նաև ռազմականացված կազմակերպություններ (30 հզ․ մարդ), այդ թվում՝ ժանդարմերիա (11 հզ․ մարդ), ոստիկանություն (շուրջ 20 հզ․ մարդ)։
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը
1975-ին Մ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 46,2 մահացությունը՝ 15,7 մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 149։ Առողջապահության հիմնական խնդիրը պայքարն է վարակիչ և մակաբուծական հիվանդությունների դեմ։ Տարածված են տրախոման, կարմրուկը, դիզենտերիան, տիֆերը և պարատիֆերը, վեներական հիվանդությունները, դիֆթերիան, բորը, մալարիան ևն։ 1975-ին գործել է 133 հիվանդանոցային հիմնարկ՝ 23,1 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1,3 մահճակալ), աշխատել 1,3 հզ․ բժիշկ (10 հզ․ բնակչին՝ 0,7 բժիշկ), 128 ատամնաբույժ, 500 դեղագործ և 10,9 հզ․ միջին և օժանդակ բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում Ռաբաթի և Կասաբլանկայի համալսարանների բժշկ․ ֆակուլտետները։ 1963-ին գործել է միջին բուժանձնակազմի պատրաստման 30 դպրոց 1972-ին առողջապահության ծախսերը կազմել են պետ․ բյուջեի 4,9%–ը։
X. Լուսավորությունը և գիտական հիմնարկները
Մինչև Ֆրանսիայի կողմից երկրի նվաճումը Մ–ում գործել են մահմեդական դպրոցներ։ Ֆրանս. տիրապետության շրջանում ստեղծվել են 2 տիպի պետ․ աշխարհիկ դպրոցներ՝ ֆրանսիացիների և բնիկների երեխաների համար (ուսուցումը՝ ֆրանս․)։ Պարտադիր կրթության մասին առաջին օրենքն ընդունվել է 1963-ին։ Ժողկրթության ժամանակակից համակարգի մեջ մտնում են 5-ամյա տարրական և 6-ամյա միջնակարգ դպրոցները (հիմնականում՝ պետ․, ուսուցումը՝ ֆրանս․ և արաբ․)։ Պրոֆտեխնիկական կրթություն են տալիս միջնակարգ դպրոցի տեխ․ բաժանմունքները։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում ուսուցչական դպրոցները, միջնակարգի՝ Բարձրագույն նորմալ դպրոցը և համալսարանները։
Մ–ի բարձրագույն ուս․ հաստատություններն են՝ Մուհամմադ V-ի անվ․ համալսարանը (հիմնադրվել է 1957-ին), վարչական, ինժեներական դպրոցները (բոլորն Էլ՝ Ռաբաթում), Կարաուին մահմեդական համալսարանը Ֆեսում (առաջինը Աֆրիկայում, 859)։ Ռաբաթի պետ․ արխիվին կից գործում է Մ–ի խոշորագույն գրադարանը (1920, 208 հզ․ գիրք)։ Կան հնագիտության թանգարաններ (Ռաբաթում և Թեթուանում), զինաթանգարան (Ֆեսում) ևն։
Գիտական հիմնարկներից են Շերիֆյան գիտական ինստ–ը (հիմնվել է 1920-ին, Ռաբաթ), Ագրոնոմիական հետազոտությունների ազգային ինստ–ը (1924), Մուհամմադ V-ի անվ․ համալսարանին կից գործող գիտական հետազոտությունների կենտրոնը (1962), Արաբ. երկրների լիգային կից Արաբականացման բյուրոն։ Կան մի շարք գիտական ընկերություններ (աշխարհագրական, ֆիզիկայի ևն)։ Մ–ում գտնվում են նաև արտասահմանյան որոշ ԳՀԻ–ների և ծառայությունների մասնաճյուղեր (ֆիզիկայի ֆրանս․ ինստ–ի, Պաստյորի ինստ–ի ևն)։
XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
Լույս են տեսնում 20-ից ավելի պարբերական հրատարակություններ։ Հիմնականներն են՝ «Ալ–Անբա» (1963-ից, արաբ․), «Մատեն» («Le Matin», 1971-ից, ֆրանս․), «Մարոկ Սուար» («Maroc Soir», 1971-ից, ֆրանս․), «Ալ–Ալյամ» (1946-ից, արաբ․), «Օպինիոն» («L’Opinion», 1965-ից, ֆրանս․), «Մագրեբ էնֆորմասիոն» («Maghreb Informations», ֆրանս․), «Ալ–Բայան» (1972-ից, արաբ. և ֆրանս․)։ Մագրիբ Արաբ Պրես (ՄԱՊ) պաշտոնական ինֆորմացիոն գործակալությունը հիմնվել է 1959-ին, Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության կառավարական ծառայությունը՝ 1962-ին։ Ռադիոհաղորդումները տրվում են արաբ․, անգլ․, ֆրանս․, իսպաներեն, բերբերերեն, հեռուստահաղորդումները՝ արաբ. և ֆրանս․։
