կատամարտում թուրքերի ջախջախումն ու 1855-ի նոյեմբերին Կարսի գրավումը վերջնականապես ցրեցին արտաքին օգնություն ստանալու Շամիլի հույսերը:
1856-ին Փարիզի հաշտության պայմանագրի կնքումը ցարիզմին թույլ տվեց լեռնականների դեմ կենտրոնացնել զգալի ուժեր. Կովկասյան կորպուսը վերածվեց բանակի և հասցվեց մինչև 200 հզ. զինվորի: Նոր գլխավոր հրամանատարներ գեն. Ն. Մուրավյովը (1854–56-ին) և գեն. Ա. Բարյատինսկին (1856–60-ին) շարունակեցին սեղմել պաշարման օղակը իմամության շուրջը: 1859-ին ընկավ Շամիլի նստավայր Վեդենո աուլը, օգոստոսին նա անձնատուր եղավ, իսկ նոյեմբերին հանձնվեցին չերքեզների հիմնական ուժերը՝ Մուհամմեդ Էմինի գլխավորությամբ: Չերքեզների տերիտորիայով անցկացվեց Բելոռեչենսկայա գիծը՝ Մայկոպ ամրոցով: 1862-ի կեսին լեռնականների ձեռքում մնացած տերիտորիաների (200 հզ. բն.) դեմ հանվեց 60 հզ. բանակ՝ գեն. Ի. Եվդոկիմովի հրամանատարությամբ: 1863-ին գրավվեց Բելայա և Փշիշ գետերի միջև ընկած տարածքը, 1864-ի ապրիլին՝ ամբողջ ծովափը և Կովկասյան լեռնաշղթայի հս. լանջերը մինչև Լաբա գետը: Անընկճելի մնացին միայն փոքր քանակությամբ լեռնականներ: Չերքեզներն ու աբխազները հարկադրվեցին հաստատվել հարթավայրերում: Շուրջ 500 հզ. մարդ, մահմեդական հոգևորականության ազդեցությամբ, արտագաղթեց Թուրքիա: 1864-ին Աբխազիայում հաստատվեց ռուս. կառավարություն, անձնատուր եղավ չերքեզների դիմադրության վերջին օջախը՝ Կբաադուն (այժմ՝ Կրասնայա Պոլյանա): Կբաադուի գրավմամբ նշանավորվեց Կ. պ–ի ավարտը:
Կ. պ–ի հետևանքով Չեչենիան, Լեռնային Դաղստանը և Հս–Արմ. Կովկասը վերջնականապես միացվեցին Ռուսաստանին: Միացումը տեղի ունեցավ ռազմա–ֆեոդալական բռնի մեթոդներով, սակայն լեռնականների՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելը օբյեկտիվորեն առաջադիմական նշանակություն ունեցավ՝ նպաստելով նրանց տնտ., քաղ. և մշակութային առաջընթացին:
Գրկ. Дубровин Н. Փ., Kaвкaзскaя война и царствование имп. Николая I и Александра II (1825–1864), в кн.: Обзор войн России от Петра Великого до наших дней, ч. 4, кн. 2, ЦПБ, 1896; Гизетти А., Библиографический указатель печатанным на русском языке сочинениям и статьям о военных действиях русских войск на Кавказе, CПB, 1901.
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՌԱՍԱ, գերմանացի անատոմ և մարդաբան Ի. Բլումենբախի դասակարգմամբ եվրոպեոիդ ռասային համապատասխանող մեծ ռասա: Ժամանակակից մարդաբանական գրականության մեջ «Կ. ռ.» հասկացությունը քիչ է գործածվում:
ԿՈՎՆԻՐ Ստեպան (Ստեֆան) Դեմյանովիչ (1695–1786), ուկրաինացի ճարտարապետ: Կիև–Պեչորյան մայրավանքի ճորտերից, որտեղ և աշխատել է ավելի քան 60 տարի Պ. Ի. Նեելովի, Ի. Գ. Շեդելի, Ի . Գ. Գրիգորովիչ–Բարսկու ղեկավարությամբ: Կ–ի գործերից են՝ ուկր. բարոկկոյի ոճով կառուցված Կովնիրյան մասնաշենքը (1746–72) և զանգակատներ մայրավանքում, պալատ, զանգակատուն Կիևում, Անտոնիի և Թեոդոսիի եկեղեցին, զանգակատուն Վասիլկովոյում (1756–1758), եկեղեցի (1763–67) Կիևի մոտ:
ԿՈՎՆՈ, Կաունաս քաղաքի նախկին անվանումը:
ԿՈՎՊԱԿ Սիդոր Արտեմովիչ (1887–1967), սովետական պետական և հասարակական գործիչ, պարտիզանական շարժման կազմակերպիչ, Սովետական Միության կրկնակի հերոս (18.5.1942, 4.1.1944), գեն–մայոր (1943): ՍՄԿԿ անդամ 1919-ից: Հայրենական մեծ պատերազմի տարիներին գլխավորել է Սումիի մարզի պարտիզանական ջոկատների միավորումը, որը 10 հզ. կմ ռազմարշավ կատարեց մինչև Կարպատներ՝ նպաստելով պարտիզանական շարժման ծավալմանը զավթիչների թիկունքում: 1944-ի հունվարին միավորումը վերանվանվեց Կովպակի անվ. 1-ին ուկր. պարտիզանական դիվիզիա (հրամանատար՝ Պ. Վերշիգորա), որին միացավ «Հաղթանակ» հայկ. պարտիզանական ջոկատը: 1947-ից Կ. եղել է Ուկր. ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ, 1967-ի ապրիլից՝ Նախագահության անդամ, ՍՍՀՄ և Ուկր. ՍՍՀ Գերագույն սովետների դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 4, Կարմիր դրոշի, Սուվորովի 1-ին աստիճանի, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, ՉՍՍՀ և ԼԺՀ շքանշաններով ու մեդալներով:
