Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


զին, որը երկնային մարմինների շարժումը բացատրում էր Տիեզերքը լցնող եթերում տարբեր մրրիկների մասին եղած պատկերացման օգնությամբ։ Նույն այս աշխատությունում Ն. զգալի ուշադրություն է հատկացրել մեխանիկական նմանության օրենքին, որի հիման վրա զարգացել է նմանության տեսությունը։ Այսպիսով, «Հիմունքներ»-ում առաջին անգամ տրվել է երկրային և երկնային մեխանիկայի ցանկացած կոնկրետ խնդրի լուծման մաթ. խիստ մոտեցման ընդհանուր սխեման։ Ֆիզիկայի հետագա զարգացումը բացահայտեց նյուտոնյան մեխանիկայի կիրառելիության սահմանները։ Բնագիտության՝ Ն-ի առաջ քաշած խնդիրները պահանջել են սկզբունքորեն նոր մաթ. մեթոդների մշակում։ Ֆիզիկական հետազոտություններում մաթեմատիկան Ն-ի համար եղել է գլխավոր զենքը։ Նա այն կարծիքին է եղել, որ մաթեմատիկան ըստ էության բնագիտության մի մասն է։ Դիֆերենցիալ հաշվի և ինտեգրալ հաշվի մշակումը մաթեմատիկայի զարգացման կարևոր փուլերից էր։ Մեծ նշանակություն են ունեցել նաև Ն-ի աշխատանքները հանրահաշվի և երկրաչափության վերաբերյալ։ Պ. Ֆերմայի, Զ. Վալիսի և Ի. Բարրոուի աշխատանքների ազդեցությամբ Ն. հանգել է ֆլյուքսիաների մեթոդի (< լատ. fluxio - արտահոսում) հիմնական գաղափարներին (1665-66): Այդ ժամանակահատվածին են վերաբերում նաև դիֆերենցման և ինտեգրման գործողությունների փոխհակադարձ բնույթի հայտնագործումը, անվերջ շարքերի բնագավառի հիմնարար հայտնագործությունները, մասնավորապես, Նյուտոնի երկանդամի մասին թեորեմի ինդուկտիվ ընդհանրացումը։ Ֆլյուքսիաների մեթոդի հասկացություններում և տերմինաբանության մեջ հստակորեն արտացոլվել է Ն-ի մաթ. և մեխանիկական հետազոտությունների խոր կապը։ Անընդհատ մաթ. մեծության հասկացությունը Ն. մուծում է իբրև անընդհատ մեխանիկական շարժման տարբեր տեսակների վերացարկում։ Փոփոխական մեծությունները Ն. անվանել է ֆլյուենտներ (հոսող մեծություններ, < լատ. fluo - հոսել), որոնց ընղհանուր արգումենտը նա համարել է «բացարձակ ժամանակը»: Ֆլյուենտների փոփոխման արագությունները Ն. անվանել է ֆլյուքսիաներ, իսկ դրանց հաշվման համար անհրաժեշտ՝ ֆլյուենտների անվերջ փոքր փոփոխությունները՝ «մոմենտներ» (Լայբնիցը դրանք անվանել է դիֆերենցիալներ): Այսինքն, Ն. մուծել է ֆլյուքսիայի (ածանցյալի) և ֆլյուենտի (նախնական կամ անորոշ ինտեգրալի) հասկացությունները։ «Վերլուծություն անվերջ թվով անդամներով հավասարումների օգնությամբ» (1669, հրտ. 1711) աշխատությունում Ն. հաշվել է ցանկացած աստիճանային ֆունկցիայի ածանցյալն ու ինտեգրալը, շարադրել հանրահաշվական հավասարումների թվային լուծման մեթոդը (Նյուտոնի մեթոդ): Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվները առավել լրիվ շարադրվել են «Ֆլյուքսիաների… մեթոդ»-ում (1670-71, հրտ. 1736), որտեղ Ն. ձևակերպել է անալիզի երկու փոխհակադարձ խնդիրները՝ դիֆերենցման խնդիրը և դիֆերենցիալ հավասարման ինտեգրման, մասնավորապես, նախնականների որոշման խնդիրը։ Այս աշխատությունում Ն. ուշադրություն է հատկացրել սովորական դիֆերենցիալ հավասարումների ինտեգրմանը։ Ն-ին է պատկանում նաև վարիացիոն հաշվի որոշ խնդիրների լուծումը։ «Տարբերությունների մեթոդ»-ում (հրտ. 1711) Ն. տվել է հավասարահեռ կամ ոչ հավասարահեռ ո+1 տրված կետերով n-րդ կարգի պարաբոլական կոր տանելու խնդրի լուծումը և առաջարկել միջարկման բանաձևը, իսկ «Հիմունքներ»-ում տվել է կոնական հատույթների տեսությունը։ «Երրորդ կարգի կորերի թվարկումը» (հրտ. 1704) աշխատությունը մեծ դեր է կատարել անալիտիկ, մասամբ նաև պրոյեկտիվ երկրաչափության զարգացման համար։ «Համընդհանուր թվաբանությունը» (հրտ. 1707) կարևոր թեորեմներ է պարունակում հանրահաշվական հավասարումների արմատների սիմետրիկ ֆունկցիաների մասին, հավասարումների վերածելիության մասին ևն։ Ն. հանրահաշիվը վերջնականապես ազատում է երկրաչափական ձևից, իսկ թվի նրա սահմանումը՝ ոչ իբրև մեկերի ժողովածու, այլ իբրև ցանկացած հատվածների երկարության և միավոր ընդունված հատվածի հարաբերություն, կարևոր նշանակություն է ունեցել իրական թվի տեսության զարգացման համար։ Երկնային մարմինների շարժման Ն-ի ստեղծած տեսությունը, որի հիմքում ընկած է տիեզերական ձգողության օրենքը, արժանացել է ժամանակի խոշորագույն անգլ. գիտնականների ճանաչմանը, սակայն խիստ բացասաբար է ընդունվել եվրոպական մայրցամաքում։ Ն-ի հայացքների հակառակորդները եղել են կարտեզիականության ներկայացուցիչները, որոնց գաղափարները տիրապետում էին Եվրոպայում (հատկապես Ֆրանսիայում) XVIII դ. 1-ին կեսին։ Ն-ի տեսության օգտին վկայող կարևոր փաստարկներից էր երկրագնդի սեղմվածության (բևեռների մոտ) հայտնաբերումը, որը հակառակ էր Դեկարտի ուսմունքին։ Ն-ի տեսության ճանաչման գործում բացառիկ դեր է կատարել Ա. Կ. Կլերոյի աշխատանքը՝ Հալեյի գիսաստղի շարժման վրա Յուպիտերի և Սատուռնի խոտորող ազդեցության հաշվառման վերաբերյալ (1759): Ն-ի ժամանակներում ձգողության բնույթի հարցն ըստ էության հանգում էր փոխազդեցության պրոբլեմին, այսինքն՝ զանգվածների փոխձգողության երևույթում նյութական միջնորդի առկայությանը կամ բացակայությանը։ Չընդունելով ձգողության բնույթի վերաբերյալ կարտեզիականների հայացքները, Ն., սակայն, խուսափել է բացատրություններից, համարելով, որ դրանց համար չկա գիտատեսական և փորձառական բավարար հիմք։ Ն-ի մատերիալիստական բնագիտական հայացքները համատեղվում էին կրոնասիրության հետ։ Մի կողմից նա արհամարհել է սխոլաստիկան և հանդես եկել բնության գիտ. ճանաչողության կողմնակից և առաջադեմ մտածող, մյուս կողմից զիջումներ կատարել կրոնին, գրել աստվածաբանական թեմաներով։ Կրոնին զիջումները պայմանավորված էին Ն-ի պատկերացումների ոչ-էվոլյուցիոն բնույթով։ Ըստ Ն-ի մատերիան իներտ սուբստանց է, բնության հավերժական օրենքները թույլ են տալիս բացատրել միայն անփոփոխ իրերի կրկնությունները, այլ ոչ փոփոխությունները։ Ն. հանգել է նույնիսկ աստվածային «առաջին մղումի» անհրաժեշտության գաղափարին։ Ն. զարգացրել է բացարձակ տարածության և ժամանակի գաղափարը, որն ընկած է ողջ դասական մեխանիկայի հիմքում։ Իմացության տեսությունում Ն. հետևել է Ֆ. Բեկոնին, առաջին պլան մղելով ինդուկտիվ մեթոդը, պահանջել իմացության պրոցեսում բացարձակ հավաստիություն և միարժեքություն, մերժել կամայական ենթադրություններն ու ապրիորի սխեմաները։ Նա դեմ էր մտածական ենթադրություններին։ Նրա «հիպոթեզներ չեմ հորինում» («hypotheses non fingo») արտահայտությունը պետք է հասկանալ «մտածական ենթադրություններով չեմ զբաղվում» և ոչ թե հրաժարում գիտական ենթադրություններից։ Նյուտոնյան մեխանիկայի հզոր ապարատը, դրա համապիտանիությունը և բնության բազում երևույթներ (հատկապես աստղագիտական) նկարագրելու և բացատրելու ունակությունը հսկայական ազդեցություն են ունեցել բնագիտության շատ բնագավառների վրա։

