լեզվի համար»։ (Նույն տեղում, էջ 110, նույնի մասին՝ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968, էջ 294)։
Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ (հինգերորդ) շրջագայության ժամանակ Մ․ Մ․ այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի՝ գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր [«Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար» (Մովսես Խորենացի, նույն տեղում, էջ 294, նույնի մասին՝ Կորյուն, նույն տեղում, էջ 111–116)], հիմնել դպրոցներ, սկիզբ դրել թարգմանական գործին։
431-ին Մ․ Մ–ի աշակերտներ Ղևոնդ Վանանդեցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կ․ Պոլսից բերել են Աստվածաշնչի Յոթանասնից կոչվող հուն. թարգմանության ստուգված օրինակը, եկեղեցական երկու ժողովների կանոնները և այլ գրականություն։ Սկիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ (փութանակի) կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ–Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը։ Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը՝ Մ․ Մ․ և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի («Մաշտոցի»), ժամագրքի նախնական տարբերակները։ Մ․ Մ․ գրել է քարոզներ, ճառեր, ուղերձներ, կազմել է հուն. երկերի մի ժողովածու, որը հետո ինքը թարգմանել է հայերեն, ըստ որոշ տվյալների՝ խմբագրել է Գրիգոր Լուսավորչի «Յաճախապատում» քարոզների ժողովածուն։
Մ․ Մ․ եղել է ժամանակի խոշոր հայ բանաստեղծը։ Ըստ տեղեկությունների, ճգնակյաց կյանքի տարիներից սկսած նա հոգևոր բանաստեղծություններ է հորինել։ Տառերի գյուտից հետո, երբ ծառացավ եկեղեցու ծեսերը, երգեցողությունը հայացնելու խնդիրը, Մ․ Մ–ի ստեղծած երգերը որդեգրվեցին եկեղեցու կողմից, իսկ հետագայում մտան Շարակնոցի մեջ։ Ըստ բազում վկայությունների՝ շարակնոցներում Ապաշխարության կարգի երգերը Մ․ Մ–ինն են․ ուսումնասիրողները ստուգապես նրանն են համարում դրանց մի մասը՝ շուրջ 130 բանաստեղծություն, այդ թվում՝ Հարց, Տէր երկնից, Ողորմեա շարքերից։ Դրանք մեսրոպյան տառերով գրված առաջին չափածո երկերն են, որոնցով Մ․ Մ․ դարձել է հայ գրավոր բանաստեղծության հիմնադիրը։ Մ․ Մ–ի բանաստեղծությունները խորապես քնարական են, կրում են հեղինակի խոր ներշնչանքի կնիքը։
Ծով կենցաղոյօ հանապազ զիս ալեկոծէ,
Մըրըրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ․
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն
(Շարական, ԿՊ, 1853, էջ 149)։
Մ․ Մ․ ստեղծեց հայ գրավոր բանաստեղծության առաջին չափերն ու հանգերի տարրերը։ Նրա բանաստեղծական արվեստը ազդել է Գրիգոր Նարեկացու, Ստեփանոս Սյունեցու, Ներսես Շնորհալու և միջնադարի այլ բանաստեղծների վրա։
Մ․ Մ․, Սահակ Պարթևի հետ, հիմնադրել է հայ մասնագիտական երաժշտությունը, նրանք կարգավորել են հայոց բանավոր ժող․ ու հոգևոր ձայնեղանակները և օգտագործել եկեղեցական երաժշտության մեջ՝ հայ մասնագիտական երաժշտության ելևէջումը պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով։ Մ․ Մ․ եղել է նաև հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը։
Մ․ Մ․ հայերենի առաջին ուսուցիչը լինելով՝ նաև հայ մանկավարժության առաջամարտիկն է։ Նա մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշեց հայկական դպրոցի լեզվական հիմունքը՝ դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները՝ հայոց լեզվի հիման վրա։ Մաշտոցյան այս հիմունքը հետագա դարերում ավանդական դարձավ հայկական դպրոցների համար՝ թե հայրենիքում, թե նրանից դուրս։
Մ․ Մ–ի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի, նաև մանկավարժական այս խորհուրդն է ունեցել։
Մ․ Մ–ի աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը, մարդը իր ոչ կատարյալ լինելը, ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալը ճանաչելու և Նրա հետ շփվելու շնորհիվ, որը մարդուն մղում է դեպի խոր զղջում՝ ապաշխարություն և ճանապարհ բացում Կատարյալին մոտենալու ու ձուլվելու, ներքնապես մաքրվելու և համընդհանուր սիրով լցվելու։ Մ․ Մ–ի հասարակական հայացքների մեջ կարևոր է ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները։
Որպես անհատ Մ․ Մ․, Մովսես Խորենացու վկայությամբ, գերազանցել է «․․․բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանությունը և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ» (Պատմություն Հայոց, 1968, էջ 314)։ Կորյունը վկայում է՝ «․․․շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց՝ Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից․․․ շատ մուրհակներ պատռեց» (Վարք Մաշտոցի, 1962, էջ 121)։
Մ․ Մ–ի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմությամբ նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցում, աճյունը տեղափոխում այնտեղ։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրելու Մ․ Մ–ի կյանքն ու գործը։ Հայ եկեղեցին, նկատի ունենալով Մ․ Մ–ի ժողովրդականությունը, նրան դասել է իր սրբերի շարքը։
428-ին Հայաստանի արլ․ մասում նույնպես վերացավ հայոց Արշակունիների պետականությունը։ Քաղ․ տեսակետից Հայաստանի համար այդ ծանր ժամանակաշրջանում Մ․ Մ–ի գյուտով ծնունդ առած հայոց դպրությունը արագ ծաղկեց որպես ժողովրդի հոգևոր սննդի միջոց, որպես երկրի քաղաքականապես անջատ մասերը հոգևոր ու մշակութային զոդումով միավորող և հայությանը ձուլումից պատսպարող ուժ։
Հայաստանում և սփյուռքում Մ․ Մ–ի անունով են կոչվում պետ․ ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ ևն։ 1962-ից Մ․ Մ–ի անունն է կրում հայկ․
ամենահարուստ ձեռագրատունը՝ Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։
Պատկերազարդումը տես 473-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Երկ․ Ապաշխարության շարականներ։ Շարական հոգևոր երգոց, Էջմիածին, 1861։
Գրկ․ Կորյուն, Վարք Մաշտոցի, աշխարհաբար թրգմ․, ներած. ուսումնասիր․, առաջաբան և ծանոթագր․ Մ․ Աբեղյանի, Ե․, 1962։ Մովսես Խորենացի, Պատմութիւն Հայոց, Ե․, 1968։ Ղազար Փարպեցի, ․․․Պատմութիւն Հայոց, աշխատությամբ Գ․ Տեր–Մկրտչյանի և Ս․ Մալխասյանցի, Տփղիս, 1904։ Կարապետ Սասնեցի, Ներբողեան յաղագս վարուց և մահուան Ա․ Վարդապետին Մեսրոբայ, Վաղ–պատ, 1897։ Ակինյան Ն․, Ս․ Մաշտոց Վարդապետ, Վնն․, 1949։ Մեսրոպ Մաշտոց։ Հոդվածների ժող․, Ե․, 1962։ Լեո, Մեսրոպ Մաշտոց, Ե․, 1963։ Մեսրոպ Մաշտոց։ Հոդվածների ժող․, Ե․, 1963։ «ԲՄ», 1964, № 7։ Աճառյան Հ․, Հայոց գրերը, Ե․, 1968։ Манандян Я., Месроп Маштоц и борьба армянского народа за культурную самобытность, Е., 1941.