Մ. ա. մ. ղեկավարվել է «կրոնի դեմ պայքարը՝ պայքար է հանուն սոցիալիզմի» նշանաբանով, հենվելով ՍՄԿԿ որոշումների և գիտական աթեիզմի սկզբունքների վրա: Միության անդամները ակտիվորեն մասնակցել են սոցիալիզմի կառուցման. նոր կենցաղի ստեղծման, կուլտուր-լուսավորական աշխատանքներին: Մ. ա. մ. մեծ ավանդ է ներդրել մասսայական աթեիզմի ծավալման, աթեիստական աշխատանքներին գիտական բովանդակություն տալու գործին: Աթեիստական պրոպագանդայի մեթոդներից շատերը մշակել են Մ. ա. մ–յան անդամները:
Մ. ա. մ–յան գործունեությունը դադարեցվել է 1941-ին, իսկ 1947-ից նրա պարտականությունները տրվել են «Գիտելիք» ընկերությանը:
«ՄԱՐՏՆՉՈՂ ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», Վ. Ի. Լենինի հոդվածը: Գրվել է 1922-ին, «Պոդ զնամենեմ մարկսիզմա» («Под знаменем марксизма») ամսագրի համար (1922, № 3): Աշխատությունը մարքսիստ փիլիսոփաների և ՍՄԿԿ տեսական գործունեության յուրատեսակ ծրագիր էր և քննարկում էր այն խնդիրները, որոնք բխում էին սոցիալիստական շինարարության պահանջներից: Հոդվածը հիմնավորում է մարքսիստ–փիլիսոփաների և բնագիտության ներկայացուցիչների, մարքսիստական փիլիսոփաների և հետևողական, բայց ոչ կոմունիստ մատերիալիստների դաշինքի, մատերիալիզմի, աթեիզմի մատերիալիստական ավանդույթների պրոպագանդման, իդեալիստական տեսությունների և բուրժ. գաղափարախոսության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Մատերիալիզմի բնորոշ հատկանիշ է համարվում նրա մարտնչող էությունը: Աշխատության մեջ հետագա զարգացում են ստացել մարքսիստական աթեիզմի սկզբունքները: Հատուկ նշանակություն է տրվել մարտնչող աթեիզմի ստեղծմանն ու պրոպագանդմանը, մասսաներին աթեիստական, կոմունիստական ոգով դաստիարակմանը, հավատացյալների հետ տարվող աշխատանքների եղանակների բազմազանությանը, կրոնի նկատմամբ գիտակցական վերաբերմունք ունենալուն ևն: «Մ. մ. ն. մ»-ում առաջ քաշված պրոբլեմները ցայսօր պահպանում են իրենց մեթոդաբանական նշանակությունը:
ՄԱՐՏՈՆ (Martonne) Էմանյուել դը (1873-1955), ֆրանսիացի աշխարհագրագետ, «մարդու աշխարհագրության» ֆրանսիական դպրոցի ներկայացուցիչ, Փարիզի ԳԱ անդամ (1942): Սորբոնի համալսարանի պրոֆեսոր (1909-ից): 1938-52-ին՝ Միջազգային աշխարհագրական միության պրեզիդենտ (1952-ից՝ պատվավոր պրեզիդենտ): ՍՍՀՄ Աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ (1933-ից): Դաշտային հետազոտություններ է կատարել Ֆրանսիայում, Ռումինիայում և եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: Նշանակալից ներդրում է կատարել ֆիզիկական աշխարհագրության հիմունքների, գեոմորֆոլոգիայի, կլիմաների դասակարգման, ֆիզիկա–աշխարհագրական երկրագրության ուսումնասիրության մեջ: Հիմնական աշխատանքները վերաբերում են ընդհանուր և ռեգիոնալ (տեղանքային) ֆիզիկական աշխարհագրությանը:
ՄԱՐՏՈՍ Իվան Պետրովիչ (1754-1835), ռուս քանդակագործ: 1764-73-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, 1773-79-ին՝ Հռոմի Գեղարվեստի ակադեմիայի թոշակառու: Ռուսաստան է վերադարձել որպես կլասիցիզմի համոզված հետևորդ: Իր ստեղծագործություններում քաղաքացիական պաթոսը զուգորդել է կերպարների վեհության, կոմպոզիցիայի խստության, քանդակաձևերի պլաստիկության հետ: Մ–ի մահարձանները աչքի են ընկնում խոր քնարականությամբ, պլաստիկական լուծումների նրբագեղությամբ (Ս. Ս. Վոլկոնսկայայի մահարձանը, մարմար, 1782, Տրետյակովյան պատկերասրահ): Մ. մոնումենտալ–դեկորատիվ քանդակի նշանավոր ռուս վարպետ է («Ակտեոն» արձանը, բրոնզ, 1801, ստեղծվել է Պետերգոֆի Մեծ կասկադի համար): 1804-ից աշխատել է իր հանրահայտ ստեղծագործության՝ Կ. Մինինի և Դ. Պոժարսկու հուշարձանի վրա (Մոսկվայի Կարմիր հրապարակ, բրոնզ, գրանիտ, բացումը կատարվել է 1818-ին). կերպարներն օժտված են քաղաքացիական պաթոսով, հայրենիքի հանդեպ պարտքի մեծ զգացողությամբ: Մ. նաև ստեղծել է Է. Ռիշելյեի (1823-28, բրոնզ, գրանիտ, Օդեսա) և այլ հուշարձաններ: Որպես Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1779-ից) և ռեկտոր (1814-ից) դաստիարակել է XIX դ. 1-ին կեսի բազմաթիվ ռուս քանդակագործներ:
Գրկ. Алпатов М. В., Мартос, в кн: Русское искусство 18 в., М., 1958.
