Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապագայում հասարակական արդարության հաղթանակը: Քարոզելով միաստվածության գաղափարը՝ ի դեմս Եհովայի, նպաստել են թագավորական իշխանության կենտրոնացմանն ու հզորացմանը: Նրանք բարոյական սկզբունքը վեր են դասել պաշտամունքային մերկ ծեսերից ու կենդանիների զոհաբերությունից:
Մ–ի ուսմունքը, կանխագուշակումները փոխանցվել են բանավոր, հետագայում գրանցվել ժողովածուներում, առանձին գրքերում, որոնք վերջնական խմբագրման են ենթարկվել, ըստ երևույթին, մ. թ. ա. VI-V դդ.: Ըստ ծավալի, Մ–ի գրքերը պայմանականորեն բաժանվում են «մեծ» և «փոքր» մարգարեությունների: Մեզ են հասել 3 «մեծ» (Եսայի, Երեմիա, Եզեկիել) և 12 «փոքր» Մ–ի ժողովածուները, որոնք աչքի են ընկնում ճոխ բանաստեղծական լեզվով և կարևոր ներդրում են հին հրեական լեզվի ու գրականության զարգացման մեջ: Մ–ի գրական ստեղծագործությունը հետագայում մեծ ազդեցություն է ունեցել հուդայական աղանդավորական և քրիստոնեական գաղափարախոսության վրա: Մ–ի գաղափարներին դիմել են միջնադարյան քրիստոնեական աղանդավորները, գյուղացիական պատերազմների գաղափարախոսները, սոցիալիստ–ուտոպիստները:
Գրկ. Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881: Heaton E. W., The Old Testament Prophets, Harmondsworth, 1958; Eissfeldt O., The Prophetic literature, տես «The Old Testament and Modern Study», Oxf., (1961); Fоhrer G., Geschichte de n israelitischen Religion, B., (1968).
ՄԱՐԳԱՐԻՆ (ֆրանս. margarine), սննդանյութ, ձեթերի ու կենդանական ճարպերի, կաթի, համեմունքների և այլ նյութերի խառնուրդ: Սննդարարությամբ, համով, քիմ. բաղադրությամբ և ֆիզիկական հատկություններով նման է կարագին: Մ. օրգանիզմում յուրացվում է 94-97,6%-ով, կարագը՝ 93-98,5%-ով: Տարբերում են կաթնային, խոհարարական և փոշենման Մ–ներ: Կաթնային Մ. ճարպի էմուլսիան է կաթում, որն օգտագործվում է անմիջականորեն և խոհարարական նպատակներով: Խոհարարական Մ. բուսական ձեթերի և կենդանական ճարպերի խառնուրդ է, օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ և խոհարարական գործում: Փոշենման Մ. օգտագործվում է խտացված սննդի պատրաստման համար: Արևմտյան Եվրոպայում Մ–ի արտադրությունն սկսվել է 1869-ին, ՍՍՀՄ–ում՝ 1927-ին (1977-ին արտադրվել է 1,2 մլն ա Մ.): Մ–ի արտադրության հիմնական հումքը բուսական ձեթերը (օգտագործվում են առանց հիդրոգենացման կամ հիդրոգենացումից հետո) և կենդանական ճարպերն (տավարի, ոչխարի, խոզի, ոսկրի) են: Մ–ի արտադրության համար ճարպերը նախ ռաֆինացնում և հոտազերծում են, ապա պատրաստում ջրաճարպային էմուլսիա: Կաթը մերում են կաթնաթթվային մանրէների օգնությամբ: Որպես համեմունք ավելացնում են կերակրի աղ (0,2-0,7%), շաքար, առանձին տեսակներին՝ կակաո, սուրճ, վանիլին ևն: Բարձրարժեք Մ–ին ավելացվում է նաև կարագ, բնական սննդային ներկեր, վիտամիններ, կաթնասեր ևն: ՀՍՍՀ–ում Մ. արտադրվում է Երևանի ձեթ–օճաոի կոմբինատում:
ՄԱՐԳԱՐԻՏ, որոշ փափկամորթների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում: Մ. կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին, հիմնականում ածխաթթվային կալցիումից: Առաջանում է խեցու մեջ կողմնակի իր (ավազահատիկ ևն) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը կուտակվում է սադափը: Գույնը՝ սպիտակ, վարդագույն կամ դեղնավուն, երբեմն՝ սև: Ունի մանրադիտակայինից մինչև աղավնու ձվի չափեր: Խոշոր, կանոնավոր Մ. գնահատվում է խիստ թանկ: Համարում են, որ ամենախոշոր՝ 34 կարատանոց մարգարտահատը պատկանել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ին: Մ. մեծ մասամբ արդյունահանում են գաղտակուրներից, որոնց խեցիներն օժտված են գեղեցիկ սադափով: Ծովային Մ. արդյունահանվում է Կարմիր ծովում, Պարսից ծոցում, Շրի Լանկայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Վենեսուելայի ափերին: XX դ. աճեցվում է արհեստական Մ. (հիմնականում Ճապոնիայում): Կիրառվում է ոսկերչական գործում որպես թանկարժեք քար:
