Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վիրաբույժ Ա. Պարեն առաջարկեց Ծ–ման ժամանակ հատվող արյան անոթների վիրակապման մեթողը: Ծ. ցուցված է օրգանի կամ վերջույթի կենսունակության լրիվ կորստի դեպքում կամ եթե հիվանդի կյանքը հնարավոր է փրկել՝ միայն այդ օրգանի հեռացմամբ (օրինակ, փայծաղի հեռացումը արյան չարորակ նորագոյացությունների դեպքում): Ծ–ից հետո օրգանի մնացած հատվածը անվանում են ծայրատ:

Ռ.Պարոնյան

ԾԱՆԱԿԱԳԻՐ, պասկվիլ, որևէ անձնավորության, խմբի, կուսակցության, հասարակական շարժման դեմ ուղղված զրպարտչական, ծաղրական բնույթի երկ: «Պասկվիլ» տերմինը ծագել է իտալացի կոշկակար Պասկվինոյի (XV դ.) անունից, որը սուր ծաղրական բանաստեղծություններ է գրել իր ժամանակի բարձրաստիճան մարդկանց մասին: Ծ. «օրինական» գրական ժանր չի համարվում:

ԾԱՆԱՐՆԵՐ, Դարիալի կիրճի (Ալանաց դուռ) մոտ և Թերեք գետի շրջանում (այժմ՝ ՎՍՍՀ Կազբեկի շրջան) հնում ապրած ցեղ, Ծանարքի (Ծանարաց աշխարհի, ըստ արաբ, աղբյուրների՝ Սանարիայի) հիմնական բնակիչները: Մինչև IX դ. առաջատար դեր են խաղացել Կախեթի քաղ. կյանքում: Ծ–ի մասին ամենահին հիշատակությունները հանդիպում են Պտղոմեոսի մոտ և «Աշխարհացոյց»-ում (VII դ.), վրաց. «Մոքցևա Քարթլիսա»-ում («Վրաց դարձը»): Ուսումնասիրողների մի խումբ (Ն. Մառ, Ս. Կակաբաձե, Մ. Լորթքիփանիձե) Ծ–ին առնչում են սվանների հետ, մյուսները (Ա. Գենկո, վ. Մինորսկի, Հ. Մկրտումյան) նրանց կապում են վեյնախյան (չեչենա-ինգուշական) լեզվախմբի ցեղերի հետ: Ծ–ի ցեղապետը՝ Դարիալի կիրճի շրջանի ժառանգական կառավարիչը, կրել է «քորեպիսկոպոս» տիտղոսը (ըստ վրաց. որոշ աղբյուրների՝ «քորիկոզ»): Իսկ երբ Արաբական խալիֆայության դեմ Ծ–ի գլխավորած պայքարն ավարտվեց հաղթանակով (VIII դ. վերջ), Անդրկովկասում առաջացավ քաղ. նոր միավորում՝ Կախեթի քորեպիսկոպոսությունը, որը հետագայում (XI դ. սկիզբ) վերածվեց թագավորության (տես Կախեթ):

Գրկ. Մկրտումյան Հ. Գ., Ծանարների ցեղը և նրանց դերը Դարիալի լեռնանցքի պահպանության գործում, «ԼՀԳ», 1972, №6:
Հ. Մկրաոււէյան

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 1. լրացուցիչ տեքստ (բացատրություն, աղբյուրի վկայակոչում, խմբագրի ծանոթագրություն ևն), որ զետեղվում է էջի ներքևում և հիմնական տեքստից անջատվում ուղիղ գծով: Ծ. շարվում է կեգելով և ուղեկցվում նշանով (թվանշանով կամ աստղանիշով), որը նույնն է, ինչ և տեքստի բացատրվող մասի մոտ դրված նշանը: 2. Երկի վերջում տրվող բացատրություն, որը ներկայացնում է նրա ստեղծագործական պատմությունը, լուսաբանում անհասկանալի հատվածները, բառերը, արտահայտությունները:

ԾԱՆՐ ԱԹԼԵՏԻԿԱ, ծանրամարտ, սպորտի ձև, ծանրություն (ծանրաձող) բարձրացնելու մրցում: Պաշտոնական մրցումների ժամանակակից ծրագիրը (1972-ից) ընդգրկում է պոկում վարժությունը (ծանրաձողը տախտակամածից բարձրացվում է մեկ շարժումով), հրում վարժությունը (ծանրաձողը բարձրացվում է 2 շարժումով՝ նախ կրծքի վրա, ապա՝ կրծքից վեր) և դրանց արդյունքների գումարը: Միջազգային պաշտոնական մրցումներն անցկացվում են քաշային 10 կատեգորիաներով (մինչև 52 կգ և 110 կգ–ից ավելի): Ծանրության բարձրացման վարժությունները հայտնի են եղել հին ժամանակներից: Ծ. ա–ի առաջին պաշտոնական մրցումներն անցկացվել են ԱՄՆ– ում՝ XIX դ. 60-ական թթ., Եվրոպայում՝ 70-ական թթ. սկզբին: 1896-ից Ծ. ա. ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում (բացի 1900, 1908 և 1912 թթ.): Եվրոպայի առաջին առաջնությունը կայացել է 1896-ին, Ոոտերդամում, աշխարհինը՝ 1898-ին, Վիեննայում: 1912-ին հիմնվել է Ծ. ա–ի համաշխարհային միությունը, հաստատվել են միջազգային մրցումների կանոնները: ՍՍՀՄ–ում առաջին առաջնությունը կայացել է 1923-ին (1933-ից՝ ամենամյա): 1946-ին սովետական ծանրամարտիկները ընդունվել են Ծ. ա–ի միջազգային ֆեդերացիայի (հիմն. 1920-ին), 1969-ին՝ եվրոպական ֆեդերացիայի (հիմն. 1969-ին) մեջ: ՍՍՀՄ ծանրաթլետներից հայտնի են չեմպիոններ և ռեկորդսմեններ Յա. Սպարեն, Ա. Բուխարովը, համաշխարհային պաշտոնական ռեկորդները գերազանցողներ Գ. Նովակը, Յա. Կուցենկոն, բազմակի չեմպիոններ Յու. Վլասովը Վ. Կուրենցովը, Ա. Վորոբյովը, Լ. ժաբոտինսկին, Վ. Ալեքսեևը, Յա. Տալտսը, Դ. Ռիգերտը և ուրիշներ: Ծ. ա. Հայաստանում սկզբնավորվել է 1927-ից. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին կից կազմակերպվել է Ծ. ա–ի խմբակ: 1928-ին Երևանում անցկացվել է Ծ. ա–ի հանրապետական առաջնություն: Հայ ծանրաթլետները 1928-ին լրիվ թիմով հանդես են եկել անդրկովկասյան, այնուհետև՝ համամիութենական առաջին սպարտակիադաներում, 1928-ից մասնակցում են միութենական, 1947-ից՝ Եվրոպայի առաջնության մրցումներին: Հայաստանի հավաքականն անցկացրել է միջազգային ընկերական հանդիպումներ (Իրան, 1970, Կուբա, 1972, Ալժիր, 1974): 1979-ին Հայաստանում գործել է Ծ. ա–ի 205 խմբակ, որտեղ պարապել են 5200-ից ավելի երիտասարդներ: Հայաստանի ծանրաթլետներից հայտնի են Ս. Համբարձումյանը, Ռ. Մանուկյանը, Ի. Ազդարովը, Մ. Հակոբյանը, Ռ. Չմշկյանը, Լ. Բաբայանը, Գ. Գալոյանը, Ռ. Հարությունյանը, Գ. Հարությունյանը, Ռ. Հովհաննիսյանը, Վ. Կիզօղլյանը, Վ. Միլիտոսյանը, Յու. Վարդանյանը, Ծ. ա–ի Եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Գ. Կարապետյանը:

Գ. Սիմոնյան

ԾԱՆՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, գերազանցապես արտադրամիջոցներ արտադրող արդյունաբերության ճյուղերի խումբ: Ընդգրկում է գրեթե ամբողջ հայթայթող արդյունաբերությունն ու վերամշակող արդյունաբերության մի մասը, էլեկտրաէներգետիկան, սև և գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, քիմ. և նավթաքիմիական, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի–թղթի, շինանյութի, վառելանյութի արդյունաբերությունը: 1977-ին Ծ. ա. տվել է ՍՍՀՄ ամբողջ արդ. արտադրանքի մոտ 60% –ը: Այն որոշիչ դեր է խաղում երկրի արտադրողական ուժերի զարգացման, կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման գործում: Ծ. ա. սոցիալիստական ընդլայնված վերարտադրության, ժողտնտեսության տեխ. վերազինման, պետության պաշտպանական հզորության, արտադրության արդյունավետության ու ժողովրդի բարեկեցության բարձրացման հիմքն է: 1977-ին, 1913-ի համեմատ, վառելանյութերի արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 59,2, սև մետալուրգիայինը՝ 72,5, քիմ. և նավթաքիմիական արդյունաբերությանը՝ 889, մեքենաշինությանն ու մետաղամշակմանը՝ 1733 անգամ: Բարձր տեմպերով են զարգացել սարքաշինությունը, գազի, ռադիոտեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերությունը ևն: ՍՍՀՄ Ծ. ա–յան արտադրանքի կարևորագույն տեսակների (նավթ, ածուխ, թուջ, պողպատ, երկաթի հանքաքար, կոքս, հանքային պարարտանյութ, ցեմենտ, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ, ջերմաքարշ, տրակտոր, կոմբայն) արտադրությամբ առաջինն է աշխարհում: Սոցիալիստական երկրներում (առանց ՍՍՀՄ–ի) 1977-ին արտադրվել է էլեկտրաէներգիա՝ 429,0 մլրդ կվտ·ժ, նավթ՝ 21,5 մլն տ, գազ՝ 49,8 մլրդ մ³, ածուխ (ապրանքային)՝ 718,6 մլն տ, թուջ՝ 35,7 մլն տ, պողպատ՝ 60,7 մլն տ, երկաթի հանքաքար՝ 8,6 մլն տ: Ծ. ա. կապիտալիստական երկրներից զարգացած է հատկապես ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ–ում, Իտալիայում, ճապոնիայում: Նախահեղափոխական Հայաստանում Ծ. ա. գրեթե չի եղել, բացառությամբ պղնձի արտադրությունից, որը տնօրինում էին ֆրանս. կապիտալիստները: Սովետական իշխանության տարիներին Ծ. ա–յան զարգացման նախադրյալ հանդիսացավ առաջին հնգամյակների տարիներին մի շարք էլեկտրակայանների