Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1924-ից), «Նևա» («Heвa», 1955-ից), «Ավրորա» («Aвpopa», 1969-ից), մանկական հանդես՝ «Կոստյոր» («Koстep», 1936-ից): Ունի Ռադիոհաղորդումների 3, հեռուստաաեսային 2 ծրագիր:

1972-ից Լ–ում արվում են սեփական գունավոր հեռուստատեսային հաղորդումներ:

Ճարտարապետությունը: Յուրօրինակ ճարտ. կերպարով Լ. աշխարհի գեղեցիկ քաղաքներից է: Կառուցապատվել է կանոնավոր հատակագծով: Ըստ 1737-ի հատակագծման (ճարտ. Պ. Երոպկին և ուրիշներ) կազմավորվել է Նևա գետի տարածքում և Պետրոպավլովյան ամրոցի շուրջը, կենտրոնական մասը ծավալվել է Նևայից հվ–արլ., Ծովակալությունից (Ադմիրալտեյստվո), հովհարաձև ճառագայթվող երեք հիմնական մայրուղիներով (Նևսկի, Վոգնեսենսկի, այժմ՝ Մայորովի, պողոտաներով և Գորոխովայա, այժմ՝ Զերժինսկու փողոցով): Դ. Տրեզինիի և Ժ. Լեբլոնի «օրինակելի» (տիպային) նախագծերով առաջին տները դրվել են փողոցի կարմիր գծով՝ ապահովելով կառուցապատման կանոնավորությունը: Որպես վարչա–հասարակական կենտրոն նախատեսված էր Վասիլևյան կղզին, ուր կառուցվել էին 12 կոլեգիաների շենքը (այժմ՝ համալսարանը, 1722–34, ճարտ. Տրեզինի, Տ. Շվերտֆեգեր), Կունստկամերան (բառացի՝ արվեստի սենյակ, թանգարան, 1718–34, ճարտ. Գ. Մատառնովի և ուրիշներ, վերակառուցումը՝ 1754–58,ճարտ. Ս. Չևակինսկի), Ա. Մենշիկովի պալատը (1710–16, ճարտ. Ջ. Ֆոնտանա, Գ. Շեդել): Սակայն Ծովակալության նշանակության աճը, որպես արդ. կենտրոն, կամուրջների բացակայությունը (այժմ կան 363-ը), շին. նյութը կղզի տեղափոխելու դժվարությունները պատճառ էին, որպեսզի քաղաքի կառուցապատումը հիմնականում զարգանա Նևայի ձախ ափին: Սկզբում պետրոսյան բարոկկոյի (Պետրոս I-ի Ամառային այգում) ոճով կառուցվել են ազնվականների պալատներ և մենատներ, ավելի ուշ՝ Ս. Ստրոգանովի (1752–57, ճարտ. Վ. Ռաստրելլի, վերակառուցել է ճարտ. Ա. Վորոնիխինը), Ֆոնտանկայի վրա՝ Պ. Շերեմետևի (1750–55, ճարտ. Չևակինսկի, Ֆ. Արգունով) բարոկկո ոճով պալատները, Պետրոպավլովյան ամրոցի և Նիկոլսկի («Ծովային») տաճարները (1753–62, ճարտ. Չևակինսկի): 1769-ին հաստատվել է Պետերբուրգի նոր հատակագիծը (ճարտ. Ա. Կվասով), ուր ամրապնդված և զարգացած էին հետագա կառուցապատման հիմքում ընկած կանոնավոր հատակագծման գաղափարները: XVIII դ. 2-րդ կեսին, XIX դ. սկզբին Նևայի լայնարձակ և ճյուղավորված ջրային տարածքի շուրջը վաղ կլասիցիզմի, ռուս. ամպիրի ոճերով կառուցվել են մոնումենտալ և վեհաշուք ճարտ. անսամբլներ, որոնք վառ յուրօրինակությամբ կերպավորեցին Պետերբուրգի կենտրոնական մասը (Պետրոպավլովյան ամրոցի համալիրը, Վասիլևյան կղզու սլաքը բորսայի շենքով, Դվորցովայա և Ունիվերսիտետսկայա առափնյակները, Դվորցովայա հրապարակը Ձմեռային պալատով, Ալեքսանդրյան սյունով և Գլխավոր շտաբի կամարով, Դեկաբրիստների հրապարակը Պետրոս I-ի՝ «Պղնձե հեծյալ»-ի, հուշարձանով, Սենատի և Սինոդի շենքերով, Իսաակինյան տաճարով, Նևսկի պողոտայի անսամբլները՝ Կազանյան տաճարը, Կ. Ռոսսիի փողոցը, Մարսյան դաշտի և բազմաթիվ այլ համակառույցներ): XIX դ. 2-րդ կեսին, XX դ. սկզբին քաղաքը տարերայնորեն կառուցապատվել է նոր տիպի շենքերով (եկամտաբեր տներ, կայարաններ, հյուրանոցներ ևն), արագորեն աճել են ոչ բարեկարգ արդ. ծայրամասերը գործարաններով, երկաթուղային կայարաններով, պահեստներով, բանվորական կազարմաներով: Այս շրջանում կառուցվել են առափնյակներ, կամուրջներ «մոդեռն» և նեոկլասիցիստական ոճերով էկլեկտիկ շենքեր: Լ–ի օրինաչափ կառուցապատումը վերսկսվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: 1919-ին, 1926-ին հիմնարկվել են նախագծման և հատակագծման արվեստանոցներ Ի. Ֆոմինի, Լ. Իլյինի ղեկավարությամբ: Ստեղծվել են բանվորական առաջին բնակելի համալիրները, ակումբներ, բուժ. հաստատություններ ևն: 30-ական թթ. գլխավոր հատակագծերով (1932–34 և 1935–36, ճարտ. Լ. Իլյին և ուրիշներ, 1938–40, ճարտ. Ն. Բարանով և ուրիշներ) գոյություն ունեցող կենտրոնը պահպանվել է և չկառուցապատված տարածքներում ստեղծվել նոր շրջաններ՝ Փոքր Օխտա, Շչեմիլովկա, Ավտովո, Մոսկովյան պողոտա: Այդ տարիներին կառուցվել են խոշոր, հասարակական շենքեր (շրջսովետներ, կինոթատրոններ, թատրոններ ևն): Մեծ չափով վնասված ետպատերազմյան Լ–ի վերականգնումը, վերակառուցումը և հետագա զարգացումը գլխավոր հատակագծերում (1945–48, ճարտ. Ն. Բարանով և ուրիշներ, 1966, ճարտ. Վ. Կամենսկի, Ա. Նաումով, Գ. Բուլդակով և ուրիշներ) լուծվել է կոմպլեքսային եղանակով, պատմական կենտրոնի զարգացումը նախատեսվել Նևայի և Ֆիննական ծովածոցի (Վասիլևյան կղզի) առափնյա ընթացքով: Ետպատերազմյան շրջանում քաղաքը օղակվել է նոր միկրոշրջաններով, կառուցապատվել են մի շարք հին և նոր պողոտաներ, ստեղծվել են բնակելի զանգվածներ (Դաչնոյե, Պոլյուստրովո, Կուպչինո ևն), Լենինի հրապարակի անսամբլը (1960, ճարտ. Ն. Վ. Բարանով և ուրիշներ), զբոսայգիներ, մետրոպոլիտենի կայարաններ, Ա. Կիրովի անվ. ստադիոնը, հեռուստատեսային կենտրոնը, «Յուբիլեյնի» սպորտի պալատը, դպրոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ, «Օկտյաբրսկի» կինոհամերգային դահլիճը, արդ. շենքեր ևն: Ստեղծվել են բազմաթիվ մեմորիալ կառույցներ, անվանի մարդկանց հուշարձաններ:

1941–44-ի հերոսական պաշտպանությանն է նվիրված Լ–ի արվարձաններում «Փառքի կանաչ գոտին», որն ընդգրկում է բազմաթիվ մեմորիալ կառույցներ:

