Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատմական ակնարկ։ Մինչև XVI դ. սկիզբը երկիրն անվանվել է Իգուերաս կամ Իբուերաս։ Բնիկների՝ հնդկացիների, մի մասը (լենկա, պայա ևն ցեղեր) ապրում էր նախնադարյան համայնական կարգով, մյուս մասը՝ մայաները, ստեղծել էին Ամերիկայում վաղ դասակարգային բարձր քաղաքակրթություններից մեկը։ 1502-ին Ք. Կոլումբոսը հայտնագործեց Հ-ի առափնյա շրջանները։ Իսպանացիները երկիրն անվանեցին Հ. (< իսպ. hondura - խորություն բառից՝ մերձափնյա մեծ խորությունների պատճառով), 1524-ից սկսեցին Հ-ի նվաճումը։ 1536-ին հնդկացիները առաջնորդ Լեմպիրայի գլխավորությամբ պայքար սկսեցին գաղութարարների դեմ, սակայն պարտվեցին։ XVI դ. կեսին Հ. մտավ Գվատեմալա գեներալ-կապիտանության մեջ։ XIX դ. սկզբին Հ. մասնակցեց իսպանական գաղութների անկախության պատերազմին և 1821-ի սեպտ. 15-ին հռչակեց իր անկախությունը։ Հ-ում ձևավորվեց քաղ. երկու կուսակցություն՝ պահպանողականների (խոշոր հողատերեր) և լիբերալների (սաղմնավորվող բուրժուազիա): 1821-ին Հ. միացվեց Մեքսիկային, 1823-ին մտավ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆեդերացիայի մեջ։ Ֆեդերացիայի կազմալուծումից հետո, 1838-ին, հռչակվեց Հ-ի անկախության դեկլարացիան, 1839-ի հունվարին ընդունվեց Հ-ի Հանրապետության առաջին սահմանադրությունը։ XIX դ. 40-ական թթ. սկսվեց օտարերկրյա տերությունների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի էքսպանսիան Հ.։ 1884-ին ԱՄՆ Հ-ին պարտադրեց ստրկացուցիչ մի պայմանագիր, որով Հ. փոխառության դիմաց տալիս էր երկաթուղային կոնցեսիաներ և հող՝ բանանի պլանտացիաների համար։ Հ-ի արդյունաբերությունը և արտաքին առևտուրն աստիճանաբար անցան ամերիկյան իմպերիալիստների ձեռքը։ 1902-ին ստեղծվեցին «Յունայթեդ ֆրուտ քոմփանի», 1905-ին՝ «Ստանդարտ ֆրուտ էնդ սթիմշիփ քոմփանի» ամերիկյան ընկերությունների պլանտացիաների։ Աշխատանքային ծանր պայմանները և դաժան շահագործումը բազմիցս առաջացրել են հոնդուրասցիների հուզումներ, որոնք ճնշել են ամերիկյան զորքերը (1905, 1907, 1911, 1912): Հ-ի ժողովրդի հակաիմպերիալիստական պայքարն ուժեղացավ Ռուսաստանում, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ։ 1927-ին երևան եկան կոմունիստական առաջին խմբերն ու արհմիությունները։ 1933-ին ԱՄՆ-ի օգնությամբ Հ-ում հաստատվեց Հ. Կարիաս Անդինոյի դիկտատուրան, որն արգելեց դեմոկրատական բոլոր կազմակերպությունները, նոր կոնցեսիաներ տրամադրեց ԱՄՆ-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939-45) Հ. չմասնակցեց, թեև 1941-ին պատերազմ հայտարարեց Գերմանիային և Իտալիային։ 1949-ին իշխանության գլուխ անցավ ԱՄՆ-ի դրածո Խ.