ավերակները։ Հայտնաբերել է հնդիկ հնագետ Ռ․ Բաներջին, 1922-ին։ Մ–դ–ի ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին որոշելու Խարապպայի քաղաքակրթության հիմնական փուլերն ու բնորոշ գծերը։
ՄՈՀԻԿԱՆՆԵՐ, հնդկացի ցեղ Հյուսիսային Ամերիկայում։ Մինչև գաղութացումը Մ․ (մոտ 3 հզ․ մարդ) բնակվել են Հուդզոն գետի հովտում, զբաղվել հողագործությամբ, որսորդությամբ և հավաքչությամբ։ XVII դ․ սկզբից ներգրավել են մորթու առևտրի մեջ, որը և հանգեցրել է տոհմային կարգերի քայքայման։ Գաղութացման և իրոկեզների հարձակումների հետևանքով Մ–ի մեծ մասը ոչնչացվեց։ Մնացածը (մոտ 300 մարդ) վերաբնակեցվեցին Վիսկոնսին նահանգի Սթոքբրիջ ռեզերվացիայում։ Խոսում են անգլ․։ Քրիստոնյաներ են։
ՄՈՀՈՐՈՎԻՉԻՉԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹ, բաժանման սահման երկրակեղևի և Երկրի մանթիայի միջև։ Մ․ մ․ հայտնաբերվել է ըստ սեյսմիկական տվյալների, երկայնակի սեյսմիկական ալիքների արագությունը Մ․ մ–ի միջով անցնելու (վերևից ներքև) դեպքում աճում է թռիչքաձև 6,7–7,6-ից մինչև 7,9–8,2 կմ/վրկ, իսկ լայնակի ալիքներինը՝ 3,6–4,2-ից մինչև 4,4–4,7 կմ/վրկ։ Զանազան երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ տվյալներ ցույց են տալիս, որ նյութի խտությունը նույնպես աճում է թռիչքաձև, ենթադրաբար, 2,9–3-ից մինչև 3,1–3,5 տ/մ³։ Միանգամայն հավանական է, որ Մ․ մ․ բաժանում է տարբեր քիմ․ բաղադրությամբ շերտեր։ Մ․ մ․ իր անվանումն ստացել է ի պատիվ հայտնաբերողի՝ հարավսլավացի երկրաֆիզիկոս և սեյսմոլոգ Ա․ Մոհորովիչիչի (1857–1936)։ Տես նաև Երկիր։
ՄՈՂԵՍ (լատ․ Lacerta), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Ցեֆեոս, Կարապ, Պեգաս, Անդրոմեդա, Կասիոպեա համաստեղությունների միջև։ ՀՍՍՀ տարածքից երևում է ամբողջ տարին։
ՄՈՂԵՍՆԵՐ (Lauria), թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Մարմնի երկարությունը 3,5 սմ–ից մինչև 3 մ է, պատված եղջերային թեփուկներով կամ վահանիկներով։ Վերջիններիս դասավորությունն ու ձևն ունեն կարգաբանական նշանակություն։ Իրանը սեղմված է կողքերից, վերևից կամ գլանաձև է։ Մեծ մասն ունի 2 զույգ լավ զարգացած, հնգամատ վերջավորություններ։ Որոշ տեսակների մոտ դրանք բացակայում են և մարմինը նմանվում է օձի։ Կոպերը սովորաբար շարժուն են, առանձին Մ–ի մոտ ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ ծածկված են մաշկի տակ։ Ատամներն ամրացած են ծնոտների ներսի (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։ Պլևրոդոնտ ատամները ջարդվելուց կամ մաշվելուց փոխարինվում են նորերով, իսկ ակրոդոնտները՝ ոչ։ Մ–ի պոչը, որպես կանոն, աստիճանաբար նեղանում է և վերջանում սուր ծայրով, հաճախ գերազանցելով մարմնի երկարությանը։ Երբեմն վերջանում է բութ, կողքերից տափակացած, հարթ կամ ոլորված ձևով։ Վտանգի դեպքում, մկանների կծկման հետևանքով, հաճախ պոչը կտրվում է (ողի մեջտեղի կռճիկային մասից), հետագայում աճում է նորը։ Լեզուն կարող է լինել լայն, երկար, երկճյուղ ևն։ Լավ զարգացած են տեսողությունը, լսողությունը։ Շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթային աչք։ Գունավորումը բազմազան է․ անապատում ապրողներն ունեն բաց գունավորում, ծառաբնակները՝ կանաչ։ Շատերը կարողանում են փոխել գույնը և հարմարվել միջավայրին։ Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, որոշ տեսակներ ծառաբնակ են, մի քանիսն ապրում են ավազի, հողի մեջ։ Սնվում են հիմնականում միջատներով ու նրանց թրթուրներով, որդերով, փափկամորթներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։ Կան և բուսակեր տեսակներ։ Բազմանում են առավելապես ձվադրությամբ (դնում են 1–35 ձու)։ Կան նաև ձվակենդանածնությամբ, կենդանածնությամբ և կուսածնությամբ բազմացողներ։ Ապրում են 1–3-ից մինչև 50–80 տարի։ Հայտնի է 3500 (ՍՍՀՄ–ում՝ 77, ՀՍՍՀ–ում՝ 24) տեսակ, տարածված ամենուրեք, բացառությամբ ցուրտ գոտիների։ Մ․ օգտակար են, ոչնչացնում են գյուղատնտ․ վնասատու միջատներին։ Որոշ երկրներում տեղական բնակչությունն օգտագործում է խոշոր Մ–ի միսը, մաշկը։
Պատկերազարդումը տես 609-րդ էջից առաջ՝ ներդիրում։
«ՄՈՂՆՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ», XI դարի հայկական մագաղաթյա ձեռագիր Ավետարան։ «Մ․ Ա․» է կոչվում հարյուր տարի (1822–1922) Թիֆլիսի Մողնու Ս․ Գևորգ եկեղեցում գտնվելու համար։ Մինչ այդ, մի քանի հարյուր տարի, Հաղպատում էր, որի պատճառով համարվում էր այնտեղ գրված և նկարազարդված։ Այժմ պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ № 7736)։ Հայ ձեռագրական մշակույթի գլուխգործոցներից է, 42 սմ x 32,5 սմ մեծությամբ 380 բարձրորակ մագաղաթյա թերթերի վրա երկաթագրով գրված և բազմերանգ նկարազարդված։ Գրիչն ու նկարիչը Մարիամի և Դավթի որդի Հովհաննես Սանդղկավանեցին է, որի արվեստանոցը գտնվում էր Արշարունյաց գավառի Կաղզվան քաղաքին մոտ՝ Սադղկավանքում։ «Մ․ Ա․» գրվել և նկարազարդվել է, ամենայն հավանականությամբ, մինչև 1060-ը։ Մինչ այդ մեզ հայտնի ամենահարուստ նկարազարդված ձեռագրերից է։ Բազմերանգ են 10 խորանները և 12 տերունական նկարները, ինչպես նաև չորս ավետարանիչներն ու ավետարանառաջները, որոնք գտնվում են յուրաքանչյուր Ավետարանի սկզբում։ Այս ձեռագրում առաջին անգամ հանդիպում ենք գլխազարդերի և զարդագրերի։ Հովհաննես Սանդղկավանեցու 1053-ի ձեռագրի հիշատակագրություններում պահպանվել են ներկեր, մագաղաթ պատրաստողների և այլ արհեստավորների անուններ, որոնք ցույց են տալիս, որ Սանդղկավանքում եղել է գրչության և մանրանկարչության խոշոր արվեստանոց, ուր նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր։ Դրանցից մեզ հասածները, ըստ Լ․ Դուոնովոյի, «ցույց են տալիս, որ նրանք սկիզբ են առնում մի մեծ, «ակադեմիական» կարգի արվեստանոցից, որտեղ ստեղծվել են ամենաբազմազան նշանակալից գործեր՝ իրենց տարբերակներով, և որ այդ աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել վարպետ նկարիչներ»։
