արդ․ արտադրանքի ծավալը դանդաղ է ավելանում՝ 1978-ին աճել է ընդամենը․ 3,1%-ով։ Վերելքի կարճատև ժամանակաշրջաններին հաջորդում են ճգնաժամերն ու լճացումները։
Մ․ Բ-ի տնտեսությունը ձևավորվել է համաշխարհային արդ․ արտադրության և առևտրի մեջ իր ունեցած երկարատև մենաշնորհային դիրքի և գաղութային վիթխարի կայսրության առկայության պայմաններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամը և ժողովուրդների ազգային–ազատագրական շարժման բուռն աճը բրիտանական գաղութային կայսրությանը հանգեցրին կործանման։ Սակայն, կիրառելով նեոգաղութային քաղաքականություն և կարողանալով համագործակցության մեջ ներգրավել գաղութային կախումից ազատագրված երկրների մեծ մասը, Մ․ Բ․ այս կամ այն չափով դրանց պահեց իր ազդեցության ոլորտում։
Արդյունաբերության, առևտրի, ֆինանսների մեջ գերիշխող դիրք են գրավում կապիտալիստական մոնոպոլիաները։ Խոշոր մոնոպոլիաների թվին են պատկանում՝ «Բրիթիշ էըրքրաֆթ քորփորեյշն» (արտադրում է ինքնաթիռներ, հրթիռներ, կառավարվող արկեր), «Հոքեր Սիդլի գրուփ» (ինքնաթիռներ, էլեկտրոնային և այլ սարքավորում, զանազան հաստոցներ ու մեքենաներ), «Ուեստլենդ էըրքրաֆթ» (ուղղաթիռներ, էլեկտրոնային ավիացիոն սարքավորում), «Ինթերնեշընըլ քոմփյութըրս» (էլեկտրոնային հաշվողական մեքենաներ), «Ջեներըլ էլեքթրիք» (էլեկտրատեխ․ մեքենաներ ու սարքեր), «Վիքերս» (ինքնաթիռներ, նավեր, սուզանավեր, տանկեր և ռազմ. այլ տեխնիկա, ինչպես նաև արդ․ ու էներգետիկական սարքավորում), «Իմփիրիըլ քեմիքըլ ինդասթրիզ» (քիմ․ զանազան արտադրանք), «Ռոյալ դատչ–Շել» և «Բրիթիշ փեթրոլեում քամփընի» (նավթի արդյունահանում, վերամշակում, նավթի ու նավթամթերքների վաճառահանում), «Յունիլևեր» (քիմ․, օծանելիքի և սննդի զանազան արտադրանք)։
Ետպատերազմյան տարիներին մեծացել է պետ․-մոնոպոլիստական միավորումների դերը, որոնք, ռազմական մի շարք արտադրություններից բացի, ընդգրկել են արդյունաբերության ազգայնացված ճյուղերը (ածխի, գազի, էլեկտրաէներգետիկա, երկաթուղային տրանսպորտ, սև մետալուրգիա, ներքին ջրային տրանսպորտ, ավիագծեր ևն)։ Ուժեղացել է ամեր․ կապիտալի ներթափանցումը երկրի էկոնոմիկայի մեջ։
Գյուղատնտեսությունն աչքի է ընկնում ինտենսիվությամբ և տալիս է երկրին անհրաժեշտ պարենի կեսից ավելին։
Մ․ Բ–ի տնտեսության բնորոշ գիծն է մեծ կախվածությունը արտաքին առևտրից։ Նրա արդյունաբերությունը գլխավորապես հենվում է ներմուծվող հումքի վրա, մինչդեռ պատրաստի արտադրանքի զգալի մասը նախատեսվում է արտահանման համար։
Արդյունաբերությունն ապահովում է համախառն ազգային արդյունքի շուրջ 50%–ը և արտահանության գրեթե 90%-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվածքային էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարևոր նշանակություն են ձեռք բերել շատ ավելի նոր ճյուղերը՝ ատոմային, էլեկտրատեխ․, էլեկտրոնային, նավթավերամշակման և նավթաքիմ․, ավիահրթիռային։ Փոխվել է արդյունահանող և մշակող արդյունաբերության հարաբերակցությունը՝ հօգուտ վերջինի, մեծացել է ծանր արդյունաբերության տեսակարար կշիռը։
Արդյունահանող արդյունաբերություն։ Մ․ Բ–ի արտահանման հին ճյուղերից է քարածխի արդյունաբերությունը։ Հեղուկ վառելիքի համեմատությամբ ածխի ցածր մրցունակության պատճառով նրա արդյունահանումը կրճատվում է։ Ածխի գլխ․ ավազաններն են՝ Յորքշիրի, Նորթամբերլենդ–Դարեմի և Հարավային Ուելսի։ Հյուսիսային ծովի հատակի ընդերքից արդյունահանում են նավթ և բնական գազ։ Արհեստական գազի արտադրությամբ Մ․ Բ․ Արևմտյան Եվրոպայում 1-ին տեղն է գրավում։ Արդյունահանվում է նաև երկաթ, անագ։
Էներգետիկա։ Էլեկտրաէներգիայի արտադրության մեծ մասը տալիս են ՋԷԿ–երը (86%, 1975), որոնցից առավել խոշորները (ավելի քան 1 մլն կվտ հզորությամբ) գտնվում են Թրենթ գետի վրա (Յորքշիրի ածխով աշխատող) և Լոնդոնի մոտ։ 1970-ից գործում է բարձր լարվածության «Սուպերգրիդ» միացյալ էներգահամակարգը։ Երկրում գործում են ավելի քան 13 ԱԷԿ–ներ, որոնցով արտադրվող էլեկտրաէներգիայի քանակով Մ․ Բ․ գրավում է 1-ին տեղը Արևմտյան Եվրոպայում։ ՀԷԿ–երը տալիս են էլեկտրաէներգիայի 2%-ից էլ պակաս մասը։
Մշակող արդյունաբերություն։ Սև մետալուրգիան ապահովված է սեփական կոքսով և կիսով չափ՝ երկաթի ցածրորակ հանքաքարով (բարձրորակ հանքաքար ներմուծվում է)։ Առավել շատ պողպատ ձուլում են Հարավային Ուելսում (Կարդիֆ), Հյուսիս–Արևելյան Անգլիայում (Միդլսբրո), Յորքշիրում (Շեֆիլդ)։ Գունավոր մետալուրգիան գրեթե ամբողջովին աշխատում է ներմուծվող հումքով։ Գունավոր մետաղների մշակումը կենտրոնացած է մեքենաշինության խոշոր կենտրոններում՝ Բիրմինգհեմում, Մեծ Լոնդոնում, Հարավային Լանքաշիրում։
Մեքենաշինությունը արդյունաբերության առաջատար ճյուղն է․ լայնորեն զարգացած է երկրի բոլոր շրջաններում։ Այս ճյուղում զբաղվածների 1/З-ը բաժին է ընկնում տրանսպորտային մեքենաշինությանը, որի մեջ առավել կարևոր նշանակություն ունի ավտոմոբիլների և ինքնաթիռների արտադրությունը։ Ավտոմոբիլների շուրջ 2/3-ը արտահանվում է։ Ավտոհավաքման հիմնական գործարանները գտնվում են Մեծ Լոնդոնում, Արևմտյան Միդլենդում (Բիրմինգհեմ, Կովենտրի), Լուսանում, Օքսֆորդում, իսկ դետալների և հանգույցների արտադրությունը՝ նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ Ավտոմոբիլների ավելի քան 1/2-ը տալիս են ամեր․ ֆիրմաները («Ֆորդ մոթորզ»,
Արդյունաբերական արտադրանքի հիմնական արտադրությունը
Արտադրանքի տեսակը | 1938 | 1950 | 1965 | 1978 |
---|---|---|---|---|
Քարածուխ, մլն տ | 231 | 220 | 191 | 123.7 |
Նավթ, մլն տ | - | - | - | 52.8 |
Բնական գազ, մլրդ մ³ | - | - | - | 38.3 |
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ/ժ | 33.81 | 63.31 | 1941 | 266.8 |
Նավթամթերքներ, մլն տ | - | - | - | 89.2 |
Թուջ, մլն տ | 6.9 | 9.8 | 17.8 | 11.4 |
Պողպատ, մլն տ | 10.6 | 16.6 | 27.4 | 20.3 |
Պղինձ, հզ․ տ | 1302 | 188.13 | 236.4 | 78.0 |
Ցինկ, հզ․ տ | 55.9 | 73.93 | 107 | 73.6 |
Ալյումին (երկրորդային), հզ․ տ | - | - | 178 | 193.2 |
Անագ, հզ․ տ | 32.8 | 29.33 | 16.8 | - |
Կապար, հզ․ տ | 11 | 78.63 | 171 | 124.8 |
Ավտոմոբիլներ մարդատար, հզ․ հատ | 341 | 523 | 1722 | 1223 |
Ավտոմոբիլներ բեռնատար, հզ․ հատ | 104 | 261 | 455 | 383 |
Տրակտորներ, հզ․ հատ | 184 | 120 | 199 | 1235 |
Առևտրական նավեր (ջրարկված), հզ․ բրուտտո ռեգիստրային տ | 1030 | 1325 | 1073 | 1135 |
Հեռուստացույցներ, հզ․ հատ | - | - | 1591 | 2066 |
այդ թվում՝ գունավոր, հզ․ հատ | - | - | - | 1378 |
Ազոտական պարարտանյութեր, հզ․ տ | 129 | 255 | 608 | 1118 |
Ֆոսֆորտկան պարարտանյութեր (ըստ –ի պարունակության), հզ․ տ | 432 | 1065 | 441 | 389 |
Ծծմբական թթու, հզ․ տ | 960 | 1832 | 3353 | 3454 |
Պլաստմասսաներ և սինթետիկ խեժեր, հզ․ տ | 295 | 2956 | 958 | 3353 |
Քիմիական մանրաթելեր, հզ․ տ | 61 | 169 | 391 | - |
Ցեմենտ, մլն տ | 7.8 | 9.9 | 17.2 | 15.9 |
Բամբակե գործվածքներ, մլն մ | 3328 | 1941 | 927 | 378 |
Բրդե գործվածքներ, մլն մ² | 3967 | - | 252 | 144 |
Կոշիկ (վաճառքի), մլն զույգ | - | - | - | 155 |
Լրագրի թուղթ, հզ․ տ | - | - | - | 319 |
Թղթի այլ տեսակներ և ստվարաթուղթ, հզ․ տ | - | - | - | 3879 |
Կառուցված բնակարանների թիվը, հզ․ | - | - | - | 288 |
1Առանց Հյուսիսային Իռլանդիայի։ 21937։ 31953։ 41936։ 51977։ 61955։ 71935: