և սալերի տեսություն, սողքի տեսություն, հիդրոդինամիկա, մագնիսաառաձգականության տեսություն։ Հիմնականում աշխատանքները կատարվում են ՀՍՍՀ ԳԱ մեխանիկայի ինստ–ում, Երևանի համալսարանում և պոլիտեխնիկական ինստ–ում։ Մ–ի տարբեր բնագավառներում կատարվող հետազոտությունների արդյունքները հրապարակվում են «ՀՍՍՀ ԳԱ Զեկույցներում», «ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագրում» (Մեխանիկա սերիա), «Գիտական տեղեկագրերում» (Երևանի պետական համալսարան, Բնական գիտություններ սերիա) և այլ պարբերական հանդեսներում։
Գրկ․ Բուխգոլց Ն․ Ն., Տեսական մեխանիկայի հիմնական դասընթաց, մաս 1–2, Ե․, 1949։ Ньютон И․, Математические начала натуральной философии, в кн․։ Крылов А․ Н․, Собр․ трудов, т․ 7, М․ –Л․, 1936; Прандтль Д․, Гидроаэромеханика, 2 изд․, М․, 1951; Жуковский Н. Е․, Теоретическая механика, 2 изд․, М–Л․, 1952; Ильюшин А․ А․, Пластичность, М․, 1963; Механика в СССР за 50 лет, т․ 1–4, М․, 1968–1973; Боголюбов А․ Н․, Механика в истории человечества, М․, 1978; Григорьян А․ Т․, Механика от античности до наших дней, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1974; Նույնի, Механика и астрономия на средневековом Востоке, М․, 1980․
ՄԵԽԱՆԻԿԱ ՀՈԾ ՄԻՋԱՎԱՅՐԻ, մեխանիկայի բաժին, որն ընդգրկում է հիդրոաերոմեխանիկա, գազային դինամիկա, առաձգականության տեսություն և պլաստիկության տեսություն ենթաբաժինները, ինչպես նաև մի շարք այլ տեսություններ։ Մ․ հ․ մ․ դիտարկում է նյութը որպես անընդհատ միջավայր՝ անտեսելով նյութի ընդհատ կաոուցվածքը (մոլեկուլային, ատոմային)։ Հոծ միջավայրի մեխանիկայում ուսումնասիրվում են նյութի մակրոծավալները և այնպիսի երևույթներ, որոնց համար էական են միայն միջավայրի վիճակը բնութագրող պարամետրերի (շարժման արագություններ, լարումներ, ջերմաստիճան) միջինացված արժեքները։ Հոծ միջավայրի մեխանիկայի բոլոր ենթաբաժիններն օգտվում են շարժման (կամ հավասարակշռության), միջավայրի անխզելիության, էներգիայի պահպանման հավասարումներից, ինչպես նաև միջավայրի մասնակի ֆիզիկական հատկությունները բնութագրող որոշիչ հավասարումներից։ Բացի թվարկած հավասարումների համակարգից, կոնկրետ խնդիրները բնութագրվում են միջավայրի վիճակի սկզբնական և եզրային պայմաններով։ Մ․ հ․ մ․ լայն կիրառություն ունի ֆիզիկայի և տեխնիկայի տարբեր բնագավառներում։
Գրկ․ Седов Л․ И․, Механика сплошной среды, т․ 1–2, М․, 1973․
ՄԵԽԱՆԻԿԱ ՍՈՐՈՒՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, հոծ միջավայրի մեխանիկայի (տես Մեխանիկա հոծ միջավայրի) բաժին, որն ուսումնասիրում է սորուն միջավայրերի (ավազային, կավային և այլ գրունտների, հատիկների ևն) հավասարակշռությունն ու շարժումը։ Սորուն միջավայրի մեխանիկայի հիմնական խնդիրն է՝ որոշել գրունտների ճնշումը հենապատերին, զառիվայրերի սահքի մակերևույթների հնարավոր ձևերը, հատիկների ճնշումն էլևատորի պատերին, հաշվել հիմքերի անհրաժեշտ խորությունը, ուսումնասիրել դինամիկական բեռնվածքի դեպքում ալիքային պրոցեսները գրունտներում ևն։ Սորուն միջավայրի մեխանիկայի հիմնական բաժիններից է գրունտների մեխանիկան։
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒՄ, ձայնային հաճախականության էլեկտրական ազդանշանների գրառման համակարգ, որը հիմնված է մեխանիկական ազդեցությամբ ազդանշանակրի (սկավառակի) ձևի փոփոխության վրա։ Սովորաբար Մ․ ձ․ կատարվում է սկավառակի եզրից դեպի կենտրոնը, ուստի ձայնաշավիղն ունենում է պարույրի ձև։ Մոնոֆոնիկ ձայնագրման տեսակներն են․ լայնական ձայնագրում, երբ գրի առնող տարրի (կտրիչի) մեխանիկական տատանումները տեղի են ունենում սկավառակի շառավղի ուղղությամբ, խորքային ձայնագրում, երբ կտրիչը տատանվում է սկավառակի մակերևույթին ուղղահայաց, և միկրոձայնագրում (փոքր ամպլիտուդի տատանումներով լայնական ձայնագրում)։ Ստերեոֆոնիկ ձայնագրման դեպքում կտրիչը տատանվում է սկավառակի մակերևույթի նկատմամբ 45° անկյուն կազմող 2 փոխուղղահայաց ուղղություններով (լայնական-խորքային ձայնագրում)։
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ, տեխնոլոգիական պրոցեսներ, որոնց նպատակը մեքենաների, ապարատների, սարքերի դետալների վրա տրված ձևի, չափերի և որակի մակերևույթներ ստանալն է (տաշեղահանման եղանակով)։ Մ․ մ․ կատարվում է մետաղահատ գործիքներով մետաղահատ հաստոցների վրա։
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Նմանության տեսություն։
ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ, գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ Կազմակերպվել է 1971-ին, ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ–ի (1944–55-ին՝ ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտոր) հիման վրա։ Ինստ–ում կատարվում են հիմնարար հետազոտություններ առաձգականության մաթեմատիկական տեսության, նյութերի սողքի, անիզոտրոպ թաղանթների և սալերի տեսությունների զարգացման ուղղությամբ։ Տարվում են նաև գործնական նշանակություն ունեցող տեսական աշխատանքներ առաձգականության մաթ․ տեսության, հիդրոդինամիկայի որոշ հարցերի, բարակ մարմինների մագնիսաառաձգականության, պլաստիկության և ոչ գծային առաձգականության տեսության բնագավառում։ Ուսումնասիրվում են շերտավոր սալերի և թաղանթների ամրությանը, կայունությանը, տատանումներին և օպտիմալ նախագծմանը, առաձգականության տեսության խառը և կոնտակտային խնդիրներին վերաբերող հարցեր։ Փորձարարական հետազոտություններ են կատարվում բետոնի, մետաղների, կոմպոզիցիոն պլաստիկ նյութերի և բնահողերի սողքի և այլ հատկությունների ուսումսասիրության բնագավառում։ Ինստ–ն ունի առաձգականության և պլաստիկության տեսության, թաղանթների և սալերի տեսության բաժիններ, նյութերի սողքի և ամրության լաբորատորիա, հոծ միջավայրի մեխանիկայի և դեֆորմացվող հոծ մարմինների էլեկտրադինամիկայի բաժիններ, էլեկտրաչափիչ սարքերի լաբորատորիա, մեխանիկական արհեստանոց:
ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՎԱՐԻԱՑԻՈՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ընդհանուր դրույթներ, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել արտաքին ուժերի ազդեցությամբ մեխանիկական համակարգի շարժման կամ հավասարակշռության օրինաչափությունները, տարբերել մեխանիկական համակարգի իրական՝ փաստացի շարժումը կինեմատիկորեն հնարավոր բոլոր շարժումներից։ Մ․ վ․ ս․ արտահայտվում են համակարգի կետերի կոորդինատների, արագությունների և արագացումների վարիացիաներ պարունակող հավասարություններով։ Յուրաքանչյուր սկզբունք սահմանում է մեխանիկական համակարգի իրական շարժումը բնութագրող որոշակի ֆիզիկական հատկություն։ Սովորաբար այդ հատկություններին բնորոշ է այն, որ իրական շարժման համար համակարգի կինեմատիկական և դինամիկական բնութագրիչների ֆունկցիա հանդիսացող որոշ ֆիզիկական մեծություն ունի էքստրեմալ (նվազագույն կամ առավելագույն) արժեք։ Մեխանիկայի ոչ վարիացիոն սկզբունքները սահմանում են համակարգի շարժման օրինաչափությունները՝ համակարգին կիրառված ուժերի ազդեցությամբ։ Այդ սկզբունքներից են, օրինակ, Նյուտոնի երկրորդ օրենքը, Դ’Ալամբերի սկզբունքը։ Մեխանիկայի ոչ վարիացիոն սկզբունքները կիրառելի են ցանկացած մեխանիկական համակարգի նկատմամբ և ունեն համեմատաբար պարզ մաթ․ արտահայտություն։ Սակայն, դրանց կիրառությունը սահմանափակվում է մեխանիկայի շրջանակներով։ Ոչ վարիացիոն սկզբունքների նկատմամբ Մ․ վ․ ս–ի առավելությունն այն է, որ վերջիններից ստացվում են կապերի անհայտ հակազդումներ չպարունակող մեխանիկական համակարգի շարժման հավասարումներ։ Մ․ վ․ ս–ի գործածումը հանգում է վարիացիոն հաշվի մեթոդների կիրառմանը։
Ըստ տեսքի Մ․ վ․ ս․ լինում են դիֆերենցիալ (նկարագրում է իրական շարժման տարբերությունը ժամանակի տվյալ պահին կինեմատիկորեն հնարավոր բոլոր շարժումներից) և ինտեգրալ (նկարագրում է այդ տարբերությունը վերջավոր ժամանակահատվածում կատարվող տեղափոխությունների համար)։ Մեխանիկայի շրջանակներում դիֆերենցիալ վարիացիոն սկզբունքներն ավելի ընդհանուր են գործնականորեն կիրառելի ցանկացած մեխանիկական համակարգի համար։ Առավել գործածական տեսքով ինտեգրալ վարիացիոն սկզբունքները կիրառելի են միայն պահպանողական համակարգերի համար։ Ի տարբերություն մեխանիկայի դիֆերենցիալ վարիացիոն սկզբունքների և ոչ վարիացիոն սկզբունքների, ինտեգրալ վարիացիոն սկզբունքներում ուժերի փոխարեն հանդես է գալիս էներգիան։ Դրա շնորհիվ ինտեգրալ վարիացիոն սկզբունքները տարածվում են նաև ոչ մեխանիկական երևույթների վրա՝ դառնալով կարևոր ամբողջ տեսական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/400
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