Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կանոնավորության ու հավասարակշռության սկզբունքը տարածվել է քաղաքային հրապարակների, պուրակների, պալատա–պուրակային համալիրների վրա (Թյուիլրիի ու Լուվրի պալատները Փարիզում, Վերսալի պալատա–պուրակային համալիրը, ճարտ–ներ՝ Լ․ Լևո, Ա․ Լենոտր, ժ․ Արդուեն–Մանսար)։ Ֆրանս. կլասիցիզմի Ճ․ իր արձագանքներն է ունեցել եվրոպական երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, որտեղ հանդես է եկել ճարտարապետ վարպետների մի տաղանդավոր սերունդ (Ա․ Զախարով, Մ․ Կազակով, Լ․ Ստասով, Ա․ Վորոնիխին, Վ․ Բաժենով, Վ․ Ռաստրելլի, Կ․ Ռոսսի և ուրիշներ), որոնք XVIII–XIX դդ․ ստեղծել են Պետերբուրգի ճարտ․ անսամբլները, Ձմեռային պալատը, բազմաթիվ այլ շենքեր, քաղաքամերձ Պետերգոֆը, Պավլովսկի և պալատա–պուրակային այլ համալիրներ։ XIX դ․ կեսից կլասիցիզմի ոճն ամենուրեք անկում է ապրել։ Կապիտալիզմի վերելքը Եվրոպայում և ԱՄՆ–ում, նույն դարի 2-րդ կեսից արդյունաբերության զարգացումը պայմանավորել են քաղաքների արագ աճ, արտադրական, առևտրա–ֆինանսական և տրանսպորտային բազմազան շենքերի (գործարանների, շուկաների, հանրախանութների, բանկերի, բորսաների, ցուցահանդեսային տաղավարների, կայարանների) առաջացում։ Շինարարական նոր նյութերը (մետաղ, ապակի, բետոն), ստանդարտացումը, շինարարական աշխատանքների մեքենայացումը և նոր կոնստրուկցիաների կիրառումը հնարավոր են դարձրել կատարելագործելու շենքերի ֆունկցիոնալ, տեխ․ ու գեղարվեստական մակարդակը։ Մետաղական կոնստրուկցիաներով են կառուցվել Լոնդոնի «Բյուրեղապակյա պալատը» և Փարիզի Էյֆելյան աշտարակը։ Ամերիկյան քաղաքներում կառուցվել են «երկնաքերներ»։ Մենատների հետ միաժամանակ զարկ է արվել «եկամտաբեր» (վարձով տրվող) տների շինարարությանը։ Կապիտալիզմի պայմաններում, դադարելով կրել առաջադեմ գաղափարներ, Ճ․ սկսել է անկում ապրել։ Լայն տարածում են գտել էկլեկտիզմը, 1890-ական թթ․՝ «մոդեռն» ոճը։ XX դ․ սկզբից փորձեր են արվել նոր տեխնիկայի նվաճումները համադրելու դասական հորինվածքների հետ (Ֆրանսիայում՝ Օ․ Պեռե, Ավսարիայում՝ Օ․ Վագներ), ինչպես նաև՝ վերածնելու դասականը (Ռուսաստանում՝ Ի․ Ֆոմին, Ա․ Շչուսե, Ա․ Թամանյան, Ի․ Ժոլտովսկի, Անգլիայում՝ Է․ Լաչենս, ԱՄՆ–ում՝ Հ․ Բեկոն)։ Արտահայտելով կապիտալիստական հասարակության իրավիճակը՝ հետագա տարիներին Ճ․ դարձել է ավելի հակասական և ուղիներ որոնել այդ վիճակից դուրս գալու համար։ Գոյություն ունեցող իրարամերժ ուղղությունների մեջ առաջադիմական էին ռացիոնալիստները․ Ֆրանսիայում՝ Լը Կորբյուզիեն, գերմանիայում՝ «Բաուհաուզ» դպրոցի հիմնադիրներ Վ․ Գրոպիուսը, Հ․ Մեյերը, Լ․ Միս վան դեր Ռոեն, Նիդերլանդներում՝ Յո․ Աուդը, որոնք արտահայտչամիջոցները որոնել են պարզության, ձևերի հակադրության մեջ, կարևոր նշանակություն ավել շենքի կոնստրուկտիվ–տեխնիկական կառուցվածքին, ֆունկցիոնալ կազմակերպմանը (տես Ռացիոնալիզմ, Ֆունկցիոնալիզմ)։ 1930-ական թթ․ ֆունկցիոնալիզմը լայն տարածում է գտել կապիտալիստական երկրներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ճ–յան մեջ հաստատվել է նեոկլասիցիզմը։ Ֆունկցիոնալիզմին հակադրվել է