ՄԻՋԱԴԵՊ, էպիզոդ (հուն․ ἐπεισόδιον – բառացի՝ դիպված, միջարկ, պատահար), գեղարվեստական երկի մեջ պատկերված համեմատաբար ավարտուն որևէ իրադարձություն։ Մ․, լինելով սյուժեի օղակներից մեկը, կապվում է երկի մյուս բաղադրամասերի հետ, ստեղծում գեղարվեստական միաձույլ ամբողջություն (Թագուհուն փրկելու պատմությունը Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում)։
ՄԻՋԱԴԻՐ ԶԱՆԳՎԱԾ, երկրակեղևի գեոսինկլինալային մարզերում հանդիպող կոշտ բազմանկյուն սալաբեկոր, հիմքը կազմված է հին (հնագույն) մետամորֆիզմի ենթարկված և մագմատիկ զանգվածներով հատված ապարներից, իսկ վերնահարկը՝ աններդաշնակ տեղադրված, համեմատաբար թույլ ծալքավորված նստվածքային կամ հրաբխանստվածքային շերտերից։ Մ․ զ–ները շրջափակվում են երիտասարդ հասակի ծալքավոր ստրուկտուրաներով և խզման գոտիներով։ Մ․ զ–ների սահմաններում հաճախ առկա են գրաբենների, ռիֆտերի բնույթի երիտասարդ իջվածքներ, որոնք լցված են այս կամ այն չափով ծալքավորված նստվածքներով։
ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՄԱՄ), աշխարհագրագետների միջազգային գիտական միավորում։ Հիմնադրվել է 1922-ին։ Միավորում է 74 երկիր (1975)։ Մտնում է Գիտական միությունների միջազգային խորհրդի կազմի մեջ։ ՍՍՀՄ ՄԱՄ–ի անդամ է 1956-ից։ ՄԱՄ–ը կոչված է օգնելու աշխարհագրական գիտական պրոբլեմների ուսումնասիրությանը, միջազգային համագործակցություն պահանջող հարցերի գիտական քննարկմանը և հրատարակությանը։ Անց է կացնում միջազգային աշխարհագրական կոնգրեսներ (23-րդը՝ Մոսկվայում, 1976-ին), ռեգիոնալ կոնֆերանսներ, հիմնադրում հանձնաժողովներ (կոնգրեսների միջև ընկած ժամանակամիջոցում միության հարցերը լուծելու համար)։ ՄԱՄ–ի գործունեությունը ղեկավարում է Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրված Գործադիր կոմիտեն։ ՄԱՄ–ին միացած են Միջազգային քարտեզագրական և չորրորդական ժամանակաշրջանի նստվածքներն ուսումնասիրող ասոցիացիաները (ՄՔԱ)։ ՄԱՄ–ի բյուլետեններում տպագրվում են կոնգրեսների և կոնֆերանսների հաշվետվությունները և ՄՔԱ աշխատանքների մասին նյութեր։ 1976-ին (Մոսկովյան կոնգրես) ՄԱՄ–ի ազգային ատլասների հանձնաժողովի և քարտեզագրական սիմպոզիումների նիստերը տեղի ունեցան Երևանում։
ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ, ՄԱՊ (International Chamber of Comerce, ICC), կապիտալիստական երկրների (1978-ին՝ 87) գործարար շրջանների ու միավորումների ֆեդերացիա։ Հիմնադրվել է 1919-ին։ Պաշտոնապես կոչված է նպաստելու տարբեր երկրների միջև առևտրի պայմանների բարելավմանը, միջազգային տնտ․ պրոբլեմների լուծմանը և, այդպիսով, աջակցելու խաղաղության ու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Սակայն ի սկզբանե եղել է մասնավոր ձեռնարկատիրության ու դրա «առավելությունների» ջատագով։ ՄԱՊ–ի մարմիններն են՝ կոնգրեսը (գումարվում է երկու տարին մեկ), խորհուրդը (կազմվում է յուրաքանչյուր անդամ–երկրի 2–6 պատգամավորից), գործադիր կոմիտեն, գլխավոր քարտուղարությունը (նստավայրը՝ Փարիզ), ազգային կոմիտեները։ ՍՍՀՄ–ի, նաև Բուլղարիայի, ԳԴՀ–ի Լեհաստանի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ու Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչները որպես դիտորդներ ներկա են լինում ՄԱՊ–ի կոնգրեսներին և մասնակցում սոցիալիստական երկրների առևտրական պալատների հետ ՄԱՊ–ի կապերի հատուկ Կոմիտեի աշխատանքներին։
ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՄԱՄ) (International Astronomical Union, IAU), աստղագիտության բնագավառում տարվող հետազոտություններին օժանդակող ու դրանք կոորդինացնող միջազգային գիտական ընկերություն։ Հիմնվել է 1919-ին, միավորում է մոտ 50 երկրի աստղագետների։ ՍՍՀՄ–ը ՄԱՄ–ի անդամ է 1935-ից։ ՄԱՄ–ը մտնում է Միջազգային խորհուրդ գիտական միությունների կազմակերպության մեջ և ներկայացնում է աստղագիտությունը միջազգային այլ կազմակերպություններում։ Իր կազմում ունի աստղագիտության տարբեր պրոբլեմների գծով շուրջ 40 մասնագիտական հանձնաժողով։ ՄԱՄ–ի աշխատանքային մարմինը գործադիր կոմիտեն է։ Երեք տարին մեկ, անդամ–երկրներից մեկում տեղի է ունենում ՄԱՄ–ի գլխավոր ասամբլեա (1958-ին՝ Մոսկվայում), որի պլենար և հանձնաժողովների նիստերում լսվում են աստղագիտության արդիական հարցերին վերաբերող զեկուցումներ, հաստատվում նախորդ ասամբլեայից հետո ընկած ժամանակաշրջանում կատարված հետազոտությունների գիտական հաշվետվություններ, մշակվում նոր հետազոտությունների ծրագրեր, քննարկվում ՄԱՄ–ի գործունեության հետ կապված իրավաբանական և ֆինանսական հարցեր, ընտրվում է Գործադիր կոմիտեի նոր կազմ։ ՄԱՄ–ը և նրա հանձնաժողովները պարբերաբար կազմակերպում են աստղագիտության կարևոր պրոբլեմներին նվիրված միջազգային գիտաժողովներ և կոլոքվիումներ։ «Անկայուն երևույթները գալակտիկաներում» պրոբլեմին վերաբերող գիտաժողովը կայացել է Բյուրականի աստղադիտարանում (1966)։ Սովետական, այդ թվում հայ առաջատար աստղագետները ՄԱՄ–ի և նրա մասնագիտական հանձնաժողովների անդամներ են, Վ․ Հ․ Համբարձումյսևն ընտրվել է այդ միության փոխպրնզիդենտ (1948–1955) և պրեզիդենտ (1961–64)։ Այդ կապակցությամբ ՄԱՄ–ի գործկոմի ամենամյա նստաշրջանը հրավիրվել է Երևանում (1962)։ ՄԱՄ–ը հրապարակում է «IUA Cirkular», «IAU Information Bulletin» տեղեկագրերը և գլխավոր ասամբլեաների, գիտաժողովների ու կոլոքվիումների աշխատությունները:
ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՊԱԼԱՏ, Ազգերի լիգային առընթեր միջազգային դատական մարմին։ Գործել է Հաագայում՝ 1921–40-ին, ձևականորեն լուծարվել 1946-ին։ Ըստ Ազգերի լիգայի ստատուսի, ստեղծվել էր միջազգային վեճերի դատական լուծումը Ազգերի լիգայում կենտրոնացնելու նպատակով։ Իրականում զբաղվում էր Ազգերի լիգայում իշխող տերությունների շահերի պաշտպանությամբ։ Իրավասու էր քննել միջպետական այն վեճերը, որոնք վիճող կողմերը կամավորաբար հանձնում էին Պալատին, ինչպես նաև այն վեճերը, որոնք նախատեսվում էր հանձնել Պալատին միջազգային պայմանագրերով։ ՍՍՀՄ–ը Մ․ ա․ մ․ պ–ի ստատուսի վերաբերյալ համաձայնագրի մասնակից չէր։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ, համաշխարհային տնտեսության մեջ ապրանքի արտադրության վրա կատարվող աշխատանքի հասարակայնորեն անհրաժեշտ ծախսեր։ Յուրաքանչյուր երկիր ունի աշխատանքի արտադրողականության և լարունության ազգային որոշակի մակարդակ, հետևաբար նաև տվյալ ապրանքի արտադրության վրա կատարվող աշխատանքի հասարակայնորեն անհրաժեշտ ծախսերի որոշակի մեծություն, որով որոշվում է դրա ազգային արժեքը։ Համաշխարհային շուկայում ապրանքների փոխանակությունը կատարվում է ոչ թե աշխատանքի ազգային, այլ հասարակայնորեն անհրաժեշտ համաշխարհային միջին ծախսերի՝ Մ․ ա–ի (իսկ հետագայում՝ միջազգային արտադրության գնի) հիման վրա։ Մ․ ա․ առաջանում է տարերայնորեն, աշխատանքի հասարակական զարգացած բաժանման և կապիտալիստական համաշխարհային առևտրում ընթացող մրցապայքարի հետևանքով, ապրանքների ազգային տարբեր արժեքների և արտադրության գների հիման վրա։ Այն որոշվում է արտադրության համաշխարհային հասարակայնորեն նորմալ պայմաններում ապրանքների արտադրության համար պահանջվող հասարակայնորեն անհրաժեշտ աշխատաժամանակով։ Վերջինը կախված է աշխատանքի համաշխարհային միջին լարունության մակարդակից, որը չափվում է աշխարհում աշխատանքի միջին միավորով, և աշխատանքի համաշխարհային միջին արտադրողականությունից, որը ազգային մակարդակների միջինն է։ Հասարակայնորեն անհրաժեշտ համաշխարհային միջին աշխատաժամանակի կազմավորման հիմքը հիմնականում խոշոր մատակարար–երկրում տվյալ ապրանքի արտադրության պայմաններն են։ Տնտ․ առավել սերտ կապեր ունեցող երկրների միջև կատարվող փոխանակության մեջ մեծ դեր խաղացող ապրանքատեսակների համար կարող է ձևավորվել ռեգիոնալ արժեք, որը Մ․ ա–ի մի տեսակն է։
Համաշխարհային տնտեսության սոցիալիստական համակարգում առաջացող Մ․ ա–ով կարգավորվում են համաշխարհային սոցիալիստական շուկայի գները։ Քանի որ սոցիալիստական երկրներն առևտուր են կատարում նաև կապիտալիստական երկրների հետ, ուստի համաշխարհային սոցիալիստական շուկայի գները սահմանվում են հաշվի առնելով նաև ամբողջ համաշխարհային էկոնոմիկայում,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/568
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