անգլո–ամերիկյան դաշնակցային զորքերը մտան Մ․։ Մ–ի ֆրանս․ գոտում ստեղծվեցին ռազմ. բազաներ։ Պատերազմի տարիներին երկրին անկախություն տալու պահանջով հանդես էին գալիս 1943-ին ստեղծված Մ–ի կոմկուսը (ՄԿԿ, արգելվել է 1959-ին), «Իստիքլյալ» կուսակցությունը ինչպես նաև 1927-ից սուլթան Սիդի Մուհամմադ բեն Յուսուֆը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ ֆրանս․ գաղութային վարչակարգը պահպանվում էր անփոփոխ։ 1945-ին Տանժերում վերականգնվեց միջազգային ռեժիմը։ Մ–ում նոր թափ ստացավ ազգային–ազատագրական շարժումը, որտեղ կարևոր դեր էր խաղում բանվոր դասակարգը։ 1950-ին Մ–ի սուլթանը Ֆրանսիային հուշագրեր ներկայացրեց՝ Մ–ին լրիվ ինքնուրույնություն տալու պահանջով, որը, սակայն, մերժվեց։ 1952-ին Մ–ի քաղաքներում տեղի ունեցան հակագաղութային զանգվածային ելույթներ և ընդհարումներ զորքերի հետ։ 1953-ի օգոստոսին ֆրանսիացիները գահընկեց արեցին և երկրից արտաքսեցին սուլթանին։ Երկրում ծավալվեց զինված դիմադրություն։ Սովետական Միությունը և աշխարհի այլ առաջադեմ ուժեր աջակցում էին Մ–ի ժողովրդի ազատագրական պայքարին։ Ֆրանս. իշխանությունները հարկադրված 1955-ի նոյեմբերին վերադարձրին սուլթանին։ 1956-ի մարտի 2-ին Մ․ հռչակվեց անկախ։ 1956-ի ապրիլին վերացվեց պրոտեկտորատը իսպանական գոտում, հոկտ․ 29-ին՝ Տանժերի միջազգային ռեժիմը (1957-ի հունվ․ 1-ից Տանժերը մտավ Մ–ի կազմի մեջ)։ 1956-ի նոյեմբերին Մ․ ընդունվեց ՄԱԿ։
Անկախության նվաճումից հետո թագավոր (1957-ից) Մուհամմադ V (նույն Սիդի Մուհամմադ բեն Յուսուֆը) հռչակեց երկրի ազգային վերածննդի, ազգային տնտեսություն ստեղծելու և օտարերկրյա կապիտալիստական տերությունների տնտ․ ու քաղ․ կախվածությունից ազատվելու կուրս։ Մինչև 1961-ի նոյեմբերը ամբողջովին դուրս բերվեցին ֆրանս․ զորքերը, վերացվեցին ֆրանս․ և ամերիկյան ռազմ. բազաները։ Արտաքին ասպարեզում Մուհամմադ V-ի կառավարությունը վարում էր չեզոքության քաղաքականություն, աջակցում Ալժիրի ազատագրական շարժմանը։ Մուհամմադ V-ի մահից (1961) հետո գահ բարձրացավ որդին՝ Հասան II։ 1962-ին ընդունվեց Մ–ի առաջին սահմանադրությունը, 1963-ի մայիսին կայացան առաջին պառլամենտական ընտրությունները։ 1960-ական թթ․ ժող․ զանգվածների դրության վատթարացումը սրեց սոցիալական հակասությունները, տեղի ունեցան գործադուլներ, հաճախակի փոխվում էին կառավարությունները։ 1970-ական թթ․ կառավարությունը ձեռնարկեց երկրի ներքին դրությունը կայունացնելու մի շարք միջոցառումներ։ 1972-ի մարտին ընդունվեց նոր սահմանադրություն, որն ընդլայնեց պառլամենտի ու կառավարության իրավունքները։ 1975-ին Մադրիդում կնքվեց իսպանա–մարոկկո–մավրիտանական համաձայնագիր՝ Արևմտյան Սահարան Մ–ին և Մավրիտանիային հանձնելու վերաբերյալ, որի հիման վրա Մ–ի և Մավրիտանիայի զորքերը մտան Արևմտյան Սահարա։ Նրանց դեմ մարտական գործողություններ ծավալեցին Արևմտյան Սահարայի ազատագրական ճակատի (ՊՈԼԻՍԱՐԻՈ) ուժերը։ Ալժիրը ճանաչեց 1976-ին հռչակված Սահարայի արաբ. դեմոկրատական հանրապետությունը, որի պատճառով Մ․ խզեց դիվանագիտական հարաբերություններն Ալժիրի հետ։ 1977-ի փետրվարին Մ․ դադարեցրեց իր գործունեությունը Աֆրիկյան միասնության կազմակերպությունում (որի հիմնադիրներից էր)։
ՍՍՀՄ–ի և Մ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1958-ին․ 1958–78-ին կնքվել են տնտ․, տեխ․, գիտական համագործակցության և առևտրական համաձայնագրեր։
VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները
«Իստիքլյալ» («Անկախություն»), հիմնվել է 1943-ին, առավել ազդեցիկ բուրժ․ կուսակցություն է։ Ժողովրդական ուժերի ազգային միություն (ԺՈԻԱՄ), ստեղծվել է 1959-ին, Իստիքլյալից անջատված ձախթևականների կողմից։ Ժողովրդական ուժերի սոցիալիստական միություն (ԺՈԻՍՄ), ստեղծվել է 1974-ին։ Անկախների ազգային միավորում (ԱԱՄ), հիմնվել է 1978-ին, պրոկառավարական կուսակցություն է։
Առաջադիմության և սոցիալիզմի կուսակցություն (ԱՍԿ), հիմնվել է 1974-ին։
Աշխատանքի մարոկկոյական միություն (ԱՄՄ), ստեղծվել է 1955-ին, ունի ավելի քան 300 հզ․ անդամ (1978), համագործակցում է ԺՈԻԱՄ–ի հետ։
