Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

d’origine expressive dans les langues germaniques, Copenhague, 1937; La prononciation du francais contemporain, P., 1945; Phonology as functional phonetics, L., 1949; A Functional View of Language, Oxf., 1962․
ՄԱՐՏԻՆԵՍ ՎԵՐԴՈՒԳՈ (Martinez Verdugo) Առնոլդո (ծն. 1925), Մեքսիկայի բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1945-ից մասնակցել է երկրի երիտասարդական և արհմիութենական շարժմանը։ 1946-ից Մեքսիկական կոմունիստական կուսակցության (ՄԿԿ) անդամ։ 1949-50-ին եղել է «Նուէվա վիդա» («Nueva Vida») թերթի խմբագիրը և ղեկավարել է ՄԿԿ ԿԿ–ի երիտասարդական հանձնաժողովը։ 1951-54-ին՝ ՄԿԿ ԿԿ–ի կազմակերպչական հարցերի հանձնաժողովի անդամ, կոմկուսի Մեխիկոյի կուսակցական կոմիտեի քարտուղար՝ պրոպագանդայի և ագիտացիայի գծով։ 1954-ից՝ ՄԿԿ ԿԿ–ի, 1959-ից՝ ԿԿ–ի քարտուղարության և քաղ․ հանձնաժողովի անդամ։ 1963-73-ին եղել է ՄԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարը։ 1973-ի նոյեմբերից կոմկուսի գլխավոր քարտուղարն է։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել է։
ՄԱՐՏԻՆԻ (Martini) Ջովաննի Բատիստա, Ջամբատիստա (1706-1784), երաժշտության իտալացի տեսաբան և պատմաբան, կոմպոզիտոր, կապելմայստեր, մանկավարժ, երգիչ, ջութակահար, կլավեսինահար։ Եղել է ֆրանցիսկյան հոգևորական (հայտնի է նաև պադրե Մարտինի մականունով)։ Բոլոնիայի ֆիլհարմոնիական ակադեմիայի անդամ և փաստացի ղեկավարը։ Գլխավոր տեսական աշխատությունն է «Կոնտրապունկտի հիմնական գործնական ակնարկ կամ Օրինակ» (հհ․ 1-2, 1774-75)։ Առաջին «Երաժշտության պատմության» (հհ․ 1-3, 1757-81) հեղինակն է։ Գրել է օրատորիաներ, ստեղծագործություններ երգեհոնի, կլավեսինի համար ևն։ Մ–ի անունով են կոչվում Բոլոնիայի կոնսերվատորիան և քաղաքային գրադարանը։ Մ–ի մոտ սովորել են Յո․ Ք․ Բախը, Վ․ Ա․ Մոցարտը և ուրիշներ։
ՄԱՐՏԻՆԻ (Martini) Սիմոնե (մոտ 1284-1344), իտալացի նկարիչ։ Դուչչո դի Բուոնինսենյայի հետևորդը և աշակերտը։ Կրել է ֆրանս․ ուշ գոթական արվեստի ազդեցությունը։ Տոսկանայից բացի, աշխատել է Նեապոլում (1317), Օրվիետոյում (1320), Ասսիզիում (1320-ական թթ.) և Ավինյոնում (1340-ից): Մ–ի ստեղծագործություններում («Մաեստա», որմնանկար Պալացո Պուբլիկոյուն, 1315, կոնդոտյեր Գվիդորիչչո դա Ֆոլիանոյի պատկերը, 1328, երկուսն էլ՝ Սիենայում, «Ավետում», 1333, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա ևն) հետզհետե գերակշռող է դարձել ուշ ասպետական մշակույթին բնորոշ սպիրիտուալիստական նրբագեղությունը, սերը պաճուճավոր գծի և ուրվապատկերի հանդեպ, արտահայտիչ գուներանգը։ Աշխատելով Ավինյոնում՝ Մ․ մտերմացել է Պետրարկայի հետ, նրա համար ստեղծել Լաուրայի դիմանկարը (կորել է) և Վերգիլիոսի ձեռագրի ֆրոնտիսպիսը (Ամբրոզիանա գրադարան, Միլան)։
ՄԱՐՏԻՆԻԿԱ (Martinique), Ֆրանսիայի «անդրծովյան դեպարտամենտ»-ը համանուն կղզում (Վեստ Ինդիայում)։ Տարածությունը 1,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 325 հզ. (1979), գլխավորապես՝ մուլատներ ու նեգրեր։ Պաշտոնական լեզուն ֆրանս․ է, հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը Ֆոր դե Ֆրանս։ Վարչական կառավարումն իրականացնում է ֆրանս․ կառավարության կողմից նշանակվող պրեֆեկտը։
Մ․ կղզին լեռնային է՝ կազմված հրաբխային ապարներից։ Կլիման արևադարձային պասսատային է, միջին ամսական ջերմաստիճանը՝ 24-27°C, տարեկան տեղումները՝ 1500-2000 մմ։
Մ․ կղզին հայտնաբերել է Քրիստափոր Կոլումբոսը 1502-ին։ 1635-ից Ֆրանսիան սկսել է կղզու գաղութացումը, որն ուղեկցվել է բնիկների (հնդկացի կարիբների) ոչնչացումով։ Պլանտացիաներում (բամբակի, ծխախոտի, XVII դ․ վերջից՝ շաքարեղեգի և սուրճի) աշխատելու համար Աֆրիկայից ներմուծել են նեգր ստրուկներ։ XVII-XVIII դդ․ Մեծ Բրիտանիան բազմիցս փորձել է նվաճել կղզին։ Ֆրանս. բուրժ. մեծ հեղափոխության ժամանակ Կոնվենտի դեկրետով 1794-ին Մ–ում ստրկությունը վերացվել է։ 1794-ին Մեծ Բրիտանիան զավթել է Մ․, սակայն 1802-ին այն վերադարձվել է Ֆրանսիային։ Ստրկությունը վերականգնվել է։ 1809-14-ին Մ․ դարձյալ նվաճել է Մեծ Բրիտանիան։ 1848-ին ֆրանս․ մյուս գաղութների թվում Մ–ում ևս վերացվել է ստրկությունը։ Ֆրանսիայում Երկրորդ կայսրության տապալումից (1870) հետո Մ–ի բնակիչներն ընտրական իրավունքներով հավասարվել են մետրոպոլիայի բնակչությանը և ներկայացուցչության իրավունք ստացել ֆրանս․ պառլամենտում։ 1900-ին Մ․ ստացել է ֆինանսական ինքնավարություն։ XX դ․ սկզբից սկսել են գործել արհմիություններ և քաղ․ կուսակցություններ։ Գաղութային վարչակարգի դեմ Մ–ի ժողովրդի պայքարի շնորհիվ 1946-ին կղզուն շնորհվել է Ֆրանսիայի «անդրծովյան դեպարտամենտի» ստատուտ։ 1957-ին ստեղծվեց Մարտինիկայի կոմունիստական կուսակցությունը (ՄԿԿ)։ Մ–ի առաջադեմ ուժերը պայքարում են հանուն իրենց ժողովրդի ինքնորոշման իրավունքի և իսկական ինքնավարության։
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է (որի արտադրանքը հիմնականում արտահանվում է)։ Զբաղվում են շաքարեղեգի, բանանի, անանասի, սուրճի, կակաոյի մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ։ Կան գյուղատնտ․ հումքի վերամշակման ձեռնարկություններ։ Ունի օդանավակայան։ Դրամական միավորը ֆրանս․ ֆրանկն է։
ՄԱՐՏԻՆԻԿԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԿԿ), կազմակերպորեն ձևավորվել է 1957-ին՝ Ֆրանսիայի կոմկուսի Մարտինիկայի ֆեդերացիայի հիման վրա։ Կոմկուսը հենվում է երկրի մասսայական կազմակերպությունների՝ Մարտինիկայի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի, Մարտինիկայի կոմունիստական երիտասարդության միության, Մարտինիկայի կանանց միության վրա։ ՄԿԿ իր մոտակա խնդիրն է համարում ստեղծել հակաիմպերիալիստական լայն ճակատ, որը կպայքարի ազգային ինքնավարության համար։ ՄԿԿ պատգամավորները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1960, 1969, Մոսկվա) խորհրդակցություններին և հավանություն են տվել դրանց ընդունած փաստաթղթերին։ ՄԿԿ կենտրոնական օրգանը «Ժյուստիս» («Justice») շաբաթաթերթն է, տեսականը՝ «Աքսյոն» («Action») ամսագիրը։
ՄԱՐՏԻՆՈՍ ՕՊԱՎԻԱՑԻ, Լեհացի (XIII դ․ սկիզբ, Օպավա (Չեխիա) — 1279, Բոլոնիա), ժամանակագիր, կաթոլիկ եկեղեցական գործիչ։ Ազգությամբ չեխ (այլ կարծիքով՝ լեհ)։ Եղել է պապական պալատի երեց, կյանքի վերջում՝ Լեհաստանի եկեղեցական կենտրոն Գնեզնենի թեմակալ արքեպիսկոպոս։ Սխալմամբ նույնացվել է Մարինուս Շոտլանդացու, Մարտինոս Սանդոմիրցու և այլոց հետ։ Հայտնի է եկեղեցական իրավական կանոններով, քարոզներով և հատկապես Հռոմի կայսրերի ու պապերի ժամանակագրությամբ։ Մ․ Օ․ իր ժամանակագրությունը սկսել է նախահանրապետական և նախաքրիստոնեական Հռոմի պատմությունից և հասցրել մինչև XIII դ․ 2-րդ կեսը։ Օգտագործել է Տիտոս Լիվիոսի, Եվսեբիոս Կեսարացու, Պողոս Օրոզեոսի, Դամասոս պապի, Պողոս սարկավագ Հռոմեացու ժամանակագրությունները ևն։ Մ․ О-ի ժամանակագրությունն անմիջապես թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և օգտագործվել որպես ընդհանուր պատմության դասագիրք։ 1348-ին Ավինյոնում Ներսես Պալիանենցը այն թարգմանել է հայերեն։ Հայերեն թարգմանությունում առկա է նաև 1279-1342 թթ․ ժամանակագրությունը, որն առ այսօր բնագրով հայտնի չէ։ Մ․ Օ–ու ժամանակագրությունը շարունակել է Ներսես Պալիանենցը՝ գրելով 1342-1351-ի պատմությունը։
Երկ․ Martini Oppaviensis Cbronicon Pontificum et Imperatorum, Ed. L. Veiland-Monumenta Germaniae Historica… Seriptorum, t. 22, Hannoverae, 1872, p. 377-482.Յու․ Վարդանյան ՄԱՐՏՒՆՈՎ Ալեքսանդր Եվստաֆևիչ (1816-1860), ռուս դերասան։ Ռուս. բեմական ռեալիզմի հիմնադիրներից։ 1827-1835-ին սովորել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում, սկզբում՝ Շ․ Դիդլոյի բալետի, ապա՝ Պ․ Ա․ Կարատիզինի դրամատիկական դասարաններում։ 1836-ից աշխատել է Ալեքսանդրյան թատրոնում։ Մ․ կատարել է բազմաթիվ դերեր