների և