Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1959-ին բացվել է Քիշնևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավագիտական ուսումնասիրություններով զբաղվում է Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ պետության և իրավունքի սեկտորը։ Հետազոտվում են պետ․ իրավունքի (Պ․ Սովետով, Գ․ Ֆեոդորով, Յու․ Տոդիկան, Վ․ Լավրիկ), սոցիալիստական տնտեսության ամրապնդման, հանցագործության դեմ պայքարի (Դ․ Լեոշկևիչ, Կ․ Ֆլորյա, Տ․ Կարպով) պրոբլեմները։ Մենագրություններ են նվիրվում նաև իրավունքի այլ ճյուղերի։
3․ Գիտական հիմնարկները
68 գիտական հիմնարկներում (ներառյալ բուհերը) ընդգրկված է 8100 գիտաշխատող (1979)։ Առաջատարը Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ է, որի կազմում կա 18 ակադեմիկոս և 26 թղթակից անդամ (1980)։ Մ–ի գիտական հիմնարկները ստեղծագործական կապերի մեջ են եղբայրական հանրապետությունների և արտասահմանյան երկրների գիտական հիմնարկների հետ։ Հանրապետությունում անց են կացվում միութենական ու միջազգային գիտական կոնֆերանսներ, գիտաժողովներ ևն։
XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
Մ–ում գրատպությունն սկսվել է XVII դարից։ Այժմ (1979) Մ–ի հրատարակչությունները լույս են ընծայում տարեկան ավելի քան 1,8 հզ․ անուն գիրք և գրքույկ։ Հրատարակվում են 163 թերթ, ավելի քան 77 հանդես և պարբերական այլ հրատարակություններ։ Հանրապետական թերթերից են՝ «Մոլդովա սոչիալիստե» («Սոցիալիստական Մոլդավիա», 1924-ից), «Վյացա սատուլույ» («Գյուղական կյանք», 1945-ից), «Տիներիմյա Մոլդովեյ» («Մոլդավիայի երիտասարդություն», 1928-ից), «Տիներուլ լենինի» («Պատանի լենինյան», 1941-ից), «Սովետսկայա Մոլդավիա» («Советская Молдавия», 1925-ից), «Մոլոդյոժ Մոլդավիի» («Молодёжь Молдавии», 1940-ից) ևն։ Հանդեսներից են՝ «Կոմունիստուլ Մոլդովեյ» («Մոլդավիայի կոմունիստ», մոլդավ․ և ռուս․), «Նիստրու», «Սկընտեյա լենինիստե» («Լենինյան իսկրա»), «Ֆեմեյա մոլդովեյ» («Մոլդավուհի») ևն։ Քիշնևում է գտնվում Մոլդավ․ ՍՍՀ հեռագրական գործակալությունը (ԱՏԵՄ)։ Ռադիոհաղորդումները տրվում են 1930-ից, հեռուստահաղորդումները՝ 1958-ից։
XIV․ Գրականությունը
Մոլդավ․ գրավոր գրականությանը նախորդել է հարուստ բանահյուսությունը։ Քնարաէպիկական պոեզիայի խոշորագույն հուշարձանը «Միորիցա» բալլադն է։ Առաջին գրավոր հուշարձանները (եկեղեցական սլավոներենով) երևան են եկել IX–X դդ․ սահմանագծում։ 1643-ին լույս է տեսել միտրոպոլիտ Վառլաամի (1590–1657) «Կազանիա»-ն՝ մոլդավերեն առաջին գիրքը, որը ավետարանների մեկնություն է։ Հարուստ ժառանգություն են թողել XVII–XVIII դդ․ մոլդավացի տարեգիրներ Գ․ Ուրեկեն, Մ․ Կոստինը, Ի․ Նեկուլչեն։ Միտրոպոլիտ Դոսիֆեյին (1624–93) է պատկանում «Լույսը մեզ է հասնում Մոսկվայից․․․» («Սաղմոսագիրք», չափածո, 1673) արտահայտությունը։ Մոլդավ․ մշակույթի ականավոր գործիչներ են եղել Ն․ Միլեսկուն (Սպաֆարի, 1631–1708) և Դ․ Կանտեմիրը (1673–1723)։ Ռուսաստանի հետ Բեսարաբիայի միավորումից (1812) հետո ընդլայնվել են մոլդավ․ գրականության կապերը ռուս. և ուկր․ ժողովուրդների առաջադիմական գրականության հետ։ Մ–ի XIX դ․ գրականության վրա նկատելի ազդեցություն են գործել դեկաբրիստների հեղափոխական գաղափարները, Քիշնևում ապրած Ա․ Պուշկինի պոեզիան։ XIX դ․ 1–ին կեսի մոլդավացի գրողներից աչքի են ընկնում մոլդավ–ռուս–ուկր․ բարեկամության ջատագով Ա․ Հիժդեուն, բանաստեղծներ Կ․ Կոնակին և Կ․ Ստամատին։ Ազգային մշակույթի մեջ նկատելի հետք է թողել մանկավարժ ու գրող Գ․ Ասաքին։ Դեմոկրատական ռեալիստական միտումներն են բնորոշ 1848-ի բուրժ․ հեղափոխության շրջանի գրողներ Ա․ Դոնիչի, Կ․ Նեգրուցցիի, Ա․ Ռուսսոյի, Վ․ Ալեքսանդրիի ստեղծագործությանը։ Գրող, պատմաբան ու բանասեր Բ․ Հաժդեուն (1838–1907) մեծապես նպաստել է մոլդավ–ռուս․ գրական–գիտական կապերի ամրապնդմանը։ Խոր դեմոկրատականությունն ու ժողովրդականությունն են բնորոշ Յո․ Կրյանգեի ստեղծագործությանը։ Նրա «Հեքիաթներ»-ն ու «Մանկության հուշեր»-ը XIX դ․ 2-րդ կեսի ազգային ռեալիստական արձակի գագաթնակետն են։ Եվրոպական ուշ ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է բանաստեղծ Մ․ Էմինեսկուն։
Մոլդավ․ գրականությունը լիակատար ծաղկման է հասել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ «Մոլդովա լիտերարե» [«Գրական Մոլդավիա» (1928), 1932-ից՝ «Օկտոբրիե» («Հոկտեմբեր»)] հանդեսում, ինչպես նաև առանձին հրատարակություններով 1920–30-ական թթ․ տպագրվել են Դ․ Միլևի, Ն․ Մարկովի, Ի․ Կաննայի, Մ․ Անդրիեսկուի, Ն․ Կաբակի և այլոց ստեղծագործությունները, որոնք պատկերել են հեղափոխության հերոիկան և սոցիալիզմի կառուցումը հանրապետությունում, Բեսարաբիայի աշխատավորության պայքարը հանուն վերամիավորման սովետական հայրենիքին։ Թագավորական Ռումինիայի կողմից օկուպացված Բեսարաբիայում են ապրել ու աշխատել առաջադեմ գրողներ Ե․ Բուկովը, Անդրեյ Լուպանը և ուրիշներ, որոնց ստեղծագործությունը կապված է եղել հեղափոխական ընդհատակի և աշխատավորության հակաֆաշիստական պայքարի հետ։
Ետպատերազմյան առաջին տարիներին Մոլդավ․ ՍՍՀ–ում լույս տեսան Ե․ Բուկովի «Երկիր իմ», Ա․ Լուպանի «Երես առ երես», Բ․ Իստրուի «Պոգոռնա», Ջ․ Մենյուկի «Երգ արշալույսի», Ֆ․ Պոնոմարի «Բարեկամություն», Պ․ Կրուչենյուկի «Մոր խոսքը» պոեմները, որոնց մեջ արտացոլված է ժողովրդի պայքարը ընդդեմ գերմանա–ֆաշիստական զավթիչների, կոլեկտիվացումը հանրապետության աջափնյա շրջաններում, պայքարը հանուն խաղաղության։ Բանաստեղծ, ակադեմիկոս Ա․ Լուպանը «Սեփական բեռը» գրքի «Մայրուղիներ» բանաստեղծական շարքի համար 1975-ին արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի։ Մոլդավ․ ՍՍՀ պետ․ մրցանակով են նշվել 60–70-ական թթ․ բանաստեղծական լավագույն երկերը (սոցիալիստական աշխատանքի հերոս Ե․ Բուկով, Ա․ Լուպան, Պ․ Բոցու, Բ․ Իստրու, Գ․ Վիերու)։ Մ–ի իրականության ընդարձակ համայնապատկերն է արտացոլված Ի․ Դրուցեի, Ի․ Չոբանուի, Գ․ Մենյուկի, Վ․ Բեշլյագեի, Ի․ Պոդոլյանուի, Աննա Լուպանի պատմվածքներում, վեպերում ու պիեսներում, որոնք նույնպես արժանացել են Մոլդավ․ ՍՍՀ պետ․ մրցանակի։ Սովետական դրամատուրգիայի մեջ նկատելի երևույթ են դարձել Ի․ Դրուցեի «Կասա մարե», 1960, «Մեր ջահելության թռչունները», 1972 և այլ պիեսներ։ Մանուկների ու պատանիների համար են գրում Ս․ Վանգելին, Գ․ Վիերուն, Ա․ Շալարը, Ա․ Բուսույոկը, Վ․ Ֆիլիպը և ուրիշներ: Թարգմանության բնագավառում հայտնի են Ի․ Կրեցուն, Ա․ Կոզմեսկուն, Պ․ Ստարոստինը, Պ․ Միհնան, Վ․ Բելիստովը։ Ակտիվորեն են հանդես գալիս գրաքննադատներ ու գրականագետներ Ս․ Չիբոտարուն, Խ․ Կորբուն, Վ․ Կորոբանը, Մ․ Դորգանը, Ե․ Բոտեզատուն, Մ․ Չիմպոյը և ուրիշներ։ Մ–ում ստեղծագործում են նաև մի շարք ռուս գրողներ։
1940-ին ստեղծվել է Մոլդավ․ ՍՍՀ գրողների միությունը։
Սոլդավացի ընթերցողի սեփականությունն են դարձել հայ բանահյուսությունը, հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Մոլդավ․ հրատարակվել են «Հայկական հեքիաթները (1973), «Աստղեր լեռների վրա» (1971) բանաստեղծությունների կոլեկտիվ ժողովածուն, Հ․ Թումանյանի («Բանաստեղծություններ», 1969), Ա․ Իսահակյանի («Քնարական տողեր», 1976), Ս․ Կապուտիկյանի («Լիրիկա», 1967), Գ․ Էմինի («Յոթ երգ Հայաստանի մասին», 1979) չափածո գործերը, Վ․ Անանյանի («Սևանի ափին», 1954), Խ․ Գյուլնազարյանի («Լավ ճանապարհորդները», 1960), Ս․ Զորյանի («Պապ թագավոր», 1960), Հ․ Մաթևոսյանի («Մենք ենք, մեր սարերը», 1969), Վ․ Փափազյանի («Բարեպաշտ Եղոն», 1972), Ա․ Շիրվանզադեի («Չար ոգի», 1977) և ուրիշների պատմվածքները, վեպերն ու վիպակները։
Իրենց հերթին հայ գրականություն են մուտք գործել մոլդավացի գրողների երկերը։ Հայերեն են թարգմանվել Վ․ Վասիլակեի պատմվածքները, Գ․ Վիեռուի, Լ․ Դամիանի, Պ․ Բոցուի, Ա․ Լուպանի, Ա․ Բուսույոկի, Բ․ Իստրուի, Վ․ Տելեուկեի, Ա․ Ռոշկայի և ուրիշների բանաստեղծությունները։ Առանձին գրքերով լույս են տեսել «Մոլդավիայի երկնքի տակ» (1957), «Ծաղկած կեռասենի» (1969) բանաստեղծությունների, «Մոլդավական նովելներ և պատմվածքներ» (1970) ժողովածուները, Վ․ Վասիլակի «Հեքիաթ ճերմակ ցլիկի մասին» (1977) վիպակը և այլ գործեր։
XV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը
Ճարտարապետությունը։ Մ–ի տարածքում պահպանվել են միջնադարյան ամրոցներ (Բենդերիում, 1538, Սորոկիում, 1543), վանքային անսամբլներ (Կապրիյանի, Կոնդրիցա, Ռուդ ևն), եկեղեցիներ (Ուսպենյան, XVI դ․, Կաուշանիում ևն)։ Բեսարաբիայի՝ Ռուսաստանին միանալուց