Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկարում` Երևանյան հրապարակից սկսվում է Երևանյան խճուղին Նկարում` Մայիսյան ապստամբության զոհերի հուշարձանը

մեր՝ Անիի, վանքերի, ճարտարապետական մնացորդներից, կոթողներից, մոտիվներ, տրամադրություններ, զգացումներ, ձևեր… Գյումրվա որմնադիր վարպետները Անիի, աշակերտներն են, անտեսանելի, անանուն, անունները մոռացված վարպետների աշակերտներ, որոնք, դիտելով մանուկ օրերից Անիի շենքերը, ավերակները, աոել են նրանց արվեստը, արվեստի գաղտնիքները…»: Եվ պատահական չէ, որ Անիի Կաթողիկե՝ մայր եկեղեցու տիպարով գյումրեցիները 1858–1876-ին՝ գրեթե քսան տարում, իրենց քաղաքում հրաշակերտել են Փրկչի եկեղեցին՝ վիթխարի, ներշնչող՝ իր չափերով, և կախարդական՝ իր գեղեցկությամբ: Փրկչի եկեղեցին այսօր էլ կանգուն է: Նրա 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926-ի կործանարար երկրաշարժը: Պատճառը նաև այն էր, հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը: Եկեղեցու կառուցման ուստաբաշին՝ վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը): Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը: Անտիկենց Թաթոսի հետ նա տարիներ շարունակ եղել է Գյումրվա Հառիճավանքի ընկերության գործոն անդամ, մասնակցել Արթիկի շրջանի Հառիճ գյուղի Իվանե և Զաքարե եղբայրների՝ XII դ. վանքի բարեկարգմանը, դպրոցի և աղբյուրի կառուցմանը: Գյումրվա արհեստներն ու արվեստները համաձույլ են հանդես եկել շատ հաճախ: Այդ երևույթը նկատելի է ճարտարապետության, քարգործության (առանձնապես՝ գերեգմանաքարերի կերտման մեջ), փայտագործության, արծաթագործության, հատկապես՝ ոսկերչության, ապա՝ պղնձագործության, գորգագործության, ժանյակագործության, երկաթագործության և մի շարք ուրիշ ոլորտներում: Գրեթե անհնարին է գտնել հին գյումրեցիների մի տուն, մի գերդաստան, որտեղ տվյալ արհեստն ու արվեստը միայն մեկի զբաղմունքը եղած լինեն: Հաճախ գերդաստանները կոչվել են արհեստների անուններով՝ Մազմընենք (Մազմանյանները), Ղույումչոնք (Ղույումչյանները–Ոսկերչյանները), Փախըրջոնք (Պղնձագործենք), Դամըրչոնք (Երկաթագործենք), Ցափուջոնք (Որմնադիրենք), Խըզարջոնք (Մղոցողենք), Ֆայտոնջոնք (Կառապանենք–Կառագործենք): Մի այդպիսի գերդաստան է Տարախչոնց գերդաստանը, որը տվել է ոսկերիչ վարպետների չորս սերունդ, ընդգրկել գրեթե դար ու կես: Տոհմապետը Մարտիրոսն է, որի պատրաստած ոսկեզօծ արծաթե գավը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Ոսկե մեծ մեդալի է արժանացել 1889-ին: Հայտնի էր նաև նրա որդին՝ Մաշտի Գուրգենը (1897–1943): Ե. Չարենցը Գուրգենին համարել է «առաջնակարգ վարպետ–ոսկերիչ»: Գուրգեն Տարախչյանը քանդակել–փորագրել է Խորհրդային Հայաստանի առաջին շքանշաններն ու կրծքանշանները, որոնցից մի քանիսի բնօրինակները, մեծարվեստ հոր գործիքների, կաղապարների և առանձին կերտվածքների հետ, պահվում են իրենց տան՝ թանգարանի վերածված մի սենյակում: ճանաչված ոսկերիչ վարպետ է Տարախչյանների չորրորդ սերնդի ներկայացուցիչը, Գուրգենի կրտսեր որդին՝ Օնիկ (Հովհաննես) Տարախչյանը:

