դիգերներին։ 1653-ին հաստատվեց Օ․ Կրոմվելի պրոտեկտորատը (մինչև 1658-ը), 1660-ին վերականգնվեց Ստյուարտների միապետությունը։ Ֆեոդ. հետադեմ քաղաքականությունն առաջ բերեց պետ․ հեղաշրջում (տես «Պանժալի հեղափոխություն» 1688–1689), 1688-ին Հակոբ II թագավորը տապալվեց, և պառլամենտը թագը հանձնեց հոլանդական շտատհալտեր Վիլհելմ Օրանացուն (Հակոբ II-ի դստեր ամուսնուն, 1689-ից՝ Անգլիայի թագավոր Վիլհելմ III)։ Նույն ժամանակ երկրում ձևավորվեցին երկու տիրապետող կուսակցություններ՝ վիգեր (թագավորի հակառակորդներ) և տորիներ (թագավորի կողմնակիցներ), XIX դ կեսին դրանց հիման վրա ստեղծվեցին, համապատասխանաբար, լիբերալ և պահպանողական կուսակցությունները։ 1707-ի ունիայով Շոտլանդիան վերջնականապես միացվեց Անգլիային, և Միացյալ Թագավորությունը կոչվեց Մ․ Բ․։ XVII–XVIII դդ․ Մ․ Բ․ խոշոր տիրույթներ գրավեց Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում, Ֆրանսիայից գավթեց Կանադան։ XVIII դ․ 60–70-ական թթ․ ուժեղացավ ազատագրական պայքարը Հյուսիսային Ամերիկայի անգլ․ գաղութներում (տես Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում 1775–83)։ Ռազմ. անհաջողություններն ու ներքին քաղ․ ճգնաժամը Մ․ Բ-ին հարկադրեցին 1783-ին ստորագրել Վերսալի հաշտությունը և ճանաչել ԱՄՆ–ի (13 գաղութներ) անկախությունը։ XVIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին Մ․ Բ․ հեղափոխական, այնուհետև նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ կոալիցիայի գլխավոր կազմակերպիչն էր։ Անգլ․ բուրժուազիան նապոլեոնյան Ֆրանսիայի ջախջախումը օգտագործեց իր առևտրաարդ․ և գաղութային գերիշխանությունը ամրապնդելու համար։ 1814–15-ի Վիեննայի կոնգրեսի որոշմամբ Մ․ Բ-ին անցան նրա նվաճած Մալթա կղզին, Կապ գաղութը (Հարավային Աֆրիկայում), Ցեյլոն կղզին և այլ տարածքներ։ Կապիտալի կուտակումը, որը հիմնականում գաղութները թալանելու և սեփական գյուղացիությանը շահագործելու արդյունք էր, հող նախապատրաստեց արդ․ հեղաշրջման համար։ 1829-ին Մ․ Բ-ին բաժին էր ընկնում ածխի համաշխարհային հանույթի 3/4-ը և թուջի արտադրության 40%-ը։ XIX դ․ 30–40-ական թթ․ վերելք ապրեց բանվորական շարժումը, որի հիմնական կենտրոններն էին Անգլիայի հս․ ու հվ․, Շոտլանդիայի և Ուելսի արդ․ շրջանները։ Ստեղծվեցին առաջին խոշոր տրեդ–յունիոնները, ծավալվեց քաղաքականապես ձևավորված առաջին զանգվածային հեղափոխական բանվորական շարժումը՝ չարտիզմը։ Շարունակվեց անգլ․ կառավարության գաղութային էքսպանսիան։ Մ․ Բ․ զավթեց Նոր Զելանդիան (գաղութ հռչակվեց 1840-ին), ընդարձակ տարածքներ Բիրմայում, Հարավային Աֆրիկայում, ավարտեց Հնդկաստանի նվաճումը, զավթողական պատերազմներ մղեց Չինաստանի (1840–42, 1856–60), Աֆղանստանի (1838–42) դեմ, դաժանորեն ճնշեց ազգային–ազատագրական ապստամբությունները Հնդկաստանում (1857–59), Իռլանդիայում (1848–67) ևն։ 1899-ին Մ․ Բ-ի գաղութային տիրույթները կազմում էին 30 մլն կմ² 345 մլն բնակչությամբ։
1880-ական թթ․ նոր վերելք ապրեց բանվորական շարժումը, որի զարգացման վրա ազդել էր I Ինտերնացիոնալի (ստեղծվել էր Լոնդոնում, 1864-ին) գործունեությունը։ Հին տրեդ–յունիոններին փոխարինեցին մասսայական արհմիություններ (նոր տրեդ–յունիոններ)։ 1893-ին կազմվեց անկախ բանվորական կուսակցությունը, 1900-ին՝ լեյբորիստական կուսակցությունը։
1880-ական թթ․ կեսին և 1890-ական թթ․ սկզբին Մ․ Բ-ում երևան եկան առաջին մոնոպոլիաները։ Չնայած անգլ․ արդյունաբերության շարունակվող վերելքին, Մ․ Բ-ի բաժինը համաշխարհային արդ․ արտադրության մեջ նվազում էր (1870-ին Մ․ Բ․ տալիս էր համաշխարհային արդ․ արտադրության 32% , ԱՄՆ՝ 23% , Գերմանիան՝ 13%, 1900-ին, համապատասխանաբար, Մ․ Բ․՝ 22%, ԱՄՆ՝ 31%, Գերմանիան՝ 16%)։ Խիստ սրվեցին իմպերիալիստական հակասությունները Մ․ Բ-ի [որը զավթել էր Կիպրոս կղզին (1878), Եգիպտոսը (1882), Արևելյան Սուդանը (1898), Բուրական Հանրապետությունը Աֆրիկայում (տես Անգլո–բուրական պատերազմ 1899–1902)] և Գերմանիայի միջև, որոնք Մ. Բ–ին դրդեցին 1904-ին համաձայնագիր կնքել Ֆրանսիայի, 1907-ին՝ Ռուսաստանի հետ (տես Անտանտ)։ Անգլո–գերմ․ հակասությունները վճռական դեր խաղացին համաշխարհային իմպերիալիստական պատերազմի ծագման գործում։ 1914-ի օգոստ․ 4-ին, երբ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին և Ֆրանսիային, Մ․ Բ․ անմիջապես պատերազմ հայտարարեց Գերմանիային (տես Առաջին համաշխարհային պատերազմ 1914–18)։ Պատերազմի հետևանքով Մ․ Բ․ ընդլայնեց իր գաղութային կայսրությունը (տես Վերսալի հաշտության պայմանագիր 1919)։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Մ․ Բ․ հակասովետական օտարերկրյա ինտերվենցիայի կազմակերպիչներից էր։ 1920-ական թթ․ սկզբին Մ․ Բ-ում հուժկու վերելք ապրեց բանվորական շարժումը, 1920-ին ստեղծվեց Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցությունը։ 1920-ին սկսված տնտ․ ճգնաժամի պայմաններում արդ․ արտադրությունը կրճատվեց մեկ երրորդով։ 1922-ին Դ․ Լլոյդ Ջորջի կոալիցիոն կառավարությանը փոխարինեց պահպանողականների (որոնք ընդհատումներով իշխանության գլուխ մնացին մինչև 1940-ը) կառավարությունը։ 1920-ական թթ․ լիբերալ կուսակցությունը վերջնականապես իր տեղը զիջեց լեյբորիստներին։ 1924-ին այդ կուսակցության ղեկավար Ջ․ Ռ․ Մակդոնալդը կազմեց առաջին լեյբորիստական կառավարությունը, որը 1924-ին դե–յուրե ճանաչեց ՍՍՀՄ, սակայն արդեն 1927-ին Ս․ Բոլդուինի պահպանողական կառավարությունը (1924–29) խզեց դիվանագիտական հարաբերությունները Սովետական Միության հետ (դրանք վերականգնվեցին 1929-ին՝ լեյբորիստական նոր կառավարության օրոք)։ 1929–33-ին համաշխարհային տնտ․ ճգնաժամը ծանր անդրադարձավ Մ․ Բ–ի տնտեսության վրա (ավելի քան 2 մլն գործազուրկ)։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մ․ Բ–ի արտաքին քաղաքականությանը բնորոշ էր անգլո–ամերիկյան, անգլո–ճապոնական և անգլո–ֆրանսիական իմպերիալիստական հակասությունների սրումը, բայց Գերմանիայի ռազմ. հզորության մեծացման համեմատ առաջին պլան մղվեցին անգլո–գերմանական հակասությունները։ Ս․ Բոլդուինի (1935–37) և Ն․ Չեմբեռլենի (1937–40) կառավարությունները, ձգտելով ֆաշիստական ագրեսիան ուղղել Սովետական Միության դեմ, ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի հետ վարում էին «չմիջամտելու» և ագրեսիայի «թողտվության» քաղաքականություն։ 1938-ին Մ․ Բ․ և Ֆրանսիան, գործարքի մեջ մտնելով Իտալիայի և Գերմանիայի հետ, Մյունխենում համաձայնագիր կնքեցին (տես Մյունխենի համաձայնագիր 1938), անդամահատեցին Չեխոսլովակիան հօգուտ Գերմանիայի, ձախողեցին ֆաշիստական ագրեսիայի առաջն առնելու վերաբերյալ եռակողմ բանակցությունները Սովետական Միության մասնակցությամբ (տես Մոսկովյան բանակցություններ 1939) և դրանով հող նախապատրաստեցին նոր համաշխարհային պատերազմի սանձազերծման համար (տես Երկրորդ համաշխարհային պատերազմ 1939–45)։ 1939-ի սեպտ․ 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, սեպտ․ 3-ին Մ․ Բ․ պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Անգլ․ էքսպեդիցիոն ուժերը, որոնք 1940-ին գործում էին Ֆրանսիայում և Բելգիայում, պարտություն կրեցին (տես Դյունկերկի օպերացիա 1940)։ Մ․ Բ–ի վրա կախվեց գերմ․ հարձակման վտանգը։ Սովետական Միության վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո Ու․ Չերչիլի կառավարությունը (1940–45) հայտարարեց ՍՍՀՄ–ին օգնելու իր պատրաստակամության մասին։ 1941-ի հուլիսի 12-ին կնքվեց անգլո–սովետական համաձայնագիր Գերմանիայի դեմ համատեղ ռազմ. գործողությունների մասին, օգոստ․ 14-ին՝ Ատլանտյան խարտիան Մ․ Բ–ի և ԱՄՆ–ի միջև։ Կազմավորվեց հակահիտլերյան կոալիցիա Սովետական Միության, ԱՄՆ–ի և Մ․ Բ–ի գլխավորությամբ, որը մեծ նշանակություն ունեցավ ֆաշիստական ագրեսորների դեմ հաղթանակի գործում։ 1942-ի մայիսին ստորագրվեց անգլո–սովետական պայմանագիր հիտլերյան Գերմանիայի ու նրա եվրոպական դաշնակիցների դեմ պատերազմում դաշինքի և ետպատերազմյան շրջանում համագործակցության ու փոխօգնության մասին։ Սակայն անգլ․ կառավարությունը չէր կատարում ՍՍՀՄ–ի համար նախատեսված ռազմ. մատակարարումների սահմանված ժամկետներին ու ծավալին վերաբերող համաձայնագրերը և ԱՄՆ–ի հետ ձգձգում էր երկրորդ ճակատի բացումը Եվրոպայում։ Համոզվելով, որ Սովետական Միությունը միայնակ, առանց դաշնակիցների օգնության, կարող է ջախջախել ֆաշիզմը և ազատագրել Եվրոպայի ժողովուրդներին, Մ․ Բ․ և ԱՄՆ բաց արեցին (1942-ի փոխարեն 1944-ի հունիս) երկրորդ ճակատը և միայն 1944-ի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/407
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