Թուգենդհատ մենատունը Բռնոյում (1930)։ Մ․ վ․ դ․ Ռ․ 1937-ին գաղթել է ԱՄՆ, 1938-ին նշանակվել Իլինոյսի տեխնոլոգիական ինստ–ի տնօրեն (մինչև 1958-ը)։ Նրա նախագծերով ԱՄՆ–ում կառուցվել են՝ Իլինոյսի տեխնոլոգիական ինստ–ի համալիրը (1942–58), Լեյք Շոր Դրայվի աշտարակաձև երկու բնակելի շենքերը (1951, Չիկագո), «Սիգրամ բիլդինգը» (1958, Նյու Յորք), XX դ․ արվեստի ցուցասրահը (1962–68) Բեռլինում։ 1959-ին պարգևատրվել է Բրիտանական ճարտ․ թագավորական ինստ–ի ոսկե մեդալով։ 1950–60-ական թթ․ Մ․ վ․ դ․ Ռ․ մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ–ի, Արևմտյան Եվրոպայի և Ճապոնիայի ճարտ–ների գործունեության վրա։
Գրկ․ Զարյան Ա․, Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը, Ե․, 1979։ Иконников А. В., Архитектура США, М., 1979; Hilberseimer L․, Mies van der Rohe, Chicago, 1956․
ՄԻՍ ՎԻԴՆԻ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ։ Մ․ հիմնադրվել է 1911-ին: Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1947-ին։
ՄԻՍԱՔՅԱՆ–ՔԵՍԻՄՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1847-ին, Բուխարեստում, Վարդերես Միսաքյանի նվիրատվությամբ, Միսաքյան ազգային վարժարան անունով։ Նախակրթարան էր (4 դասարան) մանկապարտեզի բաժնով։ Մայրենի լեզվից բացի դասավանդվում էին ռուս․, ֆրանս․, հետագայում նաև՝ գերմ․։ Մի քանի անգամ փակվել և վերաբացվել է։ 1920-ական թթ․ բացվել են 5–8-րդ դասարաններ։ 1926-ին ռումինահայ Մարիամ Քեսիմի նվիրատվությամբ կառուցվել է երկհարկանի նոր շենք, և վարժարանը կոչվել է Միսաքյան–Քեսիմյան։ 1932-ին աշակերտների թիվը հասել է 405-ի։ 1939-ին դպրոցի համար կառուցվել է նոր մասնաշենք, բացվել է գիշերօթիկ բաժին, Սովետական Հայաստան կատարված ներգաղթից (1946–48) հետո աշակերտների թիվը նվազել է (85)։ Մ–Ք․ ա․ վ․ սկզբում պահվում էր հանգանակություններից ստացված եկամուտներով, Ռումինիայում ժողովրդա–դեմոկրատական կարգեր հաստատվելուց հետո՝ պետ․ միջոցներով։ Փակվել է 1965-ին։ Տնօրեններ են եղել Վ․ Փափազյանը, Վ․ Մեշտուճյանը, Ա․ Տիրացյանը, Օ․ Պերպերյանը, Վ․ Գարակյոզյանը, Օ․ Վարդանյանը, Ե․ Տիրատուրյանը, ուսուցիչներ՝ Հ․ Սիրունին, Ե․ Արծրունին, Մ․ Գանթարճյանը, Մ․ Պոտուրյանը, Լևոն Կարապետ Պալճյանը (նույն դպրոցի շրջանավարտ, հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա), Զ․ Պլպուլը, Կ․ և Ս․ Գանթարճյանները, Ն․ Պալյանը։
ՄԻՍԻՈՆԵՐՈՒԹՅՈՒՆ (< լատ ․ missio – առաքում, հանձնարարություն), կրոնական կազմակերպությունների և եկեղեցիների գործունեության տարատեսակ։ Հանդես գալով տնտեսապես թույլ զարգացած և գաղութային ու կախյալ երկրների ժողովուրդներին «լուսավորելու», «աստծո խոսքը» տարածելու կոչով, իրականում նպաստում է որոշակի պետությունների ու սոցիալական խմբերի քաղ. նպատակների իրագործմանը։ Մ–յան պարզագույն դրսևորումները երևան են եկել դեռևս մ․ թ․ ա․ Ill դ․ բուդդայական և մ․ թ․ IV դ․ քրիստոնեական կրոններում։ XV–XVI դդ․ Պորտուգալիայի և Իսպանիայի գաղութային քաղաքականությանը համընթաց, կաթոլիկական Մ․ տարածվում է Արևելքի երկրներում, Անդրկովկասում։ XIV–XVI դդ․ Մեծ Բրիտանիայի և Հոլանդիայի գաղութային քաղաքականության ուժեղացումը հող է նախապատրաստում բողոքական Մ–յան տարածման ու զարգացման համար։ XIX դ․ սկզբին միսիոներական կազմակերպություններ ստեղծվեցին նաև ԱՄՆ–ում։ Մ․ Ռուսաստանում սկզբնավորվել է XIV դ․, խիստ ուժեղացել է XVI–XIX դդ․, երբ ցարական կառավարությունն իրագործում էր իր գաղութային քաղաքականությունը Պովոլժիեում, Սիբիրում, Կովկասում։ Մ․ կաթոլիկական ու բողոքական դրսևորումներով տարածվում է Կիլիկյան և Մայր Հայաստանում։ Կիլիկիահայ բարձրաստիճան եկեղեցականների, խոշոր ֆեոդալների, մեծատուն վաճառականների մի մասը, ընդառաջելով կաթոլիկ եկեղեցուն, Արևելք ուղարկած միսիոներների քարոզչությանը, հույս ունեին դավանական զիջումներով մերձեցնել հայ և կաթոլիկ եկեղեցիները։ Դրան հակառակ, հայ բնաշխարհի աշխարհիկ և հոգևոր տերերը, Սյունիքի հոգևորականների գլխավորությամբ, անհնարին համարելով Եվրոպայից օգնություն ստանալը, դեմ էին Հռոմի հետ մերձեցման։ Մերձավոր Արևելքում մինչև 1318-ը կաթոլիկ քարոզչություն են ծավալել ֆրանցիսկյան միաբանության անդամները, որոնք կարողացել են լատինադավան համայնքներ ստեղծել Հայաստանի առևտրա–արհեստագործական կենտրոններում, Իրանի, Կովկասի հայաշատ քաղաքներում։ 1318-ից հետո Հայաստանում լայն գործունեություն են ծավալել դոմինիկյան միաբանության միսիոներները։ Հռոմի պապի հատուկ կոնդակով հիմնվել է նոր արքեպիսկոպոսություն՝ դոմինիկյանների գլխավորությամբ, Սուլթանիե (Ատրպատականում) կենտրոնով։ Այն ընդգրկում էր Արևելյան Հայաստանը, Իրանը, Միջին Ասիան, Հնդկաստանը, Եթովպիան։ Դոմինիկյան միսիոներները մեծ ազդեցություն ձեռք բերեցին Նախիջևանի գավառում, ուր կաթոլիկ դավանանք ընդունեց Երնջակի գավառի Քռնա, Ապարաներ, Սալի թաղ, Ապրակունիս, Խոշկաշեն և Ջահուկի շրջանի Ջահուկ ու Շահապոնս գյուղերի հայ բնակչության մեծ մասը։ Վասպուրականի Արտազ գավառի հոգևոր և աշխարհիկ տերերը նպաստել են կաթոլիկ միսիոներներին, ճանաչել Սսի (1307) և Ադանայի (1317) ժողովների լատինամետ որոշումները։ Դոմինիկյան միսիոներները պայքար ծավալեցին հայոց եկեղեցու դեմ, և Հայաստանում սկսվեց դավանաբանական լարված պայքարի մի ժամանակաշրջան։ Սյունյաց հոգևորականները, ազատները, հատկապես Գլաձորի համալսարանի շուրջը համախմբված ուսուցչապետներն ու վարդապետները եռանդուն պայքար ծավալեցին լատինադավանության դեմ՝ ամեն կերպ ջանալով պահպանել հայոց դավանանքը։ Սովորաբար կաթոլիկ միսիոներներն աչքի էին ընկնում խորամանկությամբ ու ճարպկությամբ։ Կաթոլիկ դոմինիկյան Պողոս Պիրոմալին Ոսկան Երևանցու մոտ սովորում է հայերեն և մեծ վստահություն ձեռք բերում լուսավորչական հայերի շրջանում։ Կղեմես Գալանոսը ակտիվորեն մասնակցելով լեհահայերի դավանափոխությանը, Կ․ Պոլսի հայերի շրջանում ենթարկվում է հալածանքի և վերադառնում Հռոմ։ Մշո հոգևոր առաջնորդ Ներսես եպիսկոպոսը պապից ստանում է որոշակի գումար՝ քարոզչական նկատառումներով։ 1883-ին Մուշում հիմնադրվում է «Հայ–հռոմեական բարձրագույն ուսումնարան»-ը։ Կաթոլիկության տարածմանը նպաստում էին Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, մասնավորապես՝ Հասունյանները, որոնք ձգտում էին միաբանության դպրոցները կենտրոնացնել Հռոմում։ 1650-ից Հայաստանում գործել են ճիզվիտները։ Լյուդովիկոս XIV իր միսիոներների (Ռոշ, Հ․ Լոնժոն, Մ․ Ֆերվրին ևն) միջոցով, հայերին հրապուրելով ազատագրության խոստումներով, ջանում էր դավանափոխել նրանց և օգտագործել իբրև հենարան՝ իր դիրքերն Արևելքի երկրներում ամրապնդելու համար։
Մ․ բողոքականության ձևով հայ իրականության մեջ տարածելու առաջին փորձերը կապվում են «Բազելյան ընկերության» քարոզիչներ, փիլիսոփայության դոկտոր Ֆ․ Զարեմբայի և Ա․ Դիտրիխի հետ։ Ժողովուրդը, աստիճանաբար հասկանալով Մ–յան իսկական նպատակները, հեռու է կանգնում նրանցից։ 1837-ին ցարական կառավարությունն արգելում է շվեյցարացի միսիոներների գործունեությունը Կովկասում, Ռուսաստանի սահմաններում։
Այնուհետև հայաբնակ շրջաններում սկսեցին գործել ամերիկյան, անգլ․ միսիոներները։ Մ–յան տարածման ամենաազդեցիկ միջոցներից էր դպրոցը։ Արևմտյան միսիայի հիմնական կենտրոն Կ․ Պոլսի հայաշատ թաղերում ամերիկյան միսիոներները, սկսած 1830-ական թթ․, հիմնեցին առաջին դպրոցները։ Այնթապ, Մարաշ, Ուրֆա, Հալեպ և այլ քաղաքներում ևս գործում էին ամերիկյան միսիոներական դպրոցներ։
Մ․ հարատևում է ժամանակակից գաղութային ու կիսագաղութային երկրներում և հանդես է գալիս որպես նեոգաղութատիրական քաղաքականության իրագործող։ Կաթոլիկ միսիոներական գործունեությունն այժմ գլխավորում է Վատիկանը։ Ազգային–ազատագրական շարժումների ուժեղացման համեմատ եկեղեցին փոխում է մեթոդները՝ քրիստոնեական պաշտամունքի մեջ ներառնում տեղական պաշտամունքային ծեսեր, ժամասացությունները կատարվում են տեղական լեզուներով, գաղութային ու կիսագաղութային երկրների ժողովուրդներին մոլորեցնելու, նրանց միասնական պայքարը ջլատելու համար հանդես է գալիս ընդդեմ ռասայականության։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/608
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