Մ․ Ս–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՄՈԼԼԱԿԱՐԱ, ցեխաբուժական կուրորտ Թուրքմենական ՍՍՀ–ում, Կարակումի անապատում, Ջեբել երկաթուղային կայարանից 5 կմ, Կրասնովոդսկից 134 կմ, Աշխաբադից 555 կմ հեռու։ Ամռանը շոգ է, (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 31°C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 1°C), տարեկան տեղումները՝ 130 մմ: Բուժիչ միջոցները՝ Մոլլակարա լճի տղմոտ ցեխը և բնաղաջուրը։ Բուժվում են հենաշարժական ապարատի, գինեկոլոգիական, ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններով տառապողները։
ՄՈԼԼԱՔՅԱՆԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառում։ 1909-ին ուներ 25 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
ՄՈԼԼԵ (Mollet) Գի (1905–1975), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ Մասնագիտությամբ՝ ուսուցիչ։ 1923-ից՝ ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գործիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939–45) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Եղել է Ազգային ժողովի դեպուտատ (1946-ից), ֆրանս․ սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1946–69), Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ (1951–1969), պետ․ մինիստր (1946–47, 1950–1951), պրեմիեր մինիստր (1956–57)։ Մ–ի կառավարությունը անցկացրել է որոշ սոցիալական ռեֆորմներ։ Ֆրանսիայի մասնակցությունը Եգիպտոսի դեմ անգլո–ֆրանս–իսրայելական ագրեսիային (1956), գաղութային պատերազմի շարունակումը Ալժիրում (1954–62) պատճառ են դարձել դեմոկրատական ուժերի պառակտման և Մ–ի հրաժարականին (1957)։ Մ․ աջակցել է դեմոկրատական և սոցիալիստական ձախ ուժերի ֆեդերացիայի ստեղծմանը (1965)։ 1969-ից Սոցիալիստական հետազոտությունների համալսարանական կենտրոնի նախագահն էր։ 1956 և 1963-ին պաշտոնական այցով եղել է ՍՍՀՄ–ում։
ՄՈԼԿՈՉԱՆՈՎ Միխայիլ Վասիլևիչ (1877–1937), սովետական ռազմական գործիչ, Հայկական ՍՍՀ զորքերի հրամանատար (1921)։ Սովորել է Կիևի ռազմ. ուսումնարանում, ապա կայսերական ռազմ. ակադեմիայի դասընթացներում։ Մասնակցել է ռուս–ճապոնական (1904–05) և առաջին համաշխարհային (1914–18) պատերազմներին։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության օրերին հարել է հեղափոխական զինվորներին ծառայության է մտել կարմիր բանակ։ Եղել է դիվիզիայի պետ, 1919–20-ին՝ բանակի (8-րդ, ապա 14-րդ) հրամանատար։ 1921-ին Հայաստանում ղեկավարել է դաշնակցականների փետրվարյան խռովության ջախջախումը և աշխատավորների պայքարը սովետական կարգերի ամրապնդման համար։ Պարգևատրվել է ՀՍՍՀ Կարմիր դրոշի շքանշանով։ Մասնակցել է ՀՍՍՀ կարմիր բանակի վերակառուցմանը։ 1924-ից ԲԳԿԲ–ում կատարել է Գլխավոր շտաբի հատուկ հանձնարարություններ։
Գրկ․ Мнацаканян А․ Н․, Посланцы Советской России в Армении, Е․, 1959․
ՄՈԼՅՈՒՍԿՆԵՐ, տես Փափկամորթներ։
ՄՈԼՆԱՐ (Մոլնարյան) Անտալ (Անտոն) Գրիգորի (17․11․1848, Գեռլա – 6․2․1902, Բուդապեշտ), հունգարահայ պատմաբան, բանասեր, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Սովորել է Կլուժի և Բուդապեշտի համալսարաններում, ստացել իրավագիտության և քաղաքագիտության դոկտորի կոչում։ 1871-ին Գեռլայից ընտրվել, ապա 3 անգամ վերընտրվել է Հունգարիայի պառլամենտի անդամ, եղել պառլամենտի քարտուղար։ Իրավագիտություն է դասավանդել Բուդապեշտի համալսարանում։ Տարբեր տարիներ խմբագրել է «Հունգարական թերթեր» քաղ․ լրագիրը, «Հունգարիան և տիեզերքը» հունգ․ պարբերականը։ Գրել է Հունգարիայի և համաշխարհային պատմության