1941-ին սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, 1944–47-ին՝ Կահիրեի գեղարվեստի բարձրագույն, 1952–54-ին՝ Փարիզի Գրան–Շոմիե ակադեմիաներում: 1944-ին մասնակցել է «Հայ մշակույթի բարեկամների միության» կազմակերպած եգիպտահայ նկարիչների պարբերական պատկերահանդեսին, 1953-ին «էմիլ» ծածկանունով՝ Բուխարեստի միջազգային փառատոնին (2-րդ մրցանակ), 1954-ից՝ Կահիրեի սալոններին, 1958-ին՝ ժամանակակից եգիպտական արվեստի (Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսին, 1959-ին և 1961-ին՝ Ալեքսանդրիայի Բիենալեներին: 1962-ին ներգաղթել է հայրենիք: 1963-ին Երևանում, Լենինականում, Կիրովականում կազմակերպվել է նրա անդրանիկ անհատական ցուցահանդեսը: Այնուհետև մասնակցել է հանրապետական, համամիութենական, ինչպես և` խմբական ցուցահանդեսների՝ Մոսկվայում, Ալմա Աթայում, Վոլգոգրադում (1969), Փարիզում (1970, 1977), Բեյրութում (1974), Վիեննայում (1974), Բոլոնիայում (1975), Նյու Ցորքում, Լիսաբոնում (1978) և այլուր: 1977–78-ին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, 1979-ին՝ Փարիզում: Ստեղծագործության առաջին շրջանում պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նրանց շրջապատի իրերից կազմված նատյուրմորտներ: «Կինը խոհանոցում» (1959), «Սխտորներ» (1961), «Վիշտ» (1961), «Դերձակը» (1962, բոլորն էլ Հայաստանի պետական պատկերասրահ) և այլ գործերում տխրության, առանձնության և լռության խտացումները դրսևորված են իբրև լայտմոտիվ, որին հեղինակը հասնում է զուսպ գծանկարի, մոխրավուն, դալուկ գունանկարի և յուրատիպ կոմպոզիցիոն կառուցվածքի շնորհիվ: Անկենդան տարածության մեջ մարդիկ ասես քարացած լինեն իրենց ներփակ տառապանքով: Հ. մեծ ուժով ընդհանրացրել է օտար ափեր նետված ետեղեռնյան իր սերնդի հոգեկան կեցությունը: Հայաստանում Հ–ի արվեստը հարստացել է կենսական նոր երանգներով: Իր գործերում (որոնց մեջ բնանկարը դարձել է առաջատար) նկարիչը հարստացնում, ընդլայնում է հայկ. բնանկարչության սահմանները, հայտնաբերում հայրենի բնության դիտարկման նոր հնարավորություններ: «Հայկական մոտիվ» (1968), «Գարուն» (1969), «Անդորր» (1970), «Ջրանցքի մոտ» (1972) և այլ կտավներում գույների քնարական հնչեղությունն ու անսահման սերը պատկերվող բնաշխարհի հանդեպ մնում են Հ–ի արվեստի գլխավոր հատկանիշները: Դիմելով հակիրճ, խստապարզ ձևերի, շեշտելով անհուն տարածություն՝ նկարիչը որսում է բնության ներքին շարժումը՝ դիտողին հաղորդակից դարձնելով նրա տիեզերական ուժին ու խոսուն լռությանը: 1970–77-ի նատյուրմորտներում պատկերված առօրեական իրերը (վերարկուներ, ձեռնոցներ, աքցաններ են) ստեղծում են դրամատիզմով ու հոգեբանական նրբագծերով հարուստ հուզաշխարհ: Նկարիչ–քաղաքացու ապրումները առավել ընդգծված հնչեղություն են ստացել վերջին՝ պատերազմի արհավիրքների դեմ ուղղված կտավների շարքում («Նեյտրոնային ռումբին՝ ոչ», 1977–78): Արդիականությամբ ու մարդկային խոր բովանդակությամբ բնորոշվող Հ–ի ստեղծագործությունը սովետահայ կերպարվեստի նշանակալից դրսևորումներից է: Հ. եղել է ՀԱԱՀ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՀԱԱՀ պետ. մրցանակի (1977): Հ–ի աշխատանքները գտնվում են Երևանի, Մոսկվայի, Ալմա Աթայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
ՀԱԿՈԲՅԱՆ Հարություն Հմայակի (ծն, 25.4.1918, Իգդիր), հայ ձեռնածու-աճպարար: ՀԱՍՀ ժող. արտիստ (1961): Մասնագիտությամբ՝ հողաշինարար–ինժեներ, էստրադայի ռեժիսոր: Որպես ձեռնածու–աճպարար հանդես է գալիս 1943-ից: 1965-ից «Մոսկոնցերտ»-ի արտիստ: 1973-ին ավարտել է Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվ. թատերական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացները: Պարբերաբար ելույթներ է ունենում Երևանում: Հ. միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է: 1957-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) արժանացել է առաջին մրցանակի և «Միջազգային մոգական ակումբ»–ի պատվավոր անդամի կոչման: 1959-ին Փարիզում նվաճել է «Մեծ մրցանակ» («Գրան պրի») և Ռոբեր Գուդենի անվ. ոսկե մեդալ: 1974-ին ԳԴՀ–ում նրան շնորհվել է Բոսկոյի անվ. մրցանակ և Վ. Դուրովի անվ. մեդալ, 1977-ին Կարլո–վի Վարիում (Չեխոսլովակիա)՝ հատուկ մրցանակ նրբագեղության համար: Գրել է ֆոկուսի գաղտնիքների մասին՝ բացահայտելով այդ արվեստի բարդ տեխնիկան:
ՀԱԿՈԲՅԱՆ Հմայակ Ստեփանի (1871, Տրապիզոն – 7.7.1939, Թբիլիսի), հայ նկարիչ: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1886–91, նկարչության ուսուցիչ՝ Մ. Շամշինյան), Մյունխենի Կայսերական ակադեմիայում (1891–94): Ապրել և աշխատել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Կովկասում (մասնավորապես Թիֆլիսում): Հ–ի նկարները (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ) պատկերում են XIX դ. վերջի և XX դ. սկզբի Թիֆլիսի (հիմնականում հայերի) կենցաղը: Ունի նաև թեմատիկ–կոմպոզիցիոն փոքրաչափ կտավներ («Թուրքական գազանությունների զոհերը», 1915, «Կարմիր բանակի մուտքը Թիֆլիս», 1921, երկուսն էլ անավարտ): Հ–ի բնանկարները (մեծ մասամբ ֆիգուրատիվ) արտացոլում են նախահեղափոխական գյուղի տխուր կյանքը («Վարը Արագածի լանջերին», 1910–20, Հ. Հակոբյան. «Հովիվը», 1910-ական թթ. ևն): Վավերական են Հ–ի քաղաքային պատկերները («Հին Թիֆլիս», 1888): Ստեղծել է հայ գեղջուկների («Հայ գյուղացին», 1917), արհեստավորների («Ոսկերիչ Ալեքոն», 1895–98, «Ձկնորս», 1892)՝ կենցաղային մեկնաբանությամբ ժողովրդական տիպեր, ինչպես նաև մտավորականների ու պատմական անձանց դիմանկարներ («Մովսես Խորենացի», 1900–10, «Նկարիչ Գաբրիելյան», «Կաթողիկոս Խրիմյան», 1900–10), ինքնանկարներ: Բացի հայկ. կերպարներից պատկերել է այլ ազգերի (վրացի, պարսիկ) ներկայացուցիչների՝ տվյալ ժողովրդին