Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ 473

(հեռավորությունները որոշվում են գալակտիկաների սպեկտրներում գծերի կարմիր շեղման միջոցով)։ Մ–ում նյութը բաշխված է խիստ անհավասարաչափ, հիմնականում կենտրոնացած է գալակտիկաներում, որոնք կազմում են տարբեր չափերի ու բարդության համակարգեր՝ սկսած կրկնակի, եռակի և բազմակի գալակտիկաներից մինչև գալակտիկաների կույտերը (պարունակում են մինչև մի քանի հզ․ բաղադրիչներ)։ Օրինակ, մեր Գալակտիկան, Անդրոմեդայի համաստեղության մեջ դիտվող հսկա գալակտիկան՝ իր արբանյակ–գալակտիկաներով, ինչպես նաև մի քանի մոտակա այլ գալակտիկաներ կազմում են գալակտիկաների տեղական համակարգը։ Որոշ աստղագետներ կարծում են, որ Մ–ում կան գալակտիկաների ավելի մեծ համակարգեր՝ գերկույտեր։ Ենթադրվում է, որ գալակտիկաների այդպիսի գերկույտ, կազմված տասնյակ հազարավոր գալակտիկաներից, շուրջ 60–100 մլն լս–տ․ տրամագծով գտնվում է հյուսիսային գալակտիկական կիսագնդում (կենտրոնը՝ Կույսի համաստեղությունում)։ Գալակտիկաների այդ տեղական գերկույտի մեջ է մտնում, մասնավորապես, գալակտիկաների տեղական համակարգը։
Աստղադիտակների հզորության մեծացման, լուսաընդունիչների զգայնության աճի, ինչպես նաև դիտումների ալիքային տիրույթի ընդլայնման շնորհիվ հայտնագործվել են շատ մեծ լուսատվությամբ գալակտիկաների նոր տեսակներ՝ ոադիոգալակտիկաներ, քվազարներ ևն, որի հետևանքով զգալիորեն աճել է Մ–ի դիտվող մասի շառավիղը։
Մ–ում նյութի միջին խտությունը շատ փոքր է՝ 10-31–10-30 գ/սմ3, իսկ միջգալակտիկական տարածությունում այն չնչին է․ այդտեղ գտնվում են առանձին աստղեր, գազ և փոշի, կան նաև էլեկտրամագնիսական ալիքներ, տիեզերական ճառագայթներ, ձգողական, մագնիսական և այլ դաշտեր։
Մ–ի ամենակարևոր յուրահատկություններից է դրա դիտվող մասում գալակտիկաների փոխադարձ հեռացումը, այլ կերպ ասած, Մ–ի ընդարձակումը։ Ընդհանրապես Մ–ի չափերի, ձևի և կառուցվածքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Ժամանակակից դիտումները ցույց չեն տալիս Մ–ի միջին խտության որևէ նվազում՝ մեծ հեռավորությունների վրա, որը կվկայեր Մ–ի սահմաններին մոտենալու մասին։ Պետք է ենթադրել, որ մենք դիտում ենք հսկայական չափերի, բայց և վերջավոր ու սահմանափակ Մ–ի մի մասը միայն։ Բացառված չէ, որ Տիեզերքում կան նաև այլ Մ–ներ ևն։ Ուստի, ճիշտ չէ նույնացնել Մ․ ամբողջ Տիեզերքի հետ, ինչպես հաճախ այդ արվում է կոսմոլոգիայում։
Գրկ․ Աղեկյան Թ․ Ա․, Աստղեր, գալակտիկաներ, մետագալակտիկա, Ե․, 1971։ Проблемы современной космогонии, под ред․ В. А. Амбарцумяна, М․, 1972; Амбарцумян В. А., Философские вопросы науки о Вселенной, Е․, 1973; Воронцов-Вельяминов Б․ А., Внегалактическая астрономия, М., 1978; Hubble Е., The Realm of the Nebulae, New Haven–L., 1936; Shapley H․, The Inner Metagalaxy, L-– New Haven, 1957; Zwicky F., Morphological Astronomy, B․–Gottingen–Heidelberg, 1957․Լ. Միրզոյան ՄԵՏԱԳԵՆԵԶ (մետա․․․ և հուն. γένεσις – ծագում), տես Սերունդների հաջորդականություն։
ՄԵՏԱԼԵԶՈՒ, միջանկյալ լեզու, որն օգտագործվում է որոշ դասի լեզուների ուսումնասիրության ու նկարագրության համար։ Մ․ որոշակի կանոններով սահմանափակած բնական լեզվի համակարգ է, որտեղ բացակայում են բազմիմաստությունը, փոխանունությանը ևն։ Մ–ի գաղափարը ներմուծվեց ալգորիթմական՝ ծրագրավորման լեզուների ուսումնասիրության ու նկարագրության կապակցությամբ։ Մ–ի կիրառումը հնարավորություն տվեց մշակելու այդ լեզուներով գրված էլեկտրոնային հաշվողական մեքենաների ծրագրերի շարահյուսական վերլուծության ու վերահսկման ալգորիթմներ, որոնք հիմք ստեղծեցին մեքենաների մուտքային ու ելքային լեզուների տրանսլյատորների նախագծման ու իրականացման համար։ Եթե առկա է ձևային համակարգ, ապա նրա ճշգրիտ նկարագրությունը և քննությունը կարելի է կատարել Մ–ի միջոցներով, որոնք ամփոփվում են մետատեսության մեջ։ Օրինակ, մետամաթեմատիկան ձևային համակարգերի հատկությունների քննություն է, որը կատարվում է բովանդակային մաթեմատիկայի մեթոդներով որևէ Մ–ի շրջանակներում։ Որպես Մ․ կարելի է օգտագործել հայերենը (կամ այլ բնական լեզու), ընդ որում այն օգտագործվելու է բովանդակային իմաստով, այսինքն՝ ոչ թե ձևային կանոնների, այլ բառիմաստների հիման վրա։ Ուսումնասիրվող լեզուն առարկայական լեզու է տվյալ Մ–ի նկատմամբ։ Առանձին դեպքերում թե՝ առարկայական լեզուն, թե՝ Մ․ կարող են հանդես գալ որպես բնական լեզուներ։ Այսպես, եթե անգլերենի կամ ռուսերենի ուսումնասիրության (կամ ուսուցման) համար որպես օժանդակ լեզու օգտագործվում է հայերենը, ապա վերջինս կհամարվի Մ․, իսկ անգլ․ կամ ռուս․՝ առարկայական լեզուներ։ Հայերենի (այսինքն՝ Մ–ի) միջոցներով ձևակերպվում է մի մետատեսություն, որի նպատակն է տվյալ Մ–ի (այսինքն՝ հայերենի) օգնությամբ ներկայացնել ու մեկնաբանել առարկայական լեզվի (տվյալ դեպքում՝ անգլերենի կամ ռուսերենի) բառային կազմը, բառակազմական ու ձևակազմական օրենքները, շարահյուսությունը ևն։
Քանի որ առարկայական լեզվի ուսումնասիրության ու նկարագրության ժամանակ նրանում հանդիպող բոլոր օբյեկտներն ու երևույթներն արտահայտվելու են Մ–ի միջոցներով, ապա վերջինս պետք է՝ ա․ ունենա բավարար միջոցներ առարկայական լեզվի առանձնահատկությունները նկարագրելու համար, բ․ լինի այնչափ հարուստ, որ առարկայական լեզվի յուրաքանչյուր արտահայտություն համարժեքության մեջ դրվի Մ–ով գրված արտահայտության հետ, գ․ պարունակի առարկայական լեզվից ոչ պակաս հարուստ տրամաբանական բառարան։ Նշված պայմանների խախտման դեպքում առաջ են գալիս տարիմաստային մեկնաբանություններ։
Գրկ. Ուոուտյան Ռ․, Կիբեռնետիկան և լեզվաբանությունը, Ե․, 1978։ Клини С․ К., Введение в метаматематику, пер․ с англ., М., 1957, гл. 1; Черч А., Введение в математическую логику, пер․ с англ., т. 1, М․, 1960 (введение); Карри X. Б., Основания математической логики, пер․ с англ., М․, 1969, гл. 1–3.Ռ․ Ռռուտյան ՄԵՏԱԼՈԻԴՆԵՐ (< հուն․ μέταλλον – մետաղ և εiδώς – տեսք, ձև), տես Ոչ մետաղներ։
ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ (< հուն․ μεταλλουργέω – մշակում եմ մետաղներ), սկզբնական նեղ իմաստով՝ հանքաքարից մետաղների արտազատման արվեստ։ Արդի նշանակությամբ՝ գիտության ու տեխնիկայի բնագավառ և արդյունաբերության ճյուղ, որոնք ընդգրկում են հանքաքարից կամ այլ նյութերից մետաղների ստացման, ինչպես նաև դրանց քիմ․ բաղադրության, կառուցվածքի և մետաղական համաձուլվածքների հատկությունների փոփոխման հետ կապված պրոցեսներ։ Մ–ին են վերաբերում նաև երկրի ընդերքից ստացված մետաղների ու համաձուլվածքների նախնական մշակման ու դրանց ձևի և հատկությունների փոփոխման պրոցեսները (զտում, ձուլում, ճնշմամբ մշակում, ջերմամշակում ևն)։
Ժամանակակից տեխնիկայում տարբերում են սև և գունավոր Մ․։ Սև մետալուրգիան ընդգրկում է երկաթի հիմքով համաձուլվածքների՝ թուջի, պողպատի, ֆեռոհամաձուլվածքների արտադրությունը։ Մետաղների համաշխարհային արտադրանքի մոտ 95% –ը բաժին է ընկնում սև մետաղներին։ Գունավոր մետալուրգիան զբաղվում է մնացած բոլոր մետաղների և դրանց համաձուլվածքների արտադրությամբ։ Մետալուրգիական պրոցեսները կիրառվում են նաև կիսահաղորդիչների և ոչ մետաղների (սիլիցիում, գերմանիում, սելեն, թելուր, ծծումբ ևն) ստացման համար։ Ընդհանուր առմամբ ժամանակակից Մ․ զբաղվում է Մենդելեևի պարբերական համակարգի գրեթե բոլոր տարրերով, բացառությամբ հալոգենների և գազերի։ Մ–ով մարդիկ զբաղվել են հնագույն ժամանակներից (մ․ թ․ ա․ 7–6-րդ հազարամյակներ)։ Այդ են վկայում Փոքր Ասիայում պեղումների ժամանակ հայտնաբերված պղնձի հալման հետքերը։ Մ–ի հնագույն օջախներից է նաև Կովկասը։ Հիշատակության արժանի է Մեծամորի մետալուրգիական համալիրը։ Բնածին մաքուր մետաղների (ոսկի, արծաթ, պղինձ)՝ սկզբում սառը, ապա տաք կռմամբ մշակելուն զուգընթաց զարգացել է օքսիդացված պղնձաքարից պղնձի ստացման և ձուլված շինվածքների պատրաստման պրոցեսը (մ․ թ․ ա․ մոտ 5–4-րդ հազարամյակներ)։ Սակայն օքսիդացված պղնձի հանքավայրերի սահմանափակ քանակը և պաշարների նվազումը պայմանավորեցին ավելի բարդ պրոցեսների կիրառմամբ սուլֆիդային հանքաքարի վերամշակման անհրաժեշտությունը։ Դրա շնորհիվ մեծացավ պղնձի և նրա համաձուլվածքների (բրոնզներ) ստացման ու օգտագործման ծավալը (բրոնզի դար)։