ֆիզիկական և քիմ․ գործոնների օգնությամբ սելեկցիայի պրոցեսի արագացումը։ Ստեղծել է տրամախաչման համար ելակետային ձևերի զույգ ընտրության տեսությունը, հաստատել, որ ինչքան հեռու են տրամախաչվող բույսերի զույգերը, այնքան հիբրիդային սերմնաբույսերը հեշտ են հարմարվում նոր պայմաններին։ Առաջարկել է հեռավոր հիբրիդացման ժամանակ անհամատեղելիության գենետիկական պատնեշի հաղթահարման մեթոդներ՝ երիտասարդ հիբրիդների փոշոտումը առաջին ծաղկման ժամանակ, նախնական վեգետատիվ մերձեցումը, միջնորդի կիրառումը, փոշոտումը՝ ծաղկափոշու խառնուրդով ևն։ ՍՍՀՄ–ում շրջանացված են հետևյալ միչուրինյան սորտերը․ խնձորենու՝ Պեպին շաֆրանկա, Սլավյանկա, Բեսսեմյանկա, Միչուրինսկայա, Բելֆլյոր–կիտայկա ևն, տանձենու՝ Բերե զիմնյայա Միչուրինա, բալենու՝ Նադեժդա Կրուպսկայա, Պլոդորոդնայա Միչուրինա ևն։
Մ․ պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Երկ․ Соч., 2 изд․, т․ 1–4, М․, 1948; Итоги шестидесятилетних работ, М., 1950․
ՄԻՉՈՒՐԻՆԱ–ՍԱՄՈՅԼՈՎԱ Վերա Արկադևնա (1886–1948), ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1939)։ Սամոյլովների հայտնի դերասանական ընտանիքից։ Մ–Ս–ի ստեղծագործական ամբողջ կյանքը կապված է եղել Ալեքսանդրյան թատրոնին (այժմ՝ Լենինգրադի Պուշկինի անվ․ դրամայի ակադեմիական թատրոն)։ Դերերից են՝ Ռանևսկայա (Ա․ Չեխովի «Բալենու այգին»), Լեդի Միլֆորդ (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Քսենյա Միխայլովնա (Ռոմաշովի «Հրե կամուրջ»), Պոլինա (Մ․ Գորկու «Թշնամիներ») ևն։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։
ՄԻՉՈՒՐԻՆՍԿ (մինչև 1932-ը՝ Կոզլով), քաղաք ՌՍՖՍՀ Տամբովի մարզում, Լեսնոյ Վորոնեժ գետի ափին։ Երկաթուղային հանգույց է։ 102 հզ․ բն․ (1980)։ Արդյունաբերությամբ և մշակույթով մարզի երկրորդ քաղաքն է (Տամբովից հետո)։ Կան մխոցային օղակների, շոգեքարշերի, ավտոնորոգման, ավտոպոմպերի և այլ գործարաններ, պահածոների և մսի կոմբինատներ, կարի և գործվածքային ֆաբրիկաներ, շինանյութերի արտադրություն։ Գործում են պտղի–բանջարեղենի և մանկավարժական ինստ–ներ, երեկոյան մեխանիկական, սննդի արդյունաբերության, տեխնոլոգիական տեխնիկումներ, բժշկ․ ուսումնարան ևն։ Մ․ գիտական այգեգործության միութենական կենտրոն է։ Մ–ում են Ի․ Վ․ Միչուրինի անվ․ գենետիկայի կենտրոնական լաբորատորիան, Ի․ Վ․ Միչուրինի անվ․ պտղաբուծական ԳՀԻ–ն, Ի․ Վ․ Միչուրինի տուն–թանգարանը։ Կա դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Մ–ի շրջանում կան խոշոր պտղատնկարաններ և այգեգործական–պտղաբուծական սովետական տնտեսություններ։ Հիմնադրվել է 1636-ին։ Մ․ է կոչվել Ի․ Վ․ Միչուրինի անունով։
ՄԻԶԱ, Միջաս, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգում, Ջերմ գետի (Արևելյան Տիգրիս) Կեցան (այժմ՝ Քեսան) վտակի ստորին հոսանքի շրջանում։ Համապատասխանում է հետագա Բիթլիսի նահանգի Մամռտանքի գավառին։ Կենտրոնն էր Միջա ավանը (այժմ՝ գյուղ), որն ըստ Շապուհ Բագրատունու ուներ բերդ (այժմ՝ ավերակ)։
ՄԻՋԱԳԵՏՔ (հուն․ Μεσοποταμία, < μέσος – միջին, միջև և ποταμός – գետ), բնամարզ Արևմտյան Ասիայում, Տիգրիս և Եփրատ գետերի ավազանում։ Հին Արևելքի խոշոր մշակութային կենտրոններից։ Ընդգրկում է Միջագետքի հարթավայրը և Ջեզիրե սարավանդը։ Կլիման հս–ում մերձարևադարձային է, հվ–ում՝ արևադարձային, անապատային։ Հունվարի միջին ջերմաստիճանը Բաղդադում մոտ 10°C է, հուլիսինը՝ 34°С։ Տարեկան տեղումները՝ 163 մմ: Հիմնական գետերն են Տիգրիսն ու Եփրատը։ Տարածված են մերձարևադարձային և արևադարձային անապատները, ծայրամասերում՝ կիսաանապատները, գետերի երկարությամբ՝ տեղ–տեղ սրահային անտառները։ Հս–ում կան նավթի հարուստ հանքավայրեր (Քիրքուք ևն)։ Բնակիչները զբաղվում են քոչվորական անասնապահությամբ, ոռոգովի հողագործությամբ, փյունիկյան արմավենու մշակությամբ։
Մ–ի Մասիոս լեռնապարից հս․ գտնվող երկրամասը մատենագրության մեջ կոչվել է Միջագետք Հայոց (Հայկական Մ․), Եփրատի և նրա վտակ Խաբուրի միջև գտնվող Մ–ի մասը՝ Միջագետք Ասորվոց։ Մ–ի տարածքում մ․ թ․ ա. IV–III հազարամյակներում ձևավորվել են վաղ դասակարգային պետություններ, մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջին՝ Աքքադը, Ուրը ևն։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին Մ–ի հվ–ում կազմավորվել է Բաբելոն պետությունը։ Հետագայում Մ․ գտնվել է Ասորեստանի (մ․ թ․ ա․ IX–VI դդ․), Նոր Բաբելոնական թագավորության (մ․ թ․ ա․ VII–VI դդ․), Աքեմենյանների (մ․ թ․ ա․ VI–IV դդ․), Ալեքսանդր Մակեդոնացու (մ․ թ․ ա․ IV դ․ վերջ), Սելևկյանների (մ․ թ․ ա․ IV դ․ վերջ –II դ․), Պարթևական (մ․ թ․ ա․ III – մ․ թ․ III դդ․, ընդհատումներով) պետության կազմում։ Մ․ թ․ 114–117-ին նվաճել է Հռոմի կայսր Տրայանոսը։ Հուստինիանոս I-ի ժամանակ (527–565) Մ–ի զգալի մասը գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ, VII դարից՝ Արաբական խալիֆայության կազմում։ X դ․ Եփրատի վերին հոսանքում, նրա ձախ ափին կազմվել է բյուզանդական Մ․ (Մեսոպոտամիա) բանակաթեմը, որի մեջ մտել են Բարձր Հայքի, Ծոփքի արմ․ գավառները, Կամախը և Երզնկան։ XI դ․ Մ․ նվաճել են սելջուկները, XIII դ․՝ մոնղոլները, XVI դ․ սկզբին Սեֆյանների գերիշխանության տակ էր, XVII դ․–1918-ին՝ Օսմանյան կայսրության կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մ–ի մեծ մասը գտնվում է Իրաքի կազմի մեջ, մնացածը՝ Սիրիայի և Թուրքիայի։
Մ․ թ․ ա․ I դ․ Մ–ի զգալի մասը գտնվել է հայկ․ պետության կազմում։ Մ–ի նվաճած մասը Տիգրան Բ Մեծը դարձրել է նահանգ և կառավարիչ նշանակել իր եղբայր Գուրասին։ Մ․ թ․ ա․ 66-ի հայ–հռոմեական հաշտությամբ Տիգրան Բ Մեծը կորցրել է Մ–ի հողերը, բացառությամբ Մեծ Հայքի մաս կազմող Հայկական Մ–ի։ Մ. թ․ ա․ 64-ին Տիգրան Բ Մեծը հռոմեացիների օգնությամբ պարթևներից վերագրավել է Հյուսիսային Մ–ի մի մասը՝ Մծբին քաղաքով։ Մինչև մ․ թ․ 37-ը Մեծ Հայքի հվ․ սահմանը Մ–ում անցել է Մասիոս լեռներով։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց արքա Սանատրուկը (34–35) վերակառուցել է երկրաշարժից ավերված Մծբինը և դարձրել Մեծ Հայքի մայրաքաղաքը (34–37)։ 37-ին հռոմեա–պարթևական դաշնագրով պարթևները Մեծ Հայքից վերցրել են Հյուսիսային Մ–ի մի մասը (Միգդոնիա)՝ Մծբին քաղաքով և Հայկական Մ–ի հետ միացրել պարթևներից կախում ունեցող Ադիաբենեի թագավորությանը։ XI դ․ Բյուզանդիայի և սելջուկթուրքերի ասպատակությունների հետևանքով Հայաստանից Մ․ են գաղթել բազմահազար հայեր և ստվարացրել հայկ․ կենտրոնները։ X–XI դդ․ Մ–ի մի մասը մտել է Կիլիկիայի արլ–ում և Ասորիքում առաջացած հայկ․ իշխանությունների (Գող Վասիլի, Փիլարտոս Վարաժնունու) մեջ։ Մ–ում ընդարձակ տիրույթներ ունեին Պահլավունիները։ 1046-ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին նշանակվել է Մ–ի բյուզանդական կառավարիչ։ Հայկական պետականության և XII դ․ կեսին Մ–ում հայկ․ իշխանությունների անկումից հետո Հայկական Մ․ և ընդհանրապես Մ․ շարունակել է մնալ հայերի տնտ․ և մշակութային կենտրոններից մեկը։
ՄԻՋԱԳԵՏՔ ՀԱՅՈՑ, Հայկական Միջագետք, նահանգ Մեծ Հայքում, Միջագետքի հյուսիս–արևմուտքում։ Ընդգրկել է Մասիոս (Տուռ–Աբդին) լեռնաշղթայի հս․, մասամբ՝ հվ․ շրջանները։ Հս–ից սահմանակից էր Ծոփք և Աղձնիք նահանգներին, հվ–ից՝ Ասորվոց Միջագետքին, արմ–ից (Եփրատ գետով)՝ Կոմմագենեին, հվ–արլ–ից՝ Ադիաբենեին։ Արգավանդ հողերը ոռոգվում էին Եփրատի և Արևմտյան Տիգրիսի բազմաթիվ վտակներով։ Հայտնի էր խաղողի, բամբակի, ցորենի ևնի մշակությամբ, գինեգործությամբ, ոչխարաբուծությամբ և ձիաբուծությամբ։ Հարուստ է նավթի պաշարներով։ Հին անտառներն այժմ մեծ մասամբ ոչնչացվել են։ Մինչև I դ․ Մ․ Հ․ եղել է Մեծ Հայքի բաղկացուցիչ երկրամասերից մեկը և ունեցել գրեթե միատարր հայ բնակչություն։ Այնուհետև դառնալով հռոմ․ և պարթև. պետությունների միջև պատերազմների թատերաբեմ, 37-ին անջատվել է Մեծ Հայքից։ Այդ պատճառով VII դ․ հայկ․ «Աշխարհացոյց»-ում չի հիշատակվում որպես Մեծ Հայքի նահանգ, թեև նրա հս․ գավառները մտել են Աղձնիք և Ծոփք նահանգների մեջ։ Մ․ Հ–ում հիշվող հին բնակավայրերից նշանավոր էին Ամիդ, Մծբին, Ուռհա քաղաքները, Բնաբեղ, Մարդե բերդ–ամրոցները ևն։
Թուրք․ տիրապետության ժամանակ տրոհված էր Ուրֆայի կամ Ռազգայի, Բիրեջիքի, Մոսուլի, Ջեզիրեի, Սինջարի և Մերդինի փաշայությունների մեջ, որոնցում զանգվածաբար բնակվող հայերը բնաջնջվեցին 1915–20-ին։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/567
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