Պատկերազարդումը տես 673-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ․ Դուռնովո Լ․, Հայկական մանրանկարչություն, Ե․, 1967։ Մաթևոսյան Ա․, Գրիչ Հովհաննես Սանդղկավանեցի («Մողնու Ավետարանը»), «ԲՄ», № 10, 1971։ Измайлова Т․, Армянская миниатюра XI века, М․, 1979․
ՄՈՂՈՔ (հուն․ μολόχ, եբր․ Molek – թագավոր), արևմտա–սեմական ցեղերի աստվածություն (Աստվածաշնչում հիշվում է որպես ամմոնացիների աստված), որին զոհաբերել են մեծամասամբ մանկահասակ երեխաներ։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Մ․ ոչ թե աստվածության անունն է, այլ հենց զոհաբերվող մանուկների հրակիզման ծիսակատարությունը, որի մանրամասնությունները գրեթե անհայտ են։ Մ–ի պաշտամունքը հետագայում հատկապես տարածված է եղել (փյունիկեցիների միջոցով) Կարթագենում, որի մասին են վկայում հրակիզված մանուկների աճյուններն ու բազմաթիվ դամբանագրերը։ Ծեսի իմաստն ու նշանակությունը տակավին մնում են չպարզաբանված։ Փոխաբերական առումով Մ․ նշանակում է սարսափելի ու անհագուրդ ուժ, որն անընդհատ պահանջում է մարդկային անմեղ զոհաբերություններ։
ՄՈՃՈՌՅԱՆ Մարիամ Պետրոսի [6(19)․7․1904, Ալեքսանդրապոլ – 12․10․1972, Թբիլիսի], հայ սովետական դերասանուհի։ Վրաց․ ԱԱՀ ժող․ արտիստուհի (1958)։ Բեմ է բարձրացել 1920-ին՝ Հ․ Զարիֆյանի խմբում, ապա խաղացել Վ․ Միրզոյանի, Ա․ Արմենյանի, Հ․ Աբելյանի, Վ․ Փափազյանի խմբերում։ 1928-ից աշխատել է Թբիլիսիի հայկ․ թատրոնում, եղել առաջատար դերասանուհիներից։ Լավագույն դերերից են՝ Մարգարիտ, Սուսան, Սոնա (Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս», «Չար ոգի»), Էփեմիա (Սունդուկյանի «Պեպո»), Անուշ (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Զեյնաբ (Յուժին–Սումբատովի «Դավաճանություն»), Կրուչինինա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Դեզդեմոնա, Օֆելյա (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ»)։
ՄՈՄ, լույսի ուժի միավոր։ Գործածվել է 1948-ից, միջազգային մոմի փոխարեն, և մինչև 1967-ը եղել է Միավորների միջազգային համակարգի յոթ հիմնական միավորներից մեկը։ 1967-ին, Չափերին ու կշիռներին նվիրված XIII գլխավոր կոնֆերանսի ընդունած որոշման համաձայն, փոխարինվել է կանդելա միավորով։
ՄՈՄԱԹՈՒՂԹ, մեղրամոմով, պարաֆինով և վազելինի յուղով ներծծված բարակ թուղթ։ Օգտագործվում է տրաֆարետային տպագրության տպաձև պատրաստելու համար։ Մ․ խիստ զգայուն է ջերմության և մեխանիկական ներգործության նկատմամբ։
ՄՈՄԱՆԿԱՐՉՈՒԹՅՈԻՆ, գեղանկարչական տեխնիկայի տեսակ, որտեղ իբրև ներկերը կապակցող նյութ ծառայում է
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/697
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