Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ու միստիկական հուզավառությունը, գունային ու լուսաստվերային հակադրությունները, դիրքերի ու մոտիվների ընդգծված արտահայտչականությունը, ֆիգուրների համամասնությունների ձգվածությունը, վիրտուոզ, ինքնաբավ գծանկարը: Մաներիստական դիմանկարում (Բրոնզինո և ուրիշներ), որը այդ ժանրի զարգացման նոր ուղիներ է հայտնաբերել, կերպարների ազնվականական ներփակվածությունը զուգորդվել է բնորդի նկատմամբ արվեստագետի սուբյեկտիվ–հուզական վերաբերմունքին: 1540-ական թթ, պալատական արվեստում Մ. դարձել է իշխող ուղղություն, այդ շրջանի գեղանկարչությունը աչքի է ընկնում սառը, «ակադեմիական» պաշտոնականությամբ (Ջ. Վազարի, Ջ. Պ. Լոմացցո): Մ–ի քանդակագործությանը (Բ. Ամմանատի, Բ. Չելլինի) բնորոշ են մարմնաձևերի ոճավորումը, ծավալների մանրատվածությունը, ինչպես և բացարձակ կլոր քանդակի պրոբլեմների համարձակ լուծումը: Մ–ի ճարտ–յան մեջ (Բ. Ամմանատի, Ջ. Վազարի, Պ. Լիգորիո, Ջուլիո Ռոմանո) կերպարի հումանիստական պարզությունը իր տեղը զիջել է թատերական էֆեկտներին, հարդարանքի պաճուճավորմանը: Մ–ի իտալ. վարպետների գործունեությունը երկրի սահմաններից դուրս նպաստել է այդ ուղղության համաեվրոպական դառնալուն: Բոլոնիայի դպրոցի ակադեմիստների և Կարավաջոյի հանդես գալով Մ. անկում է ապրել՝ իր տեղը զիջելով բարոկկոյին: Ժամանակակից արևմտյան արվեստաբանության մեջ «Մ.» անհիմն կերպով տարածվում է նաև իրենց ուրույն ճանապարհով ընթացած կամ մասամբ ազդված վարպետների (Տինտորետտո, Էլ Գրեկո, Լ. Լոտտո, Պ. Բրեյգել Ավագ) վրա:
Գրկ. Виппер Б. Р., Борьба течений в итальянском искусстве XVI века..., М., 1956.
ՄԱՆԵՐՀԱՅՄ (Mannerheim) Կարլ Գուստավ Էմիլ (1867-1951), բարոն, ֆիննական պետական և ռազմական գործիչ, մարշալ (1933): Մինչև 1917-ը ծառայել է ռուս. բանակում: 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է միավորման հրամանատար: 1918-19-ին Ֆինլանդիայի ռեգենտն էր, 1939-ից՝ ֆին. բանակի գլխավոր հրամանատարը, Պետական պաշտպանության խորհրդի նախագահը (1931-ից): 1939-40-ին, սովետա–ֆինլանդական պատերազմի ժամանակ, և 1941–44-ին, որպես ֆաշիստական Գերմանիայի դաշնակից, ղեկավարել է ֆին. բանակի գործողությունները: 1944-ին հարկադրված որոշում է ընդունել՝ երկիրը դուրս բերել Բեռլինի ագրեսիվ պակտից և պատերազմից՝ սովետական կառավարության առաջադրած պայմաններով: 1944-ի օգոստոսից Ֆինլանդիայի պրեզիդենտն էր, 1946-ի մարտին, դեմոկրատական ուժերի ճնշման տակ, հեռացել է պաշտոնից:
«ՄԱՆԵՐՀԱՅՄԻ ԳԻԾ», նախկին ֆիննական սահմանային ամրությունների համակարգ Կարելյան պարանոցում: «Մ. գ.» է կոչվել ֆին. մարշալ Կ. Մաներհայմի անունով: Կառուցվել է 1927-39-ին: Շինարարությունն ավարտվել է բելգ. գեն. Բադուի (մասնակցել է «Մաժինոյի գծի» կառուցմանը) ղեկավարությամբ: «Մ. գ.» ճակատի գծով ուներ 135 կմ լայնություն և 95 կմ խորություն: Սովետա–ֆինլանդական պատերազմի (1939-40) ժամանակ սովետական զորքերը ճեղքեցին «Մ. գ.»: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) ժամանակ ֆին. զորքերը մասամբ վերականգնեցին «Մ. գ.»-ի ամրությունները, սակայն 1944-ին սովետական զորքերը երկրորդ անգամ ճեղքեցին այն (վիբորգյան ուղղությամբ) և այնուհետև, հիմնովին ոչնչացրին նրա պաշտպանական կառույցները:
Գրկ. Карбышев Д. М., Линия Маннергейма, в его кн.: Избр. научные труды,, М., 1962.
