Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/690

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ապարների քվարցացած տեղամասերում, մոլիբդենի ցածր պարունակությամբ, բայց հանքանյութի հսկայական պաշարներով։ Հիմնականում մշակում են երակիկացանավոր հանքանյութերը մոլիբդենի 0,05–0,08% պարունակությամբ, որոնց բաժին է ընկնում մոլիբդենային հարստանյութերի համաշխարհային արտադրանքի 90%-ից ավելին։ Մ․ հ–ի խոշոր հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում՝ ՀՍՍՀ–ում (Քաջարան, Ագարակ, Դաստակերտ, Հանքավան), Հյուսիսային Կովկասում, Ուզբեկստանում, Ղազախստանում, արտասահմանում՝ ԱՄՆ–ում, Կանադայում, Մեքսիկայում, Չինաստանում, Ավստրալիայում։
ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, տես Միկրոպարարտանյութեր։
ՄՈԼԻԲԴԵՆԻՏ, մոլիբդենային փայլ, միներալ սուլֆիդների դասից։ Քիմ․ կազմը՝ (պարունակում է և , խառնուրդների ձևով մինչև )։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Առաջացնում է պրիզմատիկ և տակառաձև բյուրեղներ, սովորաբար՝ ցանավոր, թեփուկավոր, ֆերոլիտային ագրեգատներ։ Գույնը՝ երկնագույն–մոխրավուն։ Փայլը՝ մետաղի։ Կարծրությունը՝ 1–1,5, խտությունը՝ 4620–4800 կգ/մ³։ Հանդիպում է թթու հրային ապարների հետ կապված բարձր–միջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքավայրերում, պեզմատիտներում, գրեյզեններում ևն։ Մ–ի հանքավայրեր ՍՍՀՄ–ում հայտնի են Կովկասում (այդ թվում՝ ՀՍՍՀ–ում), Անդրբայկալում, Միջին Ասիայում, արտասահմանում՝ ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Նորվեգիայում։ Մոլիբդենային հանքանյութերի կարևորագույն միներալն է։ ՀՍՍՀ Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի, Հանքավանի պղնձամոլիբդենային հանքանյութերը պատկանում են երակիկացանավոր տիպին։
ՄՈԼԻԵՐ (Moliere) Ժան–Բատիստ (իսկականը՝ Ժան–Բատիստ Պոքլեն, Poquelin, 15․1․1622, Փարիզ – 17․2․1673, Փարիզ), ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, թատերական գործիչ։ «Բարձր կատակերգության» ժանրի հիմնադիրը, բեմական արվեստի ռեֆորմատոր, ռեալիստական դրամատուրգիայի նախակարապետը։ Ֆրանս, ժող․ թատրոնի ավանդույթները համադրելով Վերածննդի մարդասիրական գաղափարների հետ, օգտագործելով կլասիցիզմի փորձը՝ Մ․ ստեղծել է նոր տիպի (սոցիալ–կենցաղային) կատակերգություն, ծաղրել է պալատականների դասային նախապաշարումները, մերկացրել բուրժ․ հասարակության սոցիալական այլանդակությունները։ Պիեսներում առաջ է քաշել գեղարվեստական նոր սկզբունքներ՝ կյանքի ճշմարտություն և կերպարների անհատականացում։