Մ. Գալվեսը (1949-54), որի թողտվությամբ ԱՄՆ 1954-ին Հ-ի տարածքից ներխուժեց Գվատեմալա։ 1954-ի ապրիլին կայացավ Հ-ի մարքսիստների ընդհատակյա կոնֆերանս, որը հայտարարեց կոմկուսի ստեղծման մասին։ 1954-ի պրեզիդենտական ընտրություններում հաղթեց լիբերալ Ռ. Վիլյեդա Մորալեսը, սակայն ԱՄՆ-ի ճնշմամբ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեցին, և ժամանակավոր պրեզիդենտ դարձավ Խ. Լոսանո Դիասը։ 1956-ի հոկտեմբերին պետ. հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ զինվորական խունտան։ 1957-ի դեկտեմբերին վերստին պրեզիդենտ ընտրված Վիլյեդա Մորալեսը (1957-63), ժող. հուզումների ազդեցության տակ, հարկադրված էր իրականացնել տնտեսությունն աշխուժացնող միջոցառումներ (մեկ երկաթուղու ազգայնացում, աշխատանքային օրենսգրքի հրապարակում, ագրարային ռեֆորմի նախապատրաստում), որոնք հանդիպեցին ԱՄՆ-ից հովանավորվող ծայրահեղ աջ օպոզիցիայի դիմադրությանը։ 1960-ին կառավարությունն արգելեց դեմոկրատական հրատարակությունները։ 1961-ին Հ. խզեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հեղափոխական կառավարության հետ, իսկ 1962-ին պահանջեց Կուբային հեռացնել Ամերիկյան պետությունների կազմակերպությունից (ԱՊԿ): 1963-ի հոկտեմբերին զինվորական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ Օ. Լոպես Արելյանոն, որի կառավարությունը սկսեց հալածել առաջադիմական կազմակերպությունները և ազգային բուրժուազիայի հայրենասիրաբար տրամադրված ներկայացուցիչներին։ 1969-ի հուլիսին Հ-ի և Սալվադորի միջև տեղի ունեցավ զինված ընդհարում, որի պատճառներն էին երկու երկրների միջև տնտ., տարածքային հակասությունները, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայում ԱՄՆ-ի տարբեր մոնոպոլիաների շահերի բախումը ևն։ Ընդհարումը, որը դադարեցվեց ԱՊԿ-ի միջամտությամբ, չլուծեց երկու երկրների վիճելի հարցերը։ 1971-ի հունիսին պրեզիդենտ դարձավ պահպանողական Ռամոն է. Կրուսը, սակայն 1972-ի դեկտեմբերին զինվորական հեղաշրջմամբ նորից իշխանության գլուխ անցավ Օ. Լոպես Արելյանոն։ Իրականացվեցին մի շարք առաջադեմ, սակայն սահմանափակ վերափոխումներ։ 1973-ի ապրիլին հրապարակված օրենքով խոշոր հողատերերի չմշակվող հողերը հանձնվելու էին անհող գյուղացիներին, 1975-ին ազգայնացվեց անտառային տնտեսությունը, պետության հսկողության տակ անցավ լեռնահանքային արդյունաբերությունը։ 1975-ի ապրիլին պետ. հեղաշրջմամբ պրեզիդենտ դարձավ Խ. Ա. Մելգար Կաստրոն, որի կառավարությունը վարել է պրոիմպերիալիստական քաղաքականություն, ուժեղացրել հակադեմոկրատական հալածանքները։ 1978-ի օգոստոսին պետ. հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ գեն. Պ. Պաս Գարսիան։ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Ազգային կուսակցություն (ԱԿ), հիմնվել է 1891-ին, արտահայտում է լատիֆունդիական օլիգարխիայի և կաթոլիկական բարձր հոգևորականության շահերը։ Լիբերալ կուսակցություն (ԼԿ). հիմնվել է 1891-ին, արտահայտում է օտարերկրյա մոնոպոլիաների հետ կապված առևտրա-արդյունաբերական բուրժուազիայի շահերը։ Հոնդուրասի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ), ստեղծվել է 1954-ին, գործում է ընդհատակում։ Հոնդուրասի աշխատավորության կոնֆեդերացիա (ՀԱԿ), հիմնվել է 1964-ին։ Աշխատա֊