Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայ մեծ նկարիչ Հ. Այվազովսկին է: Սովետական Ծ–յան ներկայացուցիչներն են՝ Վ. Մեշկովը, Ի. Տիտովը, Է. Կալնինը: Հայ նկարիչներ Մ. Մահտեսյանը, Մ. Ճիվանյանը, Ա. Շաբանյանը, Վ. Մախոխյանը, Կ. Ադամյանը ստեղծել են Ծ–յան աչքի ընկնող ստեղծագործություններ:

ԾՈՎԱՇՈԻՇԱՆՆԵՐ (Crinoidea), փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս: Հատակային կենդանիներ են, մարմինը բաժականման է, կենտրոնում գտնվում է բերանը: Ոչ ցողունավոր Ծ. կարող են սողալ և լողալ, ցողունավորները նստակյաց են, հայտնաբերվել են մինչև 9700 մ խորության վրա (Ճապոնիայի ծովափերում): Ոչ ցողունավոր Ծ. առավել բազմազան են արևադարձային ծովերի ծանծաղուտներում, հաճախ վառ գունավորված են: Բաժանասեռ են, զարգանում են լողացող թրթուրով և ամրացող ցողունային փուլով: Ներկայումս հայտնի է 700 տեսակ, բրածո՝ 5000, որոնց դրոշմվածքները հայտնի են ստորին օրդովիկից:

ԾՈՎԱՋՈՒՐ, ծովերում և օվկիանոսներում կուտակված ջուրը: Համաշխարհային օվկիանոսում ջրի ընդհանուր ծավալը 1370 մլն կմ3 է: Ծ–ում, լուծված վիճակում, կան հանքային աղեր, գազեր (գլխավորապես՝ թթվածին, ազոտ, CO2, առանձին մասերում՝ նաև H2S) և աննշան քանակությամբ օրգ. նյութեր (1–5 մգ/լ), ինչպես նաև օրգ. և հանքային կախույթներ: Տես նաև Ջուր:

ԾՈՎԱՍՏՂԵՐ (Asteroidea), փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս: Մարմինը տափակ է, աստղաձև կամ բազմաճառագայթ: Մեծությունը՝ 1 սմ–ից մինչև 1 մ: Լինում են մանուշակագույն, կապույտ, կանաչ, դարչնագույն, երբեմն՝ սև: Յուրաքանչյուր ճառագայթի վրայով անցնում է ակոս, որի մեջ չորս շարքով նստած են ծծաններով օժտված ոտիկները, որոնք շարժման, մասամբ՝ շնչառության համար են: Մարմնի օրալ կողմում գտնվում է բերանը, աբօրալում՝ անալ անցքը: Մեծամասնությունը բաժանասեռ է, զարգանում են կերպարանափոխությամբ, կան նաև կենդանածիններ: Հայտնի է ավելի քան 1500 տեսակ, որից 150-ը հանդիպում է նաև ՍՍՀՄ ծովերում (բացի Ազովի և Կասպից ծովերից): Հատակային կյանք են վարում, ունեն ռեգեներացիայի (վերականգնման) ընդունակություն: Գիշատիչ են, սնվում են երկփեղկ փափկամորթներով, ոչնչացնում են արդյունագործական նշանակություն ունեցող ոստրեներին և ուրիշ փավկամորթների:

ԾՈՎԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, տես Բաց ծով:

ԾՈՎԻՆԱՐ, Նար, Նուրին (ծով և «նարու»-գետային ոգի բառերից), ջրի, ծովի, անձրևի աստվածուհին հայ դիցաբանության մեջ: 1. Հայ ժող. հավատալիքներում ու հեքիաթներում՝ ամպրոպային ոգի, փայլակի կամ կայծակի իգական անձնավորում, որի մասին եղած զրույցները նման են ամպրոպային դյուցազունների առասպելներին: Ծ. հրեղեն, ցասումնալից էակ է, որ ամպրոպի ժամանակ խաղում է ամպերի մեջ և պատուհասող կարկուտ կամ պտղաբեր անձրև ուղարկում մարդկանց: Երաշտի ժամանակ մարդկային թափորները, ծիսական երգերի ուղեկցությամբ, մաղթանքներ էին ուղղում Ծ–ին, որպեսզի նա անձրև տար դաշտերին: 2. Առասպելական զրույցներում և ժող. վեպում ջրային տարերքի հետ կապված ամպերի կայծակնացայտ ոգի կամ ծովային ջրից հղիացած երկվորյակ դյուցազունների՝ Սանասարի ու Բաղդասարի Մայրը: «Սասնա ծռեր» էպոսի մի քանի պատումներում հանդես է գալիս նաև Ծովյալ խանում, Ծովյալ անվանաձևերով: Ծ. հալածվում է, հետապնդվում, ենթարկվում զանազան վտանգների, ինչպես Սարանյուն՝ հնդկական, Լետոն՝ հունական, Ռեան՝ հռոմեական սուրբ երկվորյակների առասպելներում:

Գրկ. Աբևղյան Մ., Երկ., հ.7, Ե., 1975, էջ 70–73: Մելիք-Օհանջանյան Կ., Միթրա-Միհրի արբանյակներն ու գործակալները, տես «Գրական բանասիրական հետախուզումներ», գիրք 1, Ե., 1946: Սասնա ծռեր, հ. 2, մաս 1, Ե., 1944, մաս 2, Ե., 1951:

Ս. Հարությունյան

ԾՈՎԻՆԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Սևանա լճի հարավային ափին, Երևան-Վարդենիս ավտոճանապարհի մոտ, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք: Պտղա–անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, ծխախոտի, կարտոֆիլի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մսուրմանկապարտեզ, կինո, բուժկայան: Ծ. և Ալիչալու գյուղերի միջև, Սևանի հվ. ափին, բարձունքի վրա գտնվում են Ուրարտուի Ռուսա I թագավորի (մ. թ. ա. մոտ 735-713) կառուցած ամրոցի (կոչվել է «Թեյշեբա աստծո քաղաք») ավերակները: Պահպանվել են ամրոցը շրջափակած պարսպի բազալտե հաստ (տեղ–տեղ՝ մինչև 3,2 մ) հիմնապատերը, որոնց վրա, ենթադրվում է, բարձրացել են հում աղյուսից շինված պարսպապատեր: Ամենաբարձր մասում միջնաբերդն է, որը հս–արմ. կողմից ունի մուտք: Բնակարանները եղել են քառանկյուն: Ծ–ի ամրոցը եղել է վարչական կենտրոն (1915-ին այստեղ գտնվել են ուրարտ. 2 կոնաձև կնիք), ռազմ. խոշոր հենակետ և համարվում է ուրարտ. շրջանի կառույցների լավագույն օրինակ: Ամրոցից ներքև, դժվարամատչելի ժայռի վրա (լճի կողմից) գտնվում է Ռուսա 1-ի թողած արձանագրությունը, որը 1862-ին հայտնաբերել և 1863-ին հրապարակել է Մ. Սմբատյանցը, այնուհետև այն ուսումնասիրել են Մ. Նիկոլսկին, Գ. Ղափանցյանը, Ի. Մեշչանինովը և ուրիշներ: Ըստ այդ արձանագրության, Ռուսա I-ը մեծ արշավանքով նվաճել է 23 երկիր, կառուցել ամրոցներ, ձեռք բերել ստրուկներ, կործանել բնակավայրեր: Ամրոցի շրջակայքի բլուրների վրայի ուրարտ. դամբարանները մեծ մասամբ ավերված են: Ծ–ի ամրոցը մասնակիորեն պեղել և ուսումնասիրել են Բ. Պիոտրովսկին և Լ. Գյուզալյանը:

Գրկ . Пиотровский Б.Б., Ванское царство (Урарту), M., 1959.

Հ, Մնացականյան, Ս. Խաչատրյան

ԾՈՎՅԱՆ (Խերանյան) Վահան Կարապետի (1898, Արճեշ, Վանի վիլայեթում–1979, Երևան), սովետական կուսակցական աշխատող, լրագրող: ՍՄԿԿ անդամ 1920-ից: Ավարտել է Վանի Կեդրոնական և Երևանի թեմական դպրոցները: 1918–1919-ին մասնակցել է Երևանում լույս տեսնող «Խոսք» և «Կայծ» մարքսիստական թերթերի հրատարակմանը: Եղել է «Սպարտակ» երիտասարդական միության հիմնադիրներից (1919), ընտրվել է Միության վարչության և «Սպարտակ» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ: 1919-ի աշնանը ձերբակալվել է: 1920–21-ին եղել է ՀԿԿ Նոր Բայազետի (Կամո) գավառային կոմիտեի քարտուղար: 1921-ին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ: 1922–27-ին՝ Հայկական դիվիզիայի քաղ. բաժնի պետի