Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ոգին վանելու պահանջների մեջ։ Ռուսաստանում օպորտունիզմն ունեցավ իր տարատեսակը, որը բանվոր դասակարգի համար աոավել կարևորը համարում էր պայքարը տնտ․ խնդիրների համար (տես «Էկոնոմիզմ»)։ Մահացու քննադատության ենթարկելով «էկոնոմիզմը» և միջազգային ռևիզիոնիզմն առհասարակ, Վ․ Ի․ Լենինը գիտականորեն ապացուցեց, որ այն հետևանք է գերշահույթի հաշվին բանվոր դասակարգի վերնախավին կաշառելու և բանվորական արիստոկրատիայի առաջացման, որին անգլ․ բուրժուազիան հասել էր ավելի վաղ՝ գաղութատիրական մենաշնորհի, իսկ մյուս կապիտալիստական երկրները ավելի ուշ՝ մոնոպոլիստական կապիտալի հաստատման շնորհիվ։ Վ․Ի․ Լենինը եռանդուն գործունեություն ծավալեց Ռուսաստանում օպորտունիզմից զերծ հեղափոխական մարքսիստական կուսակցություն ստեղծելու համար։ ՌՍԴԲԿ II համագումարում (1903) հստակորեն սահմանազատվեցին հեղափոխական (բոլշևիկներ) և օպորտունիստական (մենշևիկներ) թևերը։ Բոշևիզմը հետևողականորեն մերժում էր ինչպես աջ օպորտունիզմը, այնպես էլ ձախ աղանդավորականության ու մանր-բուրժուական արկածախնդրությունը։ Բոլշևիկները անզիջում պայքար մղեցին նաև միջազգային բանվորական շարժման մեջ ցենտրիզմի, որի առաջացումը կապված է Կ․ Կաուցկու անվան հետ, տրեդյունիոնիզմի և անարխո-սինդիկալիզմի դեմ ևս։ 1905–07-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխության տարիներին Վ․ Ի․ Լենինը մշակեց դեմոկրատական հեղափոխության մեջ բանվոր դասակարգի հեգեմոնիայի, բանվոր դասակարգի և գյուղացիության հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրայի, բուրժ․ հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու մասին իր նշանավոր դրույթները, որոնք այսօր էլ ելակետային նշանակության ունեն Մ․ բ․ շ–ման համար։
Իմպերիալիստական տերությունների միջև աշխարհի վերաբաժանման համար հակամարտության սրման պատճառով XX դ․ սկզբին առանձնահատուկ կարևորություն ստացավ բանվոր դասակարգի պայքարն ընդդեմ պատերազմի վտանգի։ Մ․ բ․ շ–ման հակապատերազմական դիրքորոշումն իր արտահայտությունը գտավ II Ինտերնացիոնալի Շտուտգարտի (1907), Կոպենհագենի (1910) կոնգրեսների բանաձևերում և Բազելի (1912) կոնգրեսի մանիֆեստում։ Առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմում (1914–18), սակայն, միայն բոլշևիկյան կուսակցությունը մնաց հավատարիմ Մ․ բ․ շ–ման ինտերնացիոնալիստական սկզբունքներին և Բազելի մանիֆեստի ոգուն։ II Ինտերնացիոնալի պարագլուխները անցան բուրժուազիայի կողմը՝ զորավիգ կանգնելով «Հայրենիքի պաշտպանության» լոզունգին և պառլամենտներում քվեարկեցին ռազմ. հատկացումների օգտին։ Այսպես օպորտունիզմը վերաճեց սոցիալ–շովինիզմի։ II Ինտերնացիոնալը, փաստորեն, դադարեց գոյություն ունենալուց։ Արդեն այդ ժամանակ Վ․ Ի․ Լենինը առաջ քաշեց III Ինտերնացիոնալ ստեղծելու խնդիրը և ձեռնամուխ եղավ Մ․ բ․ շ–ման ինտերնացիոնալիզմին հավատարիմ ուժերի համախմբմանը Ցիմերվալդյան ձախի մեջ։ Պատերազմը միայն ժամանակավորապես ընդհատեց բանվորական շարժման նոր վերելքը։ 1915-ից սկսած պրոլետարիատի ելույթները նորից ծավալվեցին՝ 1917-ին հասցնելով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակին Ռուսաստանում, որը համաշխարհային մասշտաբով կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու դարաշրջանի սկիզբը դրեց։ Աշխարհը տրոհվեց երկու հակադիր սոցիալ–քաղաքական սիստեմների, կապիտալիզմը դադարեց համապարփակ համաշխարհային տնտ․ սիստեմ լինելուց։ Դա Մ․ բ․ շ–ման մեջ հեղափոխական հոսանքի մեծագույն հաղթանակն էր և օպորտունիզմի լուրջ պարտությունը։ Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ հեղափոխություններ բռնկվեցին Ֆինլանդիայում (1918-ի հունվար), Գերմանիայում (1918-ի նոյեմբեր), ծնվեցին Բավարական և Հունգարական Սովետական Հանրապետությունները (1919-ի գարուն և ամառ), որոնք սակայն, պարտություն կրեցին աջ ս–դ․ դավաճանության պատճառով։
Ռուսաստանում պրոլետարական հեղափոխության հաղթանակից հետո կոմունիստական կուսակցություններ ստեղծվեցին Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում և այլ երկրներում։ 1919-ի մարտին Մոսկվայում տեղի ունեցավ III Կոմունիստական ինտերնացիոնալի հիմնադիր կոնգրեսը։ Մ․ բ․ շ–ման զգալի ջոկատներ բուրժ․ դեմոկրատիայի և պրոլետարիատի դիկտատուրայի հարցերում ընդունեցին բոլշևիկյան կուսակցության առաջադրած պլատֆորմը։ Ետհոկտեմբերյան տարիներին բանվորական շարժման վերելքի և կոմունիստական կուսակցությունների ձևավորման կապակցությամբ առաջ եկավ բոլշևիկյան կուսակցության փորձը երիտասարդ կոմկուսներին հաղորդելու անհրաժեշտության հարցը։ Եվ այդ գործում իրենց դերը կատարեցին Վ․ Ի․ Լենինի «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» աշխատությունը և Կոմինտերնի II (1920) ու III (1921) կոնգրեսները։ Բայց չնայած ետհոկտեմբերյան առաջին տարիների հեղափոխական վերելքին՝ Մ․ բ․ շ․ մնում էր պառակտված։ 1922-ին, Կոմինտերնից բացի, որը միավորում էր 60 կուսակցություն և կազմակերպություն, Եվրոպայում գործում էին նաև օպորտունիստական Բեռնի ինտերնացիոնալը (1919) և ցենտրիստական «Ինտերնացիոնալ 2½»-ը (1921)։ Արհմիութենական շարժումը նույնպես պառակտված էր։ Մ․ բ․ շ–ման ետհոկտեմբերյան վերելքի վերջին պոռթկումները եղան պրոլետարիատի հաջողության չհասած ելույթները 1923-ին Գերմանիայում, Բուլղարիայում և Լեհաստանում։ 1924-ից կապիտալիզմը թևակոխեց իր մասնակի կայունացման ժամանակաշրջանը, որը տևեց մինչև 1929-ը։
1929–33-ի համաշխարհային տնտ․ ճգնաժամի հետևանքով սկսվեց Մ․ բ․ շ–ման նոր վերելքը, որը սրեց կապիտալիզմի բոլոր հակասությունները։ Բանվորական շարժումը խթանող և հեղափոխականացնող գործոններից մեկն այն էր, որ կապիտալիստական բոլոր երկրներում արտադրության աննախադեպ անկման, գործազրկության աճի և արտադրողական ուժերի փոշիացման ֆոնի վրա Սովետական Միությունում հաջողությամբ իրագործվում էր առաջին հնգամյա պլանը (տես Հնգամյա պլաններ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման), տեղի էր ունենում տնտ․ բուռն աճ, երկրի ինդուստրացում։ Սարսափած բանվորական շարժման վերելքից, մոնոպոլիստական բուրժուազիան գերադասեց մի կողմ նետել բուրժ․ կեղծ դեմոկրատիզմի քողը և դիմել ֆաշիստական բռնատիրության հաստատման։ 1933-ին Գերմանիայում իշխանությունը զավթեցին նացիոնալ-սոցիալիստները։ Ֆաշիզմի վտանգը կախվեց կապիտալիստական Եվրոպայի մյուս երկրների վրա։ 1930-ական թթ․ ստեղծված իրադրությունը բանվոր դասակարգից պահանջում էր իր շուրջը համախմբել բոլոր առաջադիմական ուժերին՝ դեմոկրատական ազատությունները, աշխատավորների սոցիալ–տնտեսական նվաճումները պաշտպանելու և նոր համաշխարհային պատերազմը կանխելու համար։ Անհրաժեշտ էր հասնել բանվորական շարժման միասնության։ Այս խնդիրներն էլ քննարկվեցին Կոմինտերնի VII կոնգրեսում (1935)։ Դեռ 1934-ին հաջողվեց հասնել կոմունիստների և սոցիալիստների գործողությունների միասնության Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Ավստրիայում։ Ելնելով այդ փորձից, Կոմինտերնի VII կոնգրեսը առաջադրեց ժողովրդական ճակատի տակտիկան։ 1934–37-ի բանվորական շարժման վերելքի ժամանակ Ֆրանսիայում կազմակերպվեց ժող․ ճակատ (1935) և նրանում միավորված կոմունիստների ու սոցիալիստների միասնական գործողությունների շնորհիվ հնարավոր դարձավ կանխել ֆաշիզմի հաղթանակը Ֆրանսիայում։ 1936-ի սկզբին ժող․ ճակատ կազմակերպվեց Իսպանիայում, սակայն 1936–39-ի քաղաքացիական պատերազմում իսպ․ բանվոր դասակարգը և հանրապետական ուժերը պարտություն կրեցին, և գերմանա–իտալական ֆաշիզմի օգնությամբ Իսպանիայում հաստատվեց գեներալ Ֆրանկոյի բռնատիրական վարչակարգը։ Իսպ․ հեղափոխության պարտությունը ամրապնդեց ֆաշիզմի դիրքերը և նպաստեց երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը (1939-ի սեպտեմբեր)։ Պատերազմը նոր խնդիրներ դրեց Մ․ բ․ շ–ման առջև։ Այն չափով, ինչ չափով պատերազմը սկսեց դառնալ հակաֆաշիստական, ազատագրական և հատկապես հիտլերյան Գերմանիայի՝ ՍՍՀՄ–ի վրա կատարած ուխտադրուժ հարձակումից հետո կոմունիստական կուսակցություններն սկսեցին հանդես գալ որպես Դիմադրության շարժման նախաձեռնողներ։
Գերմ․ ֆաշիզմի և ճապոնական միլիտարիզմի ջախջախումը և դրանում Սովետական Միության դերը առաջ բերեցին հեղափոխական շարժման նոր ալիք։ Երկրորդ