դենտության շրջանում գերմ. կառավարությունը ճնշել է բանվորական ելույթները, ջախջախել Բավարական սովետական հանրապետությունը (1919) և Համբուրգի զինված ապստամբությունը (1923-ի հոկտեմբեր)։ Է–ի խրախուսանքով ընդունվել է Դաուեսի պլան (1924)։
ԷԲՈՆԻՏ (հուն. ἔβενος – սև ծառ), տեխնիկական նյութ, ստացվում է բնական արհեստական կաուչուկը ծծմբով վուլկանացնելիս։ Պարունակում է 30–50% ծծումբ։ Է. պինդ, ջրի, թթուների և հիմքերի նկատմամբ կայուն, բարձր էլեկտրամեկուսիչ հատկություններով նյութ է։ Անկայուն է արևի ճառագայթների, նավթի, բենզինի, յուղերի նկատմամբ։ Է. չի փշրվում և հեշտությամբ ենթարկվում է մեխանիկական մշակման։ Վաճառքի է հանվում թիթեղների, ձողերի ու խողովակների ձևով։ Կիրառվում է էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում, ինչպես նաև ավիացիոն, ավտո–տրակտորային և քիմ. արդյունաբերության մեջ։
ԷԲՐՈ (Ebro), գետ Իսպանիայի հյուսիս–արևելքում: Երկարությունը 928 կմ է, ավազանը՝ 86,8 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Կանտաբրյան լեռներից, հոսում Արագոնյան դաշտավայրով, ստորին հոսանքում կտրում է Կատալոնյան լեռները և թափվում Միջերկրական ծով։
ԷԲՈՒԼԻՈՍԿՈՊԻԱ (< լատ. ebullio – եռում եմ և հուն. σκοπέω – դիտել), ֆիզիկաքիմիական հետազոտության եղանակ, որը հիմնված է լուծույթի և մաքուր լուծիչի եռման ջերմաստիճանների տարբերությունը (եռմ.) չափելու վրա։ Էլեկտրոլիտային դիսոցման բացակայության դեպքում և ըստ Ռաուլի օրենքի չցնդող նյութի անսահման նոսր լուծույթի համար եռմ է, որտեղ է-ն համեմատականության գործակիցն է (Էբուլիոսկոպիկ հաստատունը), բնորոշ է յուրաքանչյուր լուծիչի համար և կախված չէ լուծված նյութի բնույթից: -ն լուծույթի կոնցենտրացիան է՝ արտահայտված մոլերով 1000 գ լուծիչում։ Է. կիրառվում է լուծված նյութի մոլեկուլային զանգվածը, լուծիչի ակտիվությունը և լուծված նյութի կամ թույլ էլեկտրոլիտի դիսոցման աստիճանը որոշելու համար։ Այսպես, նյութի մոլեկուլային զանգվածը որոշում են ըստ հավասարման՝
որտեղ -ը և –ը համապատասխանաբար լուծված նյութի և լուծիչի զանգվածներն են՝ գ–ով արտահայտված։ եռմ. չափում են մետաստատիկ ջերմաչափի կամ զգայուն ջերմազույգի միջոցով։ է կարելի է որոշել փորձով կամ թերմոդինամիկական հավասարումների օգնությամբ։ Փորձնական դժվարությունների պատճառով է., ի տարբերություն կրիոսկոպիայի, մոլեկուլային զանգվածը որոշելու համարհազվադեպ է կիրառվում։
ԷԳԱԶ ՆՈՐՋՈՒՂԱՅԵՑԻ (Ղուլ էգազ, մոտ 1650–1734, Նոր Ջուղա), հայ գուսան, հայ նորգուսանական արվեստի սկզբնավորողներից, Նորջուղայական գուսանական դպրոցի հիմնադիր (Արզունի Նորջուղայեցու հետ): Է–ից մեզ է հասել 8 խաղ («Կշտիս նստել աս», «Ջաֆետ քաշել ամ», «Չկա դարդ իմացող», «Մեղա» ևն): Ստեղծագործել է հիմնականում Նոր Ջուղայի բարբառով:
Գրկ. Սահակյան Հ., Հայ աշուղները 17–18-րդ դդ., Ե., 1961:
ԷԳԵՁՈՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպեր գավառում։ 1909-ին ուներ 15 տուն բնակիչ, 12-ը՝ հայ, 3-ը՝ թուրք։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս. Աստվածածին)։ Հայ բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։
ԷԳԵՊԱՐ, Էգեպատ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Վերին Բասեն գավառում։ 1909-ին ուներ 103 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
ԷԳԵՏՈՒՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տալվորիկ գավառակում (Սասուն գավառ)։ 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։
ԷԳԻՆ, քաղաք Արևմտյան Հայաստանում, տես Ակն։
ԷԳԻՐԻՆ (ծովերի իսլանդական աստված Էգիրայի անունից), միներալ պիրոքսենների խմբից։ Քիմ․ կազմը՝ ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է, կարծրությունը՝ 5,5–6, խտությունը՝ 3430–3600 կգ/մ³, գույնը՝ մուգ կանաչ, կանաչագորշ, երբեմն՝ սև։ Գոյություն ունեն Է․-ավգիտ և Է․-դտոպսիդ անընդհատ իզոմորֆային սերիաներ։ Հանդիպում է ալկալային սիենիտներում, գրանիտներում և պեգմատիտներում․ մետամորֆային բյուրեղային թերթաքարերում ու սկառներում։ ՀՍՍՀ–ում տարածված է Փամբակի, Վայքի և Զանգեզուրի ալկալային մագմատիկ ապարներում։