ԿՈՎՍԱԿԱՆ, Կուսական, Կոսական, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում: Համապատասխանում է այժմյան Ադրբեջանի Զանգելանի շրջանին (բացառությամբ հս. մասի այն հատվածների, որոնք մտնում էին Քաշունիք գավառի մեջ) և Հայաստանի Ղափանի հարավային մասին: Կոսական անունով բնակավայր այժմ էլ գոյություն ունի Զանգելանի շրջանում, Ողջի և Երասխ գետերի ջրախառնման անկյունում, Ողջի գետի ձախ ափին, որից հավանաբար իր անունն է ստացել գավառը: Կովսականը սահմանակից էր հս–արմ-ից Սյունիքի Զորք, հյուսիսից՝ Բաղք (Աճեն և Քաշունիք), հվ–արմ-ից՝ Արևիք գավառներին, հս–արլ-ից՝ բնական սահմանն էր Հագարի գետը, իսկ հվ–արլ-ից՝ Երասխը:
Կովսականի մակերևույթը խիստ կտրտված է: Լեռնաշղթաներից հայտնի են Ծակքարը, Սուսանասարը և Օսկյուլումը: Ողջի գետի միջին հոսանքի շրջանում գտնվում է Ղափանի գոգահովիտը, որի լանջերը մասնատված են կարճ, խոր, զառիթափ կիրճերով, կողային բազմաթիվ ձորակներով: Հագարի գետի ստորին հոսանքի շրջանում մակերևույթը դարավանդաձև է, որը աստիճանաբար ցածրանում է գետի հոսանքի ուղղությամբ: Գավառի գետերը պատկանում են Արաքսի ավազանին, լեռնային են և արագահոս: Դրանք են Բասուտը, Ծոբին, Ողջին և նրա աջակողմյան վտակներ Վաչագանը, Գեղանուշը, Ճակատենը: Կովսականը ունի չափավոր ցուրտ, իսկ ամռանը համեմատաբար տաք կլիմա: Տարեկան միջին տեղումների քանակը՝ 500–750 մմ: Մեծ տարածում ունեն անտառները: Բնորոշ են արաքսյան կաղնին, դաշտային թխկին, հացենին, հաճարենին, սոսին, շագանակենին, բոխին, վայրի թզենին, նռնենին ևն: Կենդանիներից կան կովկասյան արջ, վարազ, այծյամ, գայլ, աղվես, կզաքիս, վայրի կատու, թռչուններից՝ փասիան, տատրակ, կաքավ, երաշտահավ, գիշատիչներից՝ արծիվ, բազե ևն: Կովսականի ընդերքը հարուստ է պղնձով, որը արդյունահանվել և ձուլվել է դեռևս հին դարերից:
Հնագիտական պեղումների շնորհիվ Կովսականի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. VIII–VII դդ. վերաբերող նյութեր: Ավելի ուշ Կովսական, Զորք, Բաղք (Աճեն և Քաշունիք) գավառների տարածքում հաստատվել են պալա կամ բալա ցեղերը, որոնք մասնակցել են հայ ժողովրդի կազմավորմանը: Հետագայում նրանց անունով այդ գավառների տարածքը կոչվել է Բաղաց աշխարհ: Կովսականը առաջին անգամ հիշվում է VII դ. «Աշխարհացոյց»-ում որպես Սյունիքի 12-րդ գավառ: «Կովսական» անունը հաճախակի հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը, իսկ Տաթևի վանքի հարկատու գյուղերի հին ցուցակում նշված են Կովսականի 53 բնակավայր: X դ. վերջերից Կովսական մտնում էր Սյունյաց կամ Բաղաց թագավորության մեջ՝ ընդհուպ մինչև թագավորության կործանումը: Սյունիքի պաշտպանական նշանավոր կառույցների թվում Ս. Օրբելյանը հիշատակում է Կովսականի Գրհամ բերդը, որի կառուցման թվականը հայտնի չէ: Գրհամը հիշվում է նաև 1104-ին՝ սելջուկների արշավանքների կապակցությամբ, իսկ 1166-ին՝ Վարդան պատմիչի կողմից, որպես Սյունյաց թագավորությունից գրավված ամրոց: XIII դ. Կովսականը կոչվում էր Գրհամ, իսկ Գուրհամ ձևով հիշվում է Դավիթ Բեկին նվիրված պատմությունում՝ XVIII դ. 20-ական թթ. իրադարձությունների կապակցությամբ, սակայն Կովսական գավառի անունը դուրս է մնացել 1692-ից առաջ կազմված Տաթևի վանքի պտղի ցուցակից:
Ենթադրվում է, որ Շարիփլու երկաթուղային կայարանի դիմաց, Սուսանասար լեռնաշղթայի գագաթին գտնվող հինավուրց բերդի ավերակները Գրհամ բերդինն են: XVII–XVIII դդ. Կովսականի տարածքի առանձին մասեր մտնում էին Մացրու, Չավնդուր, Գիլաբերդ, Աճեն գավառների կազմի մեջ: Կովսականը XV դարից մինչև XIX դ. սկիզբը եղել է Պարսկաստանի տիրապետության տակ:
Գրկ. Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: Նույնի, Ժամանակագրություն, հրտ. Ա. Աբրահամյանի, Ե., 1942: Ընտիր պատմութիւն Դաւիթ Բէգին…, Վաղ–պատ, 1871: Դիվան հայ վիմագրության, պրակ 2, կազմ.
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/637
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