վերաբերյալ աշխատություններ, Գեռլային նվիրված «Հայաքաղաքի տեղագրությունը» (1871) մենագրությունը։ Եղել է Գեռլայի «Արմենիա» ամսագրի հիմնական աշխատակիցներից, այնտեղ հրատարակել հայագիտական հոդվածներ, որոնցից առավել կարևոր են «Հայերը Բուդայի ազատագրման ժամանակ» (1877, № 1), «Մովսես Խորենացի, հայ պատմահոր կյանքն ու գործը» (1896, № 9–12), «Հայաստանի պատմությունը և գրականությունը» (1898, № 3–8), «Հայերը Թուրքիայում» (1891, № 9–12) ևն։ Ունի թարգմանություններ (ֆրանսերենից)։ Թաղված է Գեռլայի հայկ․ գերեզմանատանը։
«ՄՈԼՆԻԱ», Երկրի արհեստական արբանյակների (ԵԱԱ) սովետական սերիայի անվանում։ Նախատեսված է հեռուստատեսային ծրագրերի վերատրանսլյացիայի և հեռագրային, հեռախոսային ու լուսահեռագրային կապի («Մ․–1», «Մ․–2», Մ․–3»), ինչպես նաև շուրջստացիոնար ուղեծրից ռադիոկապի և հեռուստատեսության փորձնական հաղորդումների («Մ․–1Ս») համար։ «Մ․» մտնում է «Մոլնիա–Օրբիտա» տիեզերական կապի համակարգի մեջ։ Առաջին «Մ․–1» ԵԱԱ արձակվել է 1965-ի ապրիլի 23-ին։ Մ․–2» ԵԱԱ–ի (1965-ի հոկտ․ 14-ին) արձակմամբ սկսվել է հեռավոր երկկողմանի հեռուստատեսային և հեռախոսահեռագրային կապի համակարգի փորձնական շահագործումը։ 1967-ին ստացվել է տիեզերքից Երկրի գունավոր հեռուստատեսային պատկերը։ Մինչև 1980-ի հունվարի մեկը արձակվել է 74 «Մ․» ԵԱԱ, որոնք ՍՍՀՄ տարածքում և ուրիշ երկրներում ապահովում են կանոնավոր կապ և հեռուստատեսային հաղորդում։
«ՄՈԼՆԻԱ–ՕՐԲԻՏԱ», տիեզերական կապի սովետական համակարգ։ Բաղկացած է «Մոլնիա» և «Ռադուգա» Երկրի արհեստական արբանյակներից և «Օրբիտա» ընդունող և հաղորդող երկրային կայանից։ Նախատեսված է հեռուստատեսային ծրագրերի վերատրանսլյացիայի, հեռագրային, հեռախոսային և լուսահեռագրային կապի և այլ նպատակների համար։ Գործում է 1967-ից։
ՄՈԼՈԴՅՈԺՆԻ, ավան ՌԱՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, Փշիշ գետի աջ ափին, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևմուտք։ Բնակիչները՝ ռուսներ, հայեր, ուկրաինացիներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, գրադարան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, հիվանդանոց։ Մ․ հիմնադրել են Սամսունից եկած հայերը, 1885-ին։
ՄՈԼՈԿԱՆՆԵՐ, հոգևոր քրիստոնյա մոլոկաններ, կրոնական աղանդ Ռուսաստանում։ Ծագել է XVIII դ․ 2-րդ կեսին Տամբովի գավառում, հետագայում տարածվել է երկրի այլ շրջաններում։ «Մ․» անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» («словесное молоко»)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պաս օրերին կաթ («молоко») խմելու սովորույթի հետ։ Մ․ այլաբանորեն են մեկնաբանում Աստվածաշունչը, քրիստոնեական դավանաբանությունը, խորհուրդները ևն, մերժում են ուղղափառության արտաքին–ծիսական կողմը, եկեղեցու աստիճանակարգը, կուսակրոնությունը, սրբերի ու խաչի պաշտամունքը ևն։ Նրանք առաջ են քաշել ավետարանական քրիստոնեության գաղափարները և «բարի գործերի» (բարոյական կատարելագործում, աշխատասիրություն, փոխօգնություն ևն) բարոյախոսությունը՝ որպես երկրի վրա «աստվածային թագավորության» հաստատման միջոց։ Մոլոկանությունը սոցիալական բողոքի կրոնական ձև էր ընդդեմ ճորտատիրության և եկեղեցու։ Իշխանություններն ու եկեղեցին հալածել են Մ–ին, որը հանգեցրել է XVIII դ․ վերջին նրանց զանգվածային վերաբնակեցմանը երկրի այլ շրջաններում, այդ թվում Անդրկովկասում։
Մ–ի առաջին բնակավայրերը Հայաստանում հիմնվել են XIX դ․ 30-ական թթ․։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/691
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