Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապացուցելով հողի բերրիության նվազման օրենքի անկենսունակությունը՝ մարքսիզմի դասականները ցույց տվեցին, որ հողի բերրիությունն անընդհատ փոփոխվում է, և դա կախված է ոչ միայն բնական, այլև սոցիալ-տնտեսական պայմաններից, գիտության ու տեխնիկայի զարգացման աստիճանից։ Գյուղատնտեսության մեջ գիտատեխնիկական առաջընթացն ու արտադրության ինտենսիվ զարգացումը ուղեկցվում են գյուղատնտ. հողատարածությունների, ագրարային բնակչության ու ծախսերի կրճատմամբ, բերքատվության բարձրացմամբ ու արտադրանքի ծավալի աճով։

ՀՈՂԻ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆ, հողի հատկություն, որով բույսն ապահովվում է յուրացվող սննդանյութերով, խոնավությամբ, օդով և դառնում բերքատու։ Տարբերում են պոտենցիալ (բնական) Հ. բ` տվյալ ժամանակաշրջանում հողի մեջ եղած բույսերի համար անմատչելի սննդանյութերը, դրանց ընդհանուր պաշարները, խոնավությունը, և արդյունավետ (տնտ.) Հ. բ.՝ տվյալ տարում մշակվող բույսերի կողմից բերքատվության տարրերի օգտագործման հնարավորությունը, փաստացի բերքատվությունը, որն առաջին հերթին կախված է ագրոտեխնիկական համալիրի միջոցառումների կիրառումից։ Հ. բ-յան կարևորագույն գործոններն են. բույսերին անհրաժեշտ սննդանյութերի պարունակությունը, մատչելի խոնավության առկայությունը, դրա կայուն մակարդակը, հողի օդային ռեժիմը (արմատային համակարգի լավ զարգացման, ինչպես նաև մանրէների կենսագործունեության համար), հողի մեխանիկական կազմը, կառուցվածքը և ռեակցիան, թունավոր նյութերի պարունակությունը ևն։ Հ. բ. կախված է հող առաջացնող գործոններից՝ կլիմայից, հողառաջացնող ապարներից, բնական և մշակովի բուսականությունից, ռելիեֆից, բայց առանձնակի նշանակություն ունի հողօգտագործման բնույթը։ Բերքատու, հարուստ հողերը պարունակում են մեծ քանակությամբ հումուս (5-40%), ազոտական, ֆոսֆորական, կալիումական միացություններ, որոնք բույսերին մատչելի են միայն շարժուն վիճակում։ Հողի հումուսը, որը Հ. բ-յան ցուցանիշն է, անմիջապես բույսին սնել չի կարող, այն մշակման ընթացքում տարրալուծվում է՝ ազատելով ազոտը, ֆոսֆորը, կալիումը, որոնցով և բույսերը սնվում են։ Հ. բ-յան բարձրացման համար անհրաժեշտ է հողն ապահովել այդ կարևոր տարրերով, ինչպես նաև միկրոտարրերով (Տ, Mo, Fe, Cu, Zn): Բացի այդ անհրաժեշտ է ապահովել հողի ջրակլանունակությունը, օդի ազատ շրջանառությունը, բարելավել ստրուկտուրան ևն՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված, յուրաքանչյուր շրջանի հողակլիմայական պայմաններին համապատասխան ագրոտեխնիկա՝ ցանքաշրջանառության, պարարտացման ճիշտ համակարգ, հողի արդյունավետ մշակում։ Տես նաև «Հողի բերրիության նվազման օրենք» հոդվածը։ Խ Միրիմանյան

ՀՈՂԻ ԲՈՒՖԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հողի հատկություն, որով կանխվում է թթուների և հիմքերի ազդեցությունից առաջացող նրա ռեակցիայի (pH) փոփոխությունը։ Հ. բ. և նրա բնույթն ու աստիճանը հիմնականում կախված են պինդ ֆազից և կոլոիդների դիսպերսման աստիճանից, ինչպես նաև կլանված կատիոններից։ Կավով և հումուսով հարուստ հողերում Հ. բ. ուժեղ է արտահայտված։ Ավազուտ հողերի բուֆերականության աստիճանը ցածր է։ Հողի կլանող համալիրում H+ իոնի առկայության դեպքում Հ. բ. ուժեղ է հիմքերի, իսկ Ca++, Mg++, Na+ իոնների մեծ կոնցենտրացիայի դեպքում՝ թթուների նկատմամբ։ Վերջինս պայմանավորված է հողին ավելացված H+ իոնների փոխանակմամբ կլանող համալիրի հիշյալ իոններով։ Հողի լուծույթի բուֆերականությունը պայմանավորված է ալկալիական և հողալկալիական մետաղների կարբոնատներով, ֆուլվատներով և ֆոսֆատներով։ Մթնոլորտային տեղումները, գրունտային և ոռոգման ջրերը կարող էին փոփոխել հողի ռեակցիան, եթե վերջինս չունենար բուֆերականություն։ Հողի ռեակցիայի փոփոխության նկատմամբ բույսերի զգայունության պատճառով Հ. բ. մեծ դեր է խաղում նրանց աճի և զարգացման վրա։ Հանքային պարարտանյութեր օգտագործելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հ. բ.։ Բուֆերականությունը կարելի է ավելացնել օրգ. պարարտանյութերի գործածումով։ Ա Գալստյան

ՀՈՂԻ ԳԻՆ, կապիտալացված հողային ռենտա։ Չլինելով մարդու աշխատանքի արդյունք՝ հողն արժեք չունի, բայց այն, ինչպես բոլոր ապրանքները կապիտալիզմի ժամանակ, առուծախի առարկա է և ուրեմն՝ գին ունի։ Հ. գ. իռացիոնալ՝ բովանդակությանը (արժեքին) չհամապատասխանող արտահայտություն է, և, փաստորեն, հողային ռենտայի գոյության փոխակերպված ձևը։ Որևէ հողամասի գինը որոշվում է դրամական կապիտալի այն մեծությամբ, որը բանկ ներդնելու կամ փոխատվության տալու դեպքում (տոկոսի տվյալ մակարդակի պայմաններում) հողասեփականատիրոջ կողմից յուրացվող ռենտային հավասար եկամուտ կբերի։ Հ. գ., հետևաբար, կարող է փոփոխվել՝ կախված բանկային տոկոսի և հողային ռենտայի մակարդակից։ Կապիտալիզմի պայմաններում Հ. գ. բարձրանում է, որովհետև փոխատվական տոկոսի նորման ունի իջնելու միտում։ Դրան նպաստում են նաև գյուղատնտ. արդյունքների նկատմամբ պահանջարկի մեծացման և մշակվող հողատարածությունների ընդլայնման հետևանքով հողային ռենտայի չափերի աճը, գյուղատնտ. ձեռնարկատիրությանն աջակցելու պետ. մոնոպոլիստական միջոցառումները։ Հ. գ-ի բարձրացման հետևանքով հողասեփականատերերը յուրացնում են հավելյալ արժեքի մեծ մասը, գյուղատնտ. մթերքները թանկանում են։ Սոցիալիստական հասարակարգում, ուր բացակայում է հողի մասնավոր սեփականությունը, հողը չի կարող առուծախի առարկա լինել և գին ունենալ, բայց հողային կադաստրը կազմելու համար կատարվում է հողի տնտեսական գնահատում։

ՀՈՂԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆ, հողի հիմնական հատկություն, որը պայմանավորված է հողի լուծույթում ջրածնի, ինչպես նաև հողի կլանող կոմպլեքսում ջրածնի և ալյումինի փոխանակային իոնների առկայությամբ։ Բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի զարգացման և հողի օգտակար բազմաթիվ մանրէների կենսագործունեության վրա։ Տարբերում են ակտիվ և պոտենցիալ թթվայնություն։ Ակտիվը ջրային սուսպենզիայում (հող։ջուր՝ 1:2,5) ջրածնի իոնների ակտիվությունն է և արտահայտվում է pH-ով (տես Ջրածնային ցուցիչ): Եթե հողի pH-ը 7 է, ապա ռեակցիան չեզոք է, 7-ից ցածր՝ թթվային է։ Պոտենցիալ Հ. թ. լինում է փոխանակային և հիդրոլիտիկ։ Փոխանակայինը նկատվում է, երբ հող են մտցնում ֆիզիոլոգիապես թթու պարարտանյութեր։ Որոշ գիտնականների կարծիքով փոխանակային թթվայնությունը պայմանավորված է հողի կլանող կոմպլեքսում ջրածնի և ալյումինի իոնների առկայությամբ։ Հիդրոլիտիկ թթվայնությունը պայմանավորված է հողում ջրածնի իոնների առկայությամբ, որոնք դուրս չեն մղվում կլանող կոմպլեքսից չեզոք աղերով, բայց ընդունակ են փոխանակման ուրիշ կատիոններով՝ հողը հիմքերով կամ հիմնային աղերով մշակելիս (օրինակ, նատրիումի ացետատի լուծույթով): Հողի հանքային պարարտացման ժամանակ պետք է հաշվի առնել Հ. թ-յան աստիճանը։ Հ. թ. նորմալացվում է հողերի կրացմամբ։Ա. Գալսայան

ՀՈՂԻ ԼՈՒԾՈՒՅԹ, հողի հեղուկ ֆազ. ջուր՝ լուծված գազերի, անօրգանական և օրգանական միացությունների հետ (դրանք ջրի մեջ են թափանցում մթնոլորտից և ներծծվում՝ հողային հորիզոններից): Հ. լ. շարժուն է, մասնակցում է հողառաջացման պրոցեսներին, ֆիգիկաքիմիական, կենսաքիմիական ռեակցիաներին, հողի մեջ նյութաշրջանառությանը և բույսերի սննդառությանը։ Դրա բաղադրությունը կախված է հողառաջացման պրոցեսներից, բուսականությունից, կլիմայի ընդհանուր յուրահատկություններից, մարդու գործունեությունից ևն։ Հ. լ-ում կան. գազերից՝ թթվածին, ածխաթթու, ազոտ, ամոնիակ, հանքային նյութերից՝ կալցիումի, նատրիումի, մագնեզիումի, կալիումի ևնի աղեր, ալյումինի, երկաթի, մանգանի, սիլիկահողի միացություններ, օրգ. նյութերից՝ ճարպային շարքի օրգ. թթուներ և դրանց աղերը, հումուսային թթուներ, շաքարներ, ամինաթթուներ ևն։ Հ. լ. չնչին քանակով պարունակում է նաև միկրոտարրեր։ Ոչ աղակալած հողերի լուծույթում նյութերի կոնցենտրացիան մեծ չէ (սովորաբար չի անցնում 0,1% սահմանը), իսկ աղուտներում, աղակալած հողերում այն կտրուկ ավելանում է (մեկ և նույնիսկ տասնյակ տոկոս): Հ. լ-ում նյութերի բարձր պարունակությունը վնասակար է բույսերի համար։ Տես նաև Հողի ռեակցիա, Հողի բուֆերականություն հոդվածները։

ՀՈՂԻ ԿԼԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, հողի հատկություն, որով հողը կլանում և պահում է իր մեջ պինդ ֆազի հետ շփվող տարբեր նյութերը (լուծվող աղեր, կոլոիդներ ևն):