ԷԳՈԻԶՄ (<լատ. ego – ես), տես Եսապաշտություն։
ԷԳՈՑԵՆՏՐԻԶՄ (<լատ. ego – ես և centrum – կենտրոն), մտածելակերպ, որն անհատական կողմնորոշումը (այդ թվում նեղ, անձնական շահերը) համարում է համընդհանուր սկզբունք, իսկ «ես»-ը՝ երևույթներն ընկալելու և գնահատելու միակ հնարավոր չափանիշ։ Է. ծայրահեղ եսապաշտությունն է։
ԷԴԴԱ (իսլ. Edda), 1. Փոքրը Սնորի Ստուռլուսոնի գրական գործն է՝ գրված 1222–1225-ին։ Պոեզիայի ձեռնարկ է՝ բաղկացած 3 մասից։ Առաջին մասը հեթանոսական առասպելների բավական ամբողջական տեսությունն է: Երկրորդ մասը նվիրված է սկալդական բանաստեղծության ոճական արվեստին։ Երրորդը Սնորիի պոեմն է։ 2. Մեծը գերմանախոս ժողովուրդների գրական հուշարձան է՝ հին իսլանդական երգերի ժողովածու։
ԷԴԻԼՅԱՆ Գուրգեն Մեսրոպի [25.12.1885, գ. Քարվանսարա (այժմ՝ ք. Իջևան) – 18.1.1942], մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ: Սովորել է տեղի ծխական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում (1896), ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1896–1903): 1904-ին մեկնել է արտասահման, սովորել Ենայի, Լայպցիգի (Գերմանիա) և Բեռնի (Շվեյցարիա) համալսարաններում: 1909-ին փիլ. գիտ. դոկտորի աստիճան է ստացել (թեման՝ «Քննադատություն Ցիլլերի ձևական աստիճանների», 1912-ին հայերեն տպագրվել է Էջմիածնում՝ մեծ համբավ և ճանաչում բերելով նրան): Է. մանկավարժական աշխատանք է կատարել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1916-ին եղել է Կովկասի գաղթականական որբանոցների տեսուչ, կազմակերպել անապաստան երեխաների կրթության և դաստիարակության գործը: Աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես մանկավարժական ֆակուլտետի դեկան, ապա՝ դասախոս: 1934-ից դասախոսել է Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ում:Ուսումնասիրել է ուսուցման տեսությունը, ընդհանուր և մանկավարժական հոգեբանությունը, զբաղվել հայոց լեզվի դասավանդման, մեթոդիկայի, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների ստեղծման, դատական հոգեբանության, գեղարվեստական երկի հոգեբանական վերլուծության, հայկ. տառատեսակների և նրանց դյուրընթեռնելիության հարցերով:
Երկ. Դասավանդման ձևեր, Վաղ–պատ,1913: Դասավանդման խնդիրներ, Էջմիածին,1914: Աշխատանքի դպրոց, Էջմիածին, 1922: Հայոց լեզվի մեթոդիկա, Թ., 1923: Դպրոցական շենք, Ե., 1927: Ձեռագրի ուսուցման մեթոդիկա, Ե., 1927: Ուղղագրության ուսուցման մեթոդիկա, Ե., 1927: Լեզվի մեթոդիկա,Ե., 1930: Հոգեբանության ուրվագծեր, Ե.,1958:
ԷԴԻԼՅԱՆ Ռազմիկ Արշակի (ծն. 20.6.1916, ք. Իջևան), հայ սովետական հողագետ, գյուղատնտ. գիտ. դ–ր (1968)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1956-ից ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ–ի հողերի ծագման և աշխարհագրության բաժնի վարիչ, միաժամանակ (1969-ից) դիրեկտորի գիտական գծով տեղակալ։ Գիտական աշխատությունները նվիրված են ծխախոտի բերքատվության բարձրացման, հանրապետության հողային ծածկույթի բնութագրման, տեղաբաշխման, հողային ֆոնդի հաշվառման, հողերի ծագման, կարգաբանման տեսական սկզբունքների ուսումնասիրմանը, տիպական և ագրոարտադրական առանձնահատկությունների պարզաբանմանը։
Երկ. Ծխախոտի մշակությունը, Ե., 1955։ Հայաստանի ծխախոտագործական շրջանների հողերը, Ե., 1964
ԷԴԻԿՏ (լատ. edictum<edico – հայտարարում եմ), Հին Հռոմում մագիստրոսի (պրետորի) գործունեության ծրագիր, որը ներկայացվում, հայտարարվում էր պաշտոնական պարտականություններ ստանձնելիս։
ԷԴԻՆԲՈՒՐԳ (Edinburgh), Շոտլանդիայի գլխավոր քաղաքը (Մեծ Բրիտանիա) Ֆյորտ–օֆ–Ֆորտ ծոցի հարավային ափին։ 468 հզ. բն. (1970)։ Տրանսպորտային կարևոր հանգույց է։ Կա թղթի, պոլիգրաֆ,