օրգանական ճարտարապետությունը (հիմնադիր՝ Ֆ․ Լ․ Ռայթ, ԱՄՆ)։ Պատերազմից հետո նկատվել է ձգտում ռացիոնալիզմը համապատասխանեցնելու տեղի պայմաններին, ավանդույթներին։ Դրա հաջողված փորձերն են Լ․ Սաարինենի, Ա․ Սալտոյի (Ֆինլանդիա), Կ․ Տանգեի (Ճապոնիա), Ֆ․ Կանդելայի (Մեքսիկա) ստեղծագործությունները։ Իր կոսմոպոլիտական ունիվերսալիզմով օրգ․ ճարտ–յանը հակադրվել է Լ․ Միս վան դեր Ռոեն։ Կապիտալիստական հասարակության ներսում եղած հակասությունները ծնել են նաև այլ ուղղություններ։
Սոցիալիստական հասարակարգում Ճ․ ծառայում է ամբողջ ժողովրդի նյութական ու հոգևոր պահանջմունքների բավարարմանը։ 1920-ական թթ․ ՍՍՀՄ–ում ստեղծվել են հասարակության սոցիալական նոր պահանջմունքները բավարարող շենքերի՝ տուն–կոմունաների, մշակույթի պալատների, բանվորական ակումբների, մանկապարտեզների ու մանկամսուրների տիպեր։ Ճարտ․ զարգացման, նոր սոցիալիստական ուղիների որոնման են ձգտել պրոֆեսիոնալ տարբեր խմբավորումների շուրջ համախմբված ճարտ–ները՝ կոնստրուկտիվիստներ Վեսնին եղբայրները, Մ․ Գինզբուրգը, Կ․ Հալաբյանը, Գ․ Քոչարը, Մ․ Մազմանյանը, ռացիոնալիստներ Կ․ Մելնիկովը, Ն․ Լադովսկին և դասական ավանդույթների շարունակման կողմնակիցներ Ա․ Շչուսևը, Ի․ Ժոլտովսկին, Ա․ Թամանյանը, որոնք 1930-ական թթ․ միավորվել են ՍՍՀՄ ճարտ․ միության մեջ։ Քաղաքաշինական սկզբունքորեն նոր, սոցիալիստական գաղափարները մարմնավորում են ստացել Մոսկվայի (1935), Լենինգրադի (1935-40), Երևանի (1924, 1939) գլխավոր հատակագծերում։ Ծավալվել է վարչական (Երևանում՝ Հայկ․ ՍՍՀ Կառավարական տուն, Ա․ Թամանյան), հասարակական, կուլտուր–կենցաղային (Երևանում՝ ժող․ տունը, Ա․ Թամանյան), տրանսպորտային և առողջարանային շենքերի շինարարություն, շարք են մտել Մոսկվայի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մոսկվա–Վոլգա ջրանցքը, ստեղծվել է Մոսկվայի համամիութենական գյուղատնտ․ ցուցահանդեսի համալիրը ևն։ Հայրենական մեծ պատերազմից հետո խոշորամասշտաբ աշխատանքներ են ծավալվել ավերված քաղաքների ու բնակավայրերի վերականգնման ուղղությամբ (Վոլգոգրադ, Կիև, Մինսկ ևն)։ 1950-ական թթ․ 2-րդ կեսից սովետական Ճ․ ապրում է ստեղծագործական վերակառուցման փուլ։ Աշխատավորության բնակարանային պայմանների բարելավումն արագացնելու նպատակով ծավալված մասսայական բնակարանային շինարարության սկզբնական շրջանի թերությունները (միօրինակություն, ցածր գեղագիտական մակարդակի, տեղային առանձնահատկությունների անտեսում) հաղթահարվել են։ Նախագծման և կառուցման առաջավոր մեթոդները հնարավորություն են ընձեռել ստեղծելու պարզ ու արտահայտիչ, հատակագծային ու ծավալատարածական ազատ լուծումներ, շրջապատին ներդաշնակ հորինվածքներ։ Այժմ նկատելի են արդիականը ավանդականի հետ զուգակցելու, ազգային առանձնահատկությունները պահպանելու ուղղությամբ կատարվող դրական փորձեր։ Որոշակի հաջողություններ են ձեռք բերվել արդ․ շենքերի, գյուղատնտ․ համալիրների և հիդրոտեխնիկական կառույցների Ճ–յան բնագավառում։
Նոր հասարակարգի բովանդակությունը ճարտ․ միջոցներով արտահայտելու խնդրի լուծման ուղղությամբ որոշակի դրական արդյունքների են հասել՝ Չեխոսլովակիայում,