Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թագայող լուսավոր և մութ օղակներով։ Այս երևույթն առաջինը դիտել և նկարագրել է Ի․ Նյուտոնը (1675)։ Ոչ մոնոքրոմատիկ լուսային փնջի դեպքում մութ և լուսավոր օղակների փոխարեն դիտվում են գունավոր օղակներ։ Գույները դասավորված են լինում որոշակի հաջորդականությամբ և կոչվում են «Նյուտոնի գույներ»։ Ն․ о-ի դիտման վրա են հիմնված հարթ թիթեղների հղկվածության աստիճանի որոշման լավագույն եղանակը և օպտիկական մակերևույթների միջև փոքր անկյունների չափման մեթոդը։ Մոնոքրոմատիկ լույսի դեպքում առաջացող Ն․ о-ի միջոցով կարելի է հաշվել նաև ոսպնյակի կորության շառավիղը։ Ա․ Խանբեկյան


ՆՅՈՒՏՈՆԻ ՕՐԵՆՔՆԵՐ մեխանիկայի, դասական մեխանիկայի երեք հիմնական օրենքներ։ Ձևակերպել է Ի․ Նյուտոնը, 1687-ին։ Առաջին օրենք, ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ։ Երկրորդ օրենք, շարժման քանակի փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։ Երրորդ օրենք, ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ Ըստ արդի մեխանիկայի պատկերացումների առաջին և երկրորդ օրենքներում մարմին ասելով, պետք է հասկանալ նյութական կետ, իսկ շարժում ասելով՝ շարժում հաշվարկման իներցիալ համակարգի (տես Հաշվարկման համակարգ) նկատմամբ։ Դասական մեխանիկայում երկրորդ օրենքը գրվում է հետևյալ տեսքով․ d(mv)/dt = F կամ mw = F, որտեղ m–ը կետի զանգվածն է, v-ն՝ արագությունը, w-ն՝ արագացումը, t-ն՝ ժամանակը, F-ը՝ ազդող ուժը։ Ն․ о-ի կիրառումը սահմանափակող պայմանների մասին տես Քվանտային մեխանիկա և Հարաբերականության հատուկ տեսություն հոդվածներում։ Տես նաև Դինամիկա։


ՆՅՈՒՐՆԲԵՐԳ (Nurnberg), քաղաք ԳՖՀ Բավարիա երկրում, Պեգնից գետի և Հռենոս–Մայն–Դանուբ ջրանցքի ափին։ 499 հզ․ բն․ (1976)։ Տրանսպորտային հանգույց Է, ունի օդանավակայան։ Կա Էլեկտրատեխնիկական, հաստոցաշինական, ճշգրիտ մեխանիկայի, քիմ․, տեքստիլ, կարի, կաշվի, սննդի արդյունաբերություն, մետաղե իրերի, կուլտապրանքների արտադրություն։ Ունի կիրառական տեխնիկայի, կերպարվեստի ակադեմիաներ, մանկավարժության բարձրագույն դպրոց, օպերային, դրամատիկական թատրոններ, գերմ․ ազգային, տրանսպորտի, արհեստների, խաղալիքների թանգարաններ։ Ա․ Դյուրերի և Հ․ Սաքսի հայրենիքն Է։ Առաջին անգամ հիշատակվում է 1050-ին։ 1219-ին ստացել է կայսերական ազատ քաղաքի իրավունք։ 1806-ին մտել է Բավարիայի թագավորության կազմի մեջ։ Ֆաշիզմի ջախջախումից հետո՝ 1945-1946-ին Ն–ում է կայացել նացիստական գլխավոր հանցագործների դատավարությունը (տես Նյուրնբերգյան դատավարություն)։ Ն–ի նեղ, ծուռումուռ Փողոցներով կենտրոնը հարուստ է ճարտ․ հնագույն հուշարձաններով՝ դղյակ (շին․ սկսվել է XI դ․), ուշ գոթական Զեբալդուսկիրխե (մոտ 1240–73), Լորենցկիրխե (շին․ ավարտվել է 1350-ից հետո), Ֆրաուենկիրխե (1352–61) եկեղեցիները, ռատուշան (XIV–XVII դդ․), սրածայր, բարձր ճակտոններով, ճոխ հարդարված բնակելի տներ (այդ թվում՝ Ա․ Դյուրերի տունը), գոթական շատրվանը (XIV դ․)։ Կենտրոնի շուրջը կանոնավոր հատակագծով բնակելի նոր թաղամասեր են (Սանկտ Յոհաննիս, Գալգենհոֆ ևն), 1950-1960-ական թթ․ կառուցվել է Լանգվասեր քաղաք–արբանյակը։


ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ դատավարություն ընդդեմ երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործների (20 նոյեմ․ 1945–1 հոկտ․ 1946, Նյուրնբերգ)։ Ն․ դ․ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների (տես Հանցագործություններ մարդկության դեմ) համար պետության ղեկը տնօրինողների նկատմամբ պատմության մեջ առաջին դատավարությունն Էր։ Միջազգային ռազմ, տրիբունալի դատին Էին հանձնվել նացիստական Գերմանիայի պարագլուխները (24 հոգի)՝ ռազմագերիներին, խաղաղ բնակիչներին սպանելու և տանջահարելու, հասարակական և մասնավոր սեփականությունը հափշտակելու, ստրկական աշխատանքը վերահաստատելու, ժողովուրդների բնաջնջման փորձ և այլ հանցագործություններ կատարելու համար։ Դատավարության ընթացքում կայացվեց 403 դատական բաց նիստ, հարցաքննվեց 116 վկա, քննարկվեց 143 գրավոր ցուցմունք և շուրջ 4 հզ․ վավերագրական ապացույց (հիմնականում՝ գերմ․)։ Տրիբունալը Հ․ Գյորինգին, Յո․ Ռիբենտրոպին, Վ․ Կեյտելին, Է․ Կալտենբրուններին, Ա․ Ռոզենբերգին, Հ․ Ֆրանկին, Վ․ Ֆրիկին, Յու․ Շտռայխերին, Ֆ․ Զաուկելին, Ա․ Յոդլին, Ա․ Զեյս–Ինկվարտին դատապարտեց մահվան՝ կախաղանի միջոցով (Գյորինգը մահապատժից առաջ ինքնասպան եղավ)։ Փախուստի մեջգտնվելու պատճառով Բորմանը մահվան դատապարտվեց հեռակա։ Ռ․ Հեսսը, Վ․ Ֆունկն ու Է․ Ռեդերը դատապարտվեցին ցմահ, Բ․ ֆոն Շիրախն ու Ա․ Շպեերը՝ 20, Կ․ ֆոն Նոյրաթը՝ 15, Կ․ Դյոնիցը՝ 10 տարվա բանտարկության։ Հ․ Ֆրիչեն, Յա․ Շախտն ու Ֆ․ ֆոն Պապենը արդարացվեցին։ Պատասխանատվության կանչված Ա․ Կրուպպը մինչև դատավարությունն սկսվելը ճանաչվել էր անբուժելի հիվանդ և ազատվել, իսկ Ռ․ Լեյը կախվել էր մինչև դատավարությունը։ Տրիբունալը հանցավոր ճանաչեց անվտանգության ծառայությունը, գեստապոն, նացիստական կուսակցության ղեկավար անձնակազմը, սակայն հանցավոր մյուս կազմակերպությունների նկատմամբ (գլխավոր շտաբ, գլխավոր հրամանատարություն, կառավարական կաբինետ, հիտլերյան կուսակցություն ևն) որոշում չկայացրեց։ Ն․ դ․ դատապարտեց ֆաշիզմի հետադիմական, հակահումանիստական տեսություններն ու գաղափարները, մերկացրեց ֆաշիզմի մարդատյաց Էությունը, տասնյակ միլիոնավոր մարդկանց ոչնչացման, ամբողջ ժողովուրդների բնաջնջման ու ստրկացման նրա պլանները։ Ն․ դ․ հաստատեց, որ հիտլերյան Գերմանիայի վերջնական նպատակը համաշխարհային տիրապետության հաստատումն Էր, աշխարհում առաջին սոցիալիստական պետության ոչնչացումը։ Գրկ․ Պոլտորակ Ա․ Ի․, Նյուրնբերգյան վերջաբան, Ե․, 1968 Մ․ Ռագինսկի


ՆՅՈՒՔԱՍԼ (Newcastle), քաղաք Ավստրալիայում, Խանտեր գետի գետաբերանում։ Ունի երկաթուղային կայարան, նավահանգիստ՝ Տասմանի ծովափին։ 363 հզ․ բն․ (1975, արվարձաններով)։ Ածխարդյունահանության խոշոր կենտրոն Է։ Կա սև մետալուրգիա, մեքենաշինություն, նավաշինություն, ավտոմոբիլային և քիմ․ արդյունաբերություն։ Ունի համալսարան։ Արտահանում է քարածուխ։


ՆՅՈՒՔԱՍԼ, Նյուքասլ–ըփոն–Թայն (Newcastle upon Tyne), քաղաք (վարչական օկրուգ) Մեծ Բրիտանիայում։ Թայն Էնդ Ուիր կոմսության վարչական կենտրոնն է։ 296 հզ․ բն․ (1976)։ Տրանսպորտային հանգույց է, նավահանգիստ Թայնի գետաբերանում։ Առևտրաֆինանսական կենտրոն է։ Կա մեքենաշինություն, գունավոր մետալուրգիա, ածխի արդյունահանում։ Ունի համալսարան, գիտության և տեխնիկայի թանգարան (ուր պահվում է Ջ․ Ստեֆենսոնի շոգեքարշը)։ Կան դղյակ (XI դ․), տաճար (XIII–XIV դդ․), ճարտ․ հուշարձաններ (XI –XVII դդ․)։


ՆՅՈՒՖԱՈՒՆԴԼԵՆԴ (Newfoundland), կղզի Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի մոա։ Լաբրադոր թերակղզուց բաժանվում է Բել Այլի նեղուցով։ Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի մի մասն է։ Տարածությունը 111 հզ․ կմ2 է։ Երկրաբանական տեսակետից Ն․ Ապալաչյան լեռնային համակարգի շարունակությունն է։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է՝ մինչև 814 մ մնացորդային բլրաշարերով։ Ափերը առավելապես բարձր ու ժայռոտ են։ Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը –4°C–ից մինչև –10°C է, հուլիսինը՝ 10–15°C, տարեկան տեղումները՝ 750–1500 մմ։ Գետերը կարճ են, սահանքավոր։ Մինչև 400 մ բարձրությունները ծածկված են ասեղնատերև անտառներով, ավելի բարձր՝ տունդրային բուսականությամբ։ Բնակիչներն զբաղվում են ձկնորսությամբ։ Գլխավոր քաղաքը Սենտ Ջոնսն է։


ՆՅՈՒՖԱՈՒՆԴԼԵՆԴ (Newfoundland), նահանգ Կանադայի արևելքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ընդգրկում է Նյուֆաունդլենդ կղզին և Լաբրադոր թերակղզու հս–արլ․ մասը։ Տարածությունը 404,6 հզ․ կմ2 է, բն․ 549 հզ․ (57%–ը՝ քաղաքային, 1976), վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը՝ Սենտ Ջոնսը։ Ն․ տալիս է երկրի ձկան որսի մոտ