Татевосян А., Армянские композиторы, Е., 1956.
ՄԱՅԻՍԻ ՄԵԿ, աշխատավորների միջազգային տոն, ամբողջ աշխարհի բանվորների համերաշխության օրը: Մ. մ. նշելու որոշումն ընդունել է II Ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը 1889-ին, ի հիշատակ Չիկագոյի բանվորների 1886-ի մայիսի 1-ի ելույթի և գործադուլի, որը դաժանորեն ճնշվել է: Որպես միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890-ին, Ավստրո–Հունգարիայում, Գերմանիայում, Դանիայում, Բելգիայում, ՍՄՆ–ում, Ֆրանսիայում և այլուր: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Մ. մ. դարձել է ավելի մասսայական և շատ երկրներում ձեռք է բերել ցայտուն արտահայտված հեղափոխական–հակակապիտալիստական ուղղվածություն: Մայիսմեկյան տոնակատարությունը սոցիալիստական երկրներում ընթանում է սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման համար աշխատավորների պայքարի, զարգացող ու գաղութային լծից ազատագրված երկրներում՝ իմպերիալիզմի ու ներքին հետադիմության դեմ պայքարի նշանաբանով: Զարգացած կապիտալիստական երկրներում աշխատավորներն այդ օրը հանդես են գալիս դեմոկրատական վերափոխումների պահանջներով:
Ռուսաստանում Մ. մ. առաջին անգամ նշվել է 1890-ին: 1891-ին Պետերբուրգի ս–դ. կազմակերպությունը, Մ. Բրուսնևի գլխավորությամբ, կազմակերպել է բանվորների մայովկա: Հետագայում այն նշվել է գործադուլների ու ցույցերի ձևով, «Կորչի՛ միապետությունը», «Կեցցե՛ հանրապետությունը» (1901) լոզունգներով: 1905-ի Մ. մ–ին բանվորներին են միացել նաև գյուղացիներն ու զինվորները: Ռեակցիայի տարիներին այդ օրը նշվել է ժողովների և հավաքույթների ձևով: 1912-ից մայիսմեկյան տոնակատարությունը դարձել է ավելի մասսայական (1913-ին մասնակցել է 420 հզ. բանվոր, 1913-ին՝ 500 հզ.), 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո այն նշվել է ազատ, աշխատավորներն այդ օրը հանդես են եկել «Ամբողջ իշխանությունը Սովետներին», «Կորչի՛ իմպերիալիստական պատերազմը» բոլշևիկյան լոզունգներով: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո սովետական աշխատավորները Մ. մ–ին իրենց համերաշխությունն են արտահայտում ամբողջ աշխարհի աշխատավորներին՝ նրանց հեղափոխական պայքարում: Հայաստանում Մ. մ. առաջին անգամ նշվել է 1919-ին, Երևանում:
«ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ» ՀԱՎԵՐ, պերվոմայսկիյե, մսաձվատու ցեղախումբ: Ստեղծվել է Խարկովի մարզի Մայիսի 1-ի անվ. թռչնաբուծական տնտեսությունում (հետագայում տոհմային աշխատանքները շարունակվել են Վորոնեժի և Պենզայի մարզերի տնտեսություններում), տեղական յուրլովյան հավերի և արտասահմանյան ռոդ–այլենդ ու վիանդոտ ցեղերի բարդ տրամախաչման եղանակով: Հաստատվել է 1950-ին: Փետրածածկն արծաթագույն է (պարանոցի, պոչի և թևերի ծայրափետուրներինը՝ գորշ): Վաղահաս են. ձվարկում են 6-6,5 ամսականից: Միջին ձվատվությունը՝ 142-180 հատ: Հասուն հավերի կենդանի զանգվածը՝ 2,6, իսկ աքաղաղներինը՝ մինչև 3 կգ է: Բուծվում են Մոսկվայի, Պենզայի և Կույբիշևի մարզերի, Կրասնոդարի, Բաշկիրիայի առանձին տնտեսություններում:
ՄԱՅԻՍՅԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս–արևելք, Լենինական–Թբիլիսի երկաթուղու և Լենինական–Ղուկասյան խճուղու մոտ: Կարտոֆիլաբանջարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հեռախոսային կայան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Մ–ում են ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրության նորոգման գործարանը և ջերմատնային տնտեսությունների տրեստի ջերմոցային տնտեսությունը: Գյուղի շրջակայքում կան սև տուֆի հանքավայրեր: Մ–ում կանգուն է Տիրանավոր Ս. Աստվածածին եկեղեցին (VII դ.): Խաչաձև գմբեթավոր հորինվածքով փոքրաչափ այս եկեղեցին, որ բարձրանում է բազմաստիճան որմնախարիսխի վրա, կառուցված է սրբատաշ կարմիր տուֆի քարերից (քանդված են ծածկը և գմբեթը): Խաչաթևերից երեքը ուղղանկյուն են, իսկ արլ. ներսից կիսաշրջանաձև է, բավական խոր բեմով, որին հս–ից կից է փոքրիկ աբսիդով ավանդատուն: Պատերին պահպանվել են շինարար վարպետների նշաններ: Մուտքը երկուսն են՝ հվ. և արմ. (ունի VII դ. բնորոշ զույգ կիսասյուներով շքամուտք, որը հետագայում փակվել է շարվածքով): Եկեղեցու հվ–արմ. մասը XIX դ. վերակառուցման արդյունք է:
ՄԱՅԻՍՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1920, համաժողովրդական զինված ապստամբություն Հայաստանում՝ դաշնակցականների և օտարերկրյա իմպերիալիստների տիրապետության դեմ: Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Նպատակն էր տապալել դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել սովետական կարգեր:
Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո Անդրկովկասում ստեղծված ներքին ու արտաքին բարդ իրապայմաններում բուրժուա–ագգայնական կուսակցություններին հաջողվեց օտարերկրյա իմպերիալիստների օգնությամբ զավթել իշխանությունը, երկրամասն անջատել Սովետական Ռուսաստանից և ստեղծել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի բուրժ. «անկախ» հանրապետություններ: Հայաստանում իշխանությունն անցավ դաշնակցություն կուսակցությանը:
Ազգամիջյան ընդհարումները, սովից ու համաճարակներից կոտորվող արևմտահայ գաղթականների հոծ բազմության առկայությունը, մաուզերիստների ու խմբապետների կամայականությունները, կառավարական պաշտոնյաների զեղծարարությունը Հայաստանը և հայ ժողովրդին դրել էին ծանր վիճակի մեջ: Սրվել էր դասակարգային պայքարը, որը հատկապես ուժեղացավ 1919-ի կեսերից, երբ անգլ. օկուպացիոն զորքերը հեռացան Անդրկովկասից:
ՌԿ(բ)Կ Կենտկոմի ու Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ և օգնությամբ 1919-ի ամռանը կազմակերպորեն ամրապնդվեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները, որոնց միավորման գործում մեծ դեր խաղացին նրանց 1919-ի սեպտեմբերյան խորհրդակցությունը և 1920-ի հունվարյան կոնֆերանսը: Ընտրվեց Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները միավորող օրգան՝ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե (Արմենկոմ) (տես Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության Հայաստանի կոմիտե), որի կազմում ընդգրկվեցին Ս. Ալավերդյանը, Ս. Կասյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը, Հ. Կոստանյանը, Ղ. Ղուկասյանը, Ա. Նուրիջանյանը, Դ. Տեր–Սիմոնյանը, Ա. Գոգունցը, Ա. Մելքոնյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ: Տեղերում (Ալեքսանդրապոլ, Երևան, Կարս, Սարիղամիշ, Նոր Բայազետ, Ղազախ–Դիլիջան, Զանգեզուրի գավառ ևն) աշխուժացավ կուսակցական կազմակերպությունների գործունեությունը: Դրանց աշխատանքները ղեկավարում էին Բ. Ղարիբջանյանը, Ս. Ալավերդյանը, Ղ. Ղուկասյանը, Հ. Սարուխանյանը, Բ. Բատիկյանը, Ե. Մկրտումյանը, Հ. Կամարին, Բ. Հարությունյանը և ուրիշներ: Հատկապես զգալի էր Ալեքսանդրապոլի բոլշևիկյան ընդհատակյա կոմիտեի աշխատանքը (ղեկավար՝ Բ. Ղարիբջանյան): Կոմիտեն կենդանի կապ էր հաստատել Շիրակի ավազանի Քյավթառլու, Ղուլիջան, Փոքր Պարնի, Նորաշեն և այլ գյուղերի կոմբջիջների հետ: Երիտասարդության շրջանում մեծ աշխատանք էր ծավալել 1919-ի գարնանը ստեղծված Կոմունիստական երիտասարդական «Սպարտակ» միությունը (ղեկավարներ՝ Ղ. Ղուկասյան, Ա. Բուդաղյան, Ա. Խանջյան): Կարմիր բանակի հաջողությունները Հյուսիսային Կովկասում և սովետական իշխանության հաղթանակը Ադրբեջանում առավել նպաստավոր իրադրություն ստեղծեցին Հայաստանում կոմունիստական կազմակերպությունների գործունեության համար: 1920-ի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որոնց կազմակերպիչն ու ղեկավարը ՌԿ(բ)Կ Արմենկոմն էր, առաջին գործնական քայլերն էին Մ. ա. նախապատրաստելու ուղղությամբ: Դրանք ամենուրեք անցնում էին դաշնակցականների կառավարությունը տապալելու և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/201
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