Ավարտել է Կլերմոնի ճիզվիտական կոլեջը (1639)։ Կրթությամբ իրավաբան էր, սակայն Մոլիեր կեղծանունով իրեն նվիրել է թատերական գործին։ 1643-ին մի քանի դերասանների ու սիրողների հետ կազմակերպել է «Փայլուն թատրոն»։ Մոտ երկու տարի հետո, լավ խաղացանկի և մասնագետ կատարողների բացակայության պատճառով, իր խաղընկերների հետ թողել է Փարիզը (1645), 13 տարի շրջագայել Ֆրանսիայի գավառներում։ Այդ խմբի համար Մ․ գրել է փոքրածավալ ուրախ կատակերգություններ։ «Ճարպիկը կամ Խոչընդոտները» (բեմ․ 1655, հրտ․ 1663), «Սիրային անախորժություն» (բեմ․ 1656, հրտ․ 1663) առաջին մեծածավալ կատակերգությունների սյուժեն վերցված է իտալ․ պիեսներից։ Գավառներում Մ–ի և նրա խմբի ունեցած հաջողությունը հնարավորություն տվեց վերադառնալու Փարիզ։ Մ․ իր կատակերգություններով, սկսած «Ծիծաղելի սեթևեթուհիները» (բեմ․ 1659, հրտ․ 1660) պիեսից, պայքարել է սալոնային արվեստի դեմ, հաստատել ռեալիստական կատակերգության ժանրը։ Այդ ժանրի բնորոշ գծերն արտացոլվել են Մ–ի առաջին «բարձր կատակերգության» («Կանանց դպրոցը», բեմ․ 1662, հրտ․ 1663) մեջ, որը նրա դեմ հանեց ազնվականներին և պահպանողական գրողներին ու դերասաններին։ Ի պատասխան դրա՝ Մ․ բեմադրեց «Կանանց դպրոցի» քննադատությունը» (բեմ․ և հրտ․ 1663) և «Վերսալյան էքսպրոմտ» (բեմ․ 1663, հրտ․ 1682) փոքրիկ պիեսները, որոնցում արտահայտեց իր գեղագիտական հայացքները։ Մ–ի տաղանդն իր ծաղկմանը հասավ «Տարտյուֆ» (բեմ․ 1664 և անմիջապես արգելվեց, բեմ․ և հրտ․ 1669, հայ․ հրտ․ «Թարթյուֆ», 1874), «Դոն Ժուան» (բեմ․ 1665, հրտ․ 1683), «Միզանթրոպ» (բեմ․ 1666, հրտ․ 1667) կատակերգություններում, որոնցում ծաղրել է բարեպաշտության և առաքինության դիմակի տակ թաքնված կեղծավորությունը, ազնվականության հոգևոր սնանկացումն ու անպատկառությունը։ Մ–ի վճռականությունը, անհաշտվողականությունը հատկապես երևում է հասարակ մարդկանց՝ գործունյա, խելացի, կենսուրախ սպասավորի և սպասուհու կերպարներում («Քաղքենին ազնվական», բեմ․ 1670, հրտ․ 1671, հայ․ հրտ․ 1903, «Երևակայական հիվանդը», բեմ․ 1673, հրտ․ 1674, հայ․ հրտ․ 1886)։ Մ․ ֆրանս․ կատակերգությունը բարձրացրել է մեծ արվեստի մակարդակի՝ պահպանելով նրա օրգ․ կապը ժող․ ֆարսի հետ («Սկապենի արարքները», բեմ․ և հրտ․ 1671)։
Հայերը Մ–ի պիեսները բեմադրել են դեռևս XIX դ․ 1-ին քառորդում։ Մ–ի պիեսները մտել են Մխիթարյանների դպրոցական թատրոնի խաղացանկը՝ «Երևակայական հիվանդ» (1812), «Ակամա բժիշկ» (1813): Հետագայում բեմադրվել է նաև «Տարտյուֆ»-ը։ XIX դ․ կեսերին հիմնադրվել է Կ․ Պոլսի «Արևելյան թատրոնը», որն առաջին իսկ թատերաշրջանում իր խաղացանկում ունեցել է մոլիերյան երկու պիես՝ «Ժլատը» և «Տարտյուֆ»-ը, հաջորդ տարիներին՝ «Պուրսոնյակ», «Ակամա բժիշկ», «Բռնի ամուսնություն», «Ժորժ Դանդեն», «Միզանթրոպ» և «Սերը՝ արարիչ» պիեսները։ Մ–ի կերպարների դերակատարումով հռչակվել է հայ բեմի նշանավոր կատակերգակ Դավիթ Թրյանցը։ Հիշատակելի է նաև Գ․ Ռշտունու խաղը։ Հայ դերասանները մոլիերյան խաղացանկով շրջագայել են Եգիպտոսում, Բուլղարիայում, Հունաստանում և Թուրքիայում։ Արևելյան Հայաստանում նույնպես բազմաթիվ դերասաններ (Գ․ Չմշկյան, Արամ Վրույր, Սիրանույշ, Հ․ Աբելյան, Ա․ Արմենյան) հանդես են եկել մոլիերյան դերակատարումներով։ Սովետական շրջանում ևս Մ․ արժանի տեղ է գրավել հայ բեմում (Ա․ Արմենյան, Վ․ Փափազյան, Ա․ Ոսկանյան և ուրիշներ)։ Գ․ Սունդուկյանի անվ․ դրամատիկական թատրոնը իր ձևավորման հենց սկզբից անդրադարձել է Մ–ի կատակերգություններին, բեմադրել «Դոն Ժուան» (1922), «Երևակայական հիվանդը» (1923, 1933), «Տարտյուֆ» (1924), «Քաղքենին ազնվական» (1936) և այլ պիեսներ։ Մ–ի ազդեցությունը մեծ է եղել հայ գրողների՝ Խորեն Գալֆայանի, Նիկողայոս Փուղինյանի, Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի վրա, որոնք ստեղծել են նմանատիպ պիեսներ։ Մ–ի հայ առաջին թարգմանիչներից են Տ․ Տետեյանը, Գ․ Չմշկյանը։
1973-ին Հայաստանում նշվել է Մ–ի մահվան 300-ամյակը։
Երկ․ Œuvres ed․ Despois et Mesnard, v․ 1-13, P․, 1873–1900 (Collect․ <Les grands ecrivains de la France»); Փուրսոնեագ, ԿՊ, 1861։ Տղամարդկանց խրատ, Թ․, 1880։ Ագահն, Զմյուռնիա, 1881։ Սերը բժիշկ է, Զմյուռնիա, 1881։ Ակամա բժիշկ, Զմյուռնիա, 1882։ Տարտյուֆ, Բաքու, 1898։ Թռչող բժիշկն, Բաքու, 1900։ Կատակերգք, հ․ 1–2, Իզմիր, 1903։ Ժորժ Դանդեն կամ Շփոթված ամուսինը, Թ․, 1907։ Բարբուլիե, Թ․, 1915։ Երկու խուլեր, ԿՊ, 1921։ Բռնի ամուսնություն, ԿՊ, 1930։ Полн. собр․ соч․, т․ 1–4, М․, 1965–67․
Գրկ. Սողոմոնյան Ս․, Դանթե։–Պետրարկա։–Շեքսպիր։–Մոլիեր, Ե․, 1973։ Булгаков М․, Жизнь господина де Мольера, М․, 1962․ Ա․ Գասպարյան ՄՈԼԻԶԵ (Molise), մարզ Հարավային Իտալիայում, Ապենինյան թերակղզում։ Տարածությունը 4,4 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 342 հզ․ (1978), վարչական կենտրոնը՝ Կամպոբասոն։ Ծովափնյա մասը բլրավոր հարթավայր է, կենտրոնական մասում՝ Մոլիզե սարահարթը, հվ–ում՝ Մատեսե կրաքարային լեռնաշղթան (բարձրությունը՝ մինչև 2050 մ, Մելետո լեռ)։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են ցորեն, ընդեղեն, խաղող, ձիթենի և այլ կուլտուրաներ։ Կա անասնապահություն։ Արդյունաբերությունը կապված է գյուղատնտ․ արտադրանքի վերամշակման հետ։ Զարգացած է տնայնագործությունը։ Ստեղծվել են տուրիստական խոշոր համալիրներ։
ՄՈԼԼԱ ՍՈՒԼԵՅՄԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտ գավառում։ 1909-ին ուներ 80 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։