Հին Գյումրվա արհեստավորների վարպետությունը պատկերել են Ավ. Իսահակյանը «Դարբին Գևորգը» պատմվածքում, Մ. Արմենը «Հեղնար աղբյուր» վիպակում և ուրիշներ: Մեծանուն քանդակագործ–գյումրեցի, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Ս. Մերկուրովը (1881 –1952) իր պատանեկության, Գյումրվա հմուտ վարպետների ձեռքի տակ ստեղծագործական նախնական քայլերի մասին հետագայում պատմել է. «Մի տուն էինք շինում: Տան տերը ցանկացավ մուտքի կամարին քանդակել տալ մի աղավնի: Վարպետս գործը ինձ հանձնհց: Քանդակեցի աղավնին: Քանդակեցի կարմիր քարից: Տարա վարպետիս: Նայեց–նայեց, նետեց աղավնիս քարերին, փշուր–փշուր արեց, էս ի՝նչ էս շինե: Բան շինե, բան: Այդպես կրկնվեց մի քանի անգամ: Վերջը, երբ վախվխելով հարցրի, թե ի՞նչը չի հավանում, նկատեց, էմպես պըտի շինես, օղուլ, օր տեսնողը գիտենա, թե՝ էս է, յա նոր է իջե երկընքեն, յա էս է՝ երկինք պըտի թըռնի… Հետո եղա շատ երկրներում, ծանոթացա արվեստների տեսություններին, բայց ոչ մի բան չկարողացավ մոռացնել տալ քանդակագործական արվեստի կոչման՝ քարի կենդանացման այն խորունկ հայտնագործությունը, որ ադամանդի բյուրեղացմամբ կատարել էր գյումրեցի վարպետս»:

Այսօրվա Լ–ի շքեղացման՝ հոյակապ շենքերի, հրապարակների, փողոցների, պողոտաների, հուշարձանների մեջ կենդանի է մեծարվեստ նախորդների թողած ավանդույթը: Մ. Նարյան

Սպորտային կյանքը Լ–ում աշխուժացավ միայն սովետական կարգերի հաստատումից հետո: 1920-ական թթ. սկսած Լ–ում ֆիզկուլտուրան և սպորտը ծավալեցին Հ. Գարգալոյանը, Ա. Չարչօղլյանը, «Բազե» ընկերության նախկին անդամներ Հ. Փարսադանյանը, Հ. Մաթևվոսյանը, Վ. Մինասյանը և ուրիշներ: 1921–22-ին Կ. Լիբկնեխտի անվ. երիտասարդական ակումբին կից կազմակերպվեցին «Մպարտակ» և «Կարմիր սպորտ» ֆիզկուլտուրայի խմբակները: Այստեղ մեծ տարածում գտավ ֆուտբոլը, ձեռքի գնդակը, ծանրամարտը, մարմնամարզությունը, թեթև աթլետիկան: 1923-ին Ալեքսանդրապոլի գավառային գործկոմին կից ստեղծվեց ֆիզկուլտուրայի խորհուրդ, բացվեցին մարզական նոր օջախներ: Մ. Հայրբաբամյանի, Ս. |սոյեցյանի ու Ա. Ալանակյանի նախաձեռնությամբ 1923–24-ին երկաթգծում կազմակերպվեցին մարմնամարզության, ծանրամարտի, թեթև աթլետիկայի, իսկ 2 տարի անց՝ նաև բասկետբոլի, վոլեյբոլի ու ըմբշամարտի խմբակներ: Այստեղ բացվեցին քաղաքում առաջին կանացի սեկցիաները, մարմնամարզություն ու թեթև աթլետիկա սպորտաձևերում տղաների հետ մեկտեղ սկսեցին պարապել Մ. Տեր–Մարտիրոսյանը, քույրեր Լ. և Գ. Ժամկոչյանները, Ժ. Պետրոսյանը, Ա. Բիշարյանը, Դ. Ավետիսյանը, Ա. Հայրբաբամյանը, Հ. Ալանակյանը՝ հանրապետության կանացի սպորտի ջահակիրները: Մարզական սեկցիաներ ստեղծվեցին տեքստիլում, խորառծառի ու կառուցողների ակումբներին կից: 1926-ին Լենինականի գավառի մարզիկների թիվը կազմում էր 391, որոնցից 50-ը՝ կանայք: Բազմակողմանի մարզիկներ էին Ց. Հայկազյանը, Կ. Գարգալոյանը, եղբայրներ Ա. և Խ Մանդալյանները, Հ. Մարգարյանը, Գ. Կիրակոսյանը, Պ. Հարոյանը, եղբայրներ Մ. և Ե. Թոփչյանները, իսկ կանանցից՝ Ա. Խաչատրյանը, Խ. Մատին յանը, Ա. Մխիթարյանը և ուրիշներ: 1926-ին Լ–ի պատվիրակությունը մասնակցեց հանրապետական առաջին սպարտակիադային: 1927-ին, Գ. Մինասյանի նախաձեռնությամբ, արտադրական մարմնամարզությունը արմատավորվեց տեքստիլ կոմբինատում: 1932–36-ին Լ–ում հիմնադրվեցին «Դինամո», «Սպարտակ» և «Կառուցող» մարզընկերությունները, ստեղծվեցին նոր բազաներ, սկսվեց քաղաքային մարզադաշտի շինարարությունը: Քաղաքի էնտուզիաստների օգնությամբ շրջակա գյուղերում ևս արմատավորվեց սպորտը: