Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

472 ՄԵՍՐՈՊԱՎԱՆԻ
ՄԵՍՐՈՊԱՎԱՆԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՎԱՆՔ, Մեսրոպ Մաշտոց վանք, ճարտարապետական հուշարձան պատմական Գողթն գավառի Մեսրոպավան (Մսրվանիս, Մասրևան) գյուղում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՄՀ Օրդուբադի շրջանի գ․ Նասըրվազ)։ Ըստ ավանդության հիմնադրել է Գողթնի Շաբիթ իշխանը 456-ին։ Ավերվել են վանական համալիրի քառանկյուն պարիսպը, գավիթը, օժանդակ շինությունները։ Պահպանված միակ հուշարձանը կիսավեր, ուղղանկյուն հատակագծով, քառամույթ գմբեթավոր եկեղեցին է, որի ութանիստ թմբուկի նիստերին լուսամուտներ են։ Հուշարձանին արմ–ից կից է եղել գավիթ–սրահը։ Ըստ վիմագիր արձանագրությունների եկեղեցին վերանորոգվել է XV և XVII դդ–ում, վերջին անգամ՝ XIX դ․ վերջին։ Եկեղեցուց հս․ գերեզմանատունն է։
Գրկ․ Լալայան Ե․, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան և կամ Գողթն, «ԱՀ», գիրք 11–12, Թ․, 1904–05։ Այվազյան Ա․, Նախիջևանի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978։ Ա․ Այվազյան ՄԵՍՐՈՊՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ, տես Հայկական գիր:
ՄԵՍՐՈՊՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ (Մեսրոպյան վարժարաններ), V դ․ Հայաստանում Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած հայկական դպրոցները։ Առաջին անգամ Մեսրոպ Մաշտոցը դպրոց հիմնել է դանիելյան գրերը Հայաստան բերվելուց հետո (մոտ 404-ին)։ Հայկ․ գրերի գյուտից (405–06) հետո նա եռանդուն աշխատանք է ծավալել՝ Արևելյան, ապա Արևմտյան Հայաստանում դպրոցներ հիմնել, դասավանդման օրինակ տվել։ Դասավանդվել են հայոց լեզու, հայոց երգ, երաժշտություն, գրչության արվեստ, կրոնական և աշխարհիկ առարկաներ ևն։ Մ․ դ–ներից մի քանիսը վերաճեցին համալսարանների, նույն սկզբունքներով հիմնվեցին նոր համալսարաններ։ XIX դ․ Հայաստանում և հայկ․ գաղթավայրերում, ինչպես և այժմ սփյուռքում մի շարք հայկ․ դպրոցների տրվել է Մեսրոպյան վարժարան անունը։Ռ․ Իշխանյան ՄԵՍՐՈՊՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տարբեր ժամանակ Կ․ Պոլսում և այլուր գործած կրթական–լուսավորական կազմակերպություններ։ Առաջինը հիմնել են (1847) Կ․ Պոլսի կաթոլիկ հայերը (կոչվել է նաև Մեսրոպյան եղբայրություն)։ Նրա խնամակալությամբ գործել է նույնանուն վարժարան։ 1888-ին ընկերությունը վերակազմվել է՝ հոգալով նաև վարժարանի չքավոր աշակերտների ուսումնական ծախքերը։ 1854-ին կազմվել է մեկ այլ Մ․ ը․, որի նպատակն էր տպագրել գրական գործեր (1855-ից հրատարակել է նաև «Աստղիկ արևելյան» ամսագիրը)։ Նույն թվականի վերջին ընկերությունը ցրվել է, դադարել է նաև ամսագրի լույսընծայումը։ 1864-ին Մ․ ը․ է հիմնվել նաև Կ․ Պոլսի Ռումելի Հիսար թաղամասում (նպատակներից մեկը եղել է աղքատ արհեստավորներին ձրի ուսում տալը)՝ գոյատևելով մինչև 1880-ական թթ․։ 1869-ին Մ․ ը․ է ստեղծվել Կ․ Պոլսի Եենի Գաբու թաղամասում։ 1881-ի փետրվարին Զմյուռնիայում ևս հիմնվել է Մ․ ը․, որը ծավալել է կրթական–լուսավորական եռանդուն գործունեություն։
Գրկ․ Պողոսյան Ե․, Պատմություն հայ մշակութային ընկերություններով հ․ 1, Վնն․, 1957։ Հ․ Դավթյան ՄԵՍՐՈՊՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ, տես Գրաբար։
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ Զմյուռնիայում, հիմնվել է 1799-ին՝ հայ համայնքի նվիրատվություններով։ Կրոնական առարկաներից բացի դասավանդվել են հայերեն, հուն․, թուրք․, իտալ․, թվաբանություն (հետագայում՝ երկրաչափություն, հանրահաշիվ), պատմություն, դիցաբանություն, աշխարհագրություն, գծագրություն, վայելչագրություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, ֆրանս․, անգլ․, 1886-ից՝ աշխարհաբար։ 1850-ական թթ․ սովորում էր 400, ավելի ուշ՝ 600 աշակերտ։ Դասավանդումը տարվում էր միջնակարգ դպրոցի ծրագրով։ Շրջանավարտները կարող էին ընդունվել բարձրագույն ուս․ հաստատություններ։ Մինչև 1877-ը ուսուցումը ձրի էր, այնուհետև՝ չափավոր վարձով, ուներ գիշերօթիկ բաժին։ 1840–1845-ին գործել է տպարան, հրատարակվել է 10 անուն գիրք։ Լույս են տեսել «Թութակ հայկազյան» և «Երկասեր» մանկական հանդեսները, որոնցում տպագրվել են դպրոցականների ստեղծագործությունները։ Մ․ վ․ ուներ հարուստ գրադարան, բնագիտական թանգարան։ 1891-ին ստեղծվել են կիրակնօրյա, շաբաթօրյա ու երկօրյա դասընթացներ՝ ուսուցումից դուրս մնացած երիտասարդության համար։ Վարժարանի տեսուչներ են եղել Հ․ Վանանդեցին, Ա․ Փափազյանը, Մ․ Ոսկանյանը, Մ․ Մամուրյանը, Հ․ Իֆեկճյանը, Մ․ Աղաբեկյանը, Թ․ Պոյաճյանը և ուրիշներ։ Սովորել են Ղ․ Պալդազարյանը, Խ․ Մելիքսելումյանը, Տետեյան եղբայրները, Մ․ Ոսկանյանը, Ս․ Վանանդեցին, Գ․ Չիլինկիրյանը, Մ․ Մամուրյանը, Մ․ Աղաբեկյանը, Գ․ Բաբազյանը, Գ․ Մարկոսյանը, Մ․ Նուպարյանը, Գ․ Մսերյանը, Մ․ Ապրոն և ուրիշներ։ Վարժարանը տվել է ավելի քան 1500 շրջանավարտ։ Գոյատևել է մինչև 1922-ը, երբ հույն–թուրքական պատերազմի հետևանքով գաղթավայրը վերացել է։Մ․ Հակոբյան ՄԵՍՈՒՄԵՆՑ Ավետիս Գևորգի [ծն․ 6․1․1905, Արաբկիր (Արևմտյան Հայաստանում)], հայ կոմպոզիտոր։ 1930-ին ավարտել է Լիոնի կոնսերվատորիան։ 1946-ից հաստատվել է Փարիզում, երկար տարիներ ղեկավարել «Սայաթ–Նովա» ազգագրական անսամբլը։ Բազմաթիվ մեներգերի, զուգերգերի, խմբերգերի, կամերային երկերի, բալետի և օպերաների (դրանց թվում՝ «Անուշ», ըստ Հ․ Թումանյանի) հեղինակ է։ Նրա չորս՝ «Նաիրյան» ծրագրային սիմֆոնիաները նվիրված են հայ ժողովրդի պատմական անցյալին և վերածննդին։ Բեյրութում շահել է երկու առաջին մրցանակ՝ «Մեսրոպյան լեզու» (Պ․ Սևակի բանաստեղծությամբ) կանտատի, 1965-ին՝ «Եղերական համանվագ»-ի համար։ Առանձնապես արժեքավոր են Տարոնի, Արաբկիրի, Եդեսիայի, Չմշկածագի, Շապին Գարահիսարի ժող․ երգերի գրառումներն ու դաշնավորումները։Ց․ Բրուտյան ՄԵՏԱ․․․ (< հուն μετά – դուրս, հետո, միջև), բարդ բառերի սկզբնամաս, որն արտահայտում է ինչ–որ բանին հաջորդելը, անցումը ինչ–որ այլ բանի, վիճակի փոփոխություն (օրինակ, մետալեզու, մետատեսություն, քիմիայում՝ մետա–քսիլոլ)։
ՄԵՏԱԲԱԶԻՏ (< մետա․․, և հուն․ βάσις - հիմք), մետամորֆային ապար, առաջացել է հիմքային մագմատիկ ապարների մետամորֆիզմի հետևանքով։ Մ–ներին են պատկանում մետամորֆացված դիաբազները, գաբբրոները, դիորիտները և երբեմն՝ թերթաքարերն ու ամֆիբոլիտները։ Տես Մետամորֆային ապարներ։
ՄԵՏԱԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, բարոյականության զուտ ձևական նեոպոզիտիվիստական տեսություն։ Ի հակադրություն նորմատիվ բարոյագիտության, Մ․ դիտվում է որպես բարոյականության գիտատնտեսական հետազոտման միակ բնագավառ։ Փորձելով ստեղծել բարոյականության փիլիսոփայություն, նեոպոզիտիվիզմը բարոյագիտության խնդիրները սահմանափակում է բարոյագիտության լեզվի տրամաբանության վերլուծությամբ, բարոյագիտության տերմինների ճշգրտմամբ և դասակարգմամբ։ Քննադատելով Մ–յան մեթոդաբանական նախադրյալները՝ մարքսիստական բարոյագիտությունը չի ժխտում այդ պրոբլեմատիկայի կարևորությունը, «Մ․» տերմինը օգտագործելով բարոյագիտության իմացաբանական և տրամաբանական պրոբլեմների ուսումնասիրության իմաստով։Կ․ Սարինգուլյան ՄԵՏԱԲՈԼԻԶՄ (< հուն., μεταβολή – փոփոխություն, փոխակերպություն), տես Նյութափոխանակություն։
ՄԵՏԱԲՈԼԻՏՆԵՐ, տես Նյութափոխանակության արգասիքներ:
ՄԵՏԱԳԱԼԱԿՏԻԿԱ (մետա․.․ և Գալակտիկա), գալակտիկաների և նրանց խմբերի հսկայական համակարգ, որի մասն են կազմում ժամանակակից խոշորագույն աստղադիտակների համար մատչելի բոլոր գալակտիկաները։ Մ–ի ներկայումս դիտվող մասում գալակտիկաների թիվն անցնում է մեկ միլիարդից։ Մեր Գալակտիկայի կամ Ծիր կաթինի համակարգի ամենամոտ հարևաններն են Մագելանի մեծ և փոքր ամպեր կոչվող գալակտիկաները, որոնց հեռավորությունը շուրջ 160․000 լս․-տ․ է, իսկ հայտնիներից ամենահեռավորներինը՝ ավելի քան 10 մլրդ լս․-տ․