ՄԱՐՏՈՎ Լ. (իսկական ազգանունը և անունը՝ Ցեդերբաում Յուլի Օսիպովիչ, 1873-1923), ռուս սոցիալ–դեմոկրատ, մենշևիզմի առաջնորդներից: 1895-ին մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը: 1899-ին միացել է «Էկոնոմիզմ»-ի դեմ Վ. Ի. Լենինի գրած «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատների բողոք»-ին: 1900-ին եղել է «Իսկրա»-ի հրատարակումը նախապատրաստող խմբի անդամ: 1901-ին տարագրվել է. եղել է «Իսկրա» («Искра») և «Զարյա» («Заря») թերթերի խմբագիրներից: ՌՍԴԲԿ II համագումարում (1903) հանդես է եկել կուսակցության կառուցվածքի լենինյան կազմակերպական պլանի դեմ: 1905-ին ընտրվել է Պետերբուրգի սովետի անդամ: 1907-ից տարագրվել է: ՌՍԴԲԿ V համագումարի պատգամավոր, ռեակցիայի տարիներին (1908-10)՝ լիկվիդատոր, մասնակցել է օգոստոսյան հակակուսակցական բլոկին (1912), Ցիմմերվալդի (1915) և Կինտալի (1916) կոնֆերանսներին: 1917-ին վերադառնալով Ռուսաստան՝ գրավել է «ձախ» դիրքորոշում մենշևիկյան կուսակցության մեջ: Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո դեմ է եղել հակահեղափոխական դավադրությունների մասնակիցների ձերբակալմանը, բուրժ. թերթերի փակմանը, Սահմանադիր ժողովի ցրմանը ևն: Սովետների համառուսաստանյան VII համագումարի պատգամավոր (մենշևիկների կողմից, 1919), որտեղ ընտրվել է Համառուս. ԿԳԿ–ի անդամ, 1919-20-ին՝ Մոսսովետի դեպուտատ: 1920-ին մեկնել է արտասահման: Եղել է «Ինտերնացիոնալ 21/2»-ի կազմակերպիչներից, հիմնել և խմբագրել է «Սոցիալիստիչեսկի վեստնիկ» («Социалистический вестник») մենշևիկյան հակակոմունիստական օրգանը:
ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ, հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Խանլարի շրջանում, շրջկենտրոնից 29 կմ հարավ–արևելք: Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, կինո, գրադարան, բուժկայան: Մ–ում կա եկեղեցի: Գյուղից 800 մ հվ. պատմական Դուլուս գյուղի ավերակներն են՝ գերեզմանոցով և կիսավեր եկեղեցով: Դուլուսից մոտ 2 կմ հվ. են Միջին վանքը՝ կիսավեր եկեղեցով և Զորի խաչ քարաժայռերը: Մ–ում է ծնվել Սովետական Միության հերոս, գվարդիայի ավագ լեյտենանտ Վ. Զաքարյանը:
ՄԱՐՏՈՒՆԻ (հնում՝ Մեծ Կզնուտ, 18301922-ին՝ Ներքին Ղարանլուղ, 1926-ից՝ Մարտունի), քաղաքատիպ ավան (1963-ից), Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանի վարչական կենտրոնը: 10400 բն. (1981): Գտնվում է Սևանա լճի հվ–արմ. ափին, Վարդենիսի լեռների հս. ստորոտում: Հեռավորությունը մոտակա «Վարդենիս» երկաթուղային կայարանից 44 կմ է, Երևանից՝ 130 կմ: Նախասովետական շրջանում բնակիչները զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ ու ձկնորսությամբ: Այժմ տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է: Կան էլեկտրատեղակայման
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/351
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