XII․ Գրականությունը
Գոյություն ունի արաբ․, բերբերերեն և ֆրանս․ լեզուներով։ Մ–ի՝ դասական շրջանի արաբ. գրականության մեջ ներկայացված են եղել արաբ. դասական գրականության բոլոր հիմնական ժանրերը (տես Արաբական մշակույթ, Գրականություն բաժինը)։ Ինքնուրույնության գծերը երևան են եկել XI–XII դդ.։ XIII դ. սկզբին ծայր է առել գեղարվեստական տարեգրությունը, որը շարունակվել է նաև XIX դ․։
XV–XVI դդ․ ստեղծվել է կենսագրական ու կենցաղագրական հարուստ գրականություն։ Արաբ. դասական պոեզիայի ավանդույթները Մ–ի գրականության մեջ հասել են ընդհուպ մինչև XX դ․ կեսերը։
Արաբերենով ու բերբերերենով ժող․ գրականությունը, առավելապես բանավոր, հայտնի է XIV–XV դարերից և ներկայացված է բանահյուսական ու հեղինակային գործերով (չափածո և արձակ)։
Արաբերենով ու ֆրանսերենով ժամանակակից գրականությունը նկատելի երևույթ դարձավ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։ Արաբալեզու արձակագիր Ա․ Մ․ Բենժելունը (ծն․ 1919) և ֆրանսերենով գրող Ա․ Սաֆրիուին (ծն․ 1915) առաջինը գրականություն բերեցին ժողովրդի կյանքի թեման։ 1950-ական թթ․ առաջատար էր ֆրանսալեզու վեպը, որի հիմնական ներկայացուցիչն է Դ․ Շրայբին (ծն․ 1928)։ Այդ շրջանում հայտնի դարձան բանաստեղծներ Մ․ Ա․ Լահբաբիի (ծն․ 1922, ֆրանսերենով գրող) և Մ․ ալ Մուխթար աս Սուսի ի, Մ․ ալ Ւոսլաուիի, Բ․ Լամտունիի, Մ․ Սաբբահի, Մ․ աթ Թանժաուիի (գրական արաբերենով գրող) ստեղծագործությունները։ 1960-ական թթ․ սկզբին Խ․ Սաիհի գրական արաբերենով պատմական պիեսներից հետո երևան եկավ Ֆարիդ Ֆարիսի (ֆրանսերենով) և Ա․ Բեն Շեքրունի, Ա․ Ալաժիի (արաբերենի մարոկկոյական բարբառով) դրամատուրգիան։
1960-ական թթ․ կեսերից սկսվեց արաբալեզու արձակի բուռն վերելքը (Ա․ Կ․ Գալլաբ,Մ․ Բուալլու, Մ․ Զնիբեր, Ա․ Սհիմի և ուրիշներ)։
XIII․ Ճարտարապետությունը և կերպարվեստը
Մ–ի տարածքում պահպանվել են նեոլիթի շրջանի ժայռապատկերներ, փյունիկեցիների բնակատեղիների մնացորդներ, կարմիր ջնարակով խեցեղեն, հռոմ․ քաղաքների (Վոլյուբիլիս, Թամուդ, Թինգիս ևն) ավերակներ՝ քանդակներով, խճանկարի հատվածներով։ XI–XV դդ․ Մ–ի տարածքում կազմավորվել է մավրիտանական արվեստի դպրոցներից մեկը։ Մ–ի միջնադարյան քաղաքները կազմված են «կասբա»-ից (միջնաբերդ) և «մեդինա»-ից (բուն քաղաքը)՝ շրջափակված ուղղանկյուն հատակագծով աշտարակներ ունեցող պարիսպներով (Ռաբաթ)։ Շինանյութը՝ քար, բետոն, կավ, աղյուս։ Պաշտամունքային ճարտ–յան բնորոշ օրինակներից են բազմասյուն աղոթասրահով մզկիթները, որոնց կամարաշարերը նայում են դեպի ուղղանկյուն հատակագծով բակը, միհրաբով պատին կից նավը, ինչպես և առանցքայինը, ծածկված է ստալակտիտե կամ բջջավոր գմբեթներով և փայտե հավաքովի առաստաղներով՝ արտեսոնադոներով (Ֆեսի Կարաուին, 859, ընդարձակվել է 956-ին և 1135-ին, Մառակեշի Կուտուբիա, 1153, մզկիթները)։ Բնորոշ են քարե (ինչպես նաև փայտե) քանդակազարդ հարդարանքով, քառակուսի հատակագծով աշտարակաձև մինարեները (Մառակեշի Կուտուբիա մզկիթի մինարեն, 1184–99), սլաքաձև–պայտաձև, բազմաթև ժաներիզ կամարները։ XI–XIII դդ․ բարձր մակարդակի է հասել ամրաշինությունը․ կառուցվել են ամրոցներ (Ամարգու, Ֆեսի մոտ, XI դ․, Թասգիմուտ, Մառակեշի մոտ, XII դ․) և ուղղանկյուն հատակագծով աշտարակներով և քանդակազարդ քարե դարպասներով քաղաքային ամրություններ (Բաբ–Աղվենաու՝ Մառակեշում, XIIդ․)։ XIII–XIV դդ․ ճարտ–յան մեջ առանձնապես զարգացել է հարդարանքը՝ արհեստական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/335
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է