Մարոկկոյական աշխատավորների համընդհանուր միություն, հիմնվել է 1960-ին, ունի մոտ 100 հզ․ անդամ, գործում է Իստիքլյալի վերահսկողության ներքո։ Աշխատանքի դեմոկրատական կոնֆեդերացիա, ստեղծել են ԱՄՄ–ից անջատված գործիչները՝ 1978-ին։ Գտնվում է ԺՈԻՍՄ–ի ազդեցության ներքո։
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
Մ․ ագրարային երկիր է՝ համեմատաբար զարգացած լեռնահանքային արդյունաբերությամբ։ Ազգային համախառն արտադրանքի ընդհանուր արժեքի (18,0 մլրդ դիրհամ, 1977) 2/5-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանն ու լեռնահանքային արդյունաբերությանը։ Բարձրապրանքային գյուղատնտ․ ֆերմաների և ժամանակակից արդ․ ձեռնարկությունների կողքին մեծ տեղ են գրավում մանրապրանքային գյուղատնտեսությունը և տնայնագործական մանր ձեռնարկությունները։ Երկրի բնակչության մեծ մասն զբաղված է տնտեսության ավանդական սեկտորում։ Զարգանում է պետ․ սեկտորը։
Գյուղատնտեսությունը տնտեսության հիմնական ճյուղն է։ Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում է հացահատիկը։ Մշակում են նաև կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, լոլիկ, բամբակ, խաղող։ Կան ցիտրուսայինների և ձիթենու ընդարձակ պլանտացիաներ։ Անասնապահությունը հետամնաց է, էքստենսիվ։ 1978-ին Մ–ում կար 2,91 մլն գլուխ խոշոր, 21,3 մլն գլուխ մանր եղջերավոր անասուն։ Կա ձկնորսություն (286 հզ․ տ, 1978)։
Արդյունաբերությանը բաժին է ընկնում երկրի ազգային եկամտի 30%–ը։ Զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը, հատկապես՝ ֆոսֆորիտների (19,3 մլն տ, 1978, հանույթով 2-րդ տեղը կապիտալիստական աշխարհում), նաև երկաթի, մանգանի, կապարի, ցինկի, կոբալտի, նավթի, գազի արդյունահանումը։ 1978-ին արտադրվել է 3737 մլն կվտ•ժ էլեկտրաէներգիա։ Կարևոր դեր ունի մշակող արդյունաբերությունը, որը ներկայացված է սննդի, տեքստիլ, քիմ․, նավթամշակման, մետաղամշակման և այլ ձեռնարկություններով։ Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղերն են ձկան (1-ին տեղը աշխարհում սարդինաների պահածոների արտադրությամբ), մրգի և բանջարեղենի պահածոների, մրգահյութի, շաքարի, ալյուրի արտադրությունը։
Տրանսպորտը։
Երկաթուղիների երկարությունը 1770 կմ է, ավտոճանապարհներինը՝ 27,7 հզ․ կմ (1978)։ Արտաքին առևտրի մեծ մասը կատարվում է ծովային նավատորմով։ Գլխավոր նավահանգիստներն են Կասաբլանկան (որին բաժին է ընկնում արտաքին փոխադրումների 80%–ը), Սաֆին, Մոհամեդիան, Տանժերը։ Կան օդանավակայաններ։
Արտաքին առևտուրը։ 1978-ին Մ–ի արտահանումը կազմել է 6261 մլն դիրհամ, ներմուծումը՝ 12361 մլն դիրհամ։ Արտահանում է ֆոսֆորիտներ, պահածոներ, ցիտրուսներ, գինի, ֆոսֆորական թթու, գորգեր, խցանի հումք ևն, ներմուծում՝ արդ․ և գյուղատնտ․ սարքավորում, հում նավթ, թեյ, սուրճ, ցորեն, սև և գունավոր մետաղների գլոցվածք ևն։ Առևտրական հիմնական գործընկերներն են Ֆրանսիան (որին բաժին է ընկնում արտաքին առևտրի 1/4-ը), ԳՖՀ, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան։ Տնտ․ և առևտրական կապերի մեջ է նաև ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ։ ՍՍՀՄ–ի օգնությամբ կառուցվել են արդ․ օբյեկտներ, հետախուզվում են օգտակար հանածոները։ Տնտեսության համար կարևոր նշանակություն ունի տուրիզմը, որի հիմնական կենտրոններն են Ագադիրը, Ֆեսը, Մառակեշը, Տանժերը, Թեթուանը։
Դրամական միավորը դիրհամն է։ 100 դիրհամը = 15 ռ․ 79 կ․ (1981)։
VIII․ Զինված ուժերը
Մ–ի զինված ուժերը (ավելի քան 100 հզ․ մարդ, 1977) կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից։ Գերագույն գլխավոր հրամանատարը թագավորն է։ Ընդհանուր ղեկավարությունն իրականացնում են պաշտպանության գերագույն խորհուրդը և գլխավոր շտաբը։ Համալրվում են վարձու կամավորներով։ Ցամաքային զորքերը (75 հզ․ մարդ) կազմված են հետևակային 18, մոտոհետևակային 2, տանկային 5 գումարտակներից ևն։ Ռազմաօդային ուժերը (5650 մարդ) ունեն մարտական 59 ինքնաթիռ, ռազմածովային ուժերը (4 հզ․ մարդ)՝ տարբեր նշանակության 15 նավ, ծովային հետևակի 1 գումարտակ։ Կան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/334
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է