ՄԱՐԳԱՐԻՏ ՆԱՎԱՐԱՑԻ (Marguerite de Navarre) (1492-1579), Նավարայի թագուհի, գրող: Համակրել է չափավոր Ռեֆորմացիային, պաշտպանության տակ է առել նրա կողմնակիցներին: Մ. Ն–ու շուրջ խմբված էին ֆրանս. ականավոր հումանիստներ (Մարոն, Դեպերյեն, Դոլեն, Ռաբլեն): Առավել հայտնի ստեղծագործությունը՝ «Հեպտամերոնը» (1559, գրված է Բոկաչչոյի ազդեցությամբ), պատկերում է XVI դ. կեսի ֆրանս. ազնվականության բարքերն ու ապրելակերպը:
ՄԱՐԳԱՐՅԱՆ Ալեքսանդր Սիմոնի (ծն. 15.3.1924, գ. Քարաշեն (ՀՍՍՀ Գորիսի շրջանում)), հայ սովետական լեզվաբան: Բանասիրական գիտ. դ-ր (1967), պրոֆեսոր (1969): ՍՄԿԿ անդամ 1945-ից: Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1949), որտեղ և դասախոսում է 1950-ից: Զբաղվում է հայոց լեզվի քերականության և պատմության, հայերենի բառագիտության, բառարանագրության, հայ բարբառագիտության հարցերի ուսումնասիրությամբ: Հրատարակել է «Արդի հայերենի կապերը» (1955), «Մ. Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը» (1957), «Խ. Աբովյանը և աշխարհաբարը» (1958), «Հայերենի հարադիր բայերը» (1966), «Գորիսի բարբառը» (1975) աշխատությունները: Կազմել է Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» համաբարբառը (3 գիրք):
ՄԱՐԳԱՐՅԱՆ Ասատուր Եփրեմի (28(15).8. 1906, գ. Մալիշկա (այժմ՝ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում)), հայ սովետական պտղաբույծ: Կենսբ. գիտ. դ-ր (1965), պրոֆեսոր (1962): ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է Սուխումիի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստ-ը (1934): 1938-ից Հայկ. գյուղատնտ. ինստ-ի պտղաբանջարաբուծության ամբիոնի վարիչ: Գիտ. աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, սորտաշրջանացման և ագրոտեխնիկայի հարցերին: Ուսումնասիրել է ՀՍՍՀ խնձորենու ձևագոյացման կենտրոնները, հեռավոր հիբրիդացման եղանակով նոր սորտերի ստացումը, նկարագրել է խնձորենու տեսակային և սորտային կազմի կենսբ. առանձնահատկությունները, հայտնաբերել դրա տեղական 60 սորտ, որոնցից 4-ը (Ղափար, Չխչխկան, Սյունիքախնձոր, Կարմրկենի) ներդրել է ՀՍՍՀ հվ–արլ. և հս–արլ. շրջաններում: Մշակել է ՀՍՍՀ լեռնային և նախալեռնային շրջաններում պտղատու այգիների հիմնադրման և մշակության ագրոմիջոցառումներ:
Երկ. Հայաստանի վայրի պտուղները, Ե., 1959 (հեղինակակից Շահինյան Հ. Ն.): Տեղական ծագում ունեցող խնձորենու տեսակային և սորտային կազմը Հայկական ՍՍՀ–ում, Ե., 1960: Պտղաբուծություն, Ե., 1976 (հեղինակակից Շահինյան Հ. Ն.):
ՄԱՐԳԱՐՅԱՆ Արշալույս Հակոբի (ծն. 18.4.1914, Թիֆլիս), հայ սովետական բանաստեղծուհի: Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1936): Առաջին գիրքը՝ «Ձնծաղիկներ» խորագրով, լույս է տեսել 1947-ին: Հրատարակել է «Գարնանային վտակներ» (1954), «Հայրենի հովիտ» (1958), «Հեռաստաններ» (1962), «Երբ սիրում ես» (1970), «Դու ինձ սպասում էիր» (1975), «Ինձ հետ էիր դու» (1979) և այլ ժողովածուներ: Գրել է նաև մանուկների համար՝ «Թթենու տակ» (1954), «Մանկապարտեզ № 1» (1972):
ՄԱՐԳԱՐՅԱՆ Բենիամին Եղիշեի (ծն. 29.11(12.12). 1913, Շուլավեր (այժմ՝ Շահումյան, Վրաց. ՍՍՀ Մառնեուլի շրջան)), հայ սովետական աստղագետ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971): ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1961): ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի պրեզիդենտ (1976-79): ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1938): Աշխատում է Բյուրականի աստղադիտարանում. ավագ գիտաշխատող (1943-51), դիրեկտորի տեղակալ (1953-56), գալակտիկաների ուսումնասիրության բաժնի վարիչ (1957-ից): 1943-1950-ին աստղագիտություն է դասավանդել Երևանի համալսարանում: Գիտ. աշխատությունները վերաբերում են աստղային ու արտագալակտիկ աստղագիտության պրոբլեմներին: Մասնակցել է աստղերի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների տեսության մշակմանը՝ հաշվի առնելով միջաստղային