Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկարում` Լենինականի կենտրոնական հանրախանութը Նկարում` Հայրենական պատերազմում զոհվածների հուշասյուն Լենինականում Նկարում` «Հայաստան» կինոթատրոնի շենքը

Լենինականի մանկավարժական ինստիտուտ), Երևանի պոլիտեխնիկական ինստ.-ի մասնաճյուղը, ստացիոնար և հեռակա բաժիններով (բացվել է 1959-ին, շուրջ 3000 ուսանող), հաստոցագործիքա–շինական (676 սովորող), թեթև արդյունաբերության (554 սովորող), երկաթուղային տրանսպորտի (375 սովորող), շինարարական (560 սովորող), դաշտավարական (679 սովորող) տեխնիկումները, Ա. Մռավյանի անվ. մանկավարժական (346 սովորող), Կարա–Մուրզայի անվ. երաժշտական (400 սովորող), բժշկական (954 սովորող) ուսումնարանները, Ս. Մերկուրովի անվ. նկարչական, Ն. Տիգրանյանի, Կոմիտասի, Ա. Տիգրանյանի, Ա. Բրուտյանի, Շերամի անվ. № 6 երաժշտական (2300 սովորող ու 315 ուսուցիչ) դպրոցները: Գործում են Ա. Մռավյանի անվ. դրամատիկական (տես Լենինականի դրամատիկական թատրոն) և տիկնիկային թատրոններ, Հայհամերգ միավորման Լենինականի բաժանմունքն իր գեղարվեստական խմբերով, 5 մշակույթի պալատ (Ե. Սեյանի անվ. երկաթուղայինների, տեքստիլագործների, շինարարների, գուլպայի «Արշալույս» արտադրական միավորման և երիտասարդության), 12 ակումբ և տուն (սպայի տուն, ուսուցչի տուն, արվեստի աշխատողների տուն ևն), պիոներների պալատ, ավելի քան 30 մասսայական գրադարան (դրանցից 17-ը միավորված է կենտրոնական միասնական գրադարանային համակարգում, որի կենտրոնը Ավ. Իսահակյանի անվ. քաղաքային գրադարանն է), 9 մասսայական և 8 մանկական (ընդամենը 1320 հզ. գրքային ֆոնդ, 1978-ի հունվար), 16 կինոթատրոն, երկրագիտական թանգարան, տուն–թանգարաններ (Ավ. Իսահակյանի, Բ. Ղարիբջանյանի ևն), որոնց այցելուների թիվը տարեկան կազմում է մոտ 100 հզ.: Լ. ունի Հայաստանի սովետական գրողների (ՀՄԳ) միության բաժանմունք (գործում է 1928-ից): Տարբեր ժամանակներ նրա կազմում են եղել Գ. Մահարին, Մ. Արմենը, Գ. Սարյանը, Հ. Շիրազը, Տ. Սիրասը, Աղավնին, Ա. Արաքսմանյանը, Մ. Կորյունը և ուրիշներ: Ներկայումս բաժանմունքում ընդգրկված են ՍՍՀՄ գրողների միության 7 անդամ և 30-ից ավելի երիտասարդ ստեղծագործողներ: Լ–ում (1930-ից) գործում է ռադիոհաղորդումների հանգույց, Երևանի հեռուստատեսության ստուդիայի ծրագրերի վերահաղորդման կայան:

Լ–ում են գտնվում ՀՍՍՀ ԳԱ գեոֆիզիկայի ու ինժեներական սեյսմոլոգիայի ԳՀԻ կոնստրուկտորական բյուրոներ, «Հայպետնախագիծ» ինստ–ի ճարտ. արվեստանոցը: Լ. ունի խաղողագործության, գինեգործության ու պտղաբուծության ինստ–ի հատուկ բաժանմունք:

Լ–ում են լույս տեսել «Էմինյան ազգագրական ժողովածու» (1901 – 13), «Ախուրյան» (1907–15), «Արագած» (1912), «Գավառի ձայն» (1913), «Նոր կյանք» (1917-ի հուլիս), «Գյուղացիական միություն» (1919), «Ալեքսանդրապոլի լրաբեր» (1919), «Բանվորի խոսքը» (1921), «Կարմիր Շիրակ» (1921–22), «Շիրակի ռանչպար» (1922–23), «Բանվոր» (1923-ից), «Սուլիչ» (1931), «Երկաթուղային» (1931–35), «Ստալինյան ուղեգիր» (1935–46), «Հարվածային տեքստիլշչիկ» (1930–31), «Մանածագործ» (1931–59), «Տեքստիլագործ» (1959-ից) ևն պարբերականներ:

Լենինականում (Ալեքսանդրապոլ) գրքի տպագրությունը սկիզբ է առել 1876-ից, երբ գյումրեցի Գևորգ Սանոյանը քաղաքում բացել է առաջին տպարանը, որը տպագրում էր պաշտոնական–գրասենյակային զանազան ձևեր ու գրքույկներ ռուսերեն և հայերեն լեզուներով: Շուտով այդ տպարանին հաջորդել են նորերը՝ Աբրահամ Մալխասյանի «Այգ», Հովհաննես Ափինյանի «Շիրակ», Հակոբ Ղասաբյանի տպարանը ևն: Նշված տպարանները նշանակալի չափով նպաստել են Լ–ի մշակութային և հոգևոր կյանքի զարգացմանը: Դրանցում են տպագրվել աշուղներ Ջիվանու, Շերամի, Խայաթի (Սուքիաս Զահրիյան), Ջամալի (Մկրտիչ Տալյան), Նազանու, բանաստեղծներ Ավ. Իսահակյանի, Աթաբեկ Խնկոյանի, բանասեր Գ. Լևոնյանի և հայ մշակույթի մի շարք այլ նշանավոր գործիչների մի շարք գործեր՝ հայերեն (աշխարհաբար և գրաբար) և ռուսերեն լեզուներով: Գրատպության այս նշանակալի վերելքին ծանր հարված հասցրեց 1918-ի և 20-ի թուրք. օկուպացումը: Լ–ում սովետական կարգեր հաստատվելուց հետո բոլոր տպարանները պետականացվեցին, և ստեղծվեց պետական հրատարակչություն (տես նաև Լենինականի տպագրություն):

Արհեստները և արվեստները: Քաղաքում արհեստագործությունը սկիզբ է առել հնագույն ժամանակներից: Այդ հանգամանքի հաստատումն է 1930-ական թթ. քաղաքի հվ–ում, մսի–պահածոների կոմբինատի կառուցման վայրում, հազարամյակներից եկող հալոց–ձուլարանի հայտնաբերումը: Դարեր անց ձևավորվել է արվեստագործությունը, որի վկայություններից են VII դ. խաչքարերը, գտնված քաղաքի շրջագծում, Ախուրյանի մոտերքում և 1837-ին կառուցված հռչակավոր Սև ղուլա (Սև ամրոց) բերդում:

Արհեստները և արվեստները ավելի են զարգացել 1828-ից հետո, երբ բնակչությունը զգալիորեն աճել է Կարինից (Էրզրում), Բայազետից ու այլ վայրերից գաղթած հայերի հաշվին: Նոր թափ է ստացել շինարարությունը, կառուցվել են եկեղեցիներ, հանրային շենքեր ու մասնավոր տներ, որոնք այսօր էլ հիացմունք են պատճառում իրենց բարձր արվեստով: Քաղաքի ճարտարապետությունն իր բնիկ ազգային դրսևորումներով գյումրեցի վարպետների անունը հռչակել է ամբողջ Կովկասում: Այդ համբավը խարսխվում էր այնպիսի փայլուն կառույցների վրա, ինչպիսիք են Աստվածածնա եկեղեցին (Յոթ վերքը, 1837), Սև ու կարմիր բերդերը, Փրկչի (Ամենափրկիչ) եկեղեցին, բազմահարկ առևտրական դպրոցը, որը մի ամբողջ թաղ է բռնում (1902), օրիորղաց գիմնազիան՝ նույնպես բազմահարկ (1912), Վանեցյանների, Խոյեցյանների բնակելի տները, հռչակավոր հիմնադիր վարպետ Թաթոս Անտիկյանի (1835–1899) երկհարկանի բնակելի տունը, որի նկուղային հարկի մի քանի տասնյակ կշռող ուղիղ, հորիզոնադիր քարե առաստաղը ժողովրդական ճարտարապետության մի կենդանի հրաշալիք է: Մի առանձին գեղեցկություն ունի Իսահակյանների հարմարավետ, բազմասենյակ երկհարկանի տունը, որը անցյալ դարի 20-ական թվականների վերջերին կառուցել է Ավ. Իսահակյանի պապը՝ Նիկողոս Իսահակյանը: Այդ տունը այժմ Ավ. Իսահակյանի հուշաթանգարանն է: Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ստորգետնյա կառույցների նման ստորերկրյաուղիներ ու շինվածքներ են կառուցվել Գյումրիում (Սև բերդի դիմաց), որոնք մինչև օրս էլ պահպանվել են գրեթե անվթար վիճակում: Գյումրեցի վարպետները շենքեր են կառուցել Կարսում, Երևանում, Էջմիածնում, Թիֆլիսում, Բաքվում: Նրանց բնատուր արվեստը Ավ. Իսահակյանը գնահատել է այսպես. «Մեր Գյումրվա վարպետների ճարտարապետության մեջ կան անթիվ տարրեր, ընդօրինակումներ հին