Հայերը Լ–ում. Ռուսաստանի քաղ. ու տնտ. կյանքում ունենալով նշանակալից դեր, Պետերբուրգը սկզբից ևեթ դեպի իրեն ձգեց մեծ թվով հայերի: Քաղաքի հայ բնակչությունը հիմնականում կազմված էր վաճառականներից, արդյունաբերողներից, պետ. պաշտոնյաներից և փոքր թվով ազնվականներից: Նրանց ընդհանուր թվաքանակի մասին հավաստի տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ XVIII դ. վերջին եղել է շուրջ հարյուր տուն հայ: XIX դ. որոշակի թիվ է կազմել նաև հայ ուսանող երիտասարդությունը, որի շատ ներկայացուցիչներ մասնակցել են լուսավորական–դեմոկրատական և հեղափոխական շարժումներին: Նախապես հայերը կենտրոնացած էին Վասիլևյան կղզում: Շատ հայ վաճառականներ և արդյունաբերողներ քաղաքում հիմնեցին առևտրական գրասենյակներ, գործարաններ ու ֆաբրիկաներ: 1758-ին նորջուղայեցի Իսախանյան եղբայրներն այստեղ հիմնեցին Ռուսաստանում առաջին փայատիրական ընկերություններից մեկը՝ Իրանի հետ առևտրի համար: XVIII դ. կեսին մետաքսագործական ֆաբրիկաներ հիմնեցին Արտեմի Մանուիլովը, Բոգդան Ախվերդովը, Պետրոս Շիրվանովը, Մանուչարյան եղբայրները: 1760-ական թթ. սկզբին առևտրական գրասենյակ է հիմնում Հ. Լազարյանը, որի ջանքերով 1770-ին կառուցվում է Ս. Կատարինե հայկ. տաճարը Նևսկի պողոտայի վրա, իսկ 1791-ին՝ հայկ. գերեզմանատան Ս. Հարություն եկեղեցին: 1779-ին ստեղծվում է Պետերբուրգի և Մոսկվայի հայկ. եկեղեցիների միացյալ հոգաբարձությունը: Առաջին հոգաբարձու է ընտրվում Հ. Լազարյանը: 1781-ին Գ. Խալդարյանը հիմնում է հայկ. տպարան (մինչև 1789), որտեղ հրատարակված առաջին գործն էր մայրենի լեզվի «Այբբենարանը»: XIX դ. քաղաքի հայկ. գաղութի դերը մեծանում է՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում Ռուսաստանի դերի մեծացմանը զուգնթաց, մանավանդ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո: Այս շրջանում Պետերբուրգի և Մոսկվայի հայկ. շրջանները հանդես էին գալիս միասնաբար: Հետագայում գաղութը ձեռք է բերում առավելապես կուլտուր–մշակութային նշանակություն: XIX– XX դդ. Պետերբուրգի հայ նշանավոր գործիչներից են եղել Ա. Խուդաբաշյանը, Եզյանը, Ք. Պատկանյանը, Ն. Ադոնցը, Հ. Օրբելին և ուրիշներ:

Ն. Մառի ջանքերով XIX դ. վերջին, XX դ. սկզբին Պետերբուրգի համալսարանը դառնում է կարևոր հայագիտական օջախներից մեկը:

Պատկերազարդումը տես 544–545-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXXII:

Գրկ. Городское хозяйство и страительство Ленинграда за 50 лет. [Cб. cт.], Л., 1967; Чертов Л. Г., Ленинград. Экономико-географический очерк, M., 1959; Kурбатов B., Петербург. Художественно-исторический очерк и обзор художественного богаства сталицы, СПБ, 1913; Хомутецкий Н. Ф., Архитектура Ленинграда, Л., 1957; Նույնի, Петербург–Ленинград, Л., 1958; Бартенев H.A., Совремненая архитектура Ленинграда, Л.., 1966; Очерки истории Ленинграда, т. 1–6, M.–Л., 1955–1970.

ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ա. Ժդանովի անվան, ՍՍՀՄ հնագույն և