ու շինանյութերի կիրառումը։ Սոցիալիստական հասարակության պայմաններում դրանք հնարավորություն են ընձեռում լայնորեն ծավալելու մասսայական շինարարություն՝ էապես նպաստելով աշխատավորության կյանքի և աշխատանքային պայմանների, շրջապատող տարածական միջավայրի բարելավմանն ու արդիականացմանը, Ճ–յան ֆունկցիոնալ ու գեղագիտական խնդիրների նորովի լուծմանը։
Ճ․ ծագել է մարդկության ամենավաղ՝ նախնադարյան համայնական հասարակության ժամանակաշրջանում, երբ, կիրառելով շինարվեստի ամենապարզունակ միջոցներ, կառուցվել են տեղի բնակլիմայական պայմաններին ու շինանյութին համապատասխան բնակարաններ ու բնակավայրեր (Հայաստանում՝ բերդշեններ), պաշտամունքային կառույցներ (մենհիրներ, դումեններ, կրոմլեխներ ևն)։ Պետության ծագման հետ կազմավորվել է բնակեցման նոր ձևը՝ քաղաքը (իր բաղադրիչ մասերով) որպես վարչական, արհեստային արտադրության և առևտրի կենտրոն, խթանելով քաղաքաշինական սկզբունքների ձևավորումը։ Ստրկատիրական պետություններում տիրապետող վերնախավի ձեռքում իշխանության ու նյութական միջոցների կենտրոնացումը, մեծաքանակ ստրուկների շահագործումը, գիտության ու տեխնիկայի նվաճումները հնարավոր են դարձրել կառուցելու ոռոգման խոշոր համակարգեր, պաշտպանական հզոր կառույցներ, մոնումենտալ պալատներ, տաճարներ, դամբարաններ,
որոնք կոչված էին մեծարելու աստվածների և աստվածացված տիրակալների իշխանության ուժն ու անսասանությունը։ Այդպիսիք են եգիպտական բուրգերը (Գիզա) և տաճարները (Կառնակ, Լուքսոր), ասորական, բաբելական զիկկուրատները (տես Բաբելա–ասուրական մշակույթ), ուրարտ․ (Տուշպա, Արգիշտիխինիլի, Էրեբունի, Թեյշեբաինի) և խեթական պալատական համալիրները, Պերսեպոլիսի սյունազարդ ապադանները, հնդ․ ստուպաները, Հին Ամերիկայի բրգաձև տաճարներն ու պալատական համալիրները, Չինական մեծ պարիսպը, որոնց ստեղծման ընթացքում կուտակվել է շինարարական հարուստ փորձ, սկզբնավորվել են շենքերի հորինվածքի ու դրանց անսամբլային կառուցապատման (տես Անսամբլ) ճարտարապետա–գեղարվեստական կուռ օրինաչափություններ։ Ճ․ առավել նվաճումների է հասել Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Հին Հունաստանի ստրկատիրական դեմոկրատիայի պայմաններում քաղաք–պետությունների (պոլիսների) գոյությունը նպաստել է քաղաքաշինական արվեստի զարգացմանը։ Լայն կիրառություն է ստացել կանոնավոր՝ հիպողամոսյան հատակագծման սկզբունքը՝ փողոցների ուղղանկյուն ցանցով, նրանցով կազմավորված հասարակական (ագորա), պաշտամունքային ու ճարտ․ հորինվածքային (ակրոպոլիս) կենտրոններով։ Մշակվել են շինարվեստի զուտ հուն. սկզբունքներ, դասական ճարտ․ օրդերները: Պոլիսներում հասարակական կյանքի զարգացումը խթանել է հասարակական նոր տիպի շենքերի՝ թատրոնների, ստադիոնների, ձիարշավարանների, գիմնասիոնների, բուլևտերիոնների ստեղծմանը։
