Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տակի և մատների ծալիչ մկանները, որոնք նյարդավորվում են միջնական և ծղիկային նյարդերի շարժիչ ճյուղերով, թիկնաճաճանչային երեսին՝ ձեռքի վերհակիչ, դաստակի և մատների տարածիչ ու բութ մատի երկար զատիչ մկանները։ Վերջիններս նյարդավորվում են ճաճանչային նյարդով։ Անոթավորվում է ճաճանչային,ծղիկային, միջոսկրյա առաջային և ետին զարկերակներով։ Ներերակային ներարկումների և արյան հետազոտությունների դեպքում օգտվում են Ն-ի ենթամաշկային երակներից (արմնկային ծալքի շրջանում)։

ՆԱԽԱԲԵՄ, ավանսցեն (ֆրանս․ avant-scene), թատերաբեմի այն հատվածը, որ ընկած է բեմի հայելու և հարթակի եզրի միջև։ Ներկայացման որոշ տեսարաններ երբեմն տեղի են ունենում Ն-ում։

ՆԱԽԱԲԵՐԱՆՆԵՐ (Protostomia), ողնաշարավոր կենդանիների խումբ, ընդգրկում է տափակ, կլոր և օղակավոր որդերին, նեմերտիններին, փափկամարմիններին, հոդվածոտանիներին։ Երկսիմետրիկ, եռաշերտ կենդանիներ են․ բերանային ճեղքն առաջանում է սաղմնային նախնական բերանի (բլաստոպոր) տեղում կամ դրա առջեւի մասում։ Երկրորդաբերանների (փշամորթներ, կիսաքորդավորներ ևն) բլաստոպորը վերածվում է հետանցքի, իսկ բերանն առաջանում է մարմնի այլ մասում։ Կմախքն արտաքին է, առաջնային և ետնաղին զարգանում են էկտոդերմի ներփքմամբ։

ՆԱԽԱԳԱՀ ԴԱՏԱՐԱՆԻ, ՍՍՀՄ-ում դատական մարմինը գլխավորող անձ։ ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների գերագույն դատարանների, երկրամասային, մարզային (քաղաքային), ինքնավար մարզերի ու ինքնավար օկրուգների դատարանների նախագահները ընտրվում են համապատասխան սովետներում դատարանի կազմն ընտրելիս՝ 5 տարի ժամկետով։ Այն շրջաններում, որտեղ մի քանի ժող․ դատավորներ են ընտրված, ժող․ դեպուտատների շրջանային սովետը (շրջանային բաժանում չունեցող քաղաքում՝ ժող․ դեպուտատների քաղաքային սովետը) ժող․ դատավորներից մեկին հաստատում է Ն․ դ․։ Ն․ դ․նախագահում է դատական նիստում, ղեկավարում է դատական պրակտիկայի ընդհանրացումը, կատարում կազմակերպական աշխատանքներ, բացի շրջանային (քաղաքային) ժողդատարանի նախագահից, իրավասու է պահանջել գործեր, օրինական ուժի մեջ մտած անօրինական և անհիմն դատավճիռների, վճիռների ու որոշումների դեմ բերել բողոքներ։ Մ․Թովմասյան

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ, 1. մարդկանց խումբ, որն ընտրվում է ժողով, խորհրդակցություն ղեկավարելու համար։ 2․Կուսակցական, պետական, գիտական, հասարակական կազմակերպությունների մշտական ղեկավար մարմին։

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ՍՄԿԿ ԿԿ, կուսակցական ղեկավար մարմին, որն ընտրում է ՍՄԿԿ ԿԿ պլենումը՝ ԿԿ աշխատանքները պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարելու համար։ Առաջին անգամ կազմվել է ՍՄԿԿ ԿԿ 1952-ի հոկտ․ 16-ի պլենումում՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոյի փոխարեն։ ՍՄԿԿ XXIII համագումարի 1966-ի ապրիլի 8-ի որոշմամբ նորից ստեղծվել է ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրո (տես Քաղբյուրո ՍՄԿԿ ԿԿ)։

ՆԱԽԱԳԻԾ, 1․ փաստաթղթերի (հաշվարկների, գծագրերի են) համախումբ՝ որևէ կառույցի կամ շինվածքի ստեղծման համար։ 2․ Որևէ փաստաթղթի (օրինակ, պայմանագրի Ն․) նախնական տեքստ։ 3․ Մտահղացում, պլան, որևէ օբյեկտի նախատիպ, նախապատկեր։

ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԵԹՈԴ, ուսուցման կազմակերպում, որի դեպքում սովորողները գիտելիք են ձեռք բերում պլանավորման եւ պրակտիկ առաջադրանք նախագծեր կատարելու ընթացքում։ Երևան է եկել ԱՄՆ-ի դպրոցներում, XIX դ․ 2-րդ կեսին։ Հիմնվում է պրագմատիկական մանկավարժության տեսական կոնցեպցիաների վրա։ Հանգամանորեն լուսաբանվել է ամերիկացի մանկավարժներ Զ․ և Է․ Դյուիի, Ու․Հ․ Քիլպատրիկի և է․ Քոլինզի աշխատություններում։ XX դ․ 60-70-ական թթ․ Ն․ մ․ ԱՄՆ-ում լայնորեն քննադատվեց՝ հանրակրթական դպրոցներում ուսուցման անընդհատությունը խախտելու և սովորողների տեսական գիտելիքների մակարդակի իջեցման համար։ Չնայած դրան, ամերիկյան դպրոցներում շարունակվում է Ն․ մ-ին համանման վարժաձևերի կիրառումը, օրինակ, գործնական բնույթի թեմաներով ուսուցումը («Տունը և ընտանեկան կյանքը», «Ինչ ենք մենք ստանում ծառերից» ևն)։ Սովետական իշխանության առաջին տարիներին ՍՍՀՄ-ում Ն․ մ․ մասամբ կիրառվել է փորձնական և որոշ մասսայական դպրոցներում։ «Տարրական և միջնակարգ դպրոցի մասին» ՀամԿ(բ)Կ ԿԿ 1931-ի սեպտ․ 5-ի որոշման մեջ Ն․մ-ի կիրառությունը սովետական դպրոցում դատապարտվել է։