Երկ. Математические начала натуральной философии, с примечаниями и пояснениями А. Н. Крылова, в кн.: Крылов А. Н., Собр. трудов, т. 7, М.-Л., 1936; Математические работы, пер. с лат. Д. Д. Мордухай-Болтовского, М.-Л., 1937; Лекции по оптике, пер. С. И. Вавилова, [М.], 1946; Всеобщая арифметика или книга об арифметическом синтезе и анализе, пер. А. П. Юшкевича, М.-Л., 1948; Оптика или трактат об отражениях, преломлениях, изгибаниях и цветах света, пер. и примечания С. И. Вавилова, 2 изд., М., 1954.

Գրկ. Исаак Ньютон. 1643-1727. Сб. статей к трехсотлетию со дня рождения, под ред. С. И. Вавилова, М.-Л., 1943; Вавилов С. И., Исаак Ньютон, М., 1961.

ՆՅՈՒՏՈՆ, Ի. Նյուտոնի անունով ուժի միավորը Միավորների միջազգային համակարգում։ Նշանակվում է և (միջազգային նշանակումը՝ N): Ն. հավասար է այն ուժին, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վրկ2 արագացում։ Միավորների միջազգային համակարգի ընդունումից հետո Ն. փոխարինում է կիլոգրամ-ուժին (1 կգ = 9,80665 ն), դինին (1 դն=10-5 ն) ուժի այլ միավորների։

ՆՅՈՒՏՈՆԻ ՕՂԱԿՆԵՐ, հավասար հաստության ինտերֆերենցիոն համակենտրոն շերտեր, որոնք դիտվում են երկու մակերևույթների (երկու գնդերի, հարթության և գնդի ևն) հպման կետի շուրջը։ Ինտերֆերենցիան տեղի է ունենում հպվող մարմինները բաժանող բարակ բացակում (սովորաբար օդային), որը բարակ թաղանթի դեր է կատարում (տես Ինտերֆերենցիա լույսի): Մոնոքրոմատիկ Լույսով լուսավորելիս հպման կետում առաջանում է սև բիծ՝ շրջապատված հեր֊