Հին Հռոմում առաջատար նշանակություն են ստացել այնպիսի կառույցներ, որոնք կոչված էին փառաբանելու հանրապետության, հետագայում՝ կայսրության հզորությունը։ Զարկ է տրվել ինժեներական կառույցների՝ ճանապարհների, կամուրջների, ջրանցույցների շինարարությանը։ Ստեղծվել է կրաբետոն և կրաշաղախ, կառույցներում կիրառվել են կամարի, թաղի և գմբեթի կոնստրուկցիաները։ Անկանոն կառուցապատումով բնորոշ Հռոմ քաղաքում առաջացել են կանոնավոր սկզբունքով կառուցապատված հասարակական կենտրոններ՝ ֆորումներ։ Կառուցվել են հասարակական նոր տիպի շենքեր՝ կրկես, թատրոն, ամֆիթատրոն, թերմեր, բազիլիկ։ Քաղաքաշինության մեջ (հիմնականում հռոմ․ տիրապետության տակ գտնվող երկրներում) կիրառություն են ստացել սյունազարդ փողոցներն ու հրապարակները, հաղթակամարները։ Բնակարանային Ճ–յան մեջ իշխել են բակավոր (ատրիումային) տան տիպը, քաղաքամերձ վիլլաները։ Կառուցվել են նաև 5–6 և մինչև 14-հարկանի բնակելի տներ՝ ինսուլաներ։
Ֆեոդալիզմի դարաշրջանում Ճ․ ձեռք է բերել նոր հասարակարգին համապատասխանող հատկանիշներ։ Ֆեոդալական պատերազմները թելադրել են ստեղծելու պաշտպանական նոր տիպի կառույցներ՝ դղյակներ, բերդեր՝ եվրոպական երկրներում, Անդրկովկասում, Միջին Ասիայում և այլուր։ Այդպիսի կառույցներ են ստեղծվել նաև Հայաստանում, Կիլիկիայի հայկ․ պետությունում։ Կրոնի գաղափարական ազդեցության տակ զարգացել է պաշտամունքային շենքերի Ճ․։ Անտիկ Հռոմի բազիլիկների ու կենտրոնակազմ գմբեթավոր տաճարների ավանդույթների հիման վրա Բյուզանդիայում ստեղծվել են քրիստոնեական տաճարների տիպեր (գլուխգործոցը Ս․ Սոֆիայի տաճարն է)։ Բյուզանդական Ճ․ բարերար ազդեցություն է ունեցել սլավոնական երկրների (Բուլղարիա, Սերբիա, Ռուսիա) Ճ–յան վրա և որոշ ընդհանրություններ՝ Վրաստանի և Հայաստանի Ճ–յան հետ։
Զարգացած միջնադարում Արմ․ և Կենտրոնական Եվրոպայի երկրներում առաջացել են ռոմանական ոճը (X–XI դդ․) և գոթական ոճը (XII–XIV դդ․)։ Ռոմանական ոճը, բացի ծանրանիստ բազիլիկ տաճարներից ու վանքային բակավոր համալիրներից, իր ոլորտն է ընդգրկել պաշտպանական կառուցվածքները (ֆեոդալական դղյակներ) և քաղաքային աշխարհիկ շենքերը (քաղաքապետարաններ, 1-ին հարկում արհեստանոցներով ու խանութներով 2–3-հարկանի բնակելի տներ)։ Գոթական ոճը նշանավորվել է ծավալատարածական հորինվածքի և կոնստրուկտիվ համակարգի սկզբունքորեն նոր լուծումներով, շինարվեստի բացառիկ կատարելագործմամթ։ Ռոմանական Ճ–յան զանգվածեղ կոնստրուկցիաները փոխարինվել են ինժեներական տեսակետից իմաստավորված հիմնակմախքային համակարգով և այլ կոնստրուկցիաներով (ջլաղեղներ, կոնտրֆորսներ, արկբուտաններ)։ Տաճարներին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/92
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