(ՍՍՀՄ, Հունգարիա, Ռումինիա), ֆոսֆորիաներ, քարաղ (ՍՍՀՄ)։ Խաղաղօվկիանոսյան գոտու ծալքավոր մարզերի ինտրուզիվ ապարների հետ են առնչված ոսկու, արծաթի, պղնձի, կապարի, ցինկի հանքավայրեր։ Մ․ դ–ի հետ են կապված Սոմխեթա–Ղարաբաղյան և Ծաղկունք–Զանգեզուրյան գոտիների գրանիտոիդային ինտրուզիաների մեծ մասը, գրեթե բոլոր ուլտրամաֆիտային ինտրուզիաները և դրանց հարող գունավոր, սև ու հազվագյուտ մետաղների հանքավայրերը։
ՄԵԶՈԶՈՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, երկրակեղևի առանձին մարզերում և գոտիներում արտահայտված ծալքավոր դեֆորմացիաներ, որոնք տեղի են ունեցել մեզոզոյան դարաշրջանում։ Ուժգին կերպով արտահայտվել են տրիասի և յուրայի սահմաններում՝ Դոբրուջայում, Մանգշլակում, Իրանում, Հնդկաչինում (վաղ կիմերեյան կամ հնդկաչինյան օրոգենեզ)։ Վերին յուրայի և ստորին կավճի սահմանում ընդգրկել են Մոնղոլա–Օխոտյան գեոսինկլինալի, Վերխոյանսկի, Լեռնային Անդրկովկասի, Իրանի կենտրոնական շրջանները (ուշ կիմերեյան կամ անդյան օրոգենեզ)։ Ստորին ու վերին կավճի սահմանում (ավստրիական օրոգենեզ) և առավելապես վերին կավճի ու պալեոգենի սահմանում (լարամյան օրոգենեզ) ձևավորվել են Կամչատկայի, Սիխոտե–Ալինի, Հայկական բարձրավանդակի, Անատոլիայի, Ժայռոտ լեռների մի շարք խոշորագույն ստրուկտուրաներ։ Զգալի տեկտոնական ակտիվություն են ցուցաբերել նաև Կենտրոնական Եվրոպան, Սիբիրական և Հարավ–Չինական պլատֆորմների եզրամասերը։ Մ․ ծ–յան ընթացքում են առաջացել բազմաթիվ գրանիտոիդային ինտրուզիաներ ու սիալիկ վուլկանիտներ։ Մեզոզոյան դարաշրջանում են ձևավորվել նաև Միջերկրածովյան օրոգենի օֆիոլիտային գոտիները։ Նշված մագմատիկ զանգվածների հետ կապված են անագի, վոլֆրամի, մոլիբդենի, պղնձի, ոսկու, նիկելի, քրոմիտի, երկաթի և մի շարք այլ հանածոների հանքավայրեր։
ՄԵԶՈԼԻԹ (մեզո․․․ և ․․․լիթոս), միջին քարի դար, քարի դարի միջին՝ պալեոլիթի և նեոլիթի միջև ընկած ժամանակահատվածը։ Մ․ Եվրոպայում ունի 10–7 հզ․ (հս․ շրջաններում՝ մինչև 6–5 հզ․) տարվա, Մերձավոր Արևելքում՝ 12–9 հզ․ տարվա վաղեմություն։ Մեզոլիթյան մշակույթներին բնորոշ են քարե մանր գործիքներ (միկրոլիթներ)։ Մ–ում գործածվել են նաև ոսկրից և եղջյուրից գործիքներ (նիզակի ծայրեր, եռաժանիներ, ձկնորսական կեռիկներ ևն)։ Կավե ամանները ի հայտ են եկել Մ–ից նեոլիթին անցման ժամանակաշրջանում։ Տնտեսության հիմքը կազմել են որսորդությունը, ձկնորսությունը և հավաքչությունը։ Մ–ում երկրագնդի մի շարք շրջաններում նախադրյալներ են ստեղծվել անասնապահության ու երկրագործության համար։ Մեզոլիթյան կայանների զգալի մասը բաղկացած են եղել մի քանի ժամանակավոր կացարաններից։ Որոշ բնակավայրերի մոտ եղել են տոհմական գերեզմանոցները։ Մեզոլիթյան շրջանին են պատկանում ազիլյան, տարդենուազյան (Արևմտյան Եվրոպա), կապսիական (Հարավային Աֆրիկա), խոաբինյան (Հարավ–Արևելյան Ասիա) և այլ մշակույթներ։ Հայկ․ լեռնաշխարհի Մ․ ընդգրկում է մ․ թ․ ա․ 12000–8/7000 թթ․։ Հայաստանի տարածքում միկրոլիթյան գործիքների (սրածայրեր, քերիչներ, նետասլաքներ ևն) կուտակումներ են հայտնաբերվել Թալինի շրջանում գտնվող Զաղա, Արեգունի–բլուր և այլ քարայր–կայաններից։ Արագած լեռան, Գեղամավանի, Սյունյաց լեռների մի շարք ժայռապատկերներ Մ–յան մարդկանց արվեստի նմուշներ։
Գրկ․ Սարդարյան Ս․ Հ․, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։ Бадер Н․ О․, Мезолит, в кн․; Каменный век на территории СССР, М., 1970.
ՄԵԶՈՄԵՐԻԱ (< մեզո․․․ և հուն․ μέρος – մաս), մեզոմերային էֆեկտ, զուգորդում, ռեզոնանս զուգորդված համակարգերում, մոլեկուլներում քիմիական կապերի և ատոմների լիցքերի մասնակի ապատեղայնացման երևույթը։ Մ․ տեղի ունի հիմնականում զուգորդված կրկնակի կապեր և չօգտագործված էլեկտրոնային զույգեր պարունակող մոլեկուլներում և արտահայտում է մոլեկուլի իրական վիճակը։ Այդ մոլեկուլների համար քիմ․ կառուցվածքի դասական տեսությունը հնարավոր է համարում երկու կամ ավելի համարժեք կառուցվածք։ Իրականում մոլեկուլը այդ կառուցվածքների ռեզոնանսային հիբրիդն է (տես Ռեզոնանսի տեսություն)։ Ըստ դասական պատկերացման կարբօքսիլատ իոնում թթվածնի ատոմներից մեկը ածխածնի ատոմի հետ կապված է կրկնակի կապով և լիցք չունի, իսկ մյուսը՝ պարզ կապով և կրում է իոնի ողջ լիցքը։ Այն պատկերում են I կամ II բանաձևերով՝
Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թթվածնի ատոմները համարժեք են՝ կրում են միատեսակ մասնակի լիցքեր () և ածխածնի հետ միացած են միատեսակ կապերով։ Իոնի իրական կառուցվածքը I-ի և II-ի զուգորդումն է, որը պատկերում են այդ կառուցվածքների ռեզոնանսի (III) կամ մեզոմերային բանաձևի օգնությամբ (IV կամ V)՝
Մ․ ավելի ցայտուն է արտահայտվում զուգորդված կրկնակի կապերով մոլեկուլներում․
(CH3)2 Ñ-CH=CH-CH = 0 ↔
↔ (CH3)2 N+ =СН-СН=;СН-0-
(CH3)2δ+↘Ñ-CH=CH-CH =↗ 0δ-
Բենզոլի մոլեկուլում Մ․ չի բերում մասնակի լիցքերի առաջացում։ Մ․ բացատրում է նյութերի բազմաթիվ հատկություններ և ռեակցիաների մեխանիզմներ, հատկապես օրգ․ քիմիայում։ Մ–ի տեսությունը մշակել է անգլիացի քիմիկոս Ք․ Ինգոլդը։
ՄԵԶՈՆԻՆ (< իտալ․ mezzanino), վերնակառույց՝ բնակելի (սովորաբար ոչ մեծ) տան միջնամասի վրա։ Հաճախ ունենում է պատշգամբ։ Ռուսաստանում տարածում են գտել որպես քարե, հատկապես՝ սակավահարկ փայտե շենքերի մաս։
ՄԵԶՈՆՆԵՐ (< հուն․ μέσος – միջին, միջանկյալ), ուժեղ փոխազդող անկայուն տարրական մասնիկներ, որոնք, ի տարբերություն բարիոնների, ունեն զրոյական բարիոնային լիցք և զրոյի կամ ամբողջ թվի հավասար սպին (ենթարկվում են Բոզե–Էյնշտեյնի վիճակագրությանը)։ Ընդհանուր տեսակետից Մ․ համարվում են ուժեղ (միջուկային) փոխազդեցության տարածողներ։ Այդ տեսակետի հիման վրա Հ․ Յուկավան 1935-ին կանխագուշակել էր, մասնավորապես, մեզոնի գոյությունը, որը հետագայում (1947) հայտնաբերվել է տիեզերական ճառագայթներում։ մեզոնն իր զանգվածով (մոտավորապես 1/7 պրոտոնի զանգված) միջանկյալ տեղ է գրավում էլեկտրոնի և պրոտոնի միջև, այստեղից էլ ծագել է «Մ․» անվանումը։ Բարձր էներգիայի ժամանակակից արագացուցիչներում ծնվում են տարբեր տեսակի Մ․։ Դրանց մեծ մասն ունի կարճատև կյանք ( վրկ) և տրոհվում է ուժեղ փոխազդեցությամբ (այսպես կոչված, մեզոնային ռեզոնանսներ)։ Մ–ի դասակարգման օրինաչափությունները պարզ և հիմնավոր ձևով բացատրվում են քվարկների մոդելով, ըստ որի՝ Մ․ կարելի է պատկերացնել որպես երկու սկզբնական մասնիկների՝ քվարկի և հակաքվարկի կապված համակարգեր։ Բոլոր հայտնի Մ․ ընդգրկելու համար անհրաժեշտ է դիտարկել առնվազն չորս տեսակի քվարկներ ()։ Տարբեր Մ–ի նույն հատկությունները համապատասխանաբար որոշվում եև իրենց քվարկային կազմով։ Օրինակ, չորրորդ՝ քվարկն օժտված է հմայքով (տես Հմայք տարրական մասնիկների)։ «Հմայված» Մ․, որոնց կազմի մեջ մտնում է քվարկը, հայտնաբերվել են 1974–76-ին․ դրանք ունեն մոտավորապես 2 պրոտոնի զանգված և կյանքի համեմատաբար երկար տևողություն (≈ վրկ), քանի որ հմայքի պահպանումն արգելում է նրանց արագ տրոհումը ուժեղ փոխազդեցությամբ։ 1976–78-ին ստացված փորձնական տվյալները չեն բացառում բոլորովին նոր տիպի Մ–ի գոյությունը, որոնց դասակարգման համար անհրաժեշտ է ավելացնել քվարկների տեսակների թիվը։
ՄԵԶՈՍՖԵՐԱ (մեզո․․․ և հուն. σφαῖρα – գունդ, ոլորտ), մթնոլորտի շերտ Երկրի մակերևույթից 40–50-ից մինչև 80–85 կմ բարձրության վրա։ Բնութագրվում է ըստ բարձրության օդի ջերմաստիճանի 0°C–ից (ստորին սահման) մինչև –90°C (վերին սահման) անկումով։ Մ․ երբեմն անվանում են նաև տրոպոսֆերայի ստորին, տեղական կլիմայի (մեգոկլիմա) կազմավորման շերտ։