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ, նախադասության կազմիչ մասեր, որոնք, ըստ քերականական (շարահյուսական) հարաբերությունների բովանդակության և կապակցական բնույթի, արտահայտում են ամբողջական պաշտոններ։ Մտքի ձևավորման ու արտահայտման նպատակով բառերը (առանձին կամ զուգակցումներով) կապակցական զանազան հարաբերությունների մեջ են դրվում՝ կատարելով տարբեր պաշտոններ։ Այդպիսով կիրառական մակարդակում նրանք ներկայանում են որպես Ն․ ա․։ Նրանց որոշման հիմքը քերականական հարաբերության բովանդակությունն է՝ կապակցական համապատասխան բնույթով։ Այդ հարաբերությունները լինում են՝ ա․ գործողական-վերագրումային (ստորոգումային), բ․ հատկանիշային, գ․ առարկայական, դ․ հանգամանքային։ Գործողական-վերագրումային հարաբերության հիման վրա համաձայնական կապակցությամբ հանդես են գալիս ենթական և ստորոգյալը («Թռչունը թռավ», «Թռչունները թռան», «Ես գնացի», «Գիրքը նոր է»), հատկանիշայինի հիման վրա՝ առդրությամբ՝ որոշիչը («Նոր գիրք գնեցի»), հոլովառությամբ՝ հատկացուցիչը («Իմ գիրքը վերցրի») և համաձայնությամբ կամ առանց դրան՝ բացահայտիչը («Գրիգորը՝ եղբայրս, գալիս է», «Նստեցի պարտեզում, ծառի տակ»), առարկայականի հիման վրա՝ խնդրառական կապակցությամբ՝ խնդիրները («Գնեցի գիրք», «Գրեցի մատիտով»), հանգամանքայինի հիման վրա՝ հոլովառական կապակցությամբ՝ որոշ պարագաներ («Անցնում եմ փողոցով», «Լողում եմ ծովում» ևն), առդրությամբ՝ այլ պարագաներ («Ամենուրեք զգացվում է գարնան շունչը»)։ Ըստ նախադասության կազմության մեջ ունեցած դերի Ն․ա․ լինում են գլխավոր և երկրորդական։ Գլխավոր են ենթական և ստորոգյալը, որոնք կազմում են նախադասության կորիզը։ Երկրորդական անդամները կոչվում են նաև լրացումներ, որոնք ընդարձակող դեր են կատարում։ Նրանք ստորադաս են լրացյալներին։ Լրացյալների հաշվառումով երկրորդական անդամները կամ լրացումները բաժանվում են գոյականական և բայական անդամների լրացումների։ Գոյականական անդամների լրացումներն են որոշիչը, հատկացուցիչը և, որոշ վերապահությամբ, բացահայտիչը։ Բայական անդամների լրացումներն են խնդիրները և պարագաները։ Խնդիրները բաժանվում են ուղիղ և անուղղակի տեսակների, որոնք իրենց հերթին ունեն ենթատեսակներ (բուն ուղիղ խնդիր՝ «Ջուր խմեցի», մասնական ուղիղ խնդիր՝ «Ջրից խմեցի», անուղղակի խնդիրներ՝ հանգման՝ «Հանդիպեցի Վարդակին», միջոցի՝ «Գրում եմ մատիտով», ներգործող՝ «Նա հարգվում է բոլորից», վերաբերության՝ «Պատմում էր հնից, նորից», անջատման՝ «Նամակ ստացա Գրիգորից» ևն)։ Պարագաները լինում են տեղի, ժամանակի, ձևի, չափի, նպատակի, հիմունքի, հակառակ հիմունքի, պայմանի ևն։ Ըստ արտահայտության ձևի նախադասության՝ անդամները լինում են պարզ և բաղադրյալ (վերլուծական կամ նկարագրական)։ Պարզերն արտահայտվում են մեկ բառով, բաղադրյալները՝ երկու կամ ավելի բառերի զուգակցությամբ։ Բացի ստորոգյալից, բաղադրյալ կարող են լինել և ուրիշ անդամներ՝ «Խոսում եմ գործի մասին» (խնդիր), «Գիրքը դրված է սեղանի վրա» (պարագա)։ Այստեղ կա կապերի և նրանց խնդիրների զուգակցում։ Բաղադրյալ կամ վերլուծական անդամ կարող են լինել միայն նյութական իմաստունեցող բառերի կապակցությունները՝ «Հինգ մետր կտոր գնեցի», «Նա դեպքին իրազեկ մարդ է» (որոշիչներ)։ Ինքնուրույնաբար նախադասության անդամ կարող են լինել անվանողական արժեք (նյութական իմաստ) ունեցող բառերը՝ գոյականը, ածականը, թվականը, բայը, մակբայը և ցուցողաբար, ըստ իրադրության՝ դերանունները։ Կապերը նախադասության անդամ են կազմում իրենց խնդիրների հետ։ Մյուս խոսքի մասերը կիրառական նման դեր չունեն։ Գրկ․ Առաքելյան Վ․Դ․, Հայերենի շարահյուսություն, հ․1, Ե․, 1958։ Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․1965։ Աբրահամյան Ա․Ա․, Խոսքի մասերի և նախադասության անդամների փոխհարաբերության հարցի շուրջ, «Հայոց լեզուն և գրա-