Մ–ի խնդիրների լուծման համար օգտվում են զանազան մաթ․ մեթոդներից, որոնցից շատերի առաջացումը և զարգացումը սերտորեն կապված են Մ–ի հետ։ Մեխանիկական շարժման հիմնական օրենքների և սկզբունքների, ինչպես նաև դրանցից բխող թեորեմների և հավասարումների ուսումնասիրությունը կազմում է ընդհանուր կամ տեսական Մ–ի առարկան։ Մ–ի՝ ինքնուրույն նշանակություն ունեցող կարևոր բաժիններից են նաև տատանումների տեսությունը, հավասարակշռության և շարժման կայունության տեսությունը, փոփոխական զանգվածով մարմինների մեխանիկան, հարվածի տեսությունը։ Մ․ սերտորեն կապված է ֆիզիկայի մի շարք բաժինների, աստղագիտության և, հատկապես, երկնային մեխանիկայի հետ։ Մ–ի՝ տեխնիկային հարող բաժիններն են հիդրավլիկան, նյութերի դիմադրությունը, մեխանիզմների կինեմատիկան, արտաքին բալիստիկան, հրթիռների դինամիկան ևն։
Մ–ում շարժման հիմնական կինեմատիկական բնութագրիչներն են․ կետի համար՝ արագությունն ու արագացումը, պինդ մարմնի համար՝ համընթաց շարժման արագությունն ու արագացումը և մարմնի պտտական շարժման անկյունային արագությունն ու արագացումը։ Դեֆորմացվող պինդ մարմնի կինեմատիկական վիճակը բնութագրվում է մարմնի մասնիկների հարաբերական երկարացումներով և սահքով։
Մ–ում նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության հիմնական չափը ուժն է։ Օգտվում են նաև ուժի մոմենտ հասկացությունից (կետի կամ առանցքի նկատմամբ)։ Հոծ միջավայրում առաջացող ներքին լարումները բնութագրվում են միջավայրի յուրաքանչյուր կետում նորմալ և շոշափող լարումներով։ Ազդող ուժերից բացի մարմնի շարժումը կախված է նաև նրա իներտության աստիճանից։ Նյութական կետի իներտության չափը կոչվում է կետի զանգված։
Նյութական մարմնի իներտությունը կախված է ոչ միայն իր ընդհանուր զանգվածից, այլև մարմնում զանգվածների բաշխումից, որը բնութագրվում է զանգվածների կենտրոնի դիրքով և իներցիայի մոմենտներով։ Հեղուկի կամ գազի իներտությունը բնութագրվում է խտությամբ։
Հոծ միջավայրի Մ–ում Նյուտոնի օրենքներից բացի օգտվում են նաև տվյալ միջավայրի հատկություններն արտահայտող օրենքներից (Հուկի օրենքը առաձգական մարմնի համար և Նյուտոնի օրենքը մածուցիկ հեղուկի համար)։
Մ–ի խնդիրների լուծման համար կարևոր նշանակություն ունեն նաև շարժման դինամիկական չափերի (շարժման քանակ, շարժման քանակի մոմենտ, կինետիկ էներգիա) և ուժի ազդման չափերի (ուժի իմպուլս, աշխատանք) հասկացությունները։ Շարժման չափերի և ուժի ազդման չափերի առնչություններից ստացվում են դինամիկայի ընդհանուր թեորեմները։ Այդ թեորեմները և դրանցից բխող պահպանման օրենքներն արտահայտում են նյութական կետերի ցանկացած համակարգի և հոծ միջավայրի շարժման հատկությունները։ Նյութական կետերի ոչ ազատ համակարգի հավասարակշռության կամ շարժման օրինաչափություններն ուսումնասիրելիս օգտվում են մեխանիկայի վարիացիոն սկզբունքներից։
Մ–ի զարգացման պատմությունը կարելի է բաժանել հետևյալ ժամանակաշրջանների․ 1․ Մ–ի հիմնական օրենքների հայտնագործմանը նախորդող ժամանակաշրջան, 2․ Մ–ի հիմունքների ստեղծման ժամանակաշրջան (XVII դ․), 3․ Մ–ի կարևորագույն բաժինների՝ պինդ մարմնի Մ–ի, հիդրոմեխանիկայի, առաձգականության տեսության ստեղծման ժամանակաշրջան (XVIII դ․), 4․ իրական միջավայրերի և համակարգերի Մ–ի զարգացման ժամանակաշրջան (XIX և XX դդ․)։
Մ–ի բաժիններից ստատիկայի վաղ զարգացումը պայմանավորված էր, հիմնականում, շինարարական տեխնիկայի պահանջներով։ Մ․ թ․ ա․ IV դ․ սկզբում արդեն հայտնի էին նույն կետում կիրառված և նույն ուղղով ազդող ուժերի գումարման և հավասարակշռման պարզագույն օրենքները։ Հատուկ հետաքրքրություն էր առաջացրել լծակի խնդիրը, որի տեսությունը մշակել է Արքիմեդը։ Ստատիկայի հետագա զարգացման գործում մեծ ավանդ են ներդրել Լեոնարդո դա Վինչին և Պ․ Վարինիոնը։ XVII դ․ հանդիսացավ Մ–ի հիմունքների ստեղծման դարաշրջան։ Բնագիտության զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել մոլորակների շարժման մասին Ն․ Կոպեռնիկոսի ուսմունքը, որի հիման վրա Յո․ Կեպլերը սահմանել է մոլորակների շարժման օրենքները։ Մ–ի գիտական հիմունքները մշակել է Գ․ Գալիլեյը։ Նա ձևակերպել է Մ–ի երկու հիմնական դրույթները՝ հարաբերականության սկզբունքը և իներցիայի օրենքը, փորձով ստացել մարմինների ազատ անկման օրենքը, սկիզբ դրել տատանումների տեսությանը և մշակել նյութերի դիմադրության մասին գիտության հիմունքները։ Մ–ի բնագավառում Գալիլեյի հետևորդն էր Ք․ Հյուգենսը, որն ուսումնասիրել և լուծել է դինամիկայի մի շարք կարևորագույն խնդիրներ, գիտություն մուծել կենտրոնաձիգ և կենտրոնախույս ուժերի, իներցիայի մոմենտի հասկացությունները։
Մ–ի հիմնական օրենքները վերջնականորեն ձևակերպել է Ի․ Նյուտոնը։ Ամփոփելով իր նախորդների ուսումնասիրությունները՝ նա ընդհանրացրել է ուժի հասկացությունը և տվել զանգվածի գաղափարը։ Ուսումնասիրելով հեղուկներում մարմինների շարժման օրինաչափությունները՝ ձևակերպել է հեղուկներում և գազերում ներքին շփման հիմնական օրենքը։ XVII դ․ 2-րդ կեսին Ռ․ Հուկը փորձնական եղանակով բացահայտել է առաձգական մարմնի դեֆորմացիայի և լարման կապը։ XVIII դ․ կարևորագույն մեխանիզմների ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչպես նաև երկնային Մ–ի զարգացումը պայմանավորեցին Մ–ի խնդիրների լուծման ընդհանուր անալիտիկ մեթոդների ստեղծումը և զարգացումը (Ժ․ Լագրանժ, Լ․ Էյլեր)։
Ոչ ազատ համակարգի դինամիկայի ստեղծման պատմությունը կապված է համակարգի հավասարակշռության ընդհանուր պայմաններն արտահայտող հնարավոր տեղափոխությունների սկզբունքի զարգացման հետ։ Այդ սկզբունքը մշակել են Յո․ Բեռնուլին և ուրիշներ, իսկ ավելի ընդհանուր տեսքով ձևակերպել է Դ’ Ալամբերը։ Մ–ի սկզբունքների հետագա զարգացմանը նպաստել են Մ․ Օստրոգրադսկու, Կ․ Յակոբիի և այլոց աշխատանքները։
XIX դ․ դինամիկայի կարևորագույն խնդիրներից էին․ ծանր պինդ մարմնի շարժումը, շարժման և հավասարակշռության կայունության ընդհանուր տեսությունը (Լագրանժ, Ն․ Ժուկովսկի, Ա․ Լյապունով), նյութական համակարգի տատանումների խնդիրը։ Էյլերի, Լագրանժի, Ս․ Կովալևսկայայի մշակած՝ արագ պտտվող սիմետրիկ պինդ մարմնի (գիրոսկոպ) շարժման տեսությունը մեծ կարևորություն ստացավ XX դ․։
XIX դ․ հոծ միջավայրի Մ․ զգալի զարգացում ապրեց։ Լ․ Նավիեն և Օ․ Կոշին իրենց աշխատանքներում արտածեցին առաձգականության տեսության ընդհանուր հավասարումները։ Այդ բնագավառում լուրջ նվաճումների են հասել Ջ․ Գրինը, Ս․ Պուասոնը, Ա․ Սեն–Վենանը, Օստրոգրադսկին, Գ․ Լամեն, Ու․ Թոմսոնը, Գ․ Կիրխհոֆը և ուրիշներ։ Նավիեի և Ջ․ Ստոքսի ուսումնասիրությունները հանգեցրին մածուցիկ հեղուկի շարժման դիֆերենցիալ հավասարումների ստեղծմանը։ Իդեալական և մածուցիկ հեղուկի դինամիկայի հետագա զարգացման գործում մեծ դեր են խաղացել Հ․ Հելմհոլցը, Կիրխհոֆը, Ժուկովսկին, Օ․ Ռեյնոլդսը, Լ․ Պրանդտլը և ուրիշներ։
XX դ․ էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի, ավտոմատ կառավարման տեխնիկայի, տեխնիկական ձայնագիտության պահանջները պայմանավորեցին գիտության նոր բնագավառի՝ ոչ գծային տատանումների տեսության ստեղծումը։ Այդ գիտության հիմունքները մշակել են Լյապունովը և Ա․ Պուանկարեն։
Արդի Մ–ի հիմնական խնդիրներն են․ տատանումների տեսությունը, պինդ մարմնի դինամիկան, շարժման կայունության տեսությունը, փոփոխական զանգվածով մարմինների Մ․ և տիեզերական թռիչքների դինամիկան։ Հոծ միջավայրի Մ–ում առավել արդիական են հեղուկների տուրբուլենտ հոսանքների խիստ տեսության մշակումը, պլաստիկության և սողքի խնդիրների լուծումը, պինդ մարմինների ամրության և քայքայման տեսության մշակումը։ Մ–ի հարցերի մի մեծ խումբ կապված է մագնիսական դաշտում պլազմայի շարժման (մագնիսական հիդրոդինամիկա) ուսումնասիրության, այսինքն, արդի ֆիզիկայի հրատապ խնդիրներից մեկի՝ կառավարվող ջերմամիջուկային ռեակցիաների իրականացման հետ։
ՀՍՍՀ–ում Մ–ի բնագավառի հետազոտությունները տարվում են հետևյալ ուղղություններով․ առաձգականության և պլաստիկության տեսություն, թաղանթների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/399
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