Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գրոսմայստեր (շախմատի՝ 1935-ից, շաշկու՝ 1961-ից): 1950-60-ական թթ. միութենական հանրապետություններում սահմանվեցին սպորտի վարպետի (ազգային ձևերից), հանրապետության վաստակավոր մարզիչի և հանրապետական կարգի մրցավարի Մ. կ–ներ: Ադրբեջանում, Բելոռուսիայում, Էստոնիայում, Հայաստանում, Լատվիայում, Լիտվայում և Մոլդավիայում Գերագույն սովետների նախագահությունների հրամանագրերով շնորհվում է տվյալ հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում: Մարզական տերմինաբանության մեջ Մ. կ–ներ են դիտվում նաև չեմպիոնն ու ռեկորդակիրը: ՀՍՍՀ–ում կա (1980-ին) 22 ՍՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, 91 ՍՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, 2187 ՍՍՀՄ սպորտի վարպետ, 272 համամիութենական կարգի մրցավար, 1071 հանրապետական կարգի մրցավար, 15 ՍՍՀՄ վաստ. մարզիչ, 447 ՀՍՍՀ վաստ. մարզիչ և ՀՍՍՀ ֆիզկուլտուրայի ու սպորտի 39 վաստ. գործիչ (հաշվարկում են նաև տեխ. մարզաձևերի ներկայացուցիչները): Մ. կ–ներին են հարվում նաև կարգերը (վարպետության թեկնածու, մարզական I, II, III և պատանեկան կարգեր): Գոյություն ունեն նաև միջազգային Մ. կ–ներ, որոնք շնորհում են համապատասխան մարզական ֆեդերացիաները: Դրանցից են. միջազգային կարգի մրցավար (ըստ ձևերի՝ ՀՍՍՀ–ում՝ 16), միջազգային գրոսմայստեր և վարպետ (շախմատ, շաշկի, ՀՍՍՀ–ում 2 գրոսմայստեր՝ մեկը շախմատային կոմպոզիցիայի, և 2 վարպետ): Մ.կ–ների հետ առնչվում են մարզական նշաններն ու պարգևները: ՍՍՀՄ–ում սահմանված են միասնական միութենական կրծքանշաններ, որոնք արվում են համապատասխան Մ. կ. շնորհելու հետ միասին: Դրանցից են «ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ» (1935-ին առաջինն ստացել է չմշկորդ Յա. Ֆ. Մելնիկովը), «ՍՍՀՄ սպորտի վարպետ» (1949-ին, մարմնամարզիկ Ա. Ս. Աբրահամյանը), «ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ» (1956-ին, Վ.Ի. Ալեքսեև, թեթև աթլետիկա), «ՍՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ» (1965-ին, Բ. Ա. Մայորով, հոկեյիստ), «Պատվավոր մրցավար», «Ֆիզկուլտուրայի և սպորտի գերազանցիկ», «Մրցավարների համամիութենական կոլեգիա» (համամիութենական կարգի մրցավարների համար), «ՊԱՊ» ևն: Մարզական պարգևներից են աշխարհի, մայր ցամաքների, որևէ երկրի առաջնությունների և օլիմպիական խաղերի մեդալները, փոխանցիկ մրցանակները (գավաթ), դիպլոմները, պատվոգրերը, հուշամեդալները ևն:
ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ, առարկաներ և գույք ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար, որոնք պատրաստվում են միջազգային (կամ որևէ երկրի) մարզական ֆեդերացիաների հաստատած ու ստանդարտների միջազգային (կամ որևէ երկրի) կազմակերպությունների ընդունած տիպօրինակներով: Մ. հ. և կ–ի հիմնական խմբերն են հագուստը (շուրջ 200 տեսակ), կոշիկները (ավելի քան 60 տեսակ), ապահովիչ և պաշտպանիչ հանդերձանքը (ակնոց, դիմակ, սաղավարտ, ձեռնոցներ ևն), գնդակները, ռակետաները, մականները, մարզական զենքերը, թեթև և ծանր աթլետիկայի և մարմնամարզության գործիքները, մարզական նավակները, հեծանիվները, մոտոցիկլետները, ավտոմեքենաները, ինքնաթիռները, պլաներները, ինչպես նաև դարպասները, ցանցերը, բռնցքամարտի ռինգը, ըմբշամարտի գորգերը ևն: ՍՍՀՄ–ում Մ. հ. և կ. արտադրում են մոտ 700 ձեռնարկություն (խոշորագույնը՝ Մոսկվայի «Սպորտ» կոմբինատը): Մ. հ. և կ. արտադրող արտասահմանյան խոշորագույն ֆիրմաներից են «Ադիդաս»-ը և «Բերգ»-ը (ԳՖՀ), «Դանլոփ»-ը (Մեծ Բրիտանիա), «Արտեքս»-ը (Հունգարիա), «Բոտաս»-ը (Չեխոսլովակիա) և ուրիշներ:
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ, ֆիզկուլտուրան ու սպորտը պրոպագանդող թերթեր, հանդեսներ, տեղեկատուներ և պարբերական այլ հրատարակություններ: ՍՍՀՄ–ում Մ. մ. կոմունիստական դաստիարակության համակարգի տարրերից է: Լինում է. կենտրոնական (ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի, ՀԱՄԿԽ–ի և ԴՕՍԱԱՖ–ի օրգաններ, ինչպես նաև մարզական ֆեդերացիաների հրատարակություններ), հանրապետական, տեղական (մարզային ու քաղաքային թերթերի հավելվածներ, տեղեկաաուներ, մրցումների ծրագրեր ևն): Սովետական առաջին մարզական ամսագիրը «Սպորա»-ն էր («Спорт», 1918): ՍՍՀՄ–ում լույս տեսնող մարզական թերթերի տպաքանակն ավելի քան 5 մլն է, իսկ ամսագրերինը՝ մոտ 2 մլն: Մեծ մասսայականություն են վայելում «Սովետսկի սպորտ» թերթը («Советский спорт», 1924-ից, մինչև 1946-ը՝ «Կրասնի սպորտ» («Красный спорт»)), «Ֆիզկուլտուրա ի սպորտ» («Физкультура и спорт», 1922-ից), «Սպորտիվնիյե իգրի» («Спортивные игры», 1955-ից), «Շախմատի վ ՍՍՍՌ» («Шахматы в СССР», 1921-ից) և այլ ամսագրեր: Մ. մ. կա միութենական բոլոր հանրապետություններում: ՀՍՍՀ–ում լույս են տեսնում «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը՝ 1956-ից և «Շախմատային Հայաստան» հանդեսը՝ 1972-ից: Սոցիալիստական երկրներում հրատարակվում է ավելի քան 100 անուն թերթ ու ամսագիր (ԳԴՀ–ում՝ մոտ 40, Չեխոսլովակիայում՝ 20, Լեհաստանում՝ 10 են), հայտնի են «ԴԴՌ–Սպորտ» («DDR-Sport», Բեռլին, 1959-ից), «Աթլետիկա» («Atletika», Պրագա, 1949-ից), «Նառոդեն սպորտ» («Народенъ спортъ», Սոֆիա, 1944-ից) ևն: Կապիտալիստական երկրներում Մ. մ. հրատարակում են մարզական միություններն ու ակումբները և մասնավոր հրատարակությունները: Մ. մ–ի հատուկ խումբ են կազմում միջազգային մարզական միավորումների թերթերը, ամսագրերն ու տեղեկատուները, որոնցից են «Բյուլետեն օֆիսիել դը ՈւԷՖԱ» («Bulletin officiel de l'UEFA», Բեռն, 1960-ից), «ՖԻՖԱ նյուզ» («FIFA news», Ցյուրիխ, 1963-ից, անգլ., ֆրանս., իսպ., գերմ.), «ՖԻՍ–բյուլետեն» («FIS-Bulletin», Բեռն, 1958-ից) ևն:
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ միջազգային, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի միջազգային և մայրցամաքային ոչ կառավարական կազմակերպություններ: Մ. մ–ի անդամներ են ազգային, որոշ դեպքերում նաև միջազգային մարզական կազմակերպությունները, ինչպես նաև առանձին անհատներ: Մ. մ. տարբերակվում են. ընդհանուր բնույթի, որոնց գործունեությունը չի սահմանափակվում որևէ մարզաձևով (օրինակ, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի միջազգային խորհուրդը), հատուկ որևէ մարզաձևի (բռնցքամարտի, վոլեյբոլի ևն), ֆիզկուլտուրային և սպորտին առնչվող գիտությունների (օրինակ, Մարզական բժշկության ֆեդերացիա), ըստ մասնագիտության (օրինակ, Երկաթուղայինների միջազգային մարզական միություն) ևն: Կան Մ. մ., որոնց անդամ են հանդիսանում միայն սոցիալիստական երկրների (Բարեկամական բանակների մարզական կոմիտե) կամ միայն կապիտալիստական երկրների (Զինվորական սպորտի միջազգային խորհուրդ) մարզական կազմակերպությունները: Գոյություն ունեն ավելի քան 200 Մ. մ., որոնց խնդիրներն են. օգնել ստեղծելու համապատասխան ազգային կազմակերպություններ, ճանաչել դրանք, հաստատել և զարգացնել կապերը, հսկել այդ կազմակերպությունների ընդունած կանոնների կատարումը, ուսումնասիրել ու տարածել միջազգային փորձը, պլանավորել ու անցկացնել միջազգային մրցումներ, գրանցել ռեկորդները: Սովետական մարզական կազմակերպությունները 70 Մ. մ–ի անդամ են: Տես նաև Մարզական ֆեդերացիաներ:
ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ, խնդիրներն են. ի հայտ բերել ուժեղագույն մարզիկներին և թիմերին, մարզական վարպետության կատարելագործումն ու բարձրագույն նվաճումները, պրոպագանդել ֆիզիկական կուլտուրան ու սպորտը: Լինում են միջազգային, աշխարհամասային ու ազգային (որևէ երկրի): Ըստ ծրագրի կարող են լինել կոմպլեքսային (օլիմպիական խաղեր, սպարտակիադաներ ևն) և մասնագիտացված (որևէ մարզաձև), հաղթողին որոշելու պայմաններով՝ անհատական (միայն անհատական արդյունքներով), թիմային, անհատական–թիմային. բնույթով՝ պաշտոնական (խաղարկվում են չեմպիոնի կոչումը, գավաթը ևն), դասակարգման (մասնակիցների մարզական դասակարգումը որոշելու համար), ընկերական (նաև ավանդական, օրինակ, ՍՍՀՄ–ԱՄՆ թեթև աթլետների հանդիպումները): Անցկացվում են 3 ձևով, շրջանային (իրար հետ բոլոր մասնակիցների մեկ կամ մի քանի անգամ հանդիպումներ, հաղթանակը՝ միավորներով), գավաթային (պարտվողը դուրս է մնում) և խառը (շրջանային և գավաթայինի սկզբունքների միավորում): Մ. մ. ունեն հետևյալ տարբերակները, տղամարդկանց և կանանց (բացառությամբ ձիավարության և տեխնիկական որոշ ձևերի), մեծահասակների, երիտասարդական, պատանեկան և մանկական (մարզական պարերը, գեղասահքը, թենիսը, սեղանի թենիսը ևն՝ խաոը զույգերով):