460 ՄԵՆԴԵԼԻԶՄ
իսկ բեղմնավորված ձվաբջջում առկա են ծնողական երկու ձևերի ժառանգական գործոնները, որոնցից մեկը դոմինանտ է, մյուսը՝ ռեցեսիվ։ Հաջորդ սերունդներում ժառանգական գործոնները տարբեր զուգակցություններ են առաջացնում։ Մ․ օ․ լրիվ հաստատվեցին և բացատրվեցին ժառանգականության քրոմոսոմային տեսության հիման վրա։
ՄԵՆԴԵԼԻԶՄ, ուսմունք ժառանգականության օրինաչափությունների մասին, որը գենետիկայի հիմքը հանդիսացավ։ Մ–ի առաջացումը կապում են 1900-ին Խ․ դե Ֆրիզի, Կ․ Կորենսի և Է․ Չերմակի կողմից Գ․ Մենդելի «Փորձեր բուսական հիբրիդների հետ» (1866) մոռացված աշխատանքի հայտնաբերման և հաստատման հետ։ Եթե Մենդելի հայտնագործությունները կատարվել էին բուսական հիբրիդների երկարատև հետազոտությունների հիման վրա, ապա այդ օրինաչափությունների «երկրորդ» հայտնագործումը և ճանաչումը պայմանավորված էր բջջի բաժանման (տես Միտոզ), բեղմնավորման և զարգացման ուսումնասիրման հաջողություններով։ Մ․ և XX դ․ սկզբին ստեղծված մուտացիաների տեսությունը (տես Մուտացիաներ) սկզբում հակասություն առաջացրին «խիստ հետևողական» դարվինիստների և մենդելիստների միջև։ Խ. դե Ֆրիզը ենթադրում էր (1901–03), որ մեկ «պրոգրեսիվ» մուտացիան բավական է նոր տեսակ ստեղծելու համար։ Յա․ Լոտսին (1912–13) առաջ քաշեց գեների քանակի հաստատունության և անփոփոխելիության չհիմնավորված տեսություն։ Նշված տեսությունները հաշվի չէին առնում, որ միայն ժառանգականության օրինաչափություններով հնարավոր չէր բացատրել էվոլյուցիայի պրոցեսը։ Միաժամանակ շատ դարվինիստներ սխալմամբ ենթադրում էին, որ էվոլյուցիան կարող է ընթանալ միայն զանգվածային բնույթ կրող անընդհատ, աննշան փոփոխությունների հիման վրա։ Նրանք թշնամաբար էին ընդունում Մ․ և մուտացիաների տեսությունը՝ աշխատելով ժխտել դրանով բացահայտված օրինաչափությունների համընդհանրությունը։
Մինչև Մ․ գոյություն ուներ «միաձույլ» ժառանգականության տեսություն, որի համաձայն խաչասերվող օրգանիզմների հատկանիշները «միաձուլվում» են, և որևէ նոր, եզակի հատկանիշ հնարավորություն չի ունենում պահպանվել։ Այդ պատճառով ընդունված էր, որ բնական ընտրությունն անկարող է պահպանել նման հատկանիշը, եթե նույնիսկ այն օգտակար է գոյության պայքարում։ Մ․ կարողացավ հերքել նշված տեսությունը և բնական ընտրության դեմ եղած առարկությունները։ Խաչասերման ժամանակ ամեն մի նոր ի հայտ եկող ժառանգական հատկանիշ կարող է մոտ սերունդներում չդրսևորվել, սակայն դա չի նշանակում, որ ժառանգականությունը որոշող գործոնը «միաձուլվել» կամ «կլանվել» է պոպուլյացիայում։ Ռեցեսիվ գեներով որոշվող հատկանիշները կարող են կրկին ի հայտ գալ հետագա սերունդներում (տես Մենդելի օրենքներ)։ Միայն 1930-ական թթ․ գենետիկան և Մ․ ճանաչվեցին որպես ժամանակակից դարվինիզմի հիմքը։ Մ․ հեղաշրջող դեր կատարեց կենսաբանության մեջ, ապացուցեց, որ ժառանգական գործոններն ունեն կորպուսկուլային (մասնիկային) դիսկրետ բնույթ, և սերնդից սերունդ դրանց անցումը կատարվում է վարիացիոն–վիճակագրական օրինաչափություններով։ Այդ նոր սկզբունքները թույլ տվեցին վճռել դարվինիզմի առաջ կանգնած դժվարությունները և մշակել ժամանակակից ուսմունք միկրոէվոլյուցիայի պրոցեսների մասին։ Մ․ դարձավ միկրոօրգանիզմների, մշակովի բույսերի և ընտանի կենդանիների սելեկցիայի այժմյան մեթոդների տեսական հիմքը։
Գրկ․ Гайсинович А. Е., Зарождение генетики, М., 1967; Ford Е․ В., Mendelism and Evolution, 7 ed․, I960․
ՄԵՆԴԵԼՍՈՆ, Մենդելսոն–Բարտոլդի (Mendelssohn-Bartholdy), Յակոբ Լյուդվիգ Ֆելիքս (3․2․1809, Համբուրգ – 4․11․1847, Լայպցիգ), գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երգեհոնահար։ Աշակերտել է Կ․ Ֆ․ Ցելտերին (կոմպոզիցիա) և Լ․ Բերգերին (դաշնամուր)։ Ինը տարեկանից ելույթներ է ունեցել իբրև դաշնակահար (հռչակվել է որպես վիրտուոզ), տասնմեկ տարեկանից՝ իբրև կոմպոզիտոր։ 1829-ից ուղևորություններ է ձեռնարկել Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա ևն։ 1829-ին Բեռլինում Մ–ի ղեկավարությամբ հնչել է Յո․ Ս․ Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի»-ն՝ սկիզբ դնելով Բախի գրեթե մոռացված ժառանգության վերագնահատմանը։ Գլխավորել է համերգային կյանքը Դյուսելդորֆում (1833-ից) և Լայպցիգում (1835-ից՝ «Գեվանդհաուզ-նվագախմբի» դիրիժոր)։ 1841-ին աշխատանքի է հրավիրվել Բեռլին, մեկ տարի անց վերադարձել Լայպցիգ, հիմնել Գերմանիայում առաջին կոնսերվատորիան (1843), եղել կոմպոզիտորական «լայպցիգյան դպրոցի» ղեկավարը։ Ժանրերով հարուստ, ուղղվածությամբ դեմոկրատական՝ Մ–ի արվեստը, արտահայտելով նոր ռոմանտիկական միտումներ, միաժամանակ ամուր խարսխված է XVIII –XIX դդ․ դասական երաժշտության ավանդույթներին։ Երգայնությամբ հագեցված նրա գործերը բազմազան են կերպարներով և տրամադրություններով (լուսավոր և էլեգիական քնարականություն, բնության բանաստեղծական պատկերում, հեքիաթային–ֆանտաստիկական և սկերցոյատիպ–քմահաճ դրվագներ ևն)։ Մ․ ռոմանտիկական սիմֆոնիայի սկզբնավորողներից է։ Ժանրային վառ երանգավորում ունեն նրա 5 սիմֆոնիաներից լավագույնները՝ «Շոտլանդական» (1830–42) և «Իտալական» (1833)։ Մ․ հիմք դրեց սիմֆոնիկ երաժշտության նոր ժանրի՝ ռոմանտիկական ծրագրային կոնցերտային նախերգանքի («Ամառային գիշերվա երազը», 1826, «Խաղաղ ծով և երջանիկ նավարկություն», 1828, «Հեբրիդներ» կամ «Ֆինգալյան քարայր», 1830 ևն)։ Համաշխարհային հռչակ է վայելում Մ–ի ոգեշունչ–քնարական ջութակի կոնցերտը (1844)․ տարածում են ստացել դաշնամուրային 2 կոնցերտները (1831, 1837), հատկապես՝ «Երգեր առանց խոսքի» դաշնամուրային նրբակերտ մանրանվագները (թվով 48), լարային անսամբլները (7 կվարտետ, 2 կվինտետ, օկտետ ևն), կանտատները, երգերն ու ռոմանսները, դրամատիկական թատրոնի երաժշտությունը («Ամառային գիշերվա երազը», ըստ Վ․ Շեքսպիրի)։ Գերմ․ օրատորիայի պատմության մեջ արժանի տեղ ունեն «Պողոս» (1836) և «Եղիա» (1846) օրատորիաները։
Գրկ․ Ворбс Г․ X., Փ. Мендельсон-Бартольди․ Жизнь и деятельность в свете собственных высказываний и сообщений современников, [пер․ с нем․], М., 1966; Конен В. Дж., История зарубежной музыки, 4 изд․, в․ 3, М., 1976․
ՄԵՆԴԵՐԵՍ (Menderes) Ադնան (1899–1961), թուրք պետական գործիչ։ Խոշոր կալվածատեր։ Մասնագիտությամբ՝ իրավաբան։ 1927-ին ընտրվել է մեջլիսի դեպուտատ։ 1946-ին ստեղծված բուրժուակալվածատիրական դեմոկրատական կուսակցության (ԴԿ) պարագլուխներից։ 1950–60-ին եղել է պրեմիեր մինիստր, միաժամանակ՝ ԴԿ–ի նախագահ։ Վարել է երկրի ռազմականացման, պրոիմպերիալիստական, կրոնական մոլեռանդությունը բորբոքելու, ազգային փոքրամասնություններին ճնշելու, հակակոմունիզմի և հակասովետիզմի քաղաքականություն, հանդես եկել արաբ. երկրների ու Կիպրոսի ազգային անկախության դեմ։ Մեղադրվել է պետ․ հանցագործության մեջ և մահապատժի ենթարկվել։
ՄԵՆԵԼԱՈՍ (հուն․ Μενέλᾱος), հին հունական դիցաբանությունում Սպարտայի թագավորը, Տրոյական պատերազմի կազմակերպիչներից և գործուն մասնակիցներից։ Ագամեմնոնի կրտսեր եղբայրը, Հեղինեի ամուսինը։ Առևանգված Հեղինեին ետ բերելու նպատակով Ոդիսևսի հետ մեկնել է Տրոյա, սակայն անհաջողություն է կրել։ Դրան հաջորդած տրոյական պատերազմում աչքի է ընկել քաջագործություններով (մենամարտում հաղթել է Պարիսին, պաշտպանել և ռազմի դաշտից դուրս է բերել Պատրոկլեսի դին)։ Պատերազմից հետո հայրենիք վերադարձող Մ–ի նավերը փոթորկից քշվել են Եգիպտոսի ափերը։ Մ․ և Հեղինեն Սպարտա են վերադարձել ութամյա թափառումներից հետո։ Մահվանից հետո Մ․ իբր բնակվել է հեքիաթային Ելիսեյան դաշտերում։ Լակոնիկայում գոյություն է ունեցել Մ–ի պաշտամունք (կապված Հեղինեի պաշտամունքի հետ)։
ՄԵՆԵՋԵՐՆԵՐ (անգլ․ manager, < manage – կառավարել), ժամանակակից կապիտալիստական հասարակության սոցիալական յուրահատուկ խավ, որն ընդգրկում է պրոֆեսիոնալ վարձու կառավարիչներին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/460
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