Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վերջին ազատագրեցին Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները և Կենտրոնական Իտալիան։
Պատերազմից հետո, 1945-ի հուլիսին, իշխանության գլուխ անցավ Ք. Էտլիի լեյբորիստական կառավարությունը, որը հանդես եկավ սոցիալական ռեֆորմների և ՍՍՀՄ–ի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու խոստումներով։ Երկրում անցկացվեց արդ․ մի շարք ճյուղերի (ածխի, գազի արդյունահանման, մետալուրգիայի ևն), ներքին տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, անգլ․ բանկի ևն ազգայնացում, որը շահավետ էր ձեռնարկատերերին (նրանք հսկայական փոխհատուցում ստացան իրենց ձեռնարկությունների համար)։ Մ․ Բ․ ակտիվ մասնակցություն ունեցավ 1948-ին «Մարշալի պլանի» իրականացմանը, ՆԱՏՕ–ի ագրեսիվ խմբավորման (տես Հյուսիս–Ատլանտյան պակտ 1949) ստեղծմանը (որի կազմակերպիչներից է), մասնակցեց ԱՄՆ–ի սանձազերծած Կորեական պատերազմին (1950–53)։ 1951-ին իշխանությունն անցավ պահպանողականներին, որոնք կառավարեցին մինչև 1964-ը։ Կառավարությունը հերթականորեն գլխավորեցին Ու․ Չերչիլը (1951–55), Ա․ Իդենը (1955–1957), Հ․ Մակմիլանը (1957–63), Ա․ Դուգլաս–Հյումը (1963–64)։ Պահպանողականների կառավարման շրջանում Մ․ Բ–ի տնտեսությունն ապրեց լճացում և ճգնաժամեր, ուժեղացավ ամերիկյան կապիտալի ներթափանցումը բրիտ․ արդյունաբերության մեջ, ավելացան ռազմ. հատկացումները (պետ․ բյուջեի մոտ 1/3-ը)։ Մ․ Բ․ եղավ ՍԵԱՏՕ (1954) և ՍԵՆՏՕ (1955) ագրեսիվ ռազմ. խմբավորումների նախաձեռնողներից, գաղութատիրության դիրքերը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ամրապնդելու համար սանձազերծեց անգլո–ֆրանս–իսրայելական ագրեսիան Եգիպտոսի դեմ (1956)։ Միջազգային կարևորագույն խնդիրներում (գերմ․ հարց, զինաթափում, եվրոպական անվտանգություն ևն) Մ․ Բ․ հանդես եկավ ԱՄՆ–ի հետ միասին՝ ընդդեմ Սովետական Միության և սոցիալիստական երկրների, որի հետևանքով ուժեղացավ կախումը ամեր․ իմպերիալիզմից․ Մ․ Բ–ի տարածքում ստեղծվեցին ամեր․ ռազմ. բազաներ։ Միաժամանակ ԱՄՆ աստիճանաբար Մ․ Բ–ին դուրս մղեց Մերձավոր ու Միջին Արևելքի, Հարավ–Արևելյան Ասիայի, Աֆրիկայի և աշխարհի այլ շրջանների նրա ավանդական շուկաներից ու ազդեցության ոլորտներից։
1964-ին իշխանությունն անցավ լեյբորիստներին (պրեմիեր մինիստր Հ․ Վիլսոն)։ 1966-ի պառլամենտական արտահերթ ընտրություններում լեյբորիստները կրկին գերակշիռ մեծամասնություն ստացան Համայնքների պալատում, բայց հուսախաբ արեցին ընտրողներին, շարունակվեց ամեր․ կապիտալի ներթափանցումը, ամրապնդվեց մոնոպոլիստական սեկտորը, աճեցին արտաքին պարտքերը, խոշոր գումարներ ծախսվեցին սպառազինությունների վրա, պահպանվեցին գործազրկության մեծ չափերը ևն։ Լեյբորիստները պաշտպանեցին ԱՄՆ–ի ագրեսիվ քաղաքականությունը Վիետնամում, աջակցեցին ԳՖՀ–ի ռազմականացմանը, պաշտպանեցին Հարավային Ռոդեզիայի ռասիստական վարչակարգը։ 1970-ի պառլամենտական ընտրություններում լեյբորիստները պարտություն կրեցին, իշխանությունն անցավ Է․ Հիթի պահպանողական կառավարությանը, որը անկարող եղավ լճացումից հանել արդյունաբերությունը, կանգնեցնել ինֆլյացիայի, գների և գործազրկության աճը։ Շարունակվում էր 1960-ական թթ․ վերջին և 1970-ական թթ․ սկզբին ծայր առած հս–իռլանդ․ քաղ․ ճգնաժամը։ 1973-ի հունվ․ 1-ին Մ․ Բ․ դարձավ Եվրոպական տնտեսական համագործակցության («ընդհանուր շուկա») անդամ։ 1974-ի պառլամենտական արտահերթ ընտրություններում պահպանողականները պարտություն կրեցին, մեծամասնություն չստացան նաև լեյբորիստները։ Սակայն, 1974-ի հոկտեմբերի վաղաժամկետ ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստանալով, լեյբորիստները կազմեցին կառավարություն (պրեմիեր մինիստր՝ Հ․ Վիլսոն), որի «հակաինֆլյացիոն» քաղաքականությունը շոշափելի արդյունք չտվեց, երկրում աճեց գործազրկությունը (1,2 մլն մարդ 1975-ին), սրվեցին սոցիալական հակասությունները, 1976-ի մարտին Վիլսոնը հրաժարական տվեց, լեյբորիստական կուսակցության ղեկավար և պրեմիեր մինիստր դարձավ Ջ․ Քալագհանը, որը փորձեց տնտ․ դժվարությունները հաղթահարել ի հաշիվ աշխատավորների՝ կրճատելով պետ․ ծախսերը սոցիալական կարիքների համար։ Գների անընդհատ աճի պայմաններում այդ քաղաքականությունը հանգեցրեց բնակչության մեծամասնության կենսամակարդակի հետագա իջեցման, գործազրկության ավելացման (1,5 մլն, 1978)։ Օգտվելով լեյբորիստների ներքին և արտաքին (Արևմտյան Եվրոպայում նեյտրոնային զենք տեղաբաշխելու ամեր․ պլանների պաշտպանություն, բարդություններ Հյուսիսային Իռլանդիայում, Հարավային Ռոդեզիայում ևն) քաղ․ դժվարություններից, պահպանողականները 1979-ի մայիսի պառլամենտական ընտրություններում հաղթանակ տարան, պրեմիեր մինիստր Մ․ Թետչերի կառավարությունը հայտարարեց, որ իր խնդիրն է համարում «կանգնեցնել Անգլիայի սողքը դեպի սոցիալիզմ», երկիրը վերադարձնել «դասական կապիտալիզմի հիմունքներին», որի համար խթանվում է «ազատ ձեռներեցությունը», ազգայնացվում են նավաշինական, քաղաքացիական ավիացիայի և մի քանի այլ ճյուղերի ձեռնարկություններ, կրճատվում են սոցիալական կարիքների հատկացումները, սահմանափակվում արհմիությունների իրավունքները (հատկապես գործադուլի իրավունքը) ևն։ Արտաքին քաղաքականության ասպարեզում պահպանողական կառավարությունը հանդես է գալիս հօգուտ ՆԱՏՕ–ի ռազմ. հզորության մեծացման, սերտ դաշինքի ԱՄՆ–ի հետ։
VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ
Պահպանողական կուսակցություն, ստեղծվել է XIX դ․ կեսին, տորիների կուսակցության հիման վրա, ունի մոտ 3 մլն անդամ։ Արտահայտում է խոշոր արդ․ և ֆինանսական կապիտալի, բարձր աստիճանավորների և հողատեր ազնվականության շահերը։ Լեյբորիստական կուսակցություն, հիմնվել է 1900-ին, ունի 6,62 մլն անդամ, այդ թվում՝ 5,9 մլն կոլեկտիվ անդամի իրավունքով (հիմնականում՝ արհմիություններ)։ Լիբերալ կուսակցություն, ստեղծվել է XIX դ․ կեսին, վիգերի կուսակցության հիման վրա, ունի 200 հզ․ անդամ։ Արտահայտում է միջին ու մանր բուրժուազիայի և մտավորականության մի մասի շահերը։ Շոտլանդական ազգային կուսակցություն, հիմնվել է 1928-ին, հանդես է գալիս Շոտլանդիային անկախություն տալու դիրքերից։ Պլադ ԿամրիԱզատ Ուելս»), հիմնվել է 1925-ին, հանդես է գալիս հանուն Ուելսի ինքնավարության։ Սոցիալ–դեմոկրատական կուսակցություն, ստեղծվել է 1981-ին՝ նախկին լեյբորիստներ Ռ․ Ջենկինսի, Շ․ Ուիլյամսի և ուրիշների կողմից։ Մ․ Բ–ի կոմունիստական կուսակցություն, ստեղծվել է 1920-ին, ունի 25,2 հզ․ անդամ։
Երկրի խոշորագույն արհմիութենական միավորումը տրեդ–յունիոնների բրիտանական կոնգրեսն է, հիմնվել է 1868-ին, միավորում է 112 արհմիությունների (11,9 մլն անդամ)։ Տրեդ–յունիոնների շոտլանդական կոնգրես, հիմնվել է 1897-ին։ Տրեդ–յունիոնների Ուելսի կոնգրես, հիմնվել է 1973-ին։
Հյուսիսային Իռլանդիայում գործում են՝ յունիոնական, յունիոնական–դեմոկրատական, ազգայնական և սոցիալ–դեմոկրատական լեյբորիստական կուսակցություններ, Քաղաքացիական իրավունքների համար պայքարի ասոցիացիա, Ալյանսի կուսակցություն, Տրեդ–յունիոնների իռլանդական կոնգրես (ստեղծվել է 1959-ին)։
Իռլանդիայի կոմունիստական կուսակցություն, հիմնվել է 1933-ին։
Անգլո-սովետական բարեկամության ընկերություն, հիմնվել է 1946-ին, ՍՍՀՄ-ի հետ մշակութային կապերի ընկերություն, հիմնվել է 1924-ին, Շոտլանդիա–ՍՍՀՄ ընկերություն, ստեղծվել է 1945-ին, Հյուսիսային Իռլանդիա–ՍՍՀՄ ընկերություն, Մեծ Բրիտանիա–ՍՍՀՄ ասոցիացիա, հիմնվել է 1959-ին (պաշտոնական կիսակառավարական կազմակերպություն է)։
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
Մ․ Բ․ բարձր զարգացած ինդուստրիալ երկիր է։ Արդ․ արտադրության ընդհանուր ծավալով (4,4%, 1978) կապիտալիստական աշխարհում գրավում է 5-րդ տեղը (ԱՄՆ–ից, Ճապոնիայից, ԳՖՀ–ից, Ֆրանսիայից հետո)։ Չնայած տեխ․ խոշոր տեղաշարժերին,