ՄԱՆԶԵԼԵՐ, գյուղ Տրապիզոնի վիլայեթում, Տրապիզոն քաղաքից մոտ 12 կմ հեռավորության վրա: 1915-ին ուներ 10 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի և դպրոց: 1895-ի հայկական կոտորածների ժամանակ գյուղը հիմնովին թալանվել է, տների մեծ մասը հրկիզվել: Բնակիչների որոշ մասը ստիպված հեռացել է Ռուսաստան (Սուխումի, Սոչի): Մնացած բնակչությունը 1915-ին բռնի տեղահանվել և բնաջնջվել է:Բ. Թոռլաքյան «ՄԱՆԶՈՒՄԵԻ ԷՖՔՅԱՐ» (բառացի՝ «Կարծիքների շարք»), հայատառ թուրքերեն և հայերեն օրաթերթ, շաբաթաթերթ: Լույս է տեսել 1866-1917-ին (երկու շրջանով), Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Կ. Փանոսյան, Մ. Գոչունյան (Քասիմ) և ուրիշներ: Սկզբում ունեցել է չափավոր ուղղություն: Այնուհետև, ռուս–թուրքական պատերազմի տարիներին, ընդունել է համարձակ դիրքորոշում, քննադատել թուրք. կառավարության ազգային քաղաքականությունը, պաշտպանել հայ ժողովրդի դատը: Լուսաբանել է գավառների տնտ., քաղ. և մշակութային կյանքը, ներկայացրել թուրք պաշտոնյաների կեղեքումներն ու հարստահարումները: 1880-ական թթ. գրաքննության խստացման հետևանքով թերթը կրկին չափավոր դիրք է գրավել: Երկրորդ շրջանում (1896-ից), պահպանելով անվանումը, թերթը հիմնականում լույս է տեսել հայերեն, վերածվել գլխավորապես գրական–մշակութային պարբերականի: Այս շրջանում աշխատակցել են Թեոդիկը, Ա. Անտոնյանը, Ե. Թոլայանը և ուրիշներ: «Մ. է.»-ում տպագրվել են վեպեր, վիպակներ, պատմվածքներ, չափածո գործեր, բանասիրական հոդվածներ:Գ. Ստեփանյան ՄԱՆԹԱՇ (ստորին հոսանքում՝ Քառանգու), գետ Հայկական ՍՍՀ Արթիկի և Ախուրյանի շրջանում, Ախուրյանի ձախ վտակը: Երկարությունը 55 կմ է, ավազանը՝ 1020 կմ²: Սկիզբ է առնում Արագած լեռնազանգվածի արմ. մասից, 3150 մ բարձրությունից: Վերին մասում հոսում է տրոգային հովտով, ապա խոր, V-անման ձորով դեպի հս–արմ. ու արմ.: Գետք գյուղի մոտ թափվում է Ախուրյանի մեջ: Ունի խառը սնում: Հորդանում է մայիս–հունիսին: Տարեկան միջին ծախսը 1,27 մ³/վրկ է, հոսքը՝ 40 մլն մ³: Գետի վրա (վերին հոսանքում) կառուցվել է Մ–ի ջրամբարը:
ՄԱՆԹԱՇԻ ՋՐԱՄԲԱՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից մոտ 14 կմ հեռավորության վրա, Արագածի հս–արմ լանջին: Շահագործման է հանձնվել 1967-ին: Երկարությունը 2.8 կմ է, խորությունը՝ 25 մ: Պատնեշը հողային է, ունի 29 մ բարձրություն, 400 մ երկարություն, կատարային մասում՝ 4,5 մ լայնություն: Ոռոգում է 3780 հա հողատարածություն: Սնումը խառն է: Ընդհանուր ծավալը 8,2 մլն մ³ է, օգտակարը՝ 7.9 մլն մ³, հայելու մակերեսը՝ 76,4 հա: Տարեկան բաց է թողնում 25 մլն մ³ ջուր, որից 12 մլն մ³ օգտագործվում է ոռոգման, իսկ 13 մլն մ³՝ Արթիկ քաղաքի և շրջանի բնակավայրերի ջրամատակարարման համար:Հ. Թադնոսյան ՄԱՆԹԱՇՅԱՆ Ադոլֆ Հայրապետի (ծն. 16. 3.1932, Երևան), հայ սովետական քիմիկոս: Քիմ. գիտ. դոկտոր (1974), պրոֆեսոր (1976): Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ. (1956): 1962-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ քիմ. ֆիզիկայի լաբորատորիայում (1975-ից՝ ինստ.) որպես գիտնական քարտուղար, 1975-77-ին՝ դիրեկտորի տեղակալ գիտության գծով և 1977-ից՝ ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ: Գիտ. աշխատանքները նվիրված են շղթայական ռեակցիաների, մասնավորապես ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմների ուսումնասիրությանը: Մ. մշակել է (Ա. Նալբանդյանի հետ) ռադիկալների սառեցման կինետիկ մեթոդ, ածխաջրածինների գազաֆազային օքսիդացման պրոցեսներում հայտնաբերել գլխավոր ակտիվ կենտրոնները՝ ալկիլ, պերօքսիդային և ալկօքսի ռադիկալները: Ածխաջրածինների օքսիդացման և սառը բոցերի նրա հետազոտությունները կարևոր են այլասեռված շղթայական ռեակցիաների տեսության զարգացման համար: Արժանացել է (Ա. Նալբանդյանի հետ) ՀՍՍՀ պետական մրցանակի (1976):
Երկ. Элементарные процессы в медленных газофазных реакциях, Е.,1975 (հեղինակակից՝ Налбандян А. Б.).
ՄԱՆԹԱՇՅԱՆՆԵՐ, Մանթաշևներ, Մանթաշովներ, խոշոր նավթարդյունաբերողներ Անդրկովկասում, XIX դ. վերջին և XX դ. սկզբին: Թավրիզցի, ապա թիֆլիսաբնակ հայ առևտրական Հովհաննեսի որդի Ալեքսանդրը (1849-1911) հոր մահից (1878) հետո Բաքվում զբաղվել է նավթարդյունաբերությամբ: Դարձել է «Թիֆլիսի առևտրական բանկ»-ի (մասնաճյուղեր է ունեցել Բաքվում և Բաթումում) գլխավոր բաժնետերը, 1899-ին՝ հիմնել «Ա. Մանթաշյանց և ընկ. առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը (կապիտալը 1899-ին՝ 22 մլն, 1914-ին՝ 30 մլն ռ.): Ռուս. կառավարության հովանավորությամբ օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առևտրա–ֆինանսական գործարքներ և դարձել Ռուսաստանի մեծահարուստներից մեկը